Հունվարի 31-ին Հայաստանի բանկերի միության նախագահ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ լրագրողներին հրավիրել էին ասուլիսի` ամփոփելու բանկային համակարգի 2012 թ. զարգացումները: 2012-ին Հայաստանի 21 առևտրային բանկերը համատեղ վճարել են 25,8 միլիարդ դրամ հարկեր և տուրքեր, համեմատության համար` 2011-ին վճարվել էր 21,6 միլիարդ դրամ: Համակարգի ընդհանուր կապիտալը 409, 5 միլիարդ դրամ է, 2012-ի համեմատ աճել է 38,8 միլիարդ դրամով կամ 10,5 տոկոսով: Ընդհանուր ակտիվները 2412,2 միլիարդ դրամ են` աճել են 368,5 միլիարդ դրամով կամ 18 տոկոսով: Ընդհանուր վարկային պորտֆելում հաճախորդներին տրված վարկերն ու այլ փոխառությունները 1517,9 միլիարդ դրամ են կազմել` 2012-ին աճել են 264,3 միլիարդ դրամով` 21 տոկոսով: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի գնահատականով` դրական ցուցանիշներ են գրանցվել ընդհանուր պարտավորությունների գծով ևս` նախորդ տարվա համեմատ այդ գումարը 2002,7 միլիարդ դրամ է` գրանցվել է 329,6 միլիարդ դրամով կամ 19,7 տոկոսով աճ: 2012-ին հաճախորդների նկատմամբ պարտավորությունների աճը կազմել է 187,9 միլիարդ դրամ կամ 17,9 տոկոս, տարեվերջի դրությամբ պարտավորությունների ծավալը կազմել է 1238,6 միլիարդ դրամ: Ավանդներն աճել են 78,2 միլիարդ դրամով կամ 7,4 տոկոսով և կազմում են 1132 միլիարդ դրամ: Բանկային համակարգի ընդհանուր շահույթը տարվա վերջին կազմել է 42,7 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,6 միլիարդ դրամով կամ 15 տոկոսով: Բանկային ծառայությունների պահանջարկով պայմանավորված` բանկերի մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 28-ով կամ 6 տոկոսով և կազմել 494 մասնաճյուղ: 213 մասնաճյուղեր (43 տոկոսը) գտնվում են Երևանում, 37-ը` Լոռու մարզում, 36-ը` Կոտայքի մարզում, 36-ը` Շիրակի մարզում, 34-ը (7 տոկոսը)` Արցախում: 2012 թ. բանկերի կապիտալի եկամտաբերության մակարդակը կազմել է 11,2 տոկոս, իսկ ակտիվների շահութաբերության մակարդակը` 2 տոկոս: Առաջին 100 հարկատուների մեջ 2011 թ. եղել են 9 առևտրային բանկեր, 2012-ին` 11: Հայաստանի բոլոր 21 բանկերն էլ առաջին 1000 վարկատուների ցանկում են:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը անդրադարձավ «վատ» կամ չվերադարձված վարկերին, որոնք 3,6 տոկոս են կազմել 2012-ին: Համեմատության համար նշվեց, որ այդ ցուցանիշը Ռուսաստանում եղել է 8 տոկոս, Վրաստանում` 12 տոկոս: Հարկային ստուգումները տարբեր բանկերում պարոն Օսիպյանը պայմանավորեց ոչ թե նրանց անվստահելիությամբ, այլ պլանային ստուգումների անհրաժեշտությամբ` նշելով, որ ստվերայնություն ՀՀ բանկերում չկա: 2000 թ. Հայաստանում ներդրված ԱՐՔԱ քարտային համակարգը 13 տարի անց փոփոխությունների կարիք ունի. «Մենք գտնվում ենք այն փուլում, որ հին ծրագիրը չի համապատասխանում մեր պահանջներին, մեկ տարի առաջ հայտարարվել է նոր ծրագրի մրցույթ, որն արդեն ընտրվել է, և համակարգն արդեն սկսել է հին ծրագրից նորին անցնելու գործընթացը: Նոր ծրագիրն էապես տարբերվում է հնից, բանկային համակարգին ու հաճախորդներին տալիս է շատ մեծ առավելություններ, բայց ծանր գործընթաց է, որ ժամանակ է պահանջում: Բանկերի միությունը օրեր առաջ հաղորդագրությամբ ծանուցել էր հաճախորդներին իրականացվող փոփոխության մասին»,- ասաց պարոն Օսիպյանը, նշելով, որ իրենց քարտապաններին ծանուցել են նաև բոլոր բանկերը, իսկ նոր քարտապաններին քարտեր կտրվեն փետրվարի 8-ից: Հայաստանի բանկերի միությունը խորացնում է կապերը միջազգային շուկաների հետ: 2012-ին համակարգը ներկայացվել է Բեյրութում, 2013-ին այդ քաղաքականությունը շարունակվելու է: Դրսի շուկաները բաց են հայկական բանկերի առաջ, հիմնական խնդիրը համակարգի առաջ` Բազել 3-ին անցումն է, որ նախատեսվում է 2014-ից և ներառում է ռիսկերի կառավարման ուժեղացումը, մակրոռուդենցիալ վերահսկողության անցումը, որը բանկային ծառայությունների նոր որակ կապահովի: 2013-ին կշարունակվի 2012-ին սկսված գյուղատնտեսության վարկավորման ծրագիրը դրամով: Պարոն Օսիպյանը չբացառեց ռիսկերը, իսկ վարկավորման տոկոսադրույքի իջեցման պայման համարեց այդ դաշտում խաղացողների ավելացումը, որը շարունակական է. «Տոկոսային պատերազմը» կբերի գյուղատնտեսության համար ավելի մատչելի տոկոսադրույքի»,- ասաց Աշոտ Օսիպյանը: Պայմաններից մեկն էլ նա համարեց պետության ձեռնարկած որոշակի քայլերը, որոնց շարունակականությունը կապահովի առավել ցածր տոկոսադրույք: Գյուղատնտեսության վարկավորման պատրաստակամություն են հայտնել նաև գործընկեր բանկերը, մասնավորապես KFW-ն, որի կազմակերպած մրցույթին մասնակցած առևտրային բանկերից ընտրվեցին չորսը, և նոր տեխնոլոգիաներ են ստանում գյուղատնտեսության վարկավորման ուղղությամբ: Եվս 3 բանկ Եվրաբանկից ստացել են գյուղատնտեսության վարկավորման նոր տեխնոլոգիաներ` կատարելով առաջին քայլը, որի շարունակականությունը տոկոսադրույքի նվազեցում կապահովի: «Այսօր մենք ապրում ենք շատ փոփոխական աշխարհում, և ամենակարևոր գնահատականներից մեկը կայունությունն է: Մենք ուսումնասիրել ենք այլ երկրների փորձը, որտեղ դոլարայնացումը Հայաստանից ավելի բարձր մակարդակ ունի, այդ երկրները կայուն են, զարգանում են: 2011-ի դրությամբ 2012-ին դոլարայնության մակարդակի մեծ շեղում չի եղել, մենք ունեցել ենք կայուն արտարժութային շուկա, մայիս-հունիսին եղել է փոխարժեքի սպեկուլյատիվ բնույթի աճ, իսկ ամբողջ ընթացքում ունեցել ենք կայուն փոխարժեք, որը նշանակում է, որ մեծ դոլարայնացում չենք ունեցել համակարգում: Հակառակը, հաշվի առնելով արտարժութային ռիսկերը` ՀՀ առևտրային բանկերը ավելի հաճախ դրսից ներգրավումներն իրականացնում են հայկական դրամով: 2012-ին 3 հայկական բանկ դրամով մեծածածալ ներգրավում են իրականացրել: Նույնը շարունակվում է 2013-ին»,- անդրադառնալով դոլարայնացման վտանգներին` պարզաբանեց Աշոտ Օսիպյանը` շեշտելով, որ բանկիրները կայունության կողմնակից են, և իրենց համար շատ կարևոր է փոխարժեքի սահուն վարքագիծը, իսկ կտրուկ աճը կամ կտրուկ անկումը տանում են տնտեսության կոլապսի: Փոխարժեքի հետ առնչվող խնդիրներ այս պահին չկան` հավաստեց Հայաստանի բանկերի միության նախագահը:
«Իրատես de facto»-ի հարցին` ինչպե՞ս են 2012-ի խորհրդարանական ընտրություններն անդրադարձել բանկային համակարգի գործունեության վրա, Աշոտ Օսիպյանը պատասխանեց.
-Մեր գործունեության հաջողությունն է, որ քաղաքական գործընթացները բանկերի աշխատանքի վրա ազդեցություն մինչև այսօր չեն ունեցել, և համոզված եմ, որ չեն էլ ունենա:
-Կարո՞ղ եմ եզրակացնել, որ 2013-ի նախագահական ընտրությունները ևս չեն անդրադառնա բանկերի աշխատանքի վրա:
-Բոլոր ընտրությունների նախօրեին և ընտրություններից հետո բանկերն իրականացնում են իրենց ծրագրերը: Մեր աշխատանքի գնահատականն է նաև, որ մեր գործընկերները ոչ մի խոչընդոտ չեն տեսնում ընտրությունների մեջ, օրինակ, այս կամ այն պայմանագրի կնքումը, խոշոր վարկի տրամադրումը չի կապվում քաղաքական այս կամ այն իրադարձության հետ: Սա է կարևորը:
Հընթացս պարոն Օսիպյանը նշեց, որ ընտրագրավի վճարման նպատակով վարկի համար ևս դիմումներ բանկերին չեն եղել: Հավարտ ասուլիսի նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ իրենց հրապարակումներում մանրամասն անդրադառնում են բանկային համակարգին, բարձրացնում հրատապություն ունեցող հարցեր` նպաստելով լուծումներին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ