ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայ ուտելեն չկշտացա՞ք (իրական պատմություն)

Հայ ուտելեն չկշտացա՞ք   (իրական պատմություն)
08.10.2023 | 16:35

Ժամանակակից Թուրքիայի քարտեզը Վազգենը փռել էր սեղանին ու կարմիր մատիտով հատ-հատ օղակել քաղաքներ, գյուղեր, շեներ, ավաններ, գետեր ու լեռներ:

Մի ժամանակ դրանք հայահունչ ու հայաշեն են եղել, ու հիմա՝ Վազգենի կողմից վերաքննության ենթարկվելուց հետո, քարտեզն ասես ամոթից կարմրել էր:

- Քեզ որ մնա՝ Թուրքիան ոտքից գլուխ կհայացնես,-մտերմիկ կատակելով ասացի ես:

- Չէ´, աղբրո, ես սահմանը չեմ անցել. մերը մեզ կբավե: Մնացածը թողել եմ հույնին, բուլղարին, սերբին, ասորուն… Թող նրանք էլ իրենց բաժինները ներկեն՝ տեսնեմ տակը թուրք-Թուրքիա կմնա՞…

Հետո, ուշադրությունս հրավիրելով քարտեզին, հարցրեց.

-Նայի´ր, ինչի՞ է նման:

- Լեշի,- առանց երկմտելու պատասխանեցի հարցին:

- Հոտա´ծ լեշի,-ավելի պատկերավոր ասաց նա ու համոզված ավելացրեց,-վաղ թե ուշ սրա հերթն էլ կգա:

- Աստված ձայնդ լսի,-թերհավատ ասացի ես ու փորձեցի թերհավատությունս արդարացնել,- թուրքը հայի նման չէ, ելքը կգտնի…. Մատիտով քարտեզին ինչ կուզես գրիր, ոնց կուզես շտկիր, մեզ մտիկ անողն ո՞վ է…

Ասածս հաստատ սրտովը չէր: Հայացքը նորից գամեց քարտեզին ու մատը դնելով կարմիր օղակի մեջ առած կետին ասաց.

- Քրդերի մայրաքաղաքն է, իրենք են հռչակել:

- Գիտեմ, նախկին Տիգրանակերտն է, հիմա Դիարբեքիր են ասում:

- Անցած ամիս այնտեղ էի, քրդացած հարազատներիս գտա՝ Կարոտին ու Մեսրոպին…,- մի պահ լռեց, հետո շարունակեց,- մեռնեմ էլ հոգս չէ, ուզածս արի, գտա արյանս փակ դուռը բացող բանալին… ՈՒ պատմեց դիարբեքիրյան այս դրվագը.

…Արևը կրակ էր թափում: Անտանելի է Դիարբեքիրի (Տիգրանակերտի) շոգը: Հալեպի շոգը նրա դեմ ի՞նչ է՝ զով քամի… Քաղաքի հին պարիսպների հարևանությամբ զովասուն մի սրճարան էինք գտել ու վերագտած հարազատներիս հետ սուրճ հետն էլ պաղ-պաղ օշարակ էինք վայելում: Նրանցից մեկը, կարծեմ Կարոտն էր, ասաց.

- Քեռի, տեղի մեծերեն մեկը կփափագե հետդ հանդիպել: Դեմ չե՞ս:

- Սիրո´վ, ինչու՞ չէ, սիրո´վ, կանչիր՝ թող գա,- ասացի:

Լուր տվին: Քիչ հետո եկավ: Հագուկապից երևում էր, որ բարձրաստիճան հոգևորական է: Նստեց, քաղաքավարի երևալու համար որպիսությունս հարցրեց, հետո Երևանից, Հայաստանից, նույնիսկ Ղարաբաղից հարցուփորձ արեց: Վարժ քրդերենս նրան զարմացրել էր: Ասացի, որ նույն չափով թրքերենով ու արաբերենով էլ եմ խոսում:

-Ժամանակին Սասնո քրդերն էլ վարժ հայերեն գիտեին,- ասաց եկվորն ու մեղքը իրենից հեռու հրելով՝ շարունակեց,- թուրքը մեջերնիս մտավ, հարամեց…

- Ով էլ լինի քուրդը՝ քաղաքապետ, թե թաղապետ, շեյխ թե հոգևորական, նախարար թե նախրապան, մեկ է, Դիարբեքիր, Սասուն գնացած հայը նրանց համար ոսկեխույզ է՝ մեծ պապի, մեծ հոր «պահած» ոսկիները փնտրելու եկած մեկը: Սա էլ նույն խելքին էր,-շարունակեց Վազգենը,-հարցմունք-հարցմունքով վերջը իր ուզած հարցին եկավ.

- Մեծ հորդ ոսկիների ետևի՞ց ես եկել,-խորամանկ ժպիտով հարցրեց քուրդը:

- Այո´,-կտրուկ, առանց քաշվելու պատասխան տվի և ուղիղ նայեցի աչքերի մեջ: Ժպիտը դեմքից փախավ, լրջացավ: Հետո խորհրդավոր, գրեթե շշուկով հարցրեց.

- Գտա՞ր…

- Իհարկե գտա…,-եկվորի աչքերը փայլեցին.

- Քարտե՞զ էիր բերել,- նվաղած ձայնով հարցրեց քուրդը:

- Արյան ճանապարհը քարտեզով չեն փնտրում:

Քուրդը հաստատ չհասկացավ ասածիս միտքն ու կրկին հարց.

-Շա՞տ էր…

Տեսնելով, որ քուրդն իրոք չի հասկացել ասածիս իմաստը կամ էլ ձև է անում, Կարոտին ու Մեսրոպին ցույց տալով՝ ասացի.

Այս երկուսի քաշով մեկ…

Եկվորը հատ-հատ նայեց Կարոտին, Մեսրոպին ու պարտված մարդու պես հափռեց արծաթե համրիչն ու ոտքի կեցավ՝ ասելով.

-Մզկիթ գնալուս ժամն է, կներեք…

Ես էլ ոտքի ելա՝ հրաժեշտ տալու նրան: Քաղաքավարությունից դրդված ձեռնվեցինք, ողջագուրվեցինք… Քուրդը, չգիտեմ ինչու, ողջագուրվելիս արաբերենով ականջիս ասաց.

-Մի քանի տարի առաջ լիներ, քեզ հում-հում կուտեին…

Ես էլ նրան թրքերենով պատասխանը տվի.

-Հայ ուտելուց չկշտացա՞ք…

… Ամեն տարի ապրիլին Կարոտն ու Մեսրոպը Սասունի ձորերից մի խտիտ վայրի ծաղիկներ են բերում Երևան, մի մասը տանում Ծիծեռնակաբերդ, մի մասն էլ Վազգենի շիրմաքարին դնում: Այս անգամ Սասունից բերված արնաներկ ծաղիկներն ասես Թուրքիայի քարտեզին արված Վազգենի կարմիր օղակներից էր փնջվել…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 5013

Մեկնաբանություններ