Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

ՅՈԹ ԹԻՎԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

ՅՈԹ ԹԻՎԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ
02.02.2010 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Նոր կտակարանից. ոչ ուղղակի իմաստով յոթ թվին է վերագրվում նաև ավետարանական այս հատվածը. «Արդ, Աբրահամից մինչև Դավիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. և Դավթից մինչև Բաբելոնի մեջ գերությունը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մեջ գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ» (Մատթ. 1.17):
Տասնչորս թիվն էլ երկու յոթերի գումարն է։ Այս մեկ նախադասության մեջ երեք անգամ կրկնվում է 14 թիվը, երկու անգամ Դավթի և մեկ անգամ Քրիստոսի անունը։ Եվ դա պատահական չէ, քանզի դա Հին ու Նոր կտակարանների մեկնությունն է ապացուցում։ Եվ այսպես 14-ը նախ` եբրայերենի բաղաձայնների ընդհանուր քանակն է արտահայտում, որով Մովսեսն աշխարհին հնգամատյանը տվեց, և որով Աստծո տասը պատվիրանները Աստծո մատով գրվեցին քարե տախտակների վրա։
Իսկ Դավիթ անվան տառերի միջոցով կազմվում է նաև Փեսա անունը, որը Հիսուսի անվան ստորոգելիներից մեկն է... «Ահա գալիս է Փեսան» (Մատթ. 9.15, 25.1-10)։ Հատկանշական է, որ 14-ի առաջին շարքը սկսվում և շարունակվում է Դավթի թագավորությամբ, երկրորդ 14-ի շարքը` Դավթի թագավորության ավարտով, իսկ երրորդ 14-ի շարքը` Դավթի Որդու՝ Հիսուսի թագավորության սկզբով ու հավիտենական արքայության խոստումով։ Մեր առջև եռյակ ցիկլ է. երկրային թագավորութան սկիզբ, ավարտ և հավիտենական արքայության գալուստ։ 14 թիվը, որպես կրկնակի յոթի խորհուրդ, կապված է նաև հրեական ամսվա լուսնային օրացույցի՝ լուսնի երկու փուլերի հետ, քանզի լուսնային ամսվա օրերի թիվը 28 է, որը բաղկացած է չորս յոթից, կամ երկու 14-ից՝ նորալուսնից մինչև լիալուսին և դարձյալ հակառակը։
Հրեական թվային միստիկան գեմատրիա է կոչվում, որը հունական գեոմետրիան է (երկրաչափություն), որի օգնությամբ մարդն իմաստության արմատներին է հասնում։
Այժմ մեջբերենք Ավետարանից նաև այլ հատվածներ, որոնք իրենց տողերում կրում են յոթ թվի խորհուրդը. «Երբ պիղծ ոգին մի մարդուց դուրս է գալիս, անջուր տեղերում պտտվում է և հանգստության տեղ է փնտրում ու չի գտնում. այն ժամանակ ասում է՝ դառնամ նորից իմ տունը, գնամ, որտեղից դուրս եկա: Գալիս է ու այն դատարկ, մաքրված և հարդարված է գտնում: Այն ժամանակ գնում է և իր հետ առնելով յոթ ուրիշ ոգիների, իրենից ավելի չար, մտնում է այնտեղ, ու բնակվում են: Այդ մարդու վերջը առաջվանից ավելի վատ կլինի: Այսպես պետք է լինի նաև այս չար ազգին» (Ավետարան ըստ Մատթեոսի 12. 43-45):
«Այն ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան ու ասաց. «Տեր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան, մինչև յո՞թ անգամ»: Հիսուսը ասաց. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 18. 21-22):
«Հիսուսը մեկշաբթի առավոտյան հարություն առած՝ նախ Մարիամ Մագդաղինացուն երևաց, որից յոթ դև էր հանել» (Մարկոս 16. 9):
Իսկ յոթ թիվը ամենահաճախ գործածվում է աստվածային գրվածքներից Հայտնության գրքում. Հովհաննեսից՝ «յոթ եկեղեցիներին, որոնք Ասիայի մեջ են, շնորհք և խաղաղություն ձեզ, նրանից, որ էր ու որը պիտի գա ու յոթ հոգիներից, որոնք գահի առաջ են» (Հայտն. 1. 4):
«Եվ նայեցի ձայնի կողմը` տեսնելու, թե ո՛վ է ինձ հետ խոսողը: Երբ դարձա՝ յոթ աշտանակներ տեսա: Յոթ աշտանակների միջև՝ մեկը Մարդու Որդու նման՝ պճնավոր պատմուճան հագած ու կրծքի վրա ոսկի գոտի կապած: Իր գլուխը և մազերը բրդի ու ձյունի պես ճերմակ էին, և Իր աչքերը կրակի բոցի պես: Իր ոտքերը ոսկեպղնձի նման, կարծես թե հնոցի մեջ կրակ դարձած ու իր ձայնը՝ շատ ջրերի ձայնի պես: Եվ իր աջ ձեռքում յոթ աստղ ուներ ու իր բերանից սրված երկբերան սուր էր ելնում և իր երեսը արևի պես էր, որ իր զորությունով փայլում էր» (Հայտն. 1. 12-16):
«Այսպես է ասում նա, որ ունի Աստծո յոթ հոգիները ու յոթ աստղերը» (Հայտն. 3. 1):
«Տեսա գահի ու չորս կենդանիների մեջտեղում և երեցների մեջտեղում կանգնած մի գառնուկ կար, կարծես թե մորթված, որ յոթ եղջյուր և աչքեր ուներ, որոնք Աստծու հոգիներն են, որ բոլոր երկրի վրա են ուղարկվում» (Հայտն. 5. 6):
«Երբ յոթերորդ կնիքը քանդեց, լռություն տիրեց երկնքում, մոտ կես ժամի չափ»:
«Տեսա այն յոթ հրեշտակները, որոնք Աստծո առջև են կանգնում: Նրանց յոթ փող տրվեց»:
«Երկնքի մեջ մի ուրիշ նշան երևաց և ահա մեծ շառագույն մի վիշապ, որ յոթ գլուխ ուներ և իր գլուխների վրա յոթ թագ» (Հայտն. 12. 3):
«ՈՒրիշ մի զարմանալի նշան տեսա երկնքի մեջ: Յոթ հրեշտակներ, որոնք յոթ վերջին հարվածներ ունեին, որովհետև դրանցում պետք է կատարվեր Աստծու բարկությունը» (Հայտն. 15.1):
«Չորս կենդանիներից մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկեղեն սկավառակներ տվեց հավիտյանս հավիտենից կենդանի եղող Աստծու բարկությունով լեցուն: Տաճարը Աստծո փառքից ու նրա զորությունից մառախուղով լցվեց, ու ոչ մեկը չէր կարող տաճար մտնել, մինչև կատարվեին յոթ հրեշտակների յոթ հարվածները» (Հայտն. 15. 7-8):
«Եվ ինձ մոտ եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք ունեին յոթ սկավառակներ՝ լցված յոթ վերջին պատուհասներով. և նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Ե՛կ, քեզ ցույց տամ հարսին՝ Գառնուկի կնոջը» (Հայտն. 21.9):
Իվան Բենին- Ո՞վ է այս երջանիկ մարդը, որի անունը գրվում է Սուրբ Գրքի այսչափ խորհուրդներից հետո։ Ծանոթանանք նրա հետ, քանզի նա իսկապես այն երջանիկներից է, ում բացվել է Աստծո խորախորհուրդ գաղտնիքներից մեկը՝ յոթի գաղտնիքը։ Գիտնական, որը 19-րդ դարի կեսերին ուսում առնելու համար Ռուսաստանից Ամերիկա մեկնած մի հրեա էր, որը, լինելով բացարձակ անհավատ, ընդամենը որպես գիտություն, ուսումնասիրում էր հին եբրայերեն և փիլիսոփայություն: Բայց երբ գործի բերումով բնաբանով կարդում է Սուրբ Գիրքը, ճանաչում է իր մեղավոր էությունը և ընդունում Հիսուս Քրիստոսին, որպես Տեր ու Փրկիչ: Դրանից հետո նա ավելի ուշադիր է քննում Աստծո խոսքը, բայց այս անգամ որպես հավատավոր գիտնական, և Աստված նրա առաջ բացում է իր գաղտնախորհուրդ սքանչելիքները յոթ թվի միջոցով, և, ի վերջո, նա պարզում է, որ Սուրբ Գրքի բանալին յոթ թվի մեջ է:
Նրա տքնաջան աշխատանքը տևեց 50 տարի, և աշխատությունները կազմեցին 40 հատոր, յուրաքանչյուրը` 1000 էջ: Վերջին ժամանակներում լույս տեսավ նրա «Սքանչացնող նոր հայտնագործությունները» գիրքը, որի առաջին տպաքանակը 100000 օրինակ էր ու սպառվեց երեք ամսում:
Որպեսզի կարողանանք ծանոթանալ այդ գաղտնիքներին, պետք է ունենանք հետևյալ տարրական տեղեկությունները.
Եբրայական լեզուն, որով, ինչպես ասացինք, գրված է ողջ Հին կտակարանը, բաղկացած է 22 տառից, իսկ հունարենը՝ 24: Եվ այս էլ իմանանք. հնում, երբ դեռ չկար թվային համակարգ, տառերը օգտագործում էին որպես թվեր, ըստ իրենց հերթականության:
Օրինակ, հայերենում՝ Ա-1, Բ-2, Գ-3, Ժ-10, Ի-20, Ռ-1000, Վ-3000 և այլն։ Այս էլ ավելացնենք, որ հայերենում «Է» տառը յոթերորդն է և, ըստ Սուրբ Գրքի` Աստծո անունը, իսկ Էջմիածին անունը նույնպես սկսվում է «Է» տառով, որպես Աստծո սուրբ հաստատության վայր։
Նշենք նաև, բոլոր հաշվարկները, ըստ Բենինի, կատարվել են բացարձակորեն միայն եբրայերենով և հունարենով, և այդ 7-ի խորհուրդը չի գործում մյուս լեզուներով գրված Սուրբ Գրքում:
Եվ այդ գաղտնիքը կայանում է նրանում, որ Աստծու բերանից ելած բոլոր խոսքերի գումարը, ըստ համապատասխան տառերի թվային արժեքների, անմնացորդ բաժանվում է 7-ի:
Օրինակ, հունարեն Հիսուս բառի թվային արժեքը հետևյալն է.
10+8+200+70+400+200 = 888
Երբ կարդում ենք՝ «Հիսուսը լացեց» (Հովհաննես 11. 35),
այդ բառերի հունարեն թվային արժեքները տեղադրելով, ստանում ենք.
785+70+888=1743 (7x249)
Հին կտակարանային օրինակ՝ Ծննդոց 1.1` «Սկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց»: Սա Աստվածաշնչյան առաջին նախադասությունն է, որը եբրայական ձեռագրերում բաղկացած է՝
1.յոթ բառից,
2.այդ յոթ բառերը գրված են 28 տառերով (7x4),
3.«ստեղծեց» բառի թվական արժեքը հավասար է 203-ի (29x7),
4.ամենակարևոր բառերը՝ Աստված, երկինք և երկիր, գրված են 14 տառերով (7x2), և թվային արժեքն է 86+395+296=777 (7x111),
5.վերոհիշյալ նախադասության բառերի առաջին և վերջին տառերի թվային գումարը կազմում է 1393 (7x199),
6.առաջին և վերջին բառերի թվային արժեքը հավասարվում է 490-ի (7x70),
7.այս նախադասության բոլոր բառերի առաջին, վերջին և միջին գրերի թվական արժեքը կազմում է 133 (19x7)»։
Նոր կտակարանից (Մատթեոս 1, 1-17)` Քրիստոսի ազգաբանությունը.
1.Այս 17 համարների բառերի թիվը 72 է, որոնցից 56-ը (7x8) գոյական են։
2.Նույն հատվածի առաջին 11 համարների բառերի թիվը 49 է, որոնց մեջ ձայնավորները 28-ն են (4x7)։
3.Այդ 49 բառերի գրերի թիվը 266 է (38x7)։
4.Այդ 266 հունարեն գրերի մեջ ձայնավորների թիվը 140 է (20x7), իսկ բաղաձայնների թիվը` 126 (18x7)։
5.Հիսուսի ազգաբանության մեջ կան 35 հատուկ անուններ, որոնցից 28-ը (4x7) արական են, որոնք հիշվում են 56 անգամ (8x7)։
6.Այդ անուններից 3-ը կանանց անուններ են, որոնց գրերի թիվը 14 է (2x7)։
7.Հատուկ անուններից մեկը Բաբելոն անունն է, որը հունարենով յոթ տառից է կազմված։
(Մատթեոս 7,1)` «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք» նախադասության թվային արժեքը կազմում է.
1.81+490+61+48+452=1099 (7x157)։
2.Գրված է 21 տառերով (7x3)։
3.Բոլոր բաղաձայնների թվային արժեքը՝ 70 (7x10)։
4.Ձայնավորներինը՝ 1029 (7x147)»:
Ինչպես ասացինք, Սուրբ Գիրքը գրվել է 1600 տարիների ընթացքում, և Հին կտակարանում Մովսես անունն օգտագործվել է 847 անգամ (7x121):
Այդ ինչ զուգադիպություն էր, որ Նոր կտակարանում այդ անունն օգտագործվեց այնքան անգամ, որ նրա թվաշարքը բաժանվեր յոթի: Հին կտակարանում կան բազմաթիվ մարգարեներ, բայց Նոր կտակարանում նրանցից միայն յոթի անուններն են հիշվում՝ Մովսես, Եսայի, Դավիթ, Երեմիա, Դանիել, Ովսիա, Հովել: Այդ անունների թվային արժեքը հավասար է 1554-ի (7x222): Ամենաշատն օգտագործվել է Դավիթ անունը, որի համար էլ Աստված է վկայել, որ նա իր սրտով մեկն է եղել, Տիրոջ առջև կատարյալ է քայլել:
Դավիթ անունն օգտագործվել է ճիշտ 1134 անգամ (7x162), Նոր կտակարանի 27 գրքերը սկսվում են 27 բառերով և այդ 54 բառերի թվային արժեքն է 48447 (7x6921): Կան նաև զարմանալի խորհուրդներ կրող առանձին բառեր: Օրինակ, հավիտենականություն` հունարեն «դոնիոս» բառի՝
1. թվային արժեքն է 1141 (7x163)։
2. Թվային բառը կազմված է 2 մասերից՝ «դոն» և «իոս», ու թվային արժեքն է՝ 861 (7x23) և 280 (7x40):
3. Այդ բառը Նոր կտակարանում օգտագործվում է ուղիղ 70 անգամ:
4. Այդ 70 բառերի թվային արժեքը հավասար է 76783-ի (7x10969):
5. Այդ բառի եզակի թվով օգտագործման ժամանակ թվային արժեքն է 67893 (7x9699), իսկ հոգնակի թվերով՝ 8890 (7x1270):
Եվ այսպես շարունակ, քառասուն հատոր ու մոտավորապես 40000 էջ մանրակրկիտ հաշվարկ. տիտանական ջանքեր (գիտնականն աշխատում էր օրը 12-18 ժամ, հիսուն տարի անընդմեջ), մեկ նպատակով, որ մարդը քննի և հավատա իր Արարչի խոսքին, որ դրանով փրկություն ստանա։ Հիմա մի փոքր դադար առնենք հաշվարկներից և ինքներս մեզ հարց տանք` մեզ տրված արարչային մտքով զննելով վերը գրվածները: Կարո՞ղ է արդյոք մարդկային միտքն իր ողջ զորությամբ ու հանճարով անել այդ բոլորը, հնարավո՞ր է արդյոք, թե՛ մտածել գրելու այն, ինչ ուզում ես հաղորդել, թե՛ միաժամանակ պահպանել խոսքերի թվային արժեքների յոթնակ համակարգությունը, և այդ բոլորի հետ մեկտեղ գրել այնքան բառ, որոնցով թե՛ ավարտուն միտք լինի, թե՛ անմնացորդ գումարով թվաշարք:
Մեր իմացած գիտական, մաթեմատիկական, փիլիսոփայական և նույնիսկ աշխարհին հայտնի կրոնական բոլոր գրքերից և ոչ մեկը չունի այդ օրինաչափություններից և ոչ մեկը:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7219

Մեկնաբանություններ