ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կապսում հոգսը շատ է, փողը՝ քիչ

Կապսում հոգսը շատ է, փողը՝ քիչ
28.09.2018 | 02:40

ԿԱՊՍԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑ


Շիրակի մարզի Կապս համայնքի տարածքում դեռևս 1980-ականներից Ախուրյան գետի վրա սկսվել էր Կապսի ջրամբարի շինարարությունը, որը, սակայն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարեց: Անցյալ տարի մասնագետները վերսկսեցին երկրաբանահետախուզական ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկությունների քննարկումը: Ըստ նախնական ծրագրի` ջրամբարը կառուցվելու է 2 փուլով. 1-ին փուլում այն կունենա 25 մլն խորանարդ մետր ծավալ ¥հետագայում կհասցվի մինչև 60 մլն խորանարդ մետրի¤, ինքնահոս ոռոգման փակ ցանց: Ջրամբարի կառուցման դեպքում ոռոգելի կդարձվի Արթիկի և Անիի տարածաշրջանների վարելահողերի մեծ մասը, միաժամանակ կբարելավվի Ախուրյանի տարածաշրջանի շուրջ ոռոգելի հողերի ջրապահովվածությունը։ Ջրամբարի շնորհիվ կարող է զարգանալ ոչ միայն մարզի գյուղատնտեսությունը, այլև ավանդական ցորենի ու գարու մշակումից բացի ստանալ առավել բարձրարժեք գյուղատնտեսական մշակաբույսեր, իսկ որ ամենակարևորն է, կբացվեն աշխատատեղեր, ինչը կկանխի 670 բնակիչ ունեցող համայնքի շարունակվող արտագաղթը:


Կապսի համայնքապետ ԱՇՈՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ եղանք ջրամբարի տարածքում: «Գերմանական KfW բանկի ֆինանսական աջակցությամբ փորձ է արվել վերսկսել ջրամբարի շինարարությունը, տեսնենք, երբ կսկսվեն աշխատանքները: Ջրամբարը հնարավորություն կտա ոռոգելու Թալինի շրջանի 5-6 հազար հեկտար հողերը: Խորհրդային տարիներին խողովակաշարերը կային, եկան քանդեցին, տարան, մնացել է պատվարը, բայց դե, արդեն հին է, երևի նորից սարքեն կամ ամրացնեն ու անցնեն մյուս հատվածների կառուցմանը: Առայժմ սպասում ենք, տեսնենք, երբ կսկսվի: Աշխատատեղի հարց էլ կլուծվի»,- ասաց նա:

ՓԱԿ ԴՌՆԵՐԸ ՑԱՎ ԵՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ


Կապս համայնքի վարչական ղեկավար Աշոտ Միքայելյանը գյուղապետ է եղել նաև խորհրդային տարիներին, սակայն, նրա համոզմամբ, կյանքի կտրուկ շրջադարձը շատ բան է փոխել: Ապրելու դժվարությունների ու աշխատատեղերի բացակայության պատճառով գյուղում 45 դուռ փակ է: Ո՞վ գիտե, դրանք երբևէ կբացվե՞ն, թե՞ ոչ:
Ամառվա կարկտահարությունից հետո Կապսի գյուղատնտեսական նշանակության հողերի 320 հեկտար հողատարածքից և 190 հեկտար վարելահողից ստացված բերքը համայնքապետը գնահատեց բավարար, թեև բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ կապսեցիների մեծ մասը շատ է տուժել, հարկերից էլ աչք չի բացում: Աչքները երկնքին հառած աղոթում են, որ բերքը չվնասվի:


77-ամյա Սլավիկ Թադևոսյանի երեք որդիները Ռուսաստանում են: «Ընտանիքները վերցրել, թողել-գնացել են, իրենց տներին պահակություն եմ անում: Մեծ թոռս Նիժնի Նովգորոդից մի քանի օրով այցելեց մեզ, տեսավ մեր ապրելը, ասաց՝ այ պապ, ո՞նց եք ապրում, ոչ աշխատանք կա, ոչ կարգին կյանք, գանք ի՞նչ անենք: Ի՞նչ ասեմ, ստիպել չեմ կարող: Ես ու պառավս ենք, այգին մշակելով ապրում ենք: Մեզ դեռ օգնող կա, շատերը հացի փող էլ չունեն, վարկերը խեղդում են»:
Գյուղի խանութներից «նիսյա» օգտվողներ շատ կան, սակայն պարզվում է, որ կապսեցիներից շատերը «նիսյայով» նաև երթևեկում են, իսկ նրանք, ովքեր ի վիճակի են վճարելու Կապս-Գյումրի կամ մոտակա գյուղեր գնալու համար, նույն 200 դրամ ուղեվարձով օգտվում են «Յանդեքս» տաքսի ծառայությունից:
-«Յանդեքսը» մեր գործին վնասում է: Իմ աշխատելը լրիվ ավելորդ է, օրվա պլանս 10 հազար դրամ է, մի 12 հազար դրամի էլ գազ եմ լցնում, դատարկ գնում-գալիս եմ, ամեն անգամ գծատերին պարտք եմ մնում: Իրեն ասել եմ, որ էլ չեմ ուզում աշխատել: Հիմա որ չքշես, պիտի դժգոհեն, թե ավտոբուս չկա գյուղում, էղած ժամանակ էլ չեն նստում, ըսպես բա ՞ն կեղնի,- մեզ հետ զրույցում նեղսրտեց գյուղամիջի ավտոբուսի վարորդը:

«ԻՆՉՔԱՆ ԼԱՎ ԼԻՆԻ, ԳՅՈՒՂԻ ՊԱՏԻՎՆ Է»


Երիտասարդ, երեք երեխաների մայր Ալինան ապրելակերպից չի դժգոհում, ամուսինն աշխատանք ունի, մսագործ է, նոր տուն են կառուցել, ինքը, երեխաների օգնությամբ, մշակում է տնամերձ այգին: Դժգոհության միակն առիթը դպրոցի անբարեկարգ պայմաններն են:
«Ամբողջ գյուղը դժգոհ է դպրոցի վիճակից, շենքային պայմանները վատ են, ջեռուցում չկա, երեխեքը գնում են մոտակա գյուղերի դպրոցները կամ Գյումրի: Մանկավարժները լավն են, բայց միայն դա քիչ է, դպրոցի շենքը խարխուլ վիճակում է: Իմ երեխաները գյուղի դպրոցն են հաճախում, նրանց ապագան Հայաստանում եմ տեսնում, լավ են սովորում, ուզում եմ, որ պիտանի մարդիկ մեծանան, աշխատանք ունենան, որ շատերի նման չլքեն գյուղը, առանց այն էլ երիտասարդների 60-70 տոկոսը հեռացել է»,- ասում է Ալինան:


Երկաթե հսկայական համաձուլվածքները 27-րդ տարին է կանգուն են պահում Կապս գյուղի միջնակարգ դպրոցը: 1980 թ. շահագործման հանձնված շենքը 1988 թ. երկրաշարժից հետո դարձել էր վթարային: Տարիներ շարունակ 3-րդ կարգի վթարային համարվող շենքում հիմնանորոգում չի կատարվել: «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը տանիքի նորոգման և պատուհանները նորով փոխարինելու խնդրանքը մերժել է, պատճառաբանելով, թե պատերը չեն դիմանա: Դասասենյակները երկրաշարժից մինչ օրս ջեռուցվում են սոլյարայուղի վառարաններով: Այդուհանդերձ, աշակերտները չեն հուսալքվում ու շարունակում են սիրել իրենց գյուղը:


«Երազանքս բարձրագույն կրթություն ստանալն է, սովորում եմ գերազանց գնահատականներով, ուզում եմ հոգեբան դառնալ, կսովորեմ, կվերադառնամ գյուղ աշխատելու, հատկապես ցածր դասարանցիների հետ: Դպրոցի տնօրենի համար էլ դժվար է նման պայմաններում ուսուցում կազմակերպելը, հասկանում ենք: Հիմա օրերը տաք են, ձմռանը ջեռուցման հարցը կդժվարանա: Շատ կուզեի, որ թեկուզ մեկ հարկանի, բայց նոր ու հարմարավետ դպրոց ունենանք: Ինչքան լավ լինի, գյուղի պատիվն է»,- ասում է 9-րդ դասարանում սովորող Կարինեն ու հավելում, որ աղջիկ-տղաներով գյուղի փողոցներում ու հուշակոթողների շուրջ հաճախ են կազմակերպում շաբաթօրյակներ, իրենց գյուղի պատվի հարցն է, թող մաքուր տեսնեն:
Անմխիթար վիճակում է նաև խորհրդային տարիներից գործող Կապսի համայնքապետարանի շենքը, սակայն ֆինանսական միջոցներն առայժմ բավարար չեն շենքի վերանորոգման համար:


Կապսում, բացի բազալտի հանքից, դպրոցից ու համայնքի վարչական կենտրոնի գրասենյակից այլ աշխատատեղեր չկան: Նախկինում բնակիչներից շատերն աշխատել են «Լենհէկ»-ի կամ ինչպես իրենք են ասում՝ ԼենԳԷՍ-ի ավանի, ինչպես նաև Կապսի ջրամբարի շինարարությունում: Կապսեցիները մեծ հույսեր են կապում ջրամբարի կառուցման հետ, նրանց համոզմամբ՝ նոր կառավարությունը կմտահոգվի ջրամբարի շինարարությամբ:
Համայնքապետի փոխանցմամբ՝ ի տարբերություն հողագործության, անասնապահությունն ավելի եկամտաբեր է: Գյուղում շուրջ 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: Կաթի մթերումից ստացած եկամտով բնակիչներից ոմանք կարողանում են թեթևացնել բանկերում ունեցած պարտքը: Համայնքում ֆերմային երկու տնտեսություն կա, յուրաքանչյուրում՝ 12 գլուխ անասուն, իսկ եթե կառավարության նախատեսած ցածր տոկոսադրույքով վարկերն իրողություն դառնան, գյուղի կյանքը զգալիորեն կբարելավվի:
Համայնքների խոշորացման առնչությամբ Կապսի համայնքապետը չշտապեց կարծիք հայտնել. «Էսօրվա դրությամբ վատ չէ, տեսնենք հետոն ինչ ցույց կտա: Աղբահանությունը նորմալ իրականացվում է, փողոցները լուսավորությամբ ապահովված են, գյուղի ճանապարհները երկու անգամ խճապատվել են, սակայն անձրևաջրերի պատճառով դարձյալ քանդվել են: Հազար ու մի հարց կա, մեկը չավարտած, մեկ ուրիշն է սկսվում: Հոգսը՝ շատ, փողը՝ քիչ»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ