Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԽԱՂԱՏՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ ԿՈՒԼՏ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ

ԽԱՂԱՏՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ ԿՈՒԼՏ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ
23.02.2010 | 00:00

«Շահումով խաղերի և խաղատների մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը կամ, եթե իրերն իրենց անունով կոչենք, խաղատների բիզնեսի զարգացման օրինագիծը, որը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում, զարմացնում է ոչ միայն իր հակասահմանադրական բնույթով, այլև, ամենից առաջ, երկրի և ժողովրդի հանդեպ այն խոր անտարբերությամբ ու արհամարհանքով, որն առկա է փաստաթղթի առաջին տողից մինչև վերջին տողը։
Կցանկանայի հարցնել օրինագծի հեղինակներին` քանի՞ միլիոն բնակչություն է ապրում Հայաստանում, որ եթե խաղամոլության մոլուցքով տարված տասնյակ հազարավոր երիտասարդների ճակատագրեր խեղվում են, չնկատելու տանք։ Առավել ևս, որ խաղատների անվերահսկելի գործունեության հետևանքով վիճակն այսօր արդեն խիստ տագնապալից է։ Խնդիրը կառավարությունում բարձրացնելու և համապատասխան օրենսդրական լուծում տալու փոխարեն արվում է ճիշտ հակառակը։ Միայն Օհանավան և Կարբի գյուղերում վերջերս անցկացված հարցումներից պարզվեց, որ բազմաթիվ ընտանիքների արտագաղթի պատճառը կազինոյում խոշոր գումարներ տանուլ տալու փաստն է։ Եվ երկիրը, որը ժողովրդագրական լուրջ խնդիր ունի, շարունակում է դատարկվել, կառավարությունն էլ, փաստորեն, նպաստում է դրան և նպաստում է ոչ թե մեկանգամյա միջոցառումով, այլ հիմնավորապես` օրենսդրորեն։
Ըստ վերոհիշյալ օրինագծի` 2013 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել.
ա) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի վարչական սահմաններում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան այլ տարածքներում։
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած 37 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած և չափանիշներին համապատասխան ցանկացած վայրում։
գ) Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում:
Իհարկե, հենց միայն այս երեք կետերը հիմք ընդունելով, ողջ օրինագծի առնչությամբ կարելի էր պարզապես գրել «առանց մեկնաբանության» ու վերջակետ դնել։ Սակայն իրողությունը չափազանց մտահոգիչ է, և ստիպված ենք բացատրել այն, ինչն առանց բացատրության էլ ավելի քան պարզ է։ Նախ, եթե 2013-ից խաղատները պետք է կենտրոնացված լինեն Ծաղկաձորում, Ջերմուկում և Սևանում, հասկանալի է, որ մինչ այդ դրանք կառուցվելու են հենց այդ քաղաքներում և կառուցվելու են այն կանաչ տարածքների հաշվին, որոնք վերջին տասը և ավելի տարիներին իրականացված «վայրի» կառուցապատումների արդյունքում դեռևս պահպանվել են։ Ծաղկաձորը, Ջերմուկն ու Սևանը խաղատան զոհասեղանին դրած օրինագծի հեղինակները, իհարկե, գիտեն առողջարանների, հանգստյան տների և խաղատների միջև եղած տարբերությունը։ Հազիվ թե չիմանան նաև, որ այդ տարբերությունը ձևավորում է էապես տարբեր միջավայր ու մթնոլորտ, և որ դրանք նույն տարածքում պարզապես անհամատեղելի են։
Սակայն նախագծի հեղինակներն այդքանով չեն սահմանափակվել։ Ըստ օրինագծի` «37 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում» կազինոներ կարող են կառուցվել և գործել «կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան` ցանկացած վայրում»։ Օրինագիծն ակնհայտ նպատակ է հետապնդում` աջակցել խաղատների բիզնեսի զարգացմանը, որը նշանակում է նաև նպաստել խաղամոլության տարածմանը Հայաստանում, քանզի հայտնի է, որ ապրանքը սպառման շուկա է պահանջում և ձևավորում է պահանջարկ` անընդհատ այն ընդլայնելով։ Ավելին, անցած ամռանը, երբ օրինագիծը հաստատվեց կառավարության նիստում, ակումբներից մեկում բանավեճի հրավիրված ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հպարտությամբ նշեց, որ այդ օրենքի կիրարկմամբ Հայաստանը կարող է դառնալ խաղատների տարածաշրջանային կենտրոն, որովհետև Թուրքիայում, Պարսկաստանում և Ադրբեջանում խաղատների գործունեությունը պետականորեն արգելված է։ Իսկ արդեն վերջերս տեղի ունեցած մամլո մեկ այլ ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խաղատների մասին օրինագծի վերաբերյալ իր դիտարկումները եզրափակեց` ասելով, թե «բիզնեսի հիմնական նպատակը, առանց բարոյահոգեբանական հատկանիշները հաշվի առնելու, շահույթի ստացման խնդիրն է»:
Բիզնեսի նպատակը, այո՛, շահույթն է, իսկ ո՞րն է այդ դեպքում պետության նպատակը։ Ո՞րն է առաքելությունը պետության, ինչո՞ւ է ժողովուրդը ձգտում պետականություն ունենալ։ Ցավոք, ստիպված եմ դասագրքային ճշմարտություններ հիշեցնել. պետության առաքելությունը ժողովրդի անվտանգության և սոցիալական բարեկեցության ապահովումն է։ Եթե ազգային պետություն է, դրան գումարվում է նաև ազգային ինքնության պահպանումը։
Ինչ վերաբերում է խաղատների բիզնեսին, որի հիմնական նպատակը, օրենսդիր մարմնի ներկայացուցչի համոզմամբ, «շահույթի ստացման խնդիրն է», ապա, կարծում եմ, գործադիր իշխանության ներկայացուցիչներն այս հարցում էլ դարձյալ սխալ և անհեռատես հաշվարկ են արել։ Հայտնի է, որ խաղատները, իրենց քրեածին միջավայրով, չեն կարող համատեղ գոյակցել ընտանեկան, մարզական և առողջարանային հանգստի գոտիներում, այլ կարող են գործել միայն դրանց փոխարեն, ժամանակի ընթացքում վերջնականապես դուրս մղելով դրանք, քանի որ ո՛չ սպորտսմեններն ու դահուկային սպորտի սիրահարները, ո՛չ երեխաներին ու նրանց հետ հանգստի մեկնողները, որոնք Ծաղկաձորի հիմնական այցելուներն են եղել մինչ այսօր, կազինոյի հաճախորդներ չեն։ Առողջության խնդիրներով Ջերմուկ մեկնողները կամ ընտանեկան հանգստի կողմնակիցները նույնպես կդադարեն Ջերմուկ հաճախելուց, երբ փոխվի այդ հանգստավայրի բնույթը։ Նույնը կարելի է ասել Սևանի մասին, որը երիտասարդության և ընտանեկան հանգստի համար նախատեսված ամենագրավիչ վայրերից մեկն է Հայաստանում։ Փաստորեն, այս հանգստավայրերը կորցնելու են իրենց անունն ու արժեքը, հետևաբար` իրենց հիմնական և պոտենցիալ հաճախորդներին, որոնց թիվը, ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում, հետագա տարիներին կարող էր աճել։ Ինչո՞ւ, որովհետև ժամանակակից քաղաքակիրթ աշխարհն այսօր ձգտում է առողջ ապրելակերպի, և զբոսաշրջության բիզնեսը հենվում է հենց այդ կոնտինգենտի վրա ու նրանից է ստանում իր հիմնական եկամուտը։ Նրանք են, որ սիրում են շրջագայել, նոր երկրներ են փնտրում, սիրում են բնությունը, հետաքրքրվում մշակույթով։ Փաստորեն, այդ վայրերը կորցնելու են իրենց հիմնական հաճախորդներին և ձեռք չեն բերելու նորերին։ Որովհետև կազինո հաճախելու համար ոչ ոք Ջերմուկը չի նախընտրի Լաս Վեգասից կամ Մոնտե Կառլոյից։ Այնպես որ, այս օրինագիծը կապել զբոսաշրջության զարգացման հետ, եթե շատ մեղմ բնորոշենք, պարզապես աչքակապություն է։ Ակնհայտ է, որ կազինոները Հայաստանում ներքին շուկայի համար են, իսկ տուրիզմը խթանելու համար մենք պետք է հենվենք մեր երկրի առանձնահատկությունների և արժեքների վրա և զարգացնենք Ծաղկաձորն այնպես, որ այն, իսկապես, դառնա դահուկային սպորտի և մարզական հանգստի բացառիկ մի վայր։ Իսկ որպեսզի դա իրականանա, առաջին հերթին, պետք է պահպանել այն բնական միջավայրը, որի համար մարդիկ գալիս են այստեղ և, իհարկե, մտածել սպասարկման որակը բարձրացնելու մասին։ Խաղատուն կառուցելու նպատակով աշխարհի որևէ երկրում խելագարն անգամ մեկ ծառ չի կտրի, որովհետև խաղատան հաճախորդի համար որևէ տարբերություն չկա` այդ խաղատունն անապատո՞ւմ է կառուցված, արհեստական միջավայրո՞ւմ է, թե՞ բնության գեղատեսիլ վայրում։ Խաղատունն առանձնահատուկ վայր է իր հոգեբանությամբ, որտեղ արագ գումար վաստակելու սպասման հաճույքը շլացնում է այնպես, որ որևէ այլ բան չես կարող նկատել։ Օրինակ, տղամարդիկ չեն նկատում գեղեցիկ կանանց, կանայք ընդհանրապես ոչինչ չեն նկատում, նրանց հայացքը պարզապես սահում է առարկաների և բնության վրայով։ Ավելին, բնությունը շեղում է և խանգարում, հետևաբար, արհեստական միջավայրը նախընտրելի է։ Թերևս, Լաս Վեգասի հաջողության գաղտնիքը նաև այդ գործոնով է պայմանավորված, և դա է պատճառը, որ բնությունն այլևս անտեղի չեն փչացնում, ընդ որում` վաղուց։ Եթե օրինագծի հեղինակները, ինչպես նշում են հիմնավորման մեջ, ուսումնասիրել են դրսի փորձը, ուրեմն կա՛մ լավ չեն ուսումնասիրել, կա՛մ միտումնավոր աղավաղում են փաստերը։ 250 տարվա պատմություն ունեցող հայտնի Բադեն Բադեն առողջարանային քաղաքը մեկ խաղատուն ունի ընդամենը, բայց նոր խաղատներ այդ քաղաքում այլևս չեն կառուցվում, քանի որ Գերմանիայի հետպատերազմական տնտեսական քաղաքականության առանցքում սոցիալական ազատ շուկայական հարաբերություններն են, որտեղ շուկան ունի սոցիալական նպատակաուղղվածություն։ Ամբողջ Գերմանիայում այսօր ընդամենը 56 խաղատուն կա, ավելի քիչ, քան Երևանի շրջակայքում։ Գերմանիայում արգելված է մեկից ավելի խաղատուն բացել որևէ քաղաքում։ Նպատակը պարզ է, որպեսզի չփոխվի միջավայրը։ Ինչ վերաբերում է Մոնտե Կառլոյին, որտեղ առաջին խաղատունը բացվել է 1856 թվականին, ապա, Մոնակոյի օրենսդրությամբ, տեղի բնակիչների մուտքը խաղասրահներ արգելված է։ Հետաքրքիր է` այդ ո՞ր փորձն են ուսումնասիրել ՀՀ կառավարությունում։
Հայաստանը շատ գրավիչ կարող է լինել զբոսաշրջիկների համար, եթե կարողանանք ապահովել որակյալ սպասարկում, եթե պահպանված և խնամված լինեն մշակութային կոթողները, պատմական հուշարձանները, բնությունը, եթե ոչ թե քանդենք, այլ վերանորոգենք և ապրեցնենք Երևանի, Գյումրու և այլ քաղաքների, ցավոք, հատուկենտ հնագույն շինությունները։ Եթե գրագետ հոգածությամբ զարգացնենք մեր փոքր քաղաքները, գյուղերը, որոնք այն արյունատար անոթներն են, որոնց մեջ երկրի ստեղծագործ և մտավոր ներուժն է, և որոնց շնորհիվ է միայն ապրում մայրաքաղաքը։ Ընդհանրապես, երբ ասում են զբոսաշրջություն, առաջին հերթին նկատի ունեն մշակութային տուրիզմը, որովհետև որևէ երկիր այցելելու հիմնական շարժառիթն այդ երկրի մշակույթին ծանոթանալն է։ Տուրիզմի հեռանկարային և պատվաբեր տեսակներ են նաև սպորտային, առողջարանային, ինչպես նաև էկոտուրիզմը։ Եվ այդուհանդերձ, Հայաստանի համար տուրիզմը պետք է լինի ոչ թե գերակա ճյուղ, այլ ածանցյալ։ Եթե տուրիզմը համարում ենք գերակա, ապա ո՞րն է այդ դեպքում ածանցյալը. գիտությո՞ւնը, արվե՞ստը, գյուղատնտեսությո՞ւնը, արտադրությո՞ւնը։ Ընդհանրապես, թե որն է գերակա, կախված է երկրի մասին մեր պատկերացումներից և ազգային գաղափարախոսությունից, այն բանից, թե ինչպիսի երկրում ենք ցանկանում ապրել. սպասարկո՞ղ երկրում, որի ներդրումային երևակայությունը ռեստորաններ, սաունաներ, հյուրանոցներ և կազինոներ կառուցելուց այն կողմ չի անցնում, ընդ որում, կանաչ տարածքների, ճարտարապետական հուշարձանների, ընտանեկան հանգստավայրերի և առողջարանների հաշվին, թե՞ գիտության, արտադրության և մշակույթի երկիր, որտեղ ածանցյալ է սպասարկումը, ածանցյալ է տուրիզմը։ Ի դեպ, զարգացած երկրներում զբոսաշրջությունը միշտ ածանցյալ է, և որքան ածանցյալ է այն, այնքան ավելի զարգացած է երկիրը։ Այսօր, ինչպես արդեն նշեցինք, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ձգտում է առողջ ապրելակերպի. դա էկոլոգիապես առողջ միջավայրն է, սպորտը, բնական սնունդը և այլն։ Ջերմուկն առողջարանային կենտրոն դառնալու մեծ հեռանկարներ ունի, և այդպիսի հայեցակարգ մշակվել է էկոնոմիկայի նախարարության կողմից` եվրոպացի փորձագետների աջակցությամբ։ Սակայն տգիտությունը հաճախ չափազանց մարտնչող է և իր ձեռքում է պահում որոշումներ կայացնող հիմնական լծակները։ Խաղատների մասին այս օրինագիծն ամբողջովին հակասելով նույն կառավարության մշակած` Ջերմուկի` որպես առողջարանային, զբոսաշրջության կենտրոնի զարգացման հայեցակարգին, փորձում է այսօր իր աղետաբեր ճանապարհը հարթել Ազգային ժողովի օգնությամբ։
Օրենքը, իհարկե, սկսվում է հիմնավորումից, և ինչպես սխալ ախտորոշումը կարող է ճակատագրական լինել հիվանդի համար, այնպես էլ իրական խնդրի աղավաղումը կարող է ճակատագրական լինել ժողովրդի համար։ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրինագծի հիմնավորում-տեղեկանքում գրված է հետևյալը. «Ներկայումս խաղասրահները կամ խաղատները սփռված են ՀՀ քաղաքային համայնքներից դուրս, որոնց մեծ մասը գտնվում է բնակավայրերում: Այս փաստն իր բացասական ազդեցությունն է թողնում խաղասրահների և խաղատների հարևանությամբ գտնվող բնակիչների վրա` կապված անձանց կողմից շահումով խաղերին գայթակղվելու և հանգիստը խանգարելու հետ»: Այս հիմնավորմանը, բնականաբար, պետք է հաջորդեր օրենքի այն դրույթը, որտեղ կնշվեր, որ խաղատները պետք է հեռացվեն բնակավայրերից։ Սակայն` ոչ, քանի որ մեր օրենսդրական դաշտում, կարծես, օրինաչափ և սովորական է դարձել հանրությանը խաբելն ու խորամանկելը։ Գրում եմ և անհարմար զգում անգամ փաստն արձանագրելուց, բայց այն ակնհայտ է։ Փորձենք տրամաբանական կապ տեսնել, այսպես կոչված, հիմնավորման և դրան հաջորդող շարադրանքի միջև։ Ստացվում է` քանի որ խաղատներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում խաղասրահների և խաղատների հարևանությամբ գտնվող բնակիչների վրա, պետք է դրանք տեղափոխել այլ բնակավայրեր, մասնավորապես կենտրոնացնելով Ծաղկաձորում, Ջերմուկում ու Սևանում։ Ապշեցուցիչ հակասություններով այս նախագծի հեղինակները, պարզվում է, ոչ միայն չգիտեն, որ կառավարությունն իրավունք չունի նպաստելու երկրում խաղամոլության տարածմանը, այլև խտրականություն ցուցաբերելու բնակչության որևէ հատվածի նկատմամբ (տե՛ս Սահմանադրության 14.1 հոդվածը)։ Եթե որպես հիմնավորում նշում են, որ Երևան քաղաքի շրջակայքից կազինոները պետք է հեռացվեն բնակչության պահանջով, ուրեմն ի՞նչ, Ծաղկաձորի, Ջերմուկի կամ Սևանի բնակիչները «երրո՞րդ սորտի» մարդիկ են, թե՞ աղքատությունից այնքան են խեղճացել, որ այլևս չեն կարող իրենց իրավունքները պաշտպանել։ «Հիմնավորման» հաջորդ պարբերության մեջ նշվում է. «ՀՀ կառավարությունը, ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից, սահմանում է այն վայրերը, որտեղ կստեղծվեն խաղային բիզնեսի կլաստերներ` Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, աջակցելով տվյալ տարածքների զարգացմանը»: Այսինքն, խաղատների բիզնեսը խթանելն ու խաղամոլության տարածմանը նպաստելը գործադիր իշխանության որդեգրած քաղաքականությո՞ւնն է։
Եվ այդուհանդերձ, ի՞նչ սկզբունքով պետք է կառուցել նոր խաղատները։ Թիվ մեկ սկզբունքը, կարծում ենք, պետք է լինի այն, որ հասարակության, երկրի ապագայի վերաբերյալ կարևոր քաղաքական որոշումներ կայացնելուց առաջ լսեն հասարակության և մասնագետների կարծիքը` հիմնականում մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի միջոցով։ Լսեն որոշումներ կայացնելուց առաջ և ոչ թե հետո։ Հասարակական քննարկումները, որոնք այդքան կարևորում է ներկայիս վարչապետը, ինքնանպատակ և ձևական չպիտի լինեն։ Խաղատների մասին կառավարության օրինագիծն ութ «ամսական» է, և այդ ընթացքում հրավիրված մի քանի քննարկումների ժամանակ հնչել են հետևյալ առաջարկությունները։ Առաջին մոտեցումն այն է, որ խաղատները պետք է լինեն բնակավայրերից բավականին հեռու, ուստի նպատակահարմար է ամայի վայրում կառուցել ավանատիպ մի քաղաք` փոքր Լաս Վեգաս։ Երկրորդ մոտեցումն այն է, որ խաղատները լինեն միայն Երևանում` հինգ և ավելի աստղ ունեցող հյուրանոցներում և ակումբ-կազինոներում, ուր մուտք կարող են ունենալ միայն ակումբի անդամները։ Երրորդ մոտեցումն այն է, որ եթե նպատակը զբոսաշրջության խթանումն է, ապա խաղասրահների մուտքը պետք է արգելված լինի Հայաստանի բնակիչների համար։ Եվ չորրորդ առաջարկությունը` խաղատների գործունեությունն ընդհանրապես արգելել, ինչպես մեր հարևան երկրներում է։ Անձամբ ես կողմ ես բոլոր չորս առաջարկություններին, թեև վերջինն անհնար եմ համարում։ Հնարավոր է` կա մեկ այլ, ավելի խելամիտ լուծում, բայց մինչ այդ, երբ հասել ես վտանգավոր եզրին, նախ պետք է կանգ առնել, այսինքն` հետ վերցնել օրինագիծն Ազգային ժողովից` կանխելու համար սոցիալական, բնապահպանական և մշակութային սպասվող աղետը։
Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ