Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ո՞վ է այդ «Ֆրանկոն»

Ո՞վ է այդ «Ֆրանկոն»
19.06.2009 | 00:00

Մայիսի 25-ին` Երևանի ավագանու ընտրություններից ընդամենը հինգ օր առաջ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «Իրավունք de facto» ակումբում հանդես էր եկել մի շարք կանխատեսումներով, որոնք, նրա համոզմամբ, լիովին իրականացել են։
Երեկ քաղաքագետը կրկին մեր ակումբի հյուրն էր և «Հետընտրական փասիանս-2009» թեմայի շրջանակներում լրագրողներին ներկայացավ ծավալուն ու խորքային վերլուծությամբ։ Հիշեցնելով, թե ինքը նախընտրական քարոզարշավի ավարտական փուլում էր դեռևս կանխատեսել, որ հետընտրական զարգացումներ չեն լինելու, նա իր անհամաձայնությունը հայտնեց այն տարածված մտայնության առնչությամբ, ըստ որի` հետընտրական զարգացումների բացակայությունն ինքնին ողջունելի է։
«Նրանք, ովքեր հետընտրական զարգացումների բացակայությունն այդպես են մեկնաբանում, անուղղակիորեն ընդունում են, որ գոյություն ունի պատճառահետևանքային կապ խաղաղ ցույցերի, հանրահավաքների ու բռնությունների միջև, որոնք տեղի ունեցան մարտի 1-ին և 2-ին։ Ես կարծում եմ, որ այդպիսի կապ գոյություն չունի, և հետընտրական զարգացումները միշտ չէ, որ հանգեցնում են մարդկային զոհերի կամ արյունահեղության։ Ընդունել, որ այդ զարգացումների պարադիգմը միշտ լինելու է այդպիսին, նշանակում է համակերպվել այն մտքի հետ, որ ժողովրդավարական չափորոշիչները, որոնք գործում են քաղաքակիրթ երկրներում, մեզանում չեն աշխատելու նաև առաջիկայում»:
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ եթե Հայ ազգային կոնգրեսի ձայներն էապես կեղծված կամ կողոպտված լինեին, ապա, անկախ այն բանից` ընդդիմության առաջնորդները կոչ կանեն բողոքական ընտրազանգվածին դուրս գալ փողոց կամ դուրս չգալ, մարդիկ, միևնույն է, կհայտնվեն փողոցում: Քաղաքագիտության մեջ սա ինտեգրալ ցուցիչ է, և, ըստ քաղաքագետի, վկայում է այն մասին, որ եթե հանրությունն ինքնաբուխ ձևով դուրս չի եկել փողոց ու չի ընդվզել, ուրեմն, համամիտ է ընտրության արդյունքների հետ: Այլ խոսքով, ՀԱԿ-ի ստացած 17-ից մի քիչ ավելի տոկոսը հենց այն է, ինչ իրականում կա, և ոչ մի արտառոց բան էլ այս ընտրություններում տեղի չի ունեցել:
«Մայիսի 31-ի ընտրությունները նախորդ ընտրություններից ոչ ավելի լավն էին, ոչ էլ ավելի վատը,- եզրահանգեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը` հընթացս շատ օրիգինալ հետևություն անելով:- Եթե մեր իրականության մեջ գտնվի Ֆրանկոյի նման մեկը, ով, զբաղեցնելով պետության բարձրագույն պաշտոնը, գիտակցաբար կգնա ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության սկիզբը դնելու ճանապարհով, նրան կարելի է հռչակել Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնադիր` բոլոր անհրաժեշտ հիմքերը ձեռքի տակ ունենալով»։
Ինչո՞ւ չորրորդ հանրապետություն և ինչո՞ւ նոր հիմնադիր։ Հմայակ Հովհաննիսյանի մեկնաբանությամբ` այն պարզ պատճառով, որ այդ նոր «Ֆրանկոն» պիտի գա վերջ դնելու երրորդ հանրապետության «գետնին վրա» ստեղծված ընտրակեղծարարությունների տխրահռչակ համակարգին` ժողովրդավարական նոր համակարգի ձևավորման սկիզբը դնելով։
«Եթե օրերից մի օր Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշը որոշեց վերջ տալ այս համակարգին, նա էլ կզբաղեցնի այդ աթոռը` իրավունք ձեռք բերելով իրեն հռչակել Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնադիր»,- ասաց քաղաքագետը։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2161

Մեկնաբանություններ