Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ինչ, որտեղ, երբ

Ինչ, որտեղ, երբ
03.02.2009 | 00:00

ՄԱՐԶԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
l Ավարտվեց մրցաշրջան-2009-ի առաջին ամիսը։ Հունվարի գլխավոր մարզական իրադարձությունները ծավալվեցին Վեյք-ան Զեեում և Մյունխենում։ Հոլանդիայում անցկացված շախմատի միջազգային գերմրցաշարում դարձյալ ուշադրության կենտրոնում էր այս մրցաշարի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը։ Ցավոք, երևանցի շախմատիստը վերջին երեք տուրերում վաստակեց ընդամենը մեկ միավոր և 7,5 միավորով ճանաչվեց երկրորդը` կես միավորով հետ մնալով ուկրաինացի Սերգեյ Կորյակինից։ 7,5-ական միավոր վաստակեցին նաև Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը և ադրբեջանցի Ռաջաբովը։
Հաջորդ գերմրցաշարը, որտեղ հանդես կգա Լևոն Արոնյանը, Լինարեսի միջազգայինն է, որը կմեկնարկի փետրվարի 19-ին` վերջնագիծը հատելով մարտի 7-ին։
l Նոր մրցաշրջանը Բավարիայի «Մեծ մրցանակի» խաղարկությունով սկսեցին հրաձիգները։ Մյունխենում անցկացված այս մրցումների 150 մասնակիցների թվում էին նաև մեր հանրապետության երեք ներկայացուցիչները` Լիլիթ Նիկողոսյանը, Ռոմիկ Վարդանյանը և փորձառու Նորայր Բախտամյանը։ Վերջինս օդամուղ ատրճանակի երկու մրցումներում դարձյալ հաջող հանդես եկավ. աշխարհի գավաթի անցյալ տարվա խաղարկության արծաթե մեդալակիրը երկու մրցումներում էլ 586 միավորով դուրս եկավ եզրափակիչ և արժանացավ արծաթե և բրոնզե պարգևների։
Այժմ այս եռյակը վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ կսկսի նախապատրաստվել փետրվարի կեսերին Պրահայում անցկացվելիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը։
l Հունահռոմեական ըմբիշների համար աշխարհի առաջնություններից հետո երկրորդ խոշոր մրցումներն աշխարհի գավաթի խաղարկություններն են, որոնց մասնակցում են մրցաշրջանի արդյունքներով ուժեղագույն ութնյակ մտած երկրները։ Այս տարի առաջին անգամ լավագույն ութնյակում տեղ է գրավել նաև Հայաստանի հավաքականը, որը փետրվարի 19-21-ը կմասնակցի Ֆրանսիայում անցկացվելիք ուժերի ստուգատեսին։ Հաղթողի կոչումը կվիճարկեն նաև Ռուսաստանի, Կուբայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հունգարիայի, Ղազախստանի և Ադրբեջանի հավաքականները։
Այս ամիս անգործ չեն մնա նաև հավաքականի մյուս թեկնածուները։ Նրանք փետրվարի 28-ից մարտի 2-ը կմասնակցեն Իրանի Ղոն քաղաքում անցկացվելիք միջազգային խոշոր մրցաշարին, որը նույնպես ավանդաբար հավաքում է ուժեղ կազմ։
l Փետրվարի 16-18-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կդառնա պատանի բռնցքամարտիկների միջազգային խոշոր մրցաշարի մրցատեղի։ Հաղթողի կոչումը կվիճարկեն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի կաշվե ձեռնոցի ուժեղագույն վարպետները։ Ի դեպ, հունվարի 31-ին այստեղ կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 4-րդ կոնֆերանսը։ Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Դերենիկ Գաբրիելյանը, տեղակալներ ընտրվեցին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արտակ Մալումյանը, Եվրոպայի նախկին չեմպիոն Ալբերտ Նիկոլյանը, Սամվել Գասպարյանը և մոսկվացի Սերգեյ Զորինը։ Ֆեդերացիայի քարտուղար վերընտրվեց Լյովա Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի աշնանը կայացած կոնֆերանսում Հայաստանի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արման Մուրադյանը։
l 2009-ը հագեցած կլինի հոբելյաններով, ինչը ևս մեկ շարժառիթ կլինի անդրադառնալու հայկական սպորտի մեծերին։ Փետրվարի 11-ին կլրանա աշխարհի բոլոր բարձրագույն տիտղոսների ասպետ, «օղակների արքա» Ալբերտ Ազարյանի ծննդյան 80-ամյակը։ Այս տարի կլրանա նաև հինգ հատկությունների ասպետ Իգոր Նովիկովի, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի, աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն Ռաֆայել Չմշկյանի, ինչպես նաև ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Յուրի Բաբայանի 80 ամյակը։ Հոբելյանները շատ-շատ են, և դրանք նույնպես տեղ կգրավեն թերթի էջերում։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6084

Մեկնաբանություններ