38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք»

«Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք»
31.03.2024 | 20:37

Մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միությունում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Հայաստան. Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» գրքի շնորհանդեսը:

Գիրքը նախատեսված է բոլոր այն ընթերցողների համար, ովքեր հետաքրքրվում են հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի և արևմտյան տերությունների խաղացած դերով։

Ստորև ներկայացվում է մի հատված գրքից։



«Հայ ժողովրդի պատմական ճակատագրում Ռուսաստանի ունեցած դրական դերն այսօր ժխտողներին՝ նրանց, ովքեր կարծում են, թե «սա 20-րդ դարի սկիզբը չէ, սա 21-րդ դարն է բոլորովին այլ հնարավորություններով: Եվ դերակատարներն են փոխված՝ թե՛ ռեգիոնալ, թե՛ արտառեգիոնալ, և խնդիրներն են փոխված», ուզում եմ հիշեցնել հայ ժողովրդի մեծագույն զավակների՝ Հովհաննես Թումանյանի, Մեծն Կոմիտասի և Ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի պատգամները:

Հայ ժողովրդի այս երեք նշանավոր զավակները` Անդրանիկը` զենքով, Թումանյանը` իր փիլիսոփայությամբ, գրական ու հասարակական գործունեությամբ, Կոմիտասը` ժողովրդական ստեղծագործության ակունքներից վերցրած ու աշխարհին ցույց տված իր երաժշտությամբ, դարձել են Հայոց երկնակամարի ամենից առավել փայլուն աստղերը:

Այդ երեք հանճարեղ մեծերը, թեև գործել են տարբեր ասպարեզներում, բայց նրանց առաջին հերթին միավորել են սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ որդիական սերը, նրա անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը:

Եվ նրանք, ելնելով մեր ժողովրդի պատմական անցյալի փորձից ու դասերից, հաստատապես հայ ժողովրդի անվտանգությունն ու ապագա գոյությունը լծորդել են Ռուսաստանի, ռուս ժողովրդի հետ սերտ բարեկամություն հաստատելու եւ ամրապնդելու հետ:

Մեծն Կոմիտասը խորապես ուսումնասիրել էր եվրոպական խոշոր պետությունների քաղաքականությունը Հայկական հարցում, ամբողջովին համոզվել էր դրանում թաքնված ցինիզմի ու եսասիրության մեջ և զգուշացնում էր. «Չպետք է μաժանվենք, չպետք է խաբվինք Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներին» և հետո ավելացնում. «Եվրոպայում մարդկային գաղափարները որքան որ ընտիր են ու փափագելի, բայց մեզ անպետք են. Պաղ երկրի բույսերը մեր ջերմ արևի տակ կկիզվեն»:

Այս մեջբերված մտքերը Կոմիտասն արտահայտել է 1912-ի դեկտեմμերի 25-ին Փարիզում գտնվող Արշակ Չոպանյանին հղած նամակում: Այդ նամակից մեր առջև հառնում է Մեծն Կոմիտասը` անհանգստացած իր ժողովրդի ապագա ճակատագրով: Նա մտորել է այդ ճակատագրի շուրջ և գտնվելով Կ. Պոլսում, ավելի հաճախակի շփվելով եվրոպական շրջանակների հետ՝ հանգել է այնպիսի հետևությունների, որոնք այսօր նույնպես հույժ այժմեական են և կարեւոր դաս՝ մեր ներկա և գալիք սերունդների համար:

Կոմիտասը մերժել է եվրոպական պետություններին ապավինելու մտայնությունը և հանճարեղ խորաթափանցությամբ դրել է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

«Մենք այժմ,- գրել է Կոմիտասը,- իսկապէս ռուսաց շահի առարկան ենք, մեր երկիրն արդեն որոշած է այսօր կամ վաղը ռուս պետության բաժին դառնալու: ՈՒրեմն պիտի ձգտինք մեզ ազատագրել երկու կերպ, թեպէտ երկուքի վերջակէտն էլ նոյնն է, տարբեր ուղիով միայն: Առաջինն է առավելագոյնը` ինքնուրիւն ու անկախ լինելով՝ իբր պատվար ցցվել ռուս դիվանագիտութեան առաջ և երկրորդը` նվազագոյնը` ապավինել Քեռի-Ռուսին և միաձույլ հայութիւն սահմանել»:

Կոմիտասը գտնում էր, որ այս երկու ուղիներն էլ նույնն են, բայց երկրորդը համարում էր «իրագործելի` շահերի նոյնութեան վերա հենվելով...»:

Այնուհետև արտահայտելով իր անհանգստությունն արևմտահայերի վերաբերյալ՝ Կոմիտասը շեշտում էր հետևյալը. «...Մեր փրկութիւնը կռել և կոփել ենք Փերպուկի (Պետերբուրգի – Վ.Պ.) պարիսպների դռներուն առջև. Այս էր պնդել ժամանակին Լոռիս Մելիքով` Գևորգ Դ կաթողիկոսին զգուշացնելով (երբ սա ռուս-տաճկական պատերազմի ժամանակ, փրկութիւնը տեսնելով ու հուսալով տաճիկներեն, գրեթէ բացարձակապէս սպասելիս է եղել տաճիկներին Էջմիածնի մէջ)»:

Նկատի ունենալով, որ Հայկական հարցում եվրոպական պետությունները որևէ շահագրգռություն չունեն և անտարբեր են հայության ճակատագրի նկատմամբ՝ Կոմիտասը հայության փրկության գործում կարևորել է Ռուսաստանի դերն ու նշանակությունը։

Այո՛, չկա փրկություն առանց Ռուսաստանի: Սա լավ էր ըմբռնել, թվում է, թե քաղաքականությունից շատ հեռու կանգնած, բայց իր ժողովրդի ճակատագրով ապրող Մեծն Կոմիտասը:

Եվ նա զգուշացնում էր. «Պէտք է նախ բոլոր հայերը խմբվեն մէկ տերութեան, մէկ օրենքի տակ, աճեն ու զարգանան բարոյապէս ու նիւթապես և ապա ժամանակն ինքն է, որ պիտի բերէ մեզ մեծ ազատութիւնը՝ շտապելով առաջինը չառած երկրորդ քայլի դիմելով, բոլորովին պիտի կորչինք. Տաճիկէն ոչ մի հոյս մի ունենաք, մի սպասեք...»:

Իսկ ո՞ր տերության մեջ պետք է խմբվեն հայերը: ՈՒ՞մ նկատի ուներ Կոմիտասը: Լսենք նրան. «...Ըստ իս, առաջին քայլն է բոլոր հայութիւնն ամփոփել ռուսի իշխանութեան տակ, երկրորդ քայլն է տնտեսապէս ու բարոյապէս, զուտ ազգային, առանց օտարին ու մեզ անմարս գաղափարներով առաջնորդվելու` զարգանալ, երրորդ քայլն արդեն ռուս հեղափոխութիւնն է, որ պիտի անէ, ոչ թե մենք, իսկ մենք օգտվելու ենք այդ քայլէն, սակայն պատրաստվելով՝ լեհերու պես զուտ ազգային շավիղը բնելով» (Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Արշակ Չոպանյանի ֆոնդ, գ. 345.1):

Հանճարեղ Կոմիտասն ամբողջ խորությամբ ըմբռնել էր Ռուսաստանի դերը հայոց ճակատագրում: Կարևորագույն հանգամանք, որը նորօրյա քաղաքագետներն այդպես էլ չուզեցան հասկանալ և ասպարեզ նետեցին Ռուսաստանին թշնամի համարելու և Ռուսաստանից հեռանալու գաղափարը։

ՈՒնկնդիր լինենք Կոմիտասի իմաստուն խորհրդին. «Ես վախ չունիմ, թե ռուս կառավարութեան մէջ կը հալինք, որքան էլ հալինք, այնուամենայնիվ, մեր ինքնագիտակցութիւնը զարթնած է, և եթէ խելօք շարժվինք, կը վաստակենք, ես այս կարծիքն ունիմ»:

Հովհաննես Թումանյանը գրել է. «Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է: Հալածանքների ու գաղթականությունների հարց է: Նա գերազանցապես ֆիզիկական գոյության խնդիր է: Եվ նրա հաջողությունը միշտ կապված է եղել Ռուսաստանի հաջողության հետ: Ով վեր է կացել Ռուսաստանի հաջողության դեմ, վեր է կացել Հայկական հարցի հաջողության դեմ, և ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին։ Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ: Եվ տեղ չկա խուսափելու» (Հովհաննես Թումանյան, ԵԼԺ, հ. 7, Երևան, 1995, էջ 15-16):

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Հովհաննես Թումանյանի գրած հետևյալ խոսքերն այսօր էլ ունեն արդիական հնչեղություն. «…Եվրոպական մեծ պետություններն աշխատել են ամեն կերպ առնել Ռուսաստանի ծավալման ու զորացման առաջը: Իրերի պատմական էս դասավորությունից ափաշկարա պարզ է, որ հայ ժողովուրդը պետք է լիներ ռուսի հետ և իր կյանքի, գույքի ու պատվի ապահովության հույսը պետք է կապեր Ռուսաստանի հաջողության հետ» (Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր յոթերորդ, Երեւան, 1995, էջ 21):

Հովհաննես Թումանյանը ռուսասեր էր, հաստատ կանգնած էր ռուսական կողմնորոշման դիրքերում: Իսկ դաշնակցության երևելի գործիչներից մեկը` ոչ անհայտ Ս. Վրացյանը, որը 1921-ի փետրվարին իր իշխանությունը պահելու նպատակով օգնության համար դիմել էր հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներ Մուստաֆա Քեմալին ու Կարաբեքիր փաշային, մեծ բանաստեղծի մասին գրել է. «Նա մոլի ռուսասեր էր` ցարական, դեմոկրատական, թե Բոլշեւիկյան լիներ Ռուսաստանը»:

Այո, Մեծ բանաստեղծը, անկախ Ռուսաստանի գույնից, ռուսական կողմնորոշումը համարում էր իր ժողովրդի գոյատևման գլխավոր գործոններից մեկը: Եվ որքա՜ն կշահեր հայ ժողովուրդը, եթե նրա բոլոր գործիչներն ունենային Հովհհաննես Թումանյանի խորաթափանցությունն ու հեռատեսությունը:

Ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանը նույնպես հավատով էր լցված Ռուսաստանի, ռուս ժողովրդի նկատմամբ և բարձր էր գնահատում հայ ժողովրդի ճակատագրում Ռուսաստանի հետ ամուր դաշինքը:

1926 թ. Նոյեմբերի 28-ին Ֆրեզնոյում տեղի ունեցած Սովետական Հայաստանի

6-րդ տարեդարձին նվիրված հանդեսում Ժողովրդական հերոսը սրտի խոսք է ասել «Մեր բոլորի կողմից պաշտելի Սովետական Հայաստանի» մասին:

«Հայ ժողովուրդը,- ասել է նա,- ընդմիշտ փրկված է շնորհիվ ազատասեր ռուս ժողովրդի, որը ծանր պահին ձեռք մեկնեց անկման եզրին կանգնած հայ ժողովրդին և փրկեց նրան: Այժմ բազմաչարչար և հալածված հայ ժողովուրդը ունի իր հայրենիքը: Թող հավերժ ապրի հայ և ռուս ժողովուդների դարավոր բարեկամությունը»:

Ժողովրդական հերոսն իր ելույթն ավարտում է՝ ասելով հետևյալը. «ՈՒնիմ միայն մէկ նպատակ՝ վերադառնալ ազատ Հայաստան, տեսնել իմ հարազատ ժողովրդին և ապա հանգիստ մեռնել», «Պայքար», նոյեմբերի 28, 1926 թ.):

Տասներորդ. Արևմտյան տերությունների ղեկավարներն առիթը բաց չեն թողել և արտահայտվել են հայ ժողովրդին թուրքական լծից ազատագրելու մասին:

Բայց հենց որ ստեղծվել է իրենց խոստումը իրականացնելու հնարավորությունը, արևմտյան տերությունները, մոռանալով իրենց խոստումները, պաշտպանել են Թուրքիային: Այդպես է եղել բոլոր ժամանակներում:

ՈՒստի, Հայկական հարցի ձախողման պատճառները պետք է փնտրել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում և Վաշինգտոնում:

Հայկական հարցն առաջացումից հետո մինչև այժմ ոչ մի առաջընթաց չի ունեցել: Այդ երկար ու ձիգ ժամանակաշրջանում Հայկական հարցի լուծման գործում որևէ դրական տեղաշարժ չի կատարվել՝ հենց արևմտյան տերությունների մեղքով:

Տասնմեկերորդ. Արևմտյան տերությունները Թուրքիայի հետ միասին պատասխանատու են՝ Հայկական հարցի լուծումը ձախողելու համար»:

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ