ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը

Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը
28.09.2023 | 12:07

Ի՞նչ հոկտեմբերի 5-ի խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ընթացիկ ռեժիմով տեղի է ունենում ցեղասպանություն, բնակչության զանգվածային տեղահանում, ապօրինի անցակետ` կամայական «ձերբակալություններով», Արցախի քաղաքական ղեկավարությանն ուղղված սպառնալիքներով ու շանտաժով, երբ ցանկացած բանակում ծառայած հայ տղամարդու սպառնում են ինչ-որ ցուցակներով։ Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի հեղինակի հետ խոսել խաղաղության մասին՝ առանց իրավիճակին համարժեք պայմաններ առաջ քաշելու։ Բաքվի բանտերում մինչ այս պահը բազմաթիվ հայ գերիներ կան, որոնց թիվն ամեն օր ավելանում է անցակետի «շնորհիվ»։ Հայաստանը պարտավոր է, նախքան որևէ պայմանագրի ստորագրման մասին խոսելը, նախ խոսել այս բոլոր հարցերի մասին՝ պահանջելով բոլոր գերիների ազատ արձակումը, հայ մարդկանց «առևանգման ցուցակների» վերացում, անցակետային ստուգման վերացում։ Միջազգային հանրությունը, միջնորդ պետությունները պարտավոր են վերջապես իրենց «մեծի պես» պահել. իրենց իներտությամբ, անտարբերությամբ գերտերությունները, միջազգային համայնքը մեծապես նպաստել են այսօր Արցախում և նրա շուրջ տիրող իրավիճակի ձևավորմանը, և Հայաստանը պետք է ձևակերպի նրանց կողմից մեզ ունեցած այդ պարտքը։ Միջազգային հանրությունը, խնդրի կարգավորման մեջ ներքաշված բոլոր խոշոր ուժերը մեզ, այո, պարտք են, քանի որ այդպես էլ չեն արել որևէ իրական քայլ՝ ի հակադրություն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ցեղասպան վարքի։ Այս ամենն իհարկե Հայաստանը պետք է համակարգի՝ որպես պետություն, և այդ պատճառով է անհրաժեշտ, որ Հայաստանում լինեն ադեկվատ իշխանություններ։

Կա ավելի կարևոր հարց, առանց որը հաշվի առնելու չի կարելի մտածել որևէ միջազգայնորեն հավաստված փաստաթղթի ստորագրման մասին. արցախահայության՝ այսօրվա այս շոկային, տարերային ելքն իր հայրենիքից միմիայն Ադրբեջանի կողմից սարսափելի ծավալների հասնող ռազմական ագրեսիայի արդյունքն է, և այս հսկա գաղթը միայն առաջին շոկային արձագանքն է, ինչն ամենևին չի նշանակում «Արցախի հարցի» փակում։ Վաղը Արցախը շարունակելու է գոյություն ունենալ իր տեղում՝ իր պատմությամբ, իր մշակութային արժեքներով, որպես հայկական հազարամյա հող։ Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այս պահին, Արցախում մնում է թե´ մշակութային ու պատմական, և թե´ նաև գույքային ժառանգությունը, որը պատկանում է միայն և միայն Արցախի ժողովրդին, և որի վրա որևէ հավակնություն չի կարող ունենալ ոչ ոք։ Արցախի հարցի շուրջ դիվանագիտությունը հիմա ոչ թե պետք է մարի, այլ հակառակը՝ մտնի նոր փուլ, նոր տրամաբանություն ստանա։ Միայն թշնամուն և գուցե որոշ արտաքին ուժերի է ձեռնտու Արցախի հարցը փակված համարել։ Հայաստանը, եթե ցանկանում է մնալ կենսունակ որպես պետություն, անպայման պետք է ակտիվորեն աշխատի այդ ուղղությամբ։ Չպիտի մոռանալ, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակում են հանդիսանալ իրենց տների, հողատարածքների, այգիների, մնացյալ գույքի տերերը, և այդ ամենը երաշխավորված է փաստաթղթերով, սեփականության իրավունքով։ Արցախն իր ամեն անկյունով, իր բոլոր մշակութային, պատմական, բնության հուշարձաններով և մյուս արժեքներով շարունակում է պատկանել Արցախի ժողովրդին՝ անկախ այս պահին կատարվողից, և Ադրբեջանն ամենևին չպիտի մարսի իր ձեռքի գործ հանդիսացող այս բռնի զանգվածային գաղթը։ Արցախի էջը ոչ միայն փակված չէ, այլև մտնում է նոր փուլ՝ նոր պայմաններով։

Ռուբեն Վարդանյանը և բորենիների խրախճանքը

Մեր աչքի առաջ` 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ իսկական գաղթ է տեղի ունենում` մի դար առաջվա դաժանությամբ։ Բռնի տեղահանման ճանապարհին՝ Բերձոր-Դեր Զորից ելքի ճանապարհին անցակետ է գործում, որտեղ որոշվում է` ով կանցնի առաջ, ով` ոչ։ Առաջ էլ թշնամին մեկուսացնում ու վնասազերծում էր հայ մտավորականությանը ու «ազգի ջոջերին», հիմա էլ սկսել է նույնն անել, բայց հանկարծ հայ հանրության մի զանգված, ակնհայտ ուղղորդված քարոզչությամբ ոգևորված, հավանություն է տալիս թշնամի պետության քայլերին։

Ո՞րն է հայկական շահը` Ռուբեն Վարդանյանի` Բաքվում հայտնվելու հարցում, ու՞մ է դա ձեռնտու, և ինչպե՞ս կարող են այսքան աղետից հետո Բաքվի և հայաստանյան հանրության որևէ շերտի շահերը համընկնել։ Իշխանությունների շահերի պաշտպան որոշ գործիչների ակնհայտ թշնամական, պրովոկատիվ տեքստերը և դրանցից անմիջապես հետո Ռ. Վարդանյանի ձերբակալությունն ուղիղ կասկած են ստեղծում ՀՀ իշխանությունների և Բաքվի ինչ-ինչ անհայտ շահերի համընկնման շուրջ, ինչով և պայմանավորված է հանրության ներսում ուղղորդված, կազմակերպված քարոզչական արշավը։

Անկախ որևէ մեկի հնարավոր համակրանք-հակակրանքից, Ռ. Վարդանյանը վերջին մեկ տարին անցկացրել է Արցախում` իր անհամեմատ բարեկեցիկ կյանքի փոխարեն նախընտրելով ծանր շրջափակման փուլն անցնել Արցախի ժողովրդի կողքին, թեպետ բազմաթիվ տգեղ քարոզչական արշավներից և պաշտոնազրկումից հետո կարող էր հանգիստ խղճով թողնել և գնալ։ Ինչու՞ են ոմանք, ուրեմն, թույլ տալիս իրենց` ուրախանալ Բաքվի հակաօրինական գործողություններով, ինչո՞ւ է հանրությունը կուլ տալիս ՀՀ իշխանությունների հերթական քարոզչական խայծը։ Իշխանությունների, որոնց քայլերի պատճառով այսօր մեր աչքի առաջ հայկական պատմության մեջ առաջին անգամ հայերը տեղահանվում են ամբողջ Արցախից, որոնց քաղաքականության պատճառով պատմության մեջ առաջին անգամ մենք կանգնած ենք հայկական Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ։

Եվ վերջում` ինձ չի թողնում միտքը, որ եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը և տոնելու են նրա հետ։ Այդ մարդկանց ցանկը, ցավոք, շատ բազմազան է` ՔՊ ողջ վերնախավից, տարբեր արվեստագետներից, քաղաքական գործիչներից մինչև բժիշկ և տաքսիստ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ