ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը Խորենացու փողոցում

Հայաստանը Խորենացու փողոցում
31.07.2016 | 21:29

Հուլիսի 17-31-ի իրադարձությունները շարունակվում են՝ «կինոյի տղերքը» ասպարեզ իջան, բայց կինոյի happy end-ը չկա: Երկու շաբաթում իշխանությունը օգտագործեց իր զինանոցի բոլոր միջոցները, գործող ընդդիմությունը՝ իր, մեջտեղում մնաց ժողովուրդը, որ պարբերաբար ծեծ է ուտում ու չի նահանջում՝ հակառակ, որ մեկ առ մեկ հեռանում են օրվա առաջնորդները: Ոմանք՝ կամավոր, ոմանք՝ ակամա:


Չե՞ք նկատել, որ այս «հեղափոխությունը» խիստ «ախպարական» է: Բոլորովին չեմ վիճարկում սփյուռքահայերի հայրենասիրությունը, հայրենիքին նվիրվածությունը ու սրտացավությունը, որ նրանք բազմիցս ապացուցել են, բայց որևէ մեկը, ով էլ լինի, Հայաստանից դուրս իրավունք չունի Հայաստանի ճակատագիրը որոշել: Մինչդեռ ստեղծված իրավիճակում չափազանց ցցուն է «ախպարական» հետքը: Սկսած Ժիրայր Սեֆիլյանից մինչև Րաֆֆի Հովհաննիսյան ու զինյալներ, որոնք Հայաստան են եկել՝ մեզ «փրկելու»: Ոմանք գուցե համարեն, որ Հայաստանում գունավոր հեղափոխության արտահանման ամերիկյան մեքենան է գործում: Եթե գործեր այդ մեքենան, «հեղափոխությունն» այս ընթացքը չէր ունենա: ԱՄՆ-ը իր արտահանած հեղափոխությունների համար նախ գտնում է առաջնորդ, հետո է նրա ձեռքը վարդեր տալիս ու հաղթական հանձնում իշխանությունը: Եվ հետո՝ հազիվ են Սերժ Սարգսյանին «հասցրել» Ղարաբաղի հարցի հանգուցալուծման, որևէ այլ իշխանության դեպքում գործընթացը զրո կետից է սկսվելու: Գերտերությունների մասնակցությունը կատարվողին բարդ հարց է, որ տեղեկատվություն է պահանջում՝ վերջնական եզրակացության համար, բայց նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա է դառնում մի հարյուր տարի հետո՝ սպառելով պետական գաղտնիքի արգելքը:

Արտաքին հայտանիշներից դատելով՝ թե միջազգային կառույցները, թե գերտերությունները առանձնապես չխառնվեցին՝ ժամանակ տալով իշխանությանը հարցը լուծելու:
Իշխանությունը ընտրեց ինքնըստինքյան լուծման տարբերակը՝ զինյալներին մեկ առ մեկ շարքից հանելով՝ նրանց հանձնվելու ինքնակամ որոշում կայացնել պարտադրելու նպատակով: Շատ ռիսկային ճանապարհ, որովհետև Հայաստանում մշտապես կա իշխանություններից դժգոհ մարդկանց մեծ զանգված: Իրավացի դժգոհ: Տարիներով իրենց խնդիրները չլուծված տեսնող մարդկանց, որ ցանկացած կայծ պատրաստ են հրդեհի վերածել: ՊՊԾ գունդը գրավելուց հետո առաջին օրերին մարդիկ, կարծես, չէին շտապում զինյալներին աջակցություն հայտնել: Համարյա մի շաբաթ Նիկոլ Փաշինյանը սեփական PR արշավը կազմակերպեց, բայց իշխանությունը այդ ժամանակն էլ չօգտագործեց՝ գտնելու զինյալների իրական կազմակերպչին ու նրա միջոցով խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Ավելին՝ նրանք քայլ առաջ արեցին՝ ակտիվացնելով նախ սարիթաղցիներին, որոնց գազն էին կտրել, լույսը, ջուրը, սահմանափակել ազատ տեղաշարժը՝ նրանց դարձնելով ակամա ապստամբ: Ոստիկանները հայտնվեցին վտանգավոր սահմանագծում, երբ նրանց վրա սկսեցին քարեր նետվել ու զարգացավ հայ ֆոլկլորը՝ մայրական գծով: Դրսում «ախպարական» գործոնը ավելի լավ էր աշխատում, քան՝ իշխանությունը: Անհրահանգ մնացած զինյալները լավ հասկանում են, որ դատապարտված են:

Հրաշալի աշխատեց Վիտալի Բալասանյանը՝ հասնելով բարձրաստիճան ոստիկանների ազատ արձակմանը՝ զինյալների ասուլիսի դիմաց: Հենց այդ ասուլիսն էլ վկայեց, որ նրանք չունեն ասելիք ու պատկերացում չունեն իրենց դերի մասին իրենց պարտադրված իրավիճակում: Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջները դատարկ փամփուշտներ էին օդում կրակված: Հաջողության համար ծրագիր էր պետք, լավ, Սեֆիլյանին ազատ են արձակում, Սարգսյանն էլ հեռանում է, արտահերթ ընտրություննե՞ր, հետո՞, որևէ մեկը խոսե՞ց, թե ինչ է հետո լինելու, ինքը ինչ է առաջարկում՝ բացի պահանջներ դնելուց: Մնալով առանց պաշտպանական վահանի՝ զինյալները հարկադրված էին բժիշկներին պատանդ դարձնել, որ դրսից գունդը չգրոհեն: Հետո չդիմացան իշխանության նյարդերը՝ ցուցարարների վրա գրոհը, ծեծուջարդը կանխատեսելի էին, բայց անբացատրելի է, թե ինչու՞ թիրախ դարձան լրագրողները: Զարուհի Փոստանջյանին Ժաննա դ՛Արկի դերը հաջողվեց՝ ցուցարարներին Սարի թաղով գնդի տարածք հասցնելու մասով, բայց իրական Ժաննան երբեք մարտի դաշտից չէր փախչում, Փոստանջյանը կորավ՝ մոլորվեց թավուտ անտառում ու մի քանի ժամից հայտնվեց: Իսկ հետո հնչեց Րաֆֆի Հովհաննիսյանի բացարձակապես անհասկանալի խոսքը՝ արյուն է պետք, որ հարցերը լուծվեն: Նախ՝ արյուն արդեն կա և անթույլատրելի շատ, հետո՝ ի՞նչ է նրա բառապաշարում դա նշանակում՝ զինյալները գնդից, ոստիկանները դրսից կրակե՞ն միմյանց վրա, սպանեն իրար, որ նոր Հայաստա՞ն ստեղծվի: Արյա՞ն վրա: Ոչ պակաս անհասկանալի է իրեն պահում Ժիրայր Սեֆիլյանը, որ կարող էր ու պարտավոր էր կանխել իրադարձությունների զարգացումը, բայց նա էլ հրահանգ է կատարում ու ազատ չէ իր գործողություններում: Նա ինչ-որ հայտարարություններ է անում, որոնց արժեքը զրո է, ու դա հասկանում են բոլորը:

«Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը… Ես շարունակում եմ մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը… Այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»՝ հայտարարեց Սեֆիլյանը: Իհարկե, Սերժ Սարգսյանն է պատասխանատուն՝ ՀՀ նախագահը լինելով, բայց շատ մեծ հարց է, թե որքանով է Ժիրայր Սեֆիլյանն ունակ հարց լուծել: Նրան ազատ արձակել-չարձակելու հարցը առաջին օրերին կարող էր ազդեցություն ունենալ, հիմա իրավիճակն այնքան է խորացել, որ Սեֆիլյանի միջնորդ ու հաշտարար դերը խիստ կասկածելի է, առավելևս, որ նա հազիվ թե զենքը վայր դնելու ու հանձնվելու կոչ անի զինյալներին: Նա չի ստանձնի նման պատասխանատվություն՝ չունենալով երաշխիք, որ իշխանության հետ որևէ պայմանավորվածություն հաստատուն է ու գործելու է զենքը վայր դնելուց հետո: Իվերջո, հարցը անգամ սպանված գնդապետն ու ոստիկանը չեն, հարցը ժողովուրդն է, որ մնացել է փողոցում՝ առանց առաջնորդի, երբ մեկը մյուսի հետևից նախաձեռնող խմբի անդամները ստանձնում ու վայր են դնում իրենց լիազորությունները, բայց տուն գնալու պատճառ չի տեսնում:


Բացի զինյալ խմբի անդամների ճակատագիրը, բացի այս օրերին հիմնավոր ու անհիմն ձերբակալվածների ճակատագիրը, հիվանդանոցներում հայտնված վիրավորների ու ծեծվածների ճակատագիրը, լուծելու բազում հարցեր կան՝ իրավիճակի հանգուցալուծման համար: ՀՀԿ-ի երդվյալ լռությունը, որ իրենք պայմանավորում են իրավիճակն ավելի չսրելու ցանկությամբ, արդեն իշխանության դեմ է գործում: Նախագահը միայն իր ենթակաների հետ է խոսում, վարչապետը կառավարության նիստում մի քանի բառ է ասում, Աժ նախագահը քաղաքում չէ՝ սա է իշխանության պատասխանը ամեն օր Ազատության հրապարակում հավաքվող մարդկանց, որ իրենց անզորությունը սպառում են քաղաքում երթեր անելով, Խորենացու փողոցի մատույցներ հասնելով ու ողջ զայրույթը ոստիկանության վրա պարպելով: Պետությունը իր գործառնությունները հանձնել է ոստիկանապետին, իսկ նա նույնիսկ չի աղոթում: ԱԱԾ-ի հայտարարությունները սրում են իրավիճակը՝ լինելով վերջնագրային: Անկախ նրանից՝ ինչ են ասել ու չեն ասել ՊՊԾ գնդում զենքը ձեռքին հայտնվածները, որոնց նորից սկսել են ահաբեկիչներ անվանել, իշխանությունը պարտավոր է իրավիճակը բացատրող ու հանգուցալուծող քայլեր անել՝ մարդ ծեծելով ու ձերբակալելով հարց չես լուծի: Մարդկանց պետք է տրամաբանական ելք տալ, որ վերադառնան տները: Մարդու իրավունքների պաշտպանը օրը մի քանի հայտարարություն է անում՝ առանց շոշափելի արդյունքի: Դատարանները շարունակում են գործել՝ ինչպես միշտ: Մտավորականները հրամանով խոսեցին ու հրամանով լռեցին: Պետական մեքենան ամեն ինչ անում է՝ ապացուցելու, որ ոչինչ չի փոխվել իր համար: Մինչդեռ հակառակը պետք է լիներ՝ պետք է փոխվեր ու փոփոխությունը պիտի արտահայտվեր: Արկածախնդիրներին հերոսացնում է իշխանության բիրտ ուժի կիրառումը, հերոսական ոչինչ չկա անհասկանալի նպատակներով մարդկանց կյանքը վտանգելու մեջ:

Բացի այդ՝ հայտարարություն է պետք Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Ոչ ոք վստահ չէ, թե իրականում ինչ է կատարվում՝ հարցը գնում է դեպի լուծու՞մ, թե՞ բանակցությունները շարունակվում են՝ լուծում գտնելու համար: Ազատագրված տարածքների հանձնման խնդիրն է ասպարեզում, որ ամեն օր մարդկանց կարող է փողոց դուրս բերել: Մենք զբաղված ենք ներքին խառնակությամբ, իսկ ԼՂ հարցը շարունակում է շրջանառվել գերտերությունների քննարկումներում՝ առանց մեր մասնակցության, ուր մնաց Լեռնային Ղարաբաղի: Փաստի առաջ ենք կանգնելու և փաստի անունը լինելու է «Լավրովի պլան»՝ երբեք չպետք է դա մոռանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Խորենացի փողոցի իրադարձությունները պարզ ուրվագծեցին Հայաստանի բուն իրավիճակը՝ իշխանությունը ունի իր պետությունն ու իր երկիրը, ժողովուրդը՝ իր, մի մասը տագնապով սպասում է՝ ինչ է լինելու, մի մասը իր գործին է, մի մասը նետվում է՝ ինքն էլ չգիտի ուր ու ինչ անելու: Կուսակցությունները մի քանի ալարկոտ կամ զայրացկոտ հայտարարություններ հրապարակեցին ու համարեցին, որ իրենց գործը արել են: Մի քանիսը ավելին արեցին՝ ցույցերին միանալու մտադրություն հայտնեցին Վարդան Օսկանյանի «Համախմբումը» և Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը», բայց ոչ Օսկանյանը, ոչ Ուրիխանյանը հանգուցալուծում չառաջադրեցին, ընդամենը փորձեցին «երակ մտնել»: Չստացվեց: Ժամանակն է «ախպարական» այս «հեղափոխությունից» դուրս գալու ու շատ լուրջ մտածելու, թե ինչն ինչպես անել, որ խորհրդարանական ընտրություններից հետո փոփոխություններ լինեն՝ չտրվելով սադրանքներին ու խաբկանքներին «օրվա ներքին ու արտաքին հեղափոխականների», որոնք գալու են ու գնալու, իսկ երկրի մասին մտածող է պետք: Ոչ թե արյուն է պետք, այլ՝ միտք, ու բոլորովին այնպես չէ, որ այդ միտքը գործել է, սպառվել է, մնացել է զենքը ու զենքով հնարավոր է իշխանություն փոխել և հաստատուն պահել: «Սասնա ծռերը» ցույց տվեցին պատկերը, բայց չփոխեցին: Ու՝ Աստծո սիրուն՝ առանց ճռճռան բառերի, առանց լացուկոծի, առանց ցինիկ հիստերիայի՝ բոլորս էլ բոլորիս գիտենք: Հիմա ոչ թե իրար սեփական ճշմարտությունը ապացուցելու ժամանակն է, սեփական ուժն ու հզորությունը, այլ՝ հնարավորինս անարյուն իրավիճակից դուրս գալու: Հայաստանը այսօր Խորենացու փողոցում է, բայց Խորենացու փողոցը չէ Հայաստանը, փակուղին երբեք Հայաստանի ճանապարհը չի եղել:

Դիտվել է՝ 12011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ