ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Տնտեսությունը սպասում է ընտրությունների արդյունքներին

Տնտեսությունը սպասում է  ընտրությունների արդյունքներին
27.04.2012 | 00:00

«Ավելի լավ է խոսենք ընտրություններից հետո։ Գիտեք` նախապես պետք է հարցնեմ, եթե թույլ տա մեր ղեկավարությունը, այն ժամանակ էլ հարցազրույց կտամ։ Թողեք ընտրություններն անցնեն, տեսնենք` ինչ է գալիս գլխներիս»,- այսպիսիք էին գործարար աշխարհի պատասխանները, երբ փորձեցինք նրանց հետ զրուցել կամ ճշտել նրանց տեսակետը տնտեսական գործընթացների վերաբերյալ։ Ի դեպ, նկատենք, որ հարցված գործարարների մեծ մասը նաև իշխող կուսակցության անդամ է, անգամ` պատգամավոր։ Այլ կերպ ասած, բոլորը սպասում են։

Թերևս սա բնական մոտեցում է, ինչը կրկնվում է մեզանում յուրաքանչյուր ընտրական շրջանում։ Նախընտրական գործընթացները, սովորաբար, իրենց ազդեցությունն են ունենում տնտեսության վրա։ Այն երկրներում, որտեղ տնտեսական կառավարումը համակարգված է, նախընտրական գործընթացները բացասական ազդեցություն չեն ունենում երկրի տնտեսության վրա։ Սակայն երկրներում, որտեղ կառավարումն անհատից է կախված, պատկերը տխուր է, քանի որ նախընտրական գործընթացներից տնտեսության ակտիվությունը նվազում է` սպասողական տրամադրվածությունների պատճառով։ Հայաստանը դասվում է երկրորդ տիպի երկրների շարքին: Չնայած այս հանգամանքին, ԱՎԾ-ն փորձում է ապացուցել, որ 2012-ի նախընտրական գործընթացներից տնտեսությունը ոչ միայն չի տուժել, այլև շահել է։ Ըստ ներկայացվածի, եթե 2011-ի փետրվարին տնտեսական աճը կազմել է 1 %, մարտին` 0,3, ապա 2012-ի փետրվարին տնտեսությունն ակտիվացել է 6,7 %-ով, իսկ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը կազմել է 6,1 %։ Մի խոսքով, պաշտոնական թվերը վկայում են, որ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում աճ է գրանցվել, և շարժիչ ուժը եղել է էներգետիկայի ոլորտը։ Սա պայմանավորում են Իրան էլեկտրաէներգիա արտահանելով։ Նշվում է նաև, որ ավելացել է ներքին սպառումը։ Ներկայացվածի համաձայն` 11,5 %-ով ավելացել են ծառայության ոլորտի ցուցանիշները, մասնավորապես պետական կառավարման համակարգում բժշկական ապահովագրության ներդրման արդյունքում։ Պաշտոնական տվյալներն արձանագրում են նաև արդյունաբերության ոլորտի զարգացում. հունվարին այն 21 %-ով ավելի է եղել 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ինչ խոսք, տնտեսության մեջ արձանագրված ցուցանիշները սոսկ թվեր չեն, դրանք ներկայացնում են ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը։ Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ եռամսյակային ցուցանիշները կարող էին անմիջապես անդրադառնալ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, այն էլ այն դեպքում, երբ 2009-ին սկսված գլոբալ ճգնաժամից մեր տնտեսությունը դեռ խելքի չի եկել։ Սակայն, կարծում ենք, այդ ցուցանիշների դրական ազդեցությունն ինչ-որ չափով նկատելի պետք է լինի գործարար միջավայրում։ Մեր հարցումներից պարզ դարձավ, սակայն, որ դրական այդ միտումները գործնականում նկատելի չեն գործարարների համար։ Նրանց հավաստմամբ` տնտեսության ոլորտում վերջին չորս տարվա ցուցանիշները հակասության մեջ են իրականության հետ։

Դիմենք թվերի օգնությանը։ Ի՞նչ պատկեր ունենք 2012-ի առաջին եռամսյակում։ Ըստ նույն պաշտոնական տվյալների, շինարարության ոլորտում անկումը կազմում է 5,5 %։ Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը 2010-ից սկսած ջանքեր է ներդնում ոլորտի առողջացման ուղղությամբ, այնուհանդերձ, դրական լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվում։ Ակտիվության զրոյական ցուցանիշ է գրանցվել նաև գյուղատնտեսությունում։ Այս երկու ոլորտներում մեղքը, բնականաբար, բարդվում է սեզոնայնության վրա։ Սակայն, եթե կառուցված շենքը չի վաճառվում, գուցե խնդիրը պետք է ոչ թե անձրևի ու քամու, այլ մարդկանց գնողունակության անկման մե՞ջ փնտրել։ Ի վերջո, երբ խոսվում է արդյունաբերության ոլորտի ակտիվացման մասին, ապա չմոռանանք, որ եթե այս տարվա հունվարին 21 %-ով ավելի է եղել անցած տարվա հունվարի համեմատ, ապա այս տարվա փետրվարին նվազել է, իսկ մարտին կազմել է 12,6 %։ Նվազման միտումը ոմանք կապում են նախընտրական սպասումների հետ. այդ գործոնը մենք ևս չենք բացառում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում տնտեսության զարգացումն ուղղակիորեն պայմանավորված է անհատով և ոչ թե համակարգով։ Նկատի ունենալով այս հանգամանքը, այնուհանդերձ, պետք է նշել, որ արդյունաբերության ոլորտի պասիվությունը կախված է ընդհանուր տնտեսության պասիվությունից, ներդրումների նվազումից, որը սկիզբ է առել 2009-ին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ