Չեմ ցանկանում կեղծ մարդասեր երևալ և ակնկալել աշխարհի կառավարողների գթասրտությունը: Առանձին կառավարողներ կարող են շատ մարդասեր լինել, կարող են դիտել Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը» դրաման և հուզվել նրա հերոսների ճակատագրով, բայց հենց հաջորդ օրը, երբ նստեցին կառավարման իրենց աթոռին (ասում եմ իրենց, որովհետև աթոռը նրանց համար այլ սեփականություն է), նրանց էությունը տրամագծորեն փոխվելու է, նրանց մեջ խոսելու է` «Ես քաղաքականությամբ եմ զբաղվում, իսկ դա բոլորովին այլ բնագավառ է», հասկացությունը: Հումանիզմն ու զգացմունքներն այդտեղ գործ չունեն: Մի վառ օրինակ. վերջերս, խոսելով Սիրիայի դեպքերի մասին, Էրդողանն ասում էր. «Մենք չենք կարող թողնել բախտի քմահաճույքին մեր արաբ եղբայրներին, որովհետև մեր երակներում հոսում է նույն արյունը»: Թե ինչ ընդհանուր բան կա արաբի և թուրք օսմանցու արյան միջև, հավանաբար, միայն Էրդողանի քսու էությանն է հայտնի: Թե քանի դար է թուրք սելջուկը ճնշել արաբի արյունը, հավանաբար, այսօր շատ արաբներ և թուրքեր չգիտեն, որովհետև անտեղյակ են անցյալի պատմության արյունոտ էջերին, որովհետև այսօր իսլամական կրոնը հզոր գործոն է դարձել շատերի ձեռքին իրենց քաղաքական նպատակների իրականացնելու համար: Եթե հիշողությունս չի դավաճանում, Թուրքական Հանրապետության հիմնադիրը հասկացրել է, որ ապագայի Թուրքիան պիտի բավարարվի Թուրքիայի ներկա սահմաններով և հեռու պիտի մնա օսմանիզմի գաղափարներից, բայց դե արի ու տես, որ անցած դարի քսանական թվականներին կործանումից մազապուրծ եղած (խոսքս Օսմանյան կայսրության մասին չէ, այլ ներկայիս Թուրքիայի) Թուրքիան, այսօր արդեն շատ-քիչ հզորացած երկիրը հավակնում է շրջապատի երկրների վրա քաղաքական, տնտեսական նաև ռազմական գործոն դառնալու դերին, իսկ այդ դերը ռեալ դառնալու համար Էրդողանը չի կարող չկեղծել:
Եթե Հիտլերն Աֆրիկա մտնելուց առաջ հայտարարեց, թե մայրս մուսուլման է եղել, Էրդողանն ումի՞ց է պակաս:
Եթե 1825 թվականին Մոնրոյի դոկտրինն առաջ էր մղում Եվրոպան եվրոպացիներին, Ամերիկան ամերիկացիներին թեզը, ապա այսօր նրանք ոչ միայն մոռացել են այդ դոկտրինի մասին, այլև աշխարհի ցանկացած մասում (իհարկե, որտեղ ուժը պատում է) հայտարարում է իրենց տնտեսական շահերի գոտի, այսինքն` հիտլերյան կենսական տարածքների թեզը փոխել են կենսական շահերի թեզով, այլապես ինչպե՞ս պիտի տարբերվեն Հիտլերից:
Այսօր տեսանք, թե ուր է հասել ԱՄՆ պետությունը: Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմը չավարտած, բայց սահմանը մտովի պատկերացնող Չերչիլի (երկրորդ ճակատը բացել Բալկաններով, արգելել ռուսների մուտքը Եվրոպա) պլանը մի դավաճան հուդայի թեթև ձեռքով կյանքի կոչվեց: Չբավարարվելով ամբողջ Արևելյան Եվրոպայով, Մերձբալթիկայով, ԱՄՆ-ը դանդաղորեն սողում է դեպի Անդրկովկաս, փորձում է ՈՒկրաինային քաշել դեպի ՆԱՏՕ, թեպետ խորհրդային պետության փլուզումից հետո Արևմուտքը մեկ անգամ չէ հավաստիացրել ելցինյան Ռուսաստանին, որ Արևելյան Եվրոպայում դեպի Ռուսաստան ուղղվող հրթիռներ չեն տեղադրվի, իսկ ՈՒկրաինան և Վրաստանը չեն անդամակցի ՆԱՏՕ-ին: Ընդամենը մեկ ամիս առաջ էր, երբ Վրաստանում Քլինթոնը հայտարարեց, թե Վրաստանի որոշելիքն է որևէ ռազմական կառույցի միանալը: Տեղին է միաժամանակ հիշել, որ երբ Կուբայում տեղադրվել էին դեպի ԱՄՆ ուղղված խորհրդային հրթիռները, երբ հայտնաբերվեցին, ինչպես արձագանքեց ԱՄՆ-ը, որը և 1962-ին տեղիք տվեց Կարիբյան ճգնաժամին, որի ժամանակ աշխարհը, փաստացիորեն, կանգնած էր երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Եթե ԱՄՆ-ը չէր կարող հանդուրժել մեկ այլ սուվերեն պետության տարածքում, թեկուզ իր քթի տակ, տեղադրված հրթիռները, ապա Ռուսաստանն ինչպե՞ս կարող է հանդուրժել (թեպետ շատ հարցերում արդեն հանդուրժել է. Արևելյան Եվրոպայում, Մերձբալթիկայում տեղադրվել են ՆԱՏՕ-ի հրթիռները) Վրաստանում կամ ՈՒկրաինայում տեղադրվելիք հրթիռները: Գաղտնիք չէ, որ այդ տարածքները պատմականորեն եղել են Ռուսաստանի կենսական տարածքները և որոնց համար ռուս զինվորի արյունն է թափվել: Հիմա հարց` Ռուսաստանն այսուհետ կարո՞ղ է թույլ տալ իրեն բոլոր կողմերից աքցանի մեջ առնել: Ռուսաստանը վերջին քսան տարում ապաշնորհ, հարբեցող, դավաճան ղեկավարության պատճառով անընդհատ կորցրել է, իսկ Արևմուտքը, Թուրքիան (վերջինը` քաղաքական ազդեցություն) անընդհատ շահել են: Հիմա աշխարհը հասել է այնպիսի մի կուլմինացիոն կետի, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ:
Ասադը վաղուց տապալված կլիներ, եթե Ռուսաստանն ու Չինաստանը ցույց չտային իրենց մկանները: Ավելին, եթե մինչ այդ Արևմուտքը խոսում էր ուժի դիրքից, ապա Ռուսաստանի վճռական դիրքորոշումից հետո Թուրքիայում դարձյալ Քլինթոնի ուժի կիրառման վերաբերյալ խուսանավող պատասխան տվեց: Սիրիան կուլմինացիոն կետի նախավերջին կետը չէ: Վերջին կետն Իրանն է: Եթե Ասադը մնա ղեկին, Իրանին դժվար կլինի հարվածելը: Բայց դա չի նշանակում, թե աշխարհում պատերազմի ձգտող ուժերը քիչ են և այն բացառվում է: Իսրայելը Մերձավոր Արևելքում պատերազմի գլխավոր հրձիգն է: Սկսված արաբական գարունը պետք է հասցվի ավարտին: Այստեղ տեղին է հիշել մի հին դարձվածք. «Սատանաներին հեշտ է դուրս հանել դժոխքից, պարզապես հետո նրանց կառավարելն է դժվար։ Սա է խնդիրը:
Ընդամենը երեկ նախագահ հռչակված Մոհամեդ Մուսին («Մուսուլման եղբայրներ» կուսակցությունից) հայտարարեց Իրանի հետ հարաբերությունները ջերմացնելու մասին, որը, անշուշտ, ձեռնտու չէ ո՛չ Իսրայելին, ո՛չ էլ Արևմուտքին: Իսրայելի կառավարողները մաքսիմալիստներ են: Նրանք չեն կարող հաշտվել առկա դրության հետ, եթե չի կործանվել արաբական վերջին ազդեցիկ ուժը` Սիրիան, որի կործանումը ճանապարհ կբացի դեպի Իրան: Իրանն ունի բոլոր տվյալները` տարածաշրջանում հզոր գործոնի վերածվելու: Հետամնաց, շահական Իրանն ընդամենը երեք տասնյակ տարում շատ է հզորացել և, ահավոր ճնշումներին դիմակայելով, փորձում է ինքնուրույն խաղացող դառնալ: Խաղացողն անչափ վտանգավոր է ագրեսիվ Իսրայել պետության համար: Իսրայելը չի կարող հաշտվել առկա հզոր և ապագայում էլ ավելի հզորացող Իրանի հետ: Հասկանալի պատճառով` Թուրքիան երբեք չի ունենա Իրանի պոտենցիալ հզորությունը: Որքան էլ Իսրայելն այսօր հզոր լինի, նա հասկանում է, որ իր դիմաց 1967-ի Եգիպտոսը չէ, և ոչ էլ երկրորդ արաբ-իսրայելական պատերազմի երկրները (փակագծերում ասեմ, որ մի քանի տարի առաջ «Հըզբոլլահի» հետ պատերազմում Իսրայելը ոչ միայն չհաղթեց, այլև անպատիժ չմնաց): Իսրայելի դեմ կանգնած է Պարսկաստանը, որի արիական ոգին դարեր շարունակ երկրի պաշտպանության հարցում երբեք չի սասանվել: Իսրայելին պետք է միասնական ՆԱՏՕ-ի հարվածը, որը Չինաստանի և Ռուսաստանի (հատկապես Ռուսաստանի) կտրուկ «ոչ»-ի դեպքում իրագործելի չէ: Որքան էլ թուրքական զորք կենտրոնացնի Սիրիայի սահմանին, դա ջղերի փորձարկումից դենը չի անցնելու: Թուրքիան ևս վստահ չէ, արդյոք իրեն չե՞ն ներքաշի պատերազմի մեջ և թողնի մենակ, որովհետև, եթե ՆԱՏՕ-ի որոշումից անկախ է գործում նրա որևէ անդամ, ՆԱՏՕ-ն նրա թիկունքին չէ: Թուրքիան ևս մենակ չի կարող պատերազմել: Թուրք-սիրիական (նաև իրանական) առճակատումը ևս մեկ անգամ հաստատում է, որ տնտեսական շահը վեր է ամեն ինչից, ընդհուպ կրոնականից: Թեպետ կրոնական գործոնը լավ գործոն է որոշ ռեակցիոն իսլամական երկրների կողմից (Իրան-Հայաստան հարաբերությունները եզակի են) միայն հայերիս դեմ, և այդ գործոնը հիմնականում շահարկում են Թուրքիան և Ադրբեջանը:
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Սիրիայի կառավարող ռեժիմը վերջնականապես համոզվել է իր նկատմամբ ռուսական դիրքի հաստատակամության մեջ և անցել է վճռական գործողությունների, այսպես, կոչված «ազատագրական բանակի» դեմ: Որքան էլ Մոսկվայում ջերմ ընդունելության արժանանա սիրիական ընդդիմությունը, միևնույն է, այդ ընդունելությունը ցուցադրականից դենը չի անցնելու, որովհետև միայն Ասադների դինաստիայի (դա գալիս է Հաֆեզ Ասադի ժամանակներից. նա միակ արաբական լիդերն էր, որը, անցնելով բոլոր փորձություններով, երբեք չդավաճանեց ռուսներին, իսկ Եգիպտոսի բոլոր լիդերները` Նասերից մինչև Մուբարաք, միշտ երկդիմի են խաղացել, ինչի հետևանքն այսօր Եգիպտոսի քաղաքական վիճակն է) կառավարումը հուսալիորեն կապահովի Թարթուս նավահանգստի ռուսական ներկայությունը: Որքան կոշտ դառնան Ասադի գործողությունները, այնքան զիջողական կլինի դաշնակիցների դիրքորոշումը:
Սիրիայի հարցի վերջնական լուծումը կհանգրվանի Ասադի ռեժիմի կայունացմամբ: Թարթուս նավահանգիստը, որպես տաք ջրեր, դեռ երկար կշահագործեն ռուսները: Սիրիայի կայունացմամբ չի լուծվի Մերձավոր Արևելքի խաղաղության հարցը: Իսրայելի սևեռուն նպատակը` հարվածել Իրանին, կմնա ուժի մեջ: Եվ Իրանին հարվածելու վերջին հույսը մնում է Ադրբեջանը: Ադրբեջանին հսկայական քանակի զենք վաճառգլու պատճառը Հայաստանի հետ պատերազմը չէ: Ամերիկյան էմբարգոն Ադրբեջանին զենք վաճառելու մասին, սիմվոլիկությունից բացի, այլ բան չի նշանակում: Ճիշտ է, Իլհամն այնքան էլ հիմար չէ, որ դիմի ավանտյուրայի, բայց նրան կխաբեն իր իսկ զինվորականները, և նա խայծը կուլ կտա: Ադրբեջան-Հայաստան բախումը կվերածվի տարածաշրջանային մեծ հակամարտության: Հայկական բանակը, երբ կկտրի Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, Հայաստանին ուլտիմատումով կսպառնա Թուրքիան, որի սպառնալիքը Ռուսաստանի ոչ բացահայտ աջակցությամբ անպատասխան կմնա և հայկական ուժերը կշարժվեն առաջ: Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները, դժվար է ասել, բայց որ թուրքական ուժերն ադրբեջանական բանակի համազգեստով կկռվեն Հայաստանի դեմ, հաստատ է: Նախիջևանից Թուրքիան դիտողի դերում չի կարող մնալ: Բնականաբար, հայկական ուժերը պետք է պատասխան տան Նախիջևանի ուղղությամբ: Նախիջևանը գրավելու դեպքում թուրքերը կմատնանշեն Կարսի պայմանագիրը, քանի որ այդ պայմանագրով Ռուսաստանն էլ է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը երաշխավոր, ուրեմն նա նույնպես գործելու իրավունք կունենա: Այստեղ հետաքրքիր մի հարց է առաջանում. պրոտեկտորատն իրավունք ունի՞ հարձակվելու իր մեկ այլ երաշխավորի` Հայաստանի վրա: Պատերազմի պանդորայի արկղը կբացվի՞ վերջնականապես, թե՞ այն կավարտվի տեղական բախումով, դժվար է ասել, որովհետև Ադրբեջանի պարտության դեպքում Արևմուտքն այն վերջնականապես ստիպված կզիջի Ռուսաստանին:
Հետաքրքիր է նաև մի դիպված. ռուսաստանյան գերժամանակակից նավը, որը լողում է Կասպից ծովում, և որի հրթիռները կարող են խոյահարել 300 կմ հեռավորությամբ ցանկացած օբյեկտ, ինչպես վկայում է ռուսական ռազմական մի մեկնաբան, ամենևին էլ Պարսկաստանին չի ուղղված: Հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմի դեպքում ուզած-չուզած լուծվելու է նաև Վրաստանի հարցը: Այս անգամ Ռուսաստանը ցույց կտա, որ դարեր առաջ Անդրկովկասում թափված ռուսական արյունը հենց այնպես չի թափվել: Բացի դրանից, Ռուսաստանի Անդրկովկաս վերադարձով կանխվում է ինչպես Իրանի մասնատումը, այնպես էլ Արևմուտքի մուտքը Միջին Ասիա, որը ցանկալի է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի համար: ԱՄՆ-ը կա՛մ հաշտվում է ստեղծված իրավիճակի հետ, կա՛մ գնում է առճակատման: Պատմությունը ցույց է տալիս, որ ռեալ ուժի դեպքում ԱՄՆ-ը միշտ զգոն է: Ադրբեջան- Հայաստան հակամարտության դեպքում դժվար է ասել` Իրանը բացահայտ կպաշտպանի՞ Հայաստանին, թե՞, ինչպես միշտ, խոսքով կպաշտպանի Ադրբեջանին: Ռուսաստանի ռազմական բյուջեի ավելացումը նոր սառը պատերազմի սկիզբն է, որը հրահրել է ԱՄՆ-ը: Եթե Ռուսաստանին քիչ-քիչ սեղմեն, կսկսվի Ռուսաստանի մեկուսացումը, դրանից միայն Ռուսաստանը կշահի: Կարճ ժամանակ անց նա կդառնա ԽՍՀՄ-ի պես գերհզոր պետություն: Ռուսական ճանապարհը միշտ այլ է եղել: Եվրոպան նրա տեղը չէ: Ադրբեջանի մասնատումով անորոշ ժամանակով կհետաձգվի երրորդ համաշխարհային պատերազմը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ