ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Փանիկից տարեկան 700-800 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի

Փանիկից տարեկան 700-800 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի
18.09.2018 | 01:43

Եթե չլիներ հուլիսի 17-ի առավոտյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքում կրակոցներով ուղեկցվող զորավարժությունների հետ կապված միջադեպը, շատերը հավանաբար չէին իմանա գյուղի տեղն ու նրա հոգսաշատ կյանքի ու առօրյայի մասին:


Փանիկի համայնքի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՄԱԿԵՅԱՆԻ հետ զրույցից պարզվեց, որ գյուղն առանց այն էլ ապրում է համեստ ու ինքնամփոփ կյանքով և ավելորդ հոգսերի կարիք չունի: Մինչդեռ եղածն ավելի լավը դարձնելու փոխարեն քանդվում է:
«Գյուղամիջի հիմնական ճանապարհը կառուցվեց 2009 թվականին, բազալտե մայթեզրերը փոխարինվեցին բետոնով, իբր ճանապարհներ սարքեցին, որ տեսնես, լացդ կգա, արդեն քայքայվել է, անորակ ասֆալտ արեցին: ՈՒ էս ճանապարհով անցնում են ռազմական ծանր մեքենաները, ճանապարհները լուրջ վնասվել են: Համայնքի բյուջեի հաշվին ամեն տարի ճանապարհների հիմնանորոգման համար տրամադրում ենք 1 միլիոն դրամ, որ գյուղի համար լավ լինի, մինչդեռ զինվորական գերծանր տրանսպորտն անցնելով ավերում, վնասում է ճանապարհը: Երբ այդ մասին գրեցի ռազմաբազային, պատասխանեցին, թե միջպետական համաձայնագրով պետությունը պետք է վերանորոգի ճանապարհները: Պետությունն էլ, ինչպես միշտ, ասում է, թե ճանապարհների վերանորոգումը համայնքի գործն է: Սակայն համայնքը պարտավոր է թեթև, վերանորոգման աշխատանքներ կատարել, այդքան է մեր հնարավորությունը, ոչ թե տանկերով բարձած ծանր ռազմական մեքենաների համար ճանապարհներ կարգավորել: Դրանից հետո գրել ենք, որ գոնե այս միջհամայնքային ճանապարհների վերանորոգումը իրականացվի պետական միջոցներով: Դեռ պատասխան չկա: Սովետի ժամանակ այս ճանապարհը համարվել է միջպետական, իսկ անկախացումից հետո դարձրին համայնքային: Հողային ճանապարհ կա, որը մի քիչ երկար է, բայց, դե, ասֆալտը թողած հողային ճանապարհով կգնա՞ն : Թեև այդ դեպքից հետո մեկ-մեկ էլ Արթիկով են անցնում, երկու ճանապարհներն էլ օգտագործում են»,- ասաց համայնքապետը:

ԿՅԱՆՔԸ ՓԱՆԻԿՈՒՄ
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի շրջանից: 1812-ին ալաշկերտցի մի խումբ հայեր վերաբնակվում են գյուղում: Նախկինում գյուղն ունեցել է Գևդարլի, Զվարճաձոր, Կավտարլի, Պանիկ, Քաֆթառլու, Քևդարլի, Քյաֆթառլի անվանումները: Փանիկ է վերանվանվել 1925-ին ի պատիվ բժիշկ Արշալույս Փանյանի: Նախկինում եղել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի կենտրոնը: Փանիկը գտնվում է Մանթաշ գետակի ձորահովտում, Շիրակի դաշտավայրի հետ միացման վայրում:
Համայնքը 3250 բնակիչ ունի, 780 տնտեսություն: Աշխատատեղ չկա, գյուղից տարեկան 700-800 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի, նրանց 90 տոկոսը վերադառնում է, բայց չվերադարձողներ էլ կան: Համայնքապետի խոսքով՝ գյուղը խոպանի փողերով է ապրում: Հողագործությամբ զբաղվելն անօգուտ է, քանի որ ոռոգման ջրի տարիներով չլուծված խնդիրը շարունակում է մնալ արդիական:


«Մարդիկ տնամերձերը չեն կարողանում ջրել, ուր մնաց հողատարածքները: Մանթաշի ջրամաբարից մինչև հասնում է մեզ մոտ, կտրվում է, մեր հողերը հազիվ տարեկան մեկ կամ երկու անգամ ենք ոռոգում: Այս տարի լավ էր եղանակը, ոռոգումն արվել է 1-2 անգամ, համարենք, որ դա նորմալ է: Խմելու ջրի հարցը իբր լուծված է, բայց ախր հեչ խմելու չի, օրվա ընթացքում 6-7 ժամ բաշխվող ջրի կորուստը մեծ է, որակը վատ, ջուրն առանց զտման կայանի գալիս է գյուղ, խմելու չի, բայց մի կերպ օգտագործում ենք, ոնց որ առվի ջուր խմես: Զարմանալի է, որ Երևանում էլ ջրի գինը 153 դրամ է, մեր գյուղի խմելու ջրի գինն էլ նույնքան է, իսկ ոռոգման ջրի գինը 11 դրամ է: Թե ո՞նց են որոշել, որ նույն ջուրը խմելու համար գնահատվում է 153 դրամ, ոռոգման համար՝ 11 դրամ, դժվար է հասկանալ: Այդ հարցը բազմիցս բարձրաձայնվել է, բայց ոչ «Վեոլիա Ջուր»-ից, ոչ կառավարությունից պատասխան չկա:


Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 980 հեկտար, որի միայն 40 տոկոսն է մշակվում: Անասնապահությամբ քչերն են զբաղվում, քանի որ ոչ բոլորին է ձեռնտու՝ թե՛ կաթի, թե՛ անասնակերի պատճառով: 1 լիտր կաթի գինը ջրի գնից ցածր է՝ 120 դրամ, ձմռան ամիսներին մի փոքր բարձրանում է, ոմանք կաթը փոխանակում են պանրի ու կարագի հետ:
Բնությունը Փանիկի հանդեպ առատաձեռն է մրգի առումով՝ խաղող, դեղձ, խնձոր, հատկապես անտառի գեղեցկուհի տանձը, որը Փանիկի «բրենդն» է: Գյուղը հարուստ է ընկուզենիներով ու մոշի թփերով:


Վարդան Մակեյանի խոսքով՝ Շիրակի մարզի համայնքների խնդիրները գրեթե նույնն են, մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Փանիկում գործում են միջնակարգ ու արվեստի դպրոցներ, մանկապարտեզ, հիմնանորոգվել են դպրոցի սպորտդահլիճն ու հանդիսությունների սրահը, շուրջ 30 տարի ձգձգվող վթարված մշակույթի տան վերանորոգման հարցը դեռ մնում է չլուծված: Այս ուսումնական տարում դպրոցի աշակերտների թիվը 320 է, 36-ը 1-ին դասարանցիներ են, մինչդեռ 2000 թ. գյուղը թնդում էր 850 աշակերտի խինդ ու ծիծաղից:
«Ծնունդը պակասել ա, բա որ մի գյուղի 99 տոկոսը Ռուսաստան գնա, էս պիտի լինի, բա ի՞նչ ես ուզում», -նեղսրտած ասում են գյուղամիջի գեղեցիկ ու նորաբաց զբոսայգում նստած տարեցները,-ողորմի գյուղապետի անցավորներին, որ էս սիրուն այգին ու երեխեքի համար խաղահրապարակն էլ սարքեց, հավաքվում ենք, դեսից-դենից զրուցում, օրներս անց են կենում»:


«Լավ կլիներ, որ գյուղում ներդրումներ լինեին, դրսում մի հարուստ բնակիչ էլ չունենք, որ ներդրում անի, գյուղը զարգանա: Հեռանկար էլ չկա: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասում էր՝ ներդրող բերեք, տեսնենք ի՞նչ են ուզում, ի՞նչ են անում, ես էլ ասում էի՝ պարոն վարչապետ, ներդրող որ եղավ, էլ քեզ մոտ ինչի՞ եմ բերում: Էսօր Երևանում ներդրում անող չկա, ուր մնաց մեր գյուղում, ուր հազար ու մի խնդիր կա՝ ջրի, ճանապարհի, ապրելու: Գյուղում ժամը 6-ից հետո գյուղամեջ դուրս եկող չկա»,-ասում է համայնքապետը:
Փանիկ համայնքի բյուջեն (16 մլն դրամ), դոտացիայի հետ, կազմում է 75 միլիոն դրամ, որը, ըստ համայնքապետի, աննպատակ չի ծախսվում, ամեն մի լուման ավագանու նիստում քննարկվում է: Բյուջեն ծախսվում է աշխատավարձերի, անապահով ընտանիքներին և ուսանողներին տրվող սոցիալական օգնությունների նպատակով (յուրաքանչյուր ընտանիքի՝ 20-30 հազար դրամ): 110 նպաստառու ընտանիքներին ամեն ամիս տրվում է 4,5 մլն դրամի օգնություն: Գյուղի կաթոլիկ եկեղեցու տարածքում բյուջեով տրամադրված գումարներով բացվել է հացի թանգարան, գյուղն ապահովված է լուսավորությամբ:


Գազաֆիկացված Փանիկում վառելափայտի հարցը օրակարգային է, քանի որ ծառահատումն արգելված է, իսկ գազով ջեռուցումը թանկ հաճույք է փանիկցու համար: «Էն ժամանակ անտառահատումից մնացած չորուկները էժան գնով առնում, բերում վառում ու տաքանում էինք, հիմա որ պետությունն արգելել ա ծառահատումը, դե գոնե ածուխ ներմուծի ու մի քիչ էժան գնով տա գյուղացուն»,- ասում է 86-ամյա փանիկցի Գուրգենը:

ՀՈԳԵՎՈՐԸ ՓԱՆԻԿՈՒՄ
Շիրակի մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր՝ Ազատան, Լանջիկ, Մարալիկ և այլն: Կաթոլիկ գյուղ է համարվում նաև Փանիկը:
Կաթոլիկություն ընդունած հայերի գաղթը Ալաշկերտից Փանիկ ունի իր պատճառները, որոնցից ամենածանրակշիռը պատմաբան Լեոյի փաստարկն է. «Թուրքաց կառավորությունը չէր ճանաչում հայ կաթողիկէներին որպես առանձին համայնք և բոլոր կաթողիկէացածներին համարում էր արևմտյան պետությունների լրտեսներ։ Այս պատճառով էլ նա ոչ միայն խրախուսում էր հայոց հոգևոր իշխանությանը ամեն տեղ հալածել կաթողիկէներին, այլև ինքն էլ հաճախ կատարում էր պատժողի դեր՝ դիմելով, ինչպես վայել էր նրան, բարբարոսական միջոցների»:


Շուրջ քսան ծուխ գաղթելուց և Փանիկ գյուղի տարածքում հաստատվելուց հետո, ռուսաց կառավարությունը այն ճանաչում է բնակավայր և բնակիչներին ազատում է հարկերից: 1846 թ., Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ, Փանիկում կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Գյուղից 5 կմ հյուսիս Խարաբաներ կոչվող վայրում հայտնաբերվել են անտիկ շրջանի բերդի ավերակներ: Միջնադարում բնակավայրը համարվել է գրչության կենտրոն:
Փանիկի համայնքապետի փոխանցմամբ՝ ամեն կիրակի գյուղի բնակիչները մասնակցում են պատարագին, կաթոլիկ ու առաքելական հետևորդների միջև տարբերություն չկա: «Նախկինում կաթոլիկը կաթոլիկին էր աղջիկ տալիս-առնում, հիմա նման բան չկա: Այսօր կաթոլիկը առաքելական եկեղեցու հետևորդի հետ է ամուսնանում: Ի՞նչ կա որ»:


Կաթոլիկ եկեղեցու մի հատվածում գյուղի Նահապետյանների տոհմից Փանիկի դպրոցի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանը 1967 թ. հիմնում է հացի թանգարան, որը գործում է դասասենյակներից մեկում մինչև 1988 թ.: Երկրաշարժի հետևանքով կիսավեր դարձած շենքից թանգարանի նմուշներն այլևս նոր շենք չեն տեղափոխվում, մի մասը կորչում է, մի մասն էլ, առանց պատշաճ խնամքի, վնասվում: 2017 թ. Սուրբ Աստվածածին եկեղեցու տնտեսվար Վարդան Կարապետյանի խորհրդով, թանգարանի նմուշները գյուղապետարանի միջոցներով տեղափոխվում են եկեղեցուն կից շենք, և 30 տարվա ընդմիջումից հետո թանգարանը վերաբացվում է: Այսօր թանգարանի հետաքրքիր ու եզակի նմուշները ցուցադրվում են երկու սենյակում: Ներկայացված են Փանիկում և հարակից գյուղերում հայտնի տարբեր հացատեսակներ՝ լավաշ, բոքոն, փառնիկ, թափթափա, կարտոֆիլի հաց, ծակուլի և այլն: Ի դեպ, լավաշի կտորները հացի սնդուկներում պահպանվել են 40-50 տարի: Հացատեսակներից բացի ցուցադրված են այլ ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են գյուղի բնակիչների հագուստի, կենցաղի և զբաղմունքի պարագաներ՝ տրեխներ, 14-17 դդ. կարասներ, զենքեր, մետաղադրամներ: Շատ ցուցանմուշներ ձեռք են բերվել պեղումների շնորհիվ՝ 19-րդ դարի կշեռք, 100 տարվա պատմություն ունեցող սայլանիվ, հացահատիկի վերամշակման գործիքներ: Փանիկի համայնքապետն այս տարի մտադիր է ընդլայնել թանգարանի տարածքը, քանի որ կան ցուցադրության մեջ չընդգրկված բազմաթիվ առարկաներ:


Փանիկցիները հպարտանում են հացի թանգարանով՝ այն իրավամբ համարելով իրենց բնակավայրի այցեքարտը, մանավանդ որ իրենց հացի թանգարանը աշխարհում համարվում է երկրորդը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում 1955-ին բացված հացի թանգարանից հետո:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ