38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ո՞րն է ելքը

Ո՞րն է ելքը
12.06.2024 | 12:57

Ասել, թե հայ քաղաքական միտքը չի դիտարկել իրադարձությունների այս ընթացքը, կամ միջազգային ուղեղային կենտրոնները չեն վերլուծել ու զգուշացրել Հայաստանի իշխանություններին դրանց մասին, նշանակում է ուղղակի ստել: Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու նրա քաղաքական թիմը ոչ թե չեն հասկացել, ըմբռնել իրադարձությունների ընթացքը կամ բավարար քաղաքական հմտություն չեն ունեցել՝ ճիշտ որոշում կայացնելու, այլ միտումնավոր գործել ու գործում են դրանց տրամաբանությանը հակառակ: Սովորաբար գիտական-հետազոտական շրջանակներն իրենց գործունեության մեջ առաջնորդվում են հուշելու, օգնելու տրամաբանությամբ: Այլ բան է, թե ում և ինչ շահերի են ծառայում նրանց հետազոտությունները: Փաշինյանը մերժել ու մերժում է հայաստանանպաստ ցանկացած առաջարկ, հուշում կամ օժանդակություն, որովհետև ոչ թե դրանք սխալ են, այլ, որովհետև դրանք խափանում են իր արևմտյան տերերի ծրագրերը: Փաշինյանը միամիտ չէ, ու նրա «գրպանը ոչինչ գցել» հնարավոր չէ, եթե ինքը դա չցանկանա կամ, որ ավելի ճիշտ է, դրանից կոնկրետ նյութական շահ չունենա: Ինքն, իր ողջ կենսագրությամբ, հենց այդ ամենի մարմնավորումն է, երբ փողի համար վաճառել է արժանապատվությունը, կորցրել բարեկամների, դավաճանել ընկերներին: Հիմա, երբ հնարավորություն ունի վաճառել հայրենիքի տարածքները և քաղաքական շահերը, նրա ձեռքը չի դողում: Մանավանդ, որ կարողացել է իր շուրջը համախմբել (ավելի ճիշտ՝ վարձել) իր պես առանձնյակների՝ տալով իշխանություն, վարձատրություն և խոստումներ:

Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանը, իր աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ ու քաղաքական վարքով, հուսալի ու կանխատեսելի էր գրեթե ողջ աշխարհին՝ բացառությամբ Ադրբեջանի և Թուրքիայի: Սրանք՝ մեր ոխերիմ հարևանները, ոչ մի կերպ չէին կարողանում տեղավորվել աշխարհաքաղաքական ընթացքների մեջ, որովհետև ֆորմալ առումով գտնվում էին մեկ բևեռում՝ Արևմտյան, բայց տնտեսական առումով մեծապես կախված էին մեկ այլ բևեռից, որին հիմա պայմանականորեն անվանում են Եվրասիական: Իսկ դրան մեծապես խանգարում էր հենց ուժեղ հայկական գործոնը՝ Արցախով հանդերձ:

Միայն Փաշինյանի կառավարության գոյությունը և նրա վարած արտաքին քաղաքականությունը, որ ես կանվանեի ոչ թե ապիկար, այլ՝ դավաճանական, ընդ որում, ոչ միայն սեփական, այլև դաշնակից և բարեկամ երկրների նկատմամբ, հնարավորություն տվեց Ադրբեջանին և Թուրքիային՝ դուրս գալ աշխարհաքաղաքական դիսկոմֆորտից ու դառնալ որոշիչ ձայն ունեցող սուբյեկտ: Փախարենը՝ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը դրեց գերտերությունների շահերի բախման սեղանին՝ էական աշխարհաքաղաքական սուբյեկտից ինքնավերածվելով օբյեկտի:

Այո, երկար տարիների քաղքական վայրիվերումներից հետո Վրաստանը հաջողությամբ վերագնահատում է իր աշխարհաքաղաքական արժեքը և փորձում է թոթափել Արևմուտքի թելադրանքները, որովհետև հասկացել է, որ գայթակղիչ խոստումները, ստամոքսայինից բացի, այլ հետաքրքրություն չունեն: Ադրբեջանը վաղուց էր հասկացել, որ Արևմուտքը փորձում է իր միջոցով ճնշել Ռուսաստանին և Իրանին: Դա նրան դրել էր սահմանափակ իրավիճակում, և առիթը բաց չթողեց, որպեսզի շտկի իր հարաբերությունները նրանց հետ և հիմա, տնտեսականից բացի, նաև քաղաքական լուրջ աջակցություն է ստանում Եվրասիական բևեռից: Փաստ է, որ Ադրբեջանին և Թուրքիային դա հաջողվեց բացառապես կամ մեծապես Փաշինյանի դավաճանության շնորհիվ:

Հիմա, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը (Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը դրա մեջ նույնիսկ ֆորմալ առումով, չեն տեղավորվում), առավել քան երբևէ, ունեն միջազգային աջակցության և իրական դաշնակիցների կարիք, արդեն մնացել են մեկուսի: Փաշինյանի իշխանությանը ոչ մեկը չի պատրաստվում աջակցել, որովհետև մի մասը ստացել և շարունակում են ստանալ անհնարինը, մի մասն էլ չի ցանկանում սեղմել դավաճանի ձեռքը:

Այսուհանդերձ, ստեղծված իրավիճակից մեր երկրի համար միակ դրական ելքը Փաշինյանի իշխանության հեռացումն է: Միայն այդ դեպքում «ստացողների» ախորժակը կչափավորվի, իսկ բարեկամների՝ մեզ օգնելու հնարավորությունները կբազմապատկվեն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2834

Մեկնաբանություններ