ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Թունավորման վտանգի տակ են հայտնվելու Սևանա լիճն ու Արարատյան դաշտի գյուղմթերքները

Թունավորման վտանգի տակ են հայտնվելու Սևանա լիճն ու Արարատյան դաշտի գյուղմթերքները
02.06.2017 | 07:53

Երբ դաշնակցական Արծվիկ Մինասյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, թեև ոչ մեծ, բայց, այնուամենայնիվ, հույսեր կային, որ այս ոլորտում վերջին առնվազն երեք նախարարների պաշտոնավարման օրոք եղած խայտառակ իրավիճակը կփոխվի, վերջ կտրվի հանցավոր իրողություններին: Պարոն կամ ընկեր Մինասյանը, ցավոք, առայժմ չի արդարացնում իմ և բոլոր նրանց հույսերը, ովքեր իսկապես մտահոգ են Հայաստանի բնության հիմնախնդիրներով ու շրջակա միջավայրի` բնակչության առողջության համար վտանգավոր աղտոտմամբ:


Նորանշանակ նախարարը սկզբում բավական խոստումնալից հայտարարություններ արեց, ինչպես, օրինակ, «Մեր գլխավոր նպատակը գետերի հզորությունն ու արդյունավետությունը ճիշտ գնահատելն է, ինչպես նաև բնապահպանական տեսակետից ավերումների դեմն առնելը», «Չկա որևէ անձ, որը կարող է կամ էլ հնարավորություն ունի հասարակության մեջ ունեցած իր դիրքով ազդել մեր որոշումների կայացման մասով»: Հրաշալի է, այդպես էլ պետք է լինի, հենց դա էլ ակնկալում ենք նրանից: Բայց հետո հարցեր առաջացան` բա Ամուլսարի հանքավայրի շահագործումից գետերի ու նույնիսկ Սևանա լճի ավերում, այսինքն` թունավորում կամ, թեկուզ, աղտոտում չի՞ լինելու։


Ահա և մեկ այլ հարց` եթե նախարարը, նախարարությունը որոշումներն իսկապես կայացնում են առանց արտաքին ազդեցությունների` շահագրգռումների, ճնշումների, պահանջների կամ խնդրանքների ենթարկվելու, ապա ինչո՞ւ Արծվիկ Մինասյանն ու նրա ղեկավարած կառույցը մինչ օրս վերջ չեն տվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վտանգավոր ծրագրին, մասնավորապես՝ նախարարն ինչո՞ւ չեղյալ չի համարել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից վերջինիս տնօրեն Վ. Սահակյանի ստորագրությամբ ստացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016 թ. ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացությունը, որը 2016 թ. ապրիլի 29-ին հաստատել է ՀՀ բնապահպանության արդեն նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը: Ի՞նչ է՝ չէ՞ր կարող, թե՞ չցանկացավ, որովհետև… Իհարկե, Արծվիկ Մինասյանը կարող է ասել, որ ինքը դրա համար հիմքեր չի տեսնում, ինչպես արդեն իսկ ասել է:
Անցյալ տարվա նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում տեղեկացնելով, որ նախօրեին Ամուլսարի ծրագրի հարցով քննարկում է եղել, Արծվիկ Մինասյանը մասնավորապես ասել է, որ ինքը՝ որպես բնապահպանության նախարար, այս հարցում որևէ հիմք չի տեսել, որպեսզի կիսի բնապահպանական ՀԿ-ների մտահոգությունները: Ես չգիտեմ, թե բնապահպանության նախարարը Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ բնապահպանական ո՞ր ՀԿ-ների և ո՞ր մտահոգություններին է տեղյակ եղել, որոնք կիսելու հիմք չի տեսել, սակայն ստորև կներկայացնեմ ոչ թե սոսկ մտահոգություններ (որոնք կիսելու հիմքեր նա, առաջնորդվելով իր հայեցողությամբ կամ տեսողությամբ, տեսնի կամ չտեսնի), այլ փաստեր, որոնք նա պարտավոր է հերքել, իսկ եթե ոչ, ապա ընդունել ու ձեռնարկել դրանցից բխող համապատասխան միջոցներ:


«Լիդիան Արմենիա» ընկերությունը (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ), որը 100 տոկոսով պատկանում է «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերությանը, ինչպես արդեն հայտնի է, ձեռնամուխ է եղել Ամուլսարի ոսկու հանքը բաց եղանակով շահագործելուն: Ե՛վ հիշյալ ընկերությունները, և՛ ՀՀ բնապահպանության նախարարությունն ու կառավարությունն անտեսել են Հայաստանի բազմաթիվ անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքը, ինչպես նաև էկոլոգիական (և ոչ միայն) այն հնարավոր վտանգներն ու ռիսկերը, որոնք կապված են հիշյալ հանքավայրի շահագործման հետ:
Ընկերությունը նախատեսում է առաջիկա 10 տարում վերամշակել տարեկան 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։ Ավելին, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման պարագայում թունավորման կամ, առնվազն, աղտոտման վտանգը կսպառնա ոչ միայն մոտերքում գտնվող Գնդեվազ համայնքին, Արփա գետին, 11-13 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքին: Նշված հանքավայրի շահագործման պատճառով կառաջանա ծանր մետաղների և այլ թունավոր ու վտանգավոր նյութերի պարունակությամբ հսկայական զանգվածի փոշի, որն անկառավարելի վտանգ կլինի Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, հանքավայրից ոչ հեռու գտնվող ընտիր արոտավայրերի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, ինչպես նաև տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան հանդիսացող և անգնահատելի Սևանա լճի համար:


Հայտնի է, որ Որոտան-Արփա-Սևան թունելով Սևանա լիճ են լցվում Կեչուտի ջրամբարի ջրերը, հետագայում լիճ են լցվելու նաև Սպանդարյանի ջրամբարի ջրերը, մինչդեռ, ինչպես հայտնի է, ի տարբերություն Սևանա լճի և նրա մեջ լցվող Վարդենիս գետի, որոնց և Ամուլսարի ոսկու հանքավայրի միջև հեռավորությունն ուղիղ գծով 50 կիլոմետր էլ չկա, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները Ամուլսարի ոսկու հանքավայրից ուղիղ գծով ընդամենը մոտ 7 կմ են հեռու: Թունավոր նյութեր պարունակող փոշին եթե նույնիսկ անմիջականորեն Սևանա լիճ չհասնի, նստելու է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի, ինչպես նաև դրանց ջրային ավազանների վրա, իսկ հետո նշված փոշին պարունակող ջրերը հոսելու են Սևանա լիճ և տարիների ընթացքում կուտակվելով, թունավորելու կամ աղտոտելու են նրա քաղցրահամ ջրի անգնահատելի պաշարը, ապա նաև՝ այդ ջրով ոռոգվող Արարատյան դաշտի հողերը և այնտեղ աճեցվող գյուղմթերքները: Ընթերցողներին, նրանց թվում նաև՝ համապատասխան պաշտոնյաներին, կարծում ենք, արդեն հասկանալի է, թե թունավոր նյութեր պարունակող աղտոտված ջրերով ոռոգված պտուղ-բանջարեղեններով սնվելու պատճառով ինչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ, համենայն դեպս, եթե հարկ լինի, կարող եմ մանրամասն բացատրել:
Հանքավայրի շահագործումը ձեռնարկողի՝ ժամանակին «Գեոթիմ» կոչված ընկերության ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության (Վայոց ձորի, Սյունիքի մարզեր) ու դրա վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացության հիմքում դրված փորձագետ Ա. Մինասյանի եզրակացության մեջ հանքավայրի շահագործման ընթացքում առաջացող փոշու մասով նշված է. «Արտադրական գործընթացների ժամանակ վնասակար նյութերի արտանետումներ կառաջանան հանքի շահագործման, հանքաքարի տեղափոխման, ջարդման (մանրացման), կրի ընդունման և փոխակրիչի մեջ լցման գործընթացներում, լուծույթների պատրաստման և ԱԴՎ հանգույցներից:


Վերահսկվող անշարժ աղբյուրներից հանրագումարային արտանետումները հաշվարկվել են 338,39 տ/տարի, իսկ շարժական աղբյուրներից 737,5 տ/տարի:
Փոշու ցրման ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ արտանետվող PM10 մասնիկների մեծ մասը՝ 95 %-ից ավելին, կնստի տեղանքից 1 կմ հեռավորության սահմաններում, իսկ ավելի քան 90 % արտանետումների աղբյուրից 500 մ հեռավորության սահմաններում: Ծրագրի գործողությունների վայրերից հեռավորությունների հիման վրա, PM10 և PM2,5 կոնցենտրացիաները կգտնվեն նորմայի սահմաններում»:
Եթե, չնայած այս խիստ կասկածելի ուսումնասիրությանը, նույնիսկ ընդունենք, որ վերահսկվող անշարժ աղբյուրներից հանրագումարային արտանետումներն իսկապես տարեկան 338,39 տոննա են, իսկ շարժական աղբյուրներից` տարեկան 737,5 տոննա, ապա վնասակար նյութերի տարեկան ավելի քան 1000 տ արտանետումներն էլ, կարծում ենք, քիչ չեն:


Ինչ վերաբերում է փոշուն, որը պարունակում է ծանր մետաղներ, թունավոր նյութեր, ապա այն եզրակացությունը, որ արտանետվող PM10 մասնիկների մեծ մասը՝ 95 %-ից ավելին, կնստի տեղանքից 1 կմ հեռավորության սահմաններում, իսկ ավելի քան 90 %-ը՝ արտանետումների աղբյուրից 500 մ հեռավորության սահմաններում (այսինքն՝ շուրջ 5 տոկոսը կնստի տեղանքից 500-1000 մետր հեռավորության սահմաններում), պարզապես արժանահավատ չէ: Իբր թե դա հաստատվել է փոշու ցրման ուսումնասիրության արդյունքում (ե՞րբ, տարվա ո՞ր եղանակին, քամիների ի՞նչ բարձրությունների և արագությունների պայմաններում, այս հարցերի պատասխանները չկան): Իսկ ի՞նչ է՝ այն փոշին, որն առաջանալու կամ գուցե արդեն առաջացել է պայթեցումների, հանքաքարի ջարդման (մանրացման), բարձման, տեղափոխման, բեռնաթափման, թերևս նաև այլ գործընթացներում, չի՞ կարող ավելի հեռու թռչել… Այդպիսի խոստո՞ւմ է տվել ընկերությանը, կամ՝ ընկերությունը փոշու հետ 1 կիլոմետրից այն կողմ չտարածվելու վերաբերյալ պայմանագի՞ր ունի կնքած…
Իսկ եթե ավելի լուրջ, ապա հաշվի առնված չէ նաև առաջիկայում կլիմայի գլոբալ փոփոխությունների պատճառով քամիների արագության և այլ պարամետրերի փոփոխություններից բխող վտանգը, մասնավորապես այն, որ թունավոր ու վնասակար նյութեր պարունակող փոշին այդ դեպքում տարածվելու է նաև տեղանքից շատ ավելի հեռու, քան հաշվարկվել ու պաշտոնապես ներկայացվել է այժմ:


Թունավոր ու վնասակար նյութեր պարունակող փոշու ներկայացրած վտանգի առումով հաշվի առնված չէ նաև այն, որ վերոնշյալ բոլոր գործընթացներում առաջացող փոշու հատիկների չափերը, զանգվածները կարող են տարբեր լինել, դա կանխատեսելի չէ, իսկ քամիների ուժգնությունից ու բարձրությունից բացի, նաև փոշու հատիկների չափերն ու զանգվածներն են պայմանավորում աղտոտման աղբյուրից դրանց տարածման հեռավորությունը: Պետական փորձաքննական եզրակացության մեջ ինչո՞ւ է նշված միայն տեղանքից փոշու PM10 մասնիկների տարածման հեռավորությունների մասին, իսկ մյուս չափերի մասնիկների տարածման հեռավորություննե՞րը…


Պատկերացնելու համար, որ ծանր մետաղներ, որոնք թունավոր են, և այլ թունավոր նյութեր պարունակող փոշին քամիների, օդային հոսանքների միջոցով կարող է շատ հեռու հասնել, ներկայացնեմ ժամանակին ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում գործող կառույցներից մեկի՝ «Հայէկոմոնիտորինգի» տնօրենի գիտական հարցերի գծով տեղակալ Սեյրան Մինասյանի հայտնած հետևյալ տեղեկությունը. «2001 թ. տվյալների համաձայն, Հայաստանի տարածքի վրա տարեկան 14,5 տոննա կապար է նստել, հիմա էլ մոտավորապես նույն պատկերն է։ Մեր երկրի վրա նստող կապարի մոտ 16 տոկոսը Թուրքիայից է գալիս, 24 տոկոսը՝ Ադրբեջանից, 6 տոկոսը՝ Վրաստանից»։
ՈՒրեմն ի՞նչ՝ ծանր մետաղ, այսինքն՝ թունավոր նյութ պարունակող փոշին, որը Հայաստանից շատ ավելի հեռու գտնվող Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից նման մեծ զանգվածներով կարողացել է հասնել ՀՀ, նստել մեր երկրի տարածքի վրա, Ամուլսարի ոսկու հանքավայրից չի՞ կարող հասնել նրան անհամեմատ մոտ գտնվող Արփա և Որոտան գետեր, դրանց ջրային ավազաններ: Չի՞ կարող հասնել հանքավայրից մոտ 7 կմ հեռու գտնվող Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ:
Ավելին, հենց վերոնշյալ փորձագիտական եզրակացության համաձայն, վնասակար նյութեր պարունակող փոշու շուրջ 5 տոկոսը նստելու է տեղանքից 1000 մետր հեռավորության վրա, իսկ Արփա գետը, որի ջրերը լցվում են Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով՝ Սևանա լիճ, գտնվում է հենց այդ տեղանքից մոտ 1000 մ հեռավորության վրա:


Պարզ է, որ իրենից վնասակար նյութեր ներկայացնող հիշյալ փոշին պարունակող ջրերը, ինչպես արդեն նշեցի, ի վերջո, հոսելու են Սևանա լիճ («Որոտան-Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ են լցվում Կեչուտի ջրամբարի ջրերը, հետագայում լիճ են լցվելու նաև Սպանդարյանի ջրամբարի ջրերը): Նշված ջրերը տարիների ընթացքում կուտակվելով, աղտոտելու կամ, տարրերի, միացությունների տեսակից ու խտությունից կախված, նույնիսկ թունավորելու են նրա քաղցրահամ ջրի անգնահատելի պաշարը, ապա նաև՝ այդ ջրով ոռոգվող Արարատյան դաշտի հողերը և այնտեղ աճեցվող գյուղմթերքները, ինչը նշված գյուղմթերքներն օգտագործող սպառողների մի մասի մոտ տարիների ընթացքում առաջացնելու է տարբեր, այդ թվում՝ քաղցկեղային հիվանդություններ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Թեմայի շուրջ հարցազրույցը բնապահպան ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ` «Իրատեսի» հաջորդ` հունիսի 6-ի համարում:

Դիտվել է՝ 6622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ