«Յուրաքանչյուր ընտրություն աչքի է ընկել կեղծիքների որոշակի տեխնոլոգիայով, բայց այս նախագահական ընտրություններում կիրառվեցին բոլոր տեսակի կեղծիքների տեխնոլոգիաները` և ահաբեկում, և գայթակղելու հնարք, և լցոնումներ, ձայներ գողանալ, անվավեր համարել և այլն, բայց այդ ամենի հետ մեկտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Նա անդրադարձավ ընտրախախտումներին` բերելով մի շարք օրինակներ: Վերջինիս խոսքով, ահազանգեր ստացվել են հատկապես մարզերից: «Մարտունիից ահազանգեր ենք ստացել, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները չեն համպատասխանում իրական տվյալների հետ: Մոտ տասը տեղամասում գրեթե 80/20 հարաբերակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, բայց այլ թվեր են հրապարակվել»,-ասաց Ա.Մարտիրոսյանը, հավելելով, որ ՀՀ քաղաքացին իր ընտրությունն արդեն կատարել է՝ ձայնը տալով Րաֆֆի Հովհաննիսյանին, որի հետ իշխանությունը պետք է հաշվի նստի: Ավելին, պետք է ընդունի իր պարտությունը, որպեսզի «Ժառանգությունը» հնարավորություն ունենա սկսելու նոր Հայաստանի կազմավորումը: Հարցին` եթե «Ժառանգությունն» իշխանություններից կառավարությունը ղեկավարելու առաջարկ ստանա` կընդունի՞, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, ես պատկերացնում եմ, որ կարելի է այսօրվա կոալիցիայի շատ անդամներ լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ձևավորվող կառավարության մեջ, ոչ թե «Ժառանգությունն» այս իշխող իշխանության կոալիցիայի մաս կլինի: Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններից հետո կձևավորի նոր կոալիցիա, և այդ նոր կոալիցիան նրա գլխավորությամբ աշխատանքներ կիրականացնի»:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ էլ նշեց, որ հիմնական խախտումները վերաբերում են բաց քվեարկությանը: Նրա խոսքով, նման դեպքեր եղել են գյուղերում, երբ գյուղապետերը նստել են քվեախցերի կողքին և ուղղորդել, թե ում օգտին քվեարկել: Ըստ Հովսեփ Խուրշուդյանի, հեղափոխություն ամեն դեպքում լինելու է և այն լինելու է ծիարանագույն, քանի որ մեր խորհրդանշական միրգը ծիրանն է:
Նա հիշեցրեց, որ այսօր` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որի ընթացքում վերջինս կտա իր քաղաքական գնահատականն ու կտեղեկացնի այն քայլերի մասին, որոնք պատրաստվում է իրականացնել հետընտրական շրջանում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ