ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ տարին ամփոփեց ոչ թե իր հարկի տակ, այլ կառավարությունում։ Անցնող 2012-ը նախարարը գնահատեց դրական, նշելով, որ պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել են սահուն և հարթ։ Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտներն առանց արտաքին աղբյուրներից վարկային և դրամաշնորհային միջոցների կազմել են 841 մլրդ դրամ, ծախսերը` 831,6 մլրդ դրամ, ապահովելով տարեկան ճշտված պլանի 9,2 և 85,1 % կատարողական։ Հարկային եկամուտները և սոցվճարները կազմել են 792,1 մլրդ դրամ, ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90,3 %-ը։
Այլ կերպ ասած, նախարարը տարուց գոհ է և, անդրադառնալով 2013-ին, նկատեց, որ թեև ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը կավելանա 0,6 %-ով, այնուհանդերձ, բնակչության համար ուրախալի բան չասաց, քանի որ այս պահին արձանագրված 34 % աղքատությունը կնվազի, ըստ կանխատեսումների, ընդամենը 2-3 կետով։ Ինչը, ըստ նախարարի, նույնպես չի նշանակում, թե աղքատության զգալի նվազեցում կլինի։ Ի դեպ, Վաչե Գաբրիելյանն առանձնակի ուշադրություն դարձրեց հարկային փաթեթի վրա, որը վերջերս հաստատեց ԱԺ-ն։ Մինչդեռ նկատենք, որ գործարար շրջանակներն այս փաթեթը բացասական են համարում, ավելին, թեև ԱԺ-ում այն հաստատվել է դեռևս ԱԺ-ի տնտեսական հանձնաժողովում, կրքերը դեռ հանդարտված չեն, և քննարկումներն այս օրենքի շուրջ դեռ շարունակվում են։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան, նախարարն ասաց. «Մինչ փաթեթը կառավարությանը ներկայացնելն այն քննարկվել է փոքր և խոշոր բիզնեսի հետ։ Դրանից բացի, ԱԺ-ում այն նույնպես լայնածավալ քննարկեց և որոշակի փոփոխություններ է կրել։ Այդ քննարկումների ընթացքում մենք համոզվեցինք, որ հարկային փաթեթը բավականին բարենպաստ է։ Եվ, ի վերջո, չպետք է ենթադրել, որ փաթեթը միայն բիզնես կյանքի հեշտացում է, կան խստացումներ։ Սակայն, եթե ընդհանուր առմամբ գնահատենք և համադրենք խրախուսող և խստացնող միջոցառումները, ապա կարծում եմ, որ այն ավելի խրախուսող է։ Իսկ այն, որ օրենքը հաստատելուց հետո դեռևս քննարկվում է, ես դա համարում եմ նորմալ գործընթաց` միշտ կարող են լինել հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն»։ Ինչ խոսք, պարզաբանման կարիք հնարավոր է, որ օրենքն ունենա, սակայն մի տեսակ անհասկանալի է, որ դրա ընդունումից հետո գործադիրն ու օրենսդիրն այն հիմնովին են քննարկում։ Իսկ սա նշանակում է, որ օրենքում, իսկապես, խնդիրներ կան և գործարարներն իրավացի են դժգոհում։ Ինչևէ։
Բոլոր դեպքերում նախարարը, գոհ լինելով տարվա արդյունքներից, նկատեց, որ երկրում առկա խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է աշխատատեղերի ստեղծում։ Ինչ խոսք, սա կարևոր գործոն է հատկապես սոցիալական լարվածությունը մեղմելու համար։ Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ այս պահանջը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի օրախնդիր հարցերից մեկն է։ Եվ քանի որ խոսվեց նոր աշխատատեղերի անհրաժեշտության մասին, ապա փորձեցինք նախարարից ճշտել. ինչպես է ստացվում, որ, մի կողմից, աշխարհը կանխատեսում է ճգնաժամի երկրորդ ալիք, մյուս կողմից` Հայաստանը հայտարարում է, որ հաղթահարել է ճգնաժամի հետևանքները։ Սակայն դրա հետ մեկտեղ, խոսելով տնտեսական զարգացումներից, հիշատակվում է ճգնաժամը որպես գործոն։ Այլ կերպ` ստացվում է, որ երբ պետք է, Հայաստանում ճգնաժամ կա, երբ պետք չէ, այն հաղթահարված է։ «Մենք հաղթահարեցինք ճգնաժամը, բայց ոչ դրա հետևանքները։ Եթե դիտարկենք տնտեսական իրավիճակը 2009-ից, ապա բոլորդ հիշում եք, որ այդ ժամանակ ունեինք 14,1 % տնտեսական աճ։ Գնալով այն նվազեց և համապատասխանաբար ունեցանք 2,1 %, 4,2 % տնտեսական աճ։ Այս տարի այն կկազմի 7,1 %։ Այդ տեսանկյունից կարելի է ասել, մենք հաղթահարել ենք ճգնաժամը, որովհետև կա դրական աճ։ Սակայն ի՞նչ արեց ճգնաժամը` ազդեց որոշակիորեն ստեղծված տնտեսական հարաբերությունների վրա, որի արդյունքում առաջացավ դրանց վերանայման անհրաժեշտություն։ Արդյունքում որոշակի ճշգրտում մտցվեց և առաջ բերեց վերափոխման անհրաժեշտություն, ինչը պայմանավորված էր ի հայտ եկած նոր իրավիճակներով։ Ասածս չի վերաբերում միայն Հայաստանին, այլ խնդիրն ամբողջ աշխարհինն է։ Այս առումով մենք ևս պետք է անցնենք տնտեսական կառուցվածքային վերադասավորումների, ինչը փորձել ենք ներկայացնել 2013-ի բյուջեում։ Եվ ասել, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը չկա, սխալ կլինի։ Ինչ վերաբերում է ճգնաժամի հավանական երկրորդ ալիքին, ապա դա հնարավոր է լինի Եվրամիության երկրների պարտքային ճգնաժամի արդյունքում, ինչը կարող է տարածվել տարբեր աղբյուրներով։ Սկզբնական շրջանում կանխատեսվում էր, որ այն կլինի լատինական V տառի տեսքով, այնուհետև ասացին, որ կունենա U տեսքը, իսկ այժմ կանխատեսվում է, որ այն կլինի L-ի նման։ Սրա հավանականությունը կա, սակայն մեծ չէ։ Ավելին, կարծում եմ, որ նման բան չի լինի, թեև այն բացառել նույնպես պետք չէ»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ