Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԵՐԲԵՄՆ՝ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ, ԵՐԲԵՄՆ՝ «ՀՅՈՒՐ» ՏԱՆՈՒՄ

ԵՐԲԵՄՆ՝ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ, ԵՐԲԵՄՆ՝ «ՀՅՈՒՐ» ՏԱՆՈՒՄ
03.11.2009 | 00:00

1936 թվականին հիմնադրված Գավառի մանկատունը Հայաստանի ամենահին որբախնամ հաստատություններից մեկն է: Ներկայումս մանկատանն ապրում է 3-18 տարեկան 79 երեխա` 41 աղջիկ, 38 տղա: Նրանք հիմնականում դպրոցական հասակի են (շուրջ 60 երեխա), կան քիչ թվով նախադպրոցական տարիքի երեխաներ և մի քանի ուսանողներ, որոնք ընդունվել են Գավառի մանկավարժական ու բժշկական քոլեջներ, բայց շարունակում են բնակվել մանկատանը: Գավառի մանկատուն են տեղափոխվում Նորքի, Երևանի, Վարդենիսի, Չարենցավանի, Կոտայքի մարզի մանկատների սաները: Ըստ մանկատան սոցիալական աշխատող ՆԻՆԱ ԱՉԻԿՅԱՆԻ՝ երեխաները մանկատուն են բերվել ամենատարբեր պատճառներով: Նրանց մեծ մասին լքել են ծնողները, լուրջ դեր է խաղացել նաև սոցիալական անապահովությունը: Մանկատան երեխաներից 10-ը ծնողազուրկ են, 37-ը` միայնակ մայրերի զավակներ, 5-ը` ընկեցիկ: Մնացած երեխաները ծնողներ ունեն, սակայն, ցավոք, այսօր մանկատանն են։
Երեխաների և տնօրենության հետ զրույցից տեղեկացանք, որ հայր-մայր ունեցող երեխաների ծնողները երբեմն այցելում են կամ մի քանի օրով նրանց «հյուր» տանում: Սակայն, ոգևորության հետ միաժամանակ, երեխաների մոտ ի հայտ է գալիս նաև հիասթափություն։ «Ես ինձ այստեղ ավելի լավ եմ զգում,- ասաց Ռուստամ անունով մի տղա, որը մանկատուն է տեղափոխվել երեք տարի առաջ։- Ճիշտ է, մայրիկս ինձ երբեմն տուն է տանում, բայց ես չեմ ուզում գնալ, այն ինձ համար օտար է»: Իսկ 17-ամյա Դիանան, որն այս տարի ընդունվելու է Գավառի պետական համալսարան, մեծ հույսեր է կապում իր ապագայի հետ: Նա ծնողներին գրեթե չի հիշում: Վերջիններս ավտովթարի են ենթարկվել, երբ ինքը դեռ շատ փոքր էր:
Մանկատանը տիրում է ուրախ մթնոլորտ, և ամեն ինչից երևում էր, որ վաղուց սեփական տնից հեռացած փոքրիկների համար այն հարազատ օթևան է դարձել։ «Մեր առաջին տունը սա է, ուր էլ գնամ այս կյանքում, միևնույն է, սիրով ու կարոտով եմ հիշելու մեզ խնամող այս բարի մարդկանց»,- հուզմունքը հազիվ զսպելով ասաց 14-ամյա մի պատանի:
Երեխաները կարող են մանկատանը հանգրվանել մինչև 18 տարին լրանալը, որից հետո սկսվում է կյանքին հարմարվելու մի նոր փուլ: Այս շրջանում տղաները մեկնում են բանակ: Ծառայությունից հետո նրանք անում են հնարավոր ամեն ինչ` աշխատանք փնտրելու և այս մեծ աշխարհում իրենց փոքրիկ անկյունն ունենալու համար: Աղջիկների հարցն ավելի դժվար է… Այս տարի 18-ը բոլորել են մանկատան երեք աղջիկներ: Նրանցից մեկին ծնողները պատրաստ են հետ տանել, մյուսին մանկատունն ուղարկելու է «Մեր տուն» ՀԿ-ի ինտերնատ, ուր, ի դեպ, տեղավորվում են 18 տարին բոլորած մանկատան սաները: Երրորդն ուզում է մասնագիտական կրթություն ստանալ: Այս հարցում նրան աջակցելու է Երևանում գործող «Բազյաններ» ՀԿ-ն:
Նշենք, որ մանկատան սաներն ուսումը բուհերում շարունակելու հնարավորություն ունեն: ՈՒսման վարձը ոչ պետական բուհերում օգնում է վճարել ՀՕՖ-ը` միևնույն ժամանակ նրանց տրամադրելով կրթաթոշակ: Իսկ պետական բուհերում այս խնդիրը կարգավորվում է պետական միջոցներով։ Այսօր մանկատան երեք սան ուսանող է և, բացառության կարգով, նաև մանկատան բնակիչ:
Զրույցի ընթացքում խոսվեց մանկատնից երեխաներին խնամատար ընտանիքներ տեղափոխելու մասին ևս: «Խնամատար ընտանիք» ծրագրի շրջանակում անցած տարի ընտանիքներ է տեղափոխվել տասը երեխա, իսկ ֆրանսիական Քեյթեր քաղաքի քաղաքապետարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ևս տասը երեխա այսօր ապրում է ընտանիքներում, որի դիմաց, իհարկե, ընտանիքները ֆինանսավորվում են: «Այստեղ կարևորը, սակայն, 18 տարեկանից հետո երեխաների հետագա կյանքը ճիշտ կազմակերպելն է, ճիշտ ուղու վրա դնելը»,- այս հարցի շուրջ իր մտահոգությունը հայտնեց մանկատան տնօրեն ՆԻԿՈԼԱՅ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:
Այս ամենից զատ, թեև Գավառի մանկատունն այսօր ապահովված է շենքային և գույքային գերազանց պայմաններով (շենքը կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ, կահավորված սենյակներ կան, մշտական ջեռուցում և այլն), սակայն կա հագուստեղենի ու տնտեսական պարագաների պակաս, ինչը պետության հատկացրած գումարով հնարավոր չէ հոգալ, քանի որ վերջին տարիներին հովանավորների թիվը կտրուկ նվազել է:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ