«Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի կողմից կատարված ներդրումը լավ նախադրյալ է օտարերկրյա ներդրողների համար վստահության դաշտ ձևավորելու առումով։ Գաղտնիք չէ, որ օտարերկրյա ներդրողները հետևում են տեղի ներդրումների քանակին և ծավալին։ Բնականաբար, տեղի ներդրումների աճը նրանց համար վստահության երաշխիք է։ «Էրեբունի» ԲԿ-ին կից նորաբաց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի հիմնադրման համար ներդրվել է 600 մլն դրամից ավելի գումար և անիրականը գրեթե իրականություն է դարձել։ Տարիներ շարունակ Հայաստանը խոսքով կարևորում էր ճառագայթաիզոտոպային բժշկության կենտրոնի հիմնումը։ Գործնականում 2019-ի նոյեմբերի 8-ին` ճառագայթաբանների միջազգային օրը, «Էրեբունի» ԲԿ-ում բացվեց գերժամանակակից Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, որը հագեցած է նորագույն սարքավորումներով, նախատեսված է վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոիզոտոպային բուժման և լայն հետազոտությունների համար։ Կենտրոնի բացմանը ներկա էին միջազգային ճանաչում ունեցող բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ։ Ինչպիսի՞ն է նրանց կարծիքով այս նորաբաց կենտրոնը։
«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՍԵՐԳԵՅ ՊՈՊՈՎ («Վարյան» ընկերության ծառայությունների և վաճառքի գծով տնօրեն)
-Այն, ինչ տեսանք, մեզ հաճույք պատճառեց։ Միջուկային բժշկության այս նոր կենտրոնը Հայաստանում լիովին համընկնում է եվրոպական և ամերիկյան չափանիշներին։ Այստեղ ոչ միայն սարքավորումներն են բարձրակարգ, այլև բուժառուների համար ստեղծված են բոլոր պայմանները և՛ էսթետիկ, և՛ հարմարավետության տեսանկյունից, որպեսզի նրանք իրենց հիվանդանոցում չզգան, այսինքն, զերծ լինեն կլաուստրոֆոբիկ մթնոլորտից։ Այստեղ մարդն ավելի շուտ իրենց զգում է բարձրակարգ հյուրանոցում, քան հիվանդանոցում։
-Ի՞նչ ուղղությամբ եք տեսնում ձեր ընկերության հետագա համագործակցությունն այս կենտրոնի հետ։
-Հետագայում նպատակ ունենք ընդլայնելու մեր համագործակցությունը տեխնիկայի և սարքավորումների մատակարարման, երկարաժամկետ ծառայությունների մատուցման, նախագծերի իրագործման աջակցության ուղղությամբ։ Ծրագրում ենք նաև բացել ճառագայթային բուժման բաժին, որի համար նախատեսված սարքավորումները կներմուծվեն մեր ընկերությունից։ Ճառագայթային բուժումը քաղցկեղի բուժման գործընթացում հանդիսանում է հիմնարար մեթոդներից մեկը` վիրաբուժությունից, քիմիաթերապիայից հետո, սակայն, ցավոք, շատ երկրներում այն լայնորեն ներկայացված չէ, և այս բացը պետք է լրացվի։
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱԿՆ Է»
ԿՈՍՏԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ («Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայության ղեկավար, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ)
-Ինչու՞ է կենտրոնը կոչվում եվրոպական։
-Որովհետև այն հագեցած է եվրոպական արտադրության գերժամանակակից սարքավորումներով։ Կենտրոնում ներդրված «Սիմենս» ընկերության «Սպեկտ» սարքավորման առավելությունն այն է, որ արտադրված է 2019-ին` նորագույն սերնդի նմուշ է, և վստահորեն կարող եմ ասել, որ այս տարածաշրջանում միակն է։ Այստեղ հետազոտություններն ու բուժումն իրականացվում են եվրոպական չափանիշներով։ Կենտրոնը բաղկացած է հետազոտական և բուժական բաժիններից։ Բժիշկները վերապատրաստվել են եվրոպական առաջատար կլինիկաներում։ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի ղեկավարն է Եվրոպայում բազմամյա փորձ ունեցող ճառագայթաբան Նատալյա Շենգելիա դե Լանգեն։ Մեր գործընկերը Վրաստանից է, իր գիտելիքները խորացրել է Վիեննայում, տարածաշրջանի լավագույն մասնագետներից մեկն է։ Գաղտնիք չէ, որ վահանաձև գեղձի պաթոլոգիաների դեպքում մեր հայրենակիցները մեկնում էին Վրաստան, իսկ այժմ դրա կարիքը չի լինի։
-Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը տարեկան որքա՞ն հիվանդ կարող է ընդունել, ըստ Ձեզ, քանի՞ տոկոսով կնվազի մեր հայրենակիցների հոսքը դեպի Վրաստան` վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման նպատակով։
-Ներկա պահին, կարծում եմ, վաղ է խոսել այդ թվերից։ Ինչպես նշեցի, կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բոլոր գերժամանակակից սարքավորումներով և ի զորու է սպասարկելու ողջ հանրապետությանը։ Այստեղ ամենագլխավոր խնդիրը կենտրոնի աշխատանքների ճիշտ քարոզչությունն է։ Հետազոտվելուց և «Ռադիոտաբ» դեղամիջոցի ընդունումից հետո բուժառուները մոտ 12-24 ժամ պետք է մնան կենտրոնում, որպեսզի ճառագայթող նյութը դուրս գա նրանց օրգանիզմից։ Ինչպես տեսաք, հիվանդասենյակներն ամբողջությամբ կահավորված են այդ նպատակով և հնարավորություն են տալիս օրական վեցից ավելի բուժառուի սպասարկելու։ Կարծում եմ, բուժառուների հոսքը մեծ կլինի, քանի որ էապես կնվազի բուժման նպատակով դեպի Վրաստան ուղևորությունների քանակը, թեկուզ հենց այն պատճառով, որ Վրաստանում այս պահին չկա այսպիսի հագեցվածությամբ կենտրոն։
-Այո, բայց Վրաստան մեկնում են նաև գների մատչելիության պատճառով։
-Համաձայն եմ, սակայն քաղցկեղածին գոյացությունների դեպքում առաջնայինը բուժման որակն է, որը պայմանավորված է բարձր տեխնոլոգիական սարքավորումներով և մասնագետների գիտելիքներով։ Այս երկու գործոններն էլ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնում ապահովված են։ Եթե շեշտը դրվի միայն մատչելիության վրա, ապա կտուժի որակը, ինչը վաղուց ապացուցված փաստ է։
-Ինչո՞վ է տարբերվում «Սպեկտ» անվանմամբ այս սարքավորումը MRT-ից և KT-ից։ Կարելի է՞ այս սարքավորումներով, բացի վահանաձև գեղձի հետազոտությունից այլ օրգանների հետազոտություն իրականացնել։
-«Սպեկտ» սարքավորումը ֆունկցիոնալ ախտորոշում է իրականացնում։ Ժողովրդական լեզվով ասած` սա նույն սինտիգրաֆիան է։ Այն հիմնականում թույլ է տալիս ոսկրային համակարգում և երկրորդային օրգաններում ճիշտ ախտորոշում կատարել շատ վաղ փուլում։ Բուժառուները, որոնց մոտ առկա է երկրորդային օջախների ախտահարում, և որոնք ստացել են վիրաբուժական, քիմիաթերապևտիկ ճառագայթային բուժում, հետազոտությունից հետո կարող է պարզվել, որ նրանց մոտ ոչ բոլոր օջախներն են, չափերի առումով, ենթարկվել փոփոխության։ Նման դեպքերում բժիշկը չի կարող դրական շարժ արձանագրել բուժառուի մոտ։ Սակայն օջախները, ակտիվության առումով, կարող են փոխվել, ինչը շատ կարևոր է հիվանդի վիճակը գնահատելու առումով։ Այդ ակտիվությունը տեսնելու և գնահատելու հնարավորությություն չեն տալիս MRT կամ KT հետազոտությունները, մինչդեռ ճառագայթաիզոտոպային ախտորոշման առավելությունը հենց այն է, որ թույլ է տալիս տեսնել օջախի ակտիվությունը։ Ի դեպ, այս նույն սարքավորումով ախտորոշվում են սրտի սուր իշեմիաների և կաթվածների աստիճանները։
Զրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ