ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թերևս ջուրը պղտորող այլ մրցակից է հայտնվել

Թերևս ջուրը պղտորող այլ մրցակից է հայտնվել
22.07.2016 | 00:59

Հուլիսի 17-ի լուսադեմին, երբ հայտնի դարձավ, որ Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված գործողություններ են ընթանում, և տարածվեց զինված ապստամբների հայտարարությունը, որտեղ նշված էին մի շարք պահանջներ (իսկ դրանք բացառապես քաղաքական էին՝ ՀՀ իշխանությունների և Սերժ Սարգսյանի հրաժարականը, Արցախի հարցում փոխզիջումային տարբերակից, կամ ինչպես իրենք են ասում, հողեր հանձնելուց հրաժարումը և քաղբանտարկյալների ազատ արձակումը), երկրում, և գուցե դրսի որոշ շահագրգիռ կենտրոններում, թիվ մեկ հարցը դարձավ, թե ի վերջո ի՞նչ էր սա, և ի՞նչ պատճառներ ունեին այս գործողությունները։


Շրջանառվում են մի քանի վարկածներ, որոնք փորձենք ներկայացնել ստորև։


ՈՒսումնասիրելով կիրակի օրը՝ ժամը 05.30-ի սահմաններում ապստամբների տարածած հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե սկսվել է զինված ապստամբություն, և գրավված են բազմաթիվ շենք-շինություններ, կոչ էր արվում ժողովրդին դուրս գալ փողոց ու սատարել զինված ապստամբությանը, կարելի է ենթադրել, որ նրանք կա՛մ համոզված էին, որ նման գործողությունները միայն մի տեղում չեն, կա՛մ դա ընդամենը քարոզչական տեխնոլոգիա էր կամ բլեֆ՝ ժողովրդի բողոքական զանգվածին ոգևորելու և աջակցությունը ստանալու համար։ Պատահական չէ, որ Ազգային անվտանգության ծառայության հենց առաջին հայտարարությունում շեշտադրվել էր, որ քաղաքում, բացի մեկ կետից, որևէ այլ տարածք գրավված չէ, և որ մնացած գերատեսչական մարմիններն աշխատում են բնականոն ռեժիմով։
Ի՞նչ եղավ հետո։ Իշխանությունը բավական երկար ժամանակ ակնհայտորեն շփոթմունքի մեջ էր։ ԱԱԾ հայտարարությունից բացի, իրական արձագանք չկար, իսկ գլխավոր քարոզչական միջոցները (դրանք, այնուամենայնիվ, առայժմ հիմնականում հեռուստաընկերություններն են), գրեթե մինչև ժամը 14.00-ն լռում էին տեղի ունեցածի մասին։ Կարծես ինչ-որ տեղ խորհրդակցություններ էին ընթանում իրականությունն ինչպես ներկայացնելու ուղղությամբ։ Պարզ էր, որ բոլոր հեռուստաընկերությունները, անկախ նրանից, թե որ օլիգարխին, իշխանության թևին, այսպես կոչված, «ընդդիմությանը» կամ իշխանության կուսակցությանն են պատկանում, կոորդինացվում, ղեկավարվում են մեկ կետից, ինչպես խորհրդային տարիներին, երբ ԳԿՉՊ-ի խռովության օրը նույն պահին բոլոր հեռուստաընկերությունները հեռարձակեցին «Կարապի լիճը»։ Փաստորեն, իշխանություններից 7-8 ժամ պահանջվեց, որ շոկից դուրս գան (իրականում այդպես էլ դուրս չեն եկել) և հասկանան, թե ինչպես են իրականությունը մատուցելու։


Բավականին երկար անորոշությունից հետո, ի վերջո, հասկանալի դարձավ իշխանությունների՝ տեղի ունեցողը կանխելու տակտիկան։ Բավականին զուսպ տեղեկություններ էին տրվում՝ գործողությունները դատապարտող նյութերով, տարբեր մարդկանց կողմից արվող որակումներով։ Ոմանք դա անվանում էին ահաբեկչություն, ոմանք` արկածախնդրություն, և իհարկե, ինչպես միշտ նման դեպքերում, գլխավոր գաղափարն այն էր, որ այս ամենը թուլացնում է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի քաղաքական իմիջը և այլն։ Բայց հետաքրքիր էր, որ այս անգամ «անկեղծ» դատապարտումների այդ խաղի մեջ չմտան մինչ այդ էկրաններին ու սոցիալական ցանցերում «մշտական բնակություն հաստատած» իշխանության կարկառուն դեմքերը, որոնք, ի դեպ, մինչ օրս էլ ծպտուն չեն հանում։

Հիմնականում տեղեկատվական դաշտում ներգրավվեցին, այսպես կոչված, խորհրդարանական ընդդիմադիր գործիչները, որոշ դեմքեր, որոնք խորհրդային ժամանակաշրջանից համառորեն շարունակում են իրենց մտավորական համարել, որոնք փաստացի և զարմանալիորեն նույն բաներն էին խոսում, և բոլոր լրատվամիջոցները մեջբերում էին նույն խոսքերը։ Այն տպավորությունն էր, թե նախապատրաստում էին հասարակական կարծիքը, որպեսզի հետագա գործողություններին հասարակությունն ըմբռնումով մոտենա։


Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցողը, ի՞նչ անուն այն ունի։ Քանի որ իշխանական տեսակետը հայտարարվում էր ԱԱԾ-ի միջոցով, ապա ԱԱԾ-ն վերջին օրերի գործողությունները որակեց որպես ահաբեկչություն, գնահատական, որը ոչ միանշանակ ընդունվեց հասարակական սեկտորում և ֆեյսբուքյան հարթակում։ Հակառակը՝ ֆեյսբուքահայության մի զգալի մասի համակրանքը կարծես թե հենց ապստամբների կողմն է, ու դա բնորոշ է բողոքական հանրույթին, քանի որ նա կողմ է ցանկացած բանի, որն ուղղված է գործող իշխանությունների դեմ, և հակառակը՝ դեմ է իշխանության ցանկացած քայլի։


Երբ առաջին արձագանքի կրքերը հանդարտվեցին, մարդիկ սկսեցին վերլուծել, փորձել հասկանալ տեղի ունեցողը։ Առաջին արձագանքներից մեկն այն էր, թե ՊՊԾ գնդի տարածք մտածներն ընդամենը հուսահատ մարդիկ են, որոնք, այլ ելք չտեսնելով, գնացին նման ծայրահեղ քայլի, և ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ ջրի երես հանվեց «ռոմանտիկների» վարկածը։ Բնականաբար, չի կարելի բացառել, որ ապստամբների մեջ կան ռոմանտիկներ, ովքեր այդպես են պատկերացնում երկրի փրկության ճանապարհը և գնալով լավագույն դեպքում ցմահ ազատազրկման՝ բռնել են ինքնազոհության ճանապարհը՝ արթնացնելու թմբիրի մեջ գտնվող պասիվ հասարակությանը, որին արդեն մի քանի տարի իրենք չեն կարողանում տեղից շարժել անհամեմատ ավելի խաղաղ մարտավարությամբ։ Բայց, հաշվի առնելով, որ այդ շարժման մեջ կան բավականին պրագմատիկ և փորձված գործիչներ, քիչ հավանական է արդեն համարվում «ռոմանտիկների» պայքարի վարկածը: Ամեն դեպքում այս տեսակետն իրավունք ունի գոյության:


Նույն «ռոմանտիզմի» հողի վրա վարկածին շաղկապվում է տարբերակ, ըստ որի՝ մարդիկ դիմում են նման գործողության՝ այլ ելք չտեսնելով և այլևս ժամանակ չունենալով։ Հավանաբար այս մարդիկ հասկանում էին՝ վերջին շրջանում արձանագրված զանգվածային ձերբակալությունները շատ շուտով իրենց էլ էին հասնելու, և քանի որ ժամանակ ու ելք չունեին, որոշեցին այս տարբերակով անմահանալ։ Ինչպես ռուսը կասեր՝ умирать, так с музыкой։


Հաջորդ վարկածը, որ շրջանառվում է, ծրագրված սցենարն է, որն ապստամբներն իրականում չեն կարողացել իրականացնել։ Շատ հնարավոր է, որ սա պետք է ավելի լայնածավալ գործողություն լիներ, այդ թվում՝ պետական կառավարչական շենքերի գրոհներով, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կայացել։ ՈՒ չի բացառվում, որ նույն ապստամբներին ինչ-որ աջակցություն են խոստացել։ Որպես կանոն, երբ փորձում են զինված հեղաշրջում կատարել, ուժայինների գոնե մի մասը պետք է ապստամբների կողմը լինի։ ՈՒ քանի որ այս ամենը իրականացնողները, այնուամենայնիվ, այնքան էլ նման չեն զուտ ռոմանտիկների, շատ հնարավոր է՝ ինչ-որ տեղից նրանց խոստումներ են տրվել, ինչը, սակայն, չի իրականացվել։ Զինված ապստամբության դեպքում այնքան էլ հասկանալի չէ երկրորդական-երրորդական նշանակության օբյեկտի գրավումը, թեկուզ և դա լինի ոստիկանական գունդ։ Նաև հասկանալի չէ, որ գործողությունը տեղի է ունենում կիրակի լուսաբացին, քանի որ շատ քիչ հնարավորություն կա պատանդ վերցնելու բարձրաստիճան պաշտոնյայի։ Այս տեսակետից նույնպես գրոհն անիմաստ է։ Եթե այն կազմակերպված է, պետք է ունենա հստակ սցենար։ Այստեղ է, որ կարելի է ենթադրել՝ հարձակվողներին խոստացել են աջակցություն ներսից կամ դրսից, և նրանք անկեղծորեն հավատում էին, թե իրենք մեծ պլանի մի շղթան են։
Այս առումով այնքան էլ լուրջ չի թվում, որ քաղաքական ոչ համակարգային ընդդիմությունը, որը թեկուզ և արմատական կարգախոսների ներքո չի կարողանում խաղաղ ցույցերում մարդ հավաքել, հույսը դնի նրա վրա, թե ասենք 8 ոստիկան պատանդառելու դեպքում ամբողջ ժողովուրդն իրեն աջակցելու է։ Զինված ապստամբության պարագայում հաջողություն կարելի է արձանագրել թերևս այն դեպքում, երբ փողոցներում և հրապարակներում կա տասնյակ հազարավոր մարդկանց կոնկրետ և հետևողական աջակցություն: Ընդ որում, այդ գործողություններն էլ պետք է լինեն հստակ կազմակերպված և կոորդինացված:


Շատ հետաքրքիր էր իշխանության արձագանքը։ Շատերն ակնկալում էին, որ հենց առաջին գիշերը պետք է գրոհով վերցնեին ապստամբների գրաված տարածքը։ Սակայն իշխանությունն ընտրեց այլ ճանապարհ. սկսվեցին բանակցությունները, և շատերը հիշեցին անցյալ ամառվա «Էլեկտրիկ Երևան» շարժման տակտիկան, երբ շաբաթներ տևած ընդվզումն ի վերջո մարեց։ Սակայն, ի տարբերություն «Էլեկտրիկ Երևանի», որտեղ խաղաղ զանգվածներ էին, ում անընդհատ ինչ-որ բանով պետք է զբաղեցնեին, և երբ շոուն ավարտվեց, մարեց նաև հետաքրքրությունը, այս պարագայում, սակայն, կան վճռական տրամադրված մեծաթիվ զինված մարդիկ, որոնք այլ տեղ գնալու հնարավորություն գործնականում չունեն։ Հիմա արդեն զինյալները կորցնելու բան էլ առանձնապես չունեն։ Դատելով այն հանգամանքից, որ իշխանությունը հրաժարվել է ապստամբներին ֆիզիկապես հյուծելու մարտավարությունից (սնունդ և ջուր են նրանց տրամադրում, այլ հարց է, թե այդ սնունդը չի բավարարում ապստամբներին, ինչի պատճառով էլ տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև), կարելի է ենթադրել, որ առայժմ գոնե իշխանությունը պատրաստ չէ գրոհելու։ Այս պարագայում դրսի՝ Ազատության հրապարակի կամ Խորենացու փողոցի հանդիսատեսը կարող է ձանձրանալ ու գնալ տուն, բայց զինված անձինք հեռանալու տեղ չունեն, դա նրանց բարիկադն է։


Դրան զուգահեռ շատ հետաքրքիր զարգացում տեղի ունեցավ։ Իրավապահ համակարգն ինտերնետային ուղիղ եթերում այնպիսի անհամաչափ գործողություններով սկսեց աշխատել հասարակության բողոքական զանգվածի դեմ, որը նրանք չէին կիրառում վերջին շրջանում, այդ թվում՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ։ ՈՒ մարդիկ անմիջապես հիշեցին մի քանի տարի առաջվա իրավապահ համակարգի բիրտ մեթոդները։ Հիշենք քաղաքականության այբուբենը, համաձայն որի, նման բիրտ ուժի գործադրումը գրգռում է զանգվածներին։ Նույն մայդանները սկսվում էին հենց նման գործելաոճից։ Ոստիկանությունն այնպիսի գործելաոճ որդեգրեց, որ օր օրի միտինգավոր զանգվածը Երևանում մեծացավ։ Ընդ որում, այդ զանգվածը շատ դեպքերում մոռանում էր, թե ինչ առիթով է հավաքվել, ու նոր առիթները նրանց է՛լ ավելի էին գրգռում։ Եթե առաջին օրը կարելի էր մի քանի հոգու տեսնել Խորենացու փողոցում, ապա հաջորդ օրերին արդեն նրանց թիվը բազմապատկվեց։ Այն տպավորությունն է, թե իրավապահ համակարգն ամեն ինչ անում է, որ մարդկային զանգվածն ավելանա։ Սարի թաղի բնակիչների և ոստիկանության միջև տեղի ունեցած անփառունակ բախումն ապացույց է, որ ոստիկանությունն իրավիճակի տերը չէ:


Շատերը նկատեցին, որ եկավ մի պահ, երբ իշխանությունը կամ դրա մի թևը սկսեց մասնակցել գործընթացին։ ՈՒ շատ հետաքրքիր է, որ որոշ փորձագետներ, այդ թվում՝ ռուսաստանյան մամուլում, և արևմտամետ հայացքներ ունեցող ֆեյսբուքյան օգտատերեր, սկսեցին խոսել այն մասին, թե Բաղրամյան 26-ի հայտնի շախմատիստն ինչ-որ պարտիա է սկսել խաղալ։ Ըստ այդմ, չի բացառվում, որ իշխանությունը սկսում է օգտագործել այս ընդվզումը, որպեսզի աշխարհաքաղաքական որոշ գերհզոր բևեռների ցույց տա, թե զբաղված է երկրի անկայունությամբ, կարգեր հաստատելով, ահաբեկչության դեմ պայքարով, և հիմա Արցախի հարցի ժամանակը չէ։ Առավել ևս, որ զինված խմբի անդամները հայտնի են որպես Արցախի հարցում փոխզիջումային տարբերակին հակառակվող ամենաարմատական տրամադրություններով։ Մի կողմից՝ դեռևս 2008-ի մարտի 1-ի արյունահեղության «սինդրոմից» վերջնականապես չձերբազատված իշխանությունները փորձում են հնարավորինս զերծ մնալ հերթական արյունահեղությունից: Մյուս կողմից՝ պրոցեսը երկարաձգելով՝ կարծես թե փորձում են փոքր-ինչ փակել Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցային պատուհանը, որն ակնհայտորեն ընթանում է հայկական երկու պետությունների համար ոչ ձեռնտու սցենարով։ ՈՒ չի բացառվում, որ իշխանությունները փորձեն հարցը հնարավորինս երկարաձգել, իսկ հնարավորության դեպքում՝ նաև մինչև ԱԺ ընտրություններ։


Ինչևէ, վերջին օրերին պրոցեսները Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում գուցե կարելի է դիտարկել նույն հարթության մեջ և մեկ աշխարհաքաղաքական զարգացումների տիրույթում։ Ժամանակային առումով դրանք այնքան մոտ են՝ 1-2 օր տարբերությամբ, որ ընկալվում են որպես մեկ շղթայի մաս։ Հաշվի առնելով Ռուսաստանի հարաբերությունների բարելավումը «հակաամերիկյան» դարձած Թուրքիայի, սերտ կապերը դաշնակից Ղազախստանի, ինչպես նաև ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ՝ կարելի է նաև ենթադրել, որ ջուրը պղտորող որևէ այլ մրցակից է հայտնվել։ Այս առումով այնքան էլ զարմանալի չէ, որ ռազմական ապստամբության էպոպեայի ընթացքում ակտիվորեն տեղեկություններ տարածվեցին, որ ապստամբներին վնասազերծելու գործին կարող է ներգրավվել ռուսաստանյան հայտնի «Ալֆա» հատուկ նշանակության զորախումբը:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5824

Մեկնաբանություններ