Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
08.12.2009 | 00:00

Մի անգամ Փարիզի Դը Օրսե թանգարանում կազմակերպվել էր զարմանալի ցուցադրություն, որի կենտրոնում Էդուարդ Մանեի «Նախաճաշ խոտի վրա» կտավն էր։ Սակայն ցուցահանդեսի իմաստն այն էր, որ դրա շարունակությունն էին դարձել նույն թեմայով Պաբլո Պիկասոյի 34 գծանկարները։ Այսինքն, Պիկասոն հանդես էր գալիս որպես այս, ոչ այնքան իմաստավորված, սյուժեի վերաբերյալ հակապատճեններ ներկայացնողի դերում։ Բոլոր 34 գծանկարներն էլ այդպիսի հականկարներ էին։ Ըստ էության, այդպիսին է նաև եվրոպական արվեստի բովանդակությունը, որ ամեն անգամ ձգտում է նորույթի` նույն պարադիգմի շրջանակում։ Մինչդեռ եվրոպական արվեստն անկարելի է ընկալել եվրոպական փիլիսոփայությունից, գաղափարախոսությունից ու քաղաքականությունից, և նույնիսկ կենցաղից կտրված։ Ինչ-որ մեկը ժամանակին նկատել է, որ արվեստի գործը, եթե այն անթույլատրելի է ցուցադրել խոհանոցում, ապա դա արդեն արվեստ չէ, այլ ընդամենն ամոթալի էգոիզմի դրսևորում։
Օսվալդ Շպենգլերը և Եվրոպայի մայրամուտի այլ կանխատեսողներ շատ կզարմանային, եթե գտնվեին ժամանակակից Եվրոպայում, որը հայտնվել է հոգևոր, ժողովրդագրական, սոցիալական ու տնտեսական ծայրահեղ անկման մեջ և պատրաստ չէ անգամ ինքնակազմակերպման ոչ քաղաքական, ոչ էլ պաշտպանական իմաստով։ Եվրոպան անվերջ զիջումներ է անում այլ քաղաքակրթությունների, անգամ չգիտակցելով այդ տոտալ նահանջի ու կապիտուլյացիայի փաստը։ Սակայն իր գոյության վերջին շրջանում Հռոմեական կայսրությունն էլ էր դարձել նոր պետությունների ու ազգերի ճակատագրերի լուծման հրապարակ և, ըստ այդմ, ներկայիս Եվրոպան դարձել է գրեթե այլընտրանք չունեցող հարթակ` հին և նոր քաղաքական ուժերի միջև հարաբերությունների պարզաբանման համար։ Որովհետև հենց Եվրոպան է առավել հարմար «դատարանը», ուր կարելի է հասնել գործնականում ցանկացած որոշման, որը հարմար է քաղաքական ու աշխարհաքաղաքական գաղափարների իրագործման համար։
Որոշ փուլերում եվրոպական բեմահարթակում ընդունված առանձին որոշումները կարող են և ձեռնտու թվալ, սակայն դա ընդամենը պատրանք է, քանի որ «դատարանը չունի դատական կատարածուներ», և այդ դաշտում ընդունված ցանկացած որոշում անլիարժեք է և չունի իրագործման ներուժ։ Եվրոպայի այս շատ վտանգավոր առանձնահատկությունն ուրիշներից ավելի շուտ հասկացել է ԱՄՆ-ը, որը խիստ զգուշանում էր միջազգային գործընթացներին Եվրոպայի միջամտությունից` հատկապես խնդրահարույց տարածաշրջաններում։ Այնուհանդերձ, Եվրոպան շարունակում է ճգնաժամից դուրս գալու ուղիներ որոնել, գործնականում սպառնալով մնացած աշխարհին, որ եթե եվրոպական քաղաքակրթությունը դատապարտված է մահվան, ապա իր հետևից կքաշի նաև մնացածներին, ու հարկ է նշել, որ այդ սպառնալիքն ունի հիմքեր և բովանդակություն։ Լիարժեք համաշխարհային «ուժային կենտրոն» դառնալու ճանապարհին Եվրոպան պետք է կարողանա լուծել հետևյալ խնդիրները. հաստատել եվրոպական տնտեսական մոդելի առավելությունը մյուսների նկատմամբ, ձևավորել արտաքին քաղաքականության իրագործման իրական կենտրոն, ստեղծել մարտունակ զինված ուժեր։ Բոլոր այս խնդիրները, անշուշտ, լուծվելու են` անտեսելով ԱՄՆ-ի քաղաքականությունն ու ռազմավարությունը, մասամբ` նաև Մեծ Բրիտանիայինը։ Սակայն առաջանում է հարց, թե ո՞վ է ընդունակ իրագործելու դրանք։
Վերջին տասնամյակներում թվում էր, թե եվրոպական քաղաքական դասակարգն անշեղորեն լողում է դեպի ձախ և ձեռք է բերում նոր գաղափարական արժեքներ։ ՈՒ, ըստ այդմ, եվրոպական հանրության ստեղծման գաղափարը, այսպես թե այնպես, պետք է հանգի սոցիալիզմի որոշակի մոդելի ձևավորմանը։ Այս համոզմունքը գնալով ամրապնդվում էր ձախ և ձախ-լիբերալ միտումների ազդեցությամբ, որոնք առկա էին անգամ ավանդաբար պահպանողական Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում Բիլ Քլինթոնի ձախ-լիբերալ վարչակազմի գործունեության շրջանում։ Բարաք Օբամայի հայտնվելը Սպիտակ տանն է՛լ ավելի ալեկոծեց եվրոպական հասարակությունը, ամենից առաջ երիտասարդությանը և մտավորականությանը` ներշնչելով լիբերալ տիպի «համաշխարհային ձախ հեղափոխության» իրագործման հույսեր։ Եվրոպայում վաղուց ձևավորվել են ձախ ուժեր, որոնք, կապված լինելով լիբերալ մտավորականության և հետմոդեռնիստական էլիտայի հետ, փորձում են ձևավորել որոշակի քաղաքական ոճ և մինչև վերջ պարզ չձևակերպված եվրոպական արժեքները տարածել հարևան տարածաշրջաններում։ Կարևոր է և այն, որ նախկինում բրիտանական ձախ կուսակցություններն առանձնապես չէին ձգտում մասնակցել եվրոպական ձախ լիբերալների քաղաքականության ձևավորմանը, սակայն հիմա իրավիճակը փոխվել է, ինչը շատ կողմերով պայմանավորված էր Թոնի Բլերի թիմի ազդեցությամբ։
Վերոնշյալ ձախ լիբերալ շրջանակները, որոնք անհամեմատ ավելի ազդեցիկ են Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում և Շվեդիայում, քան Մեծ Բրիտանիայում, որոշիչ ազդեցություն ունեցան արտաքին քաղաքականության վրա։ Կարելի է վստահաբար պնդել, որ այդ քաղաքական ուժերի դիրքորոշումն իրականում եվրոպական աջերի պրագմատիկ քաղաքականության վատ կրկնօրինակումն է։ Եվրոպական աջերը, կաթոլիկական շրջանակների և աջ կենտրոնամետ ուժերի հետ դաշինքի մեջ լինելով, իրենց հերթին փորձում են կրկնօրինակել Ջորջ Բուշի քաղաքականությունը, սակայն դրանով հանդերձ ձևավորել ամերիկյանից տարբեր դիրքորոշում։ Այս անիմաստ գաղափարն անխուսափելի ձևով հանգում է տապալման և միաժամանակ ծանր բեռ է դառնում հակամարտությունների մասնակիցների վրա։ Աջ պահպանողական ուժերը Եվրոպայում հանդես են գալիս Կոսովոյին անկախության տրամադրման և Բոսնիան երեք պետության բաժանելու օգտին։ Ձախերն իրենց հերթին դեմ են այդ գաղափարին, սակայն կարևորն այն է, որ գաղափարախոսական համոզմունքները Եվրոպայում փոփոխվելու են, որովհետև եվրոպական քաղաքական կյանքում քիչ չէ կոնյունկտուրային խնդիրների ազդեցությունը։ Այս հանգամանքը շատ կարևոր է Ֆրանսիայում և Գերմանիայում աջ ուժերի գործունեությունն ու նպատակները հասկանալու համար։ Նրանք ցանկանում են գործնականում իրականացնել նույն քաղաքականությունը, ինչ ԱՄՆ-ը, և հասնել նույն նպատակներին, սակայն անել դա ինքնուրույն, գոնե ընդհանուր եվրոպական քաղաքականության շրջանակներում։
Քաղաքական փոփոխությունները Եվրոպայում և աջ ուժերի հաջողությունները պայմանավորված են բազմաթիվ լուրջ գործոններով ու կուտակված խնդիրներով, և դա հանգեցնելու է նոր իրավիճակի ձևավորման, ինչն իր արտահայտությունը կունենա, երբ եվրոպացիները կփորձեն արտաքին քաղաքականության մեջ հեռանալ ծայրահեղ դիրքերից և, ընդհակառակը` ներքին հիմնախնդիրները լուծել ավելի արմատական մեթոդներով։ Գերմանիայի փորձը և Ֆրանսիայի հետ կապված նրա սպասումները խոսում են այն մասին, որ եվրոպական աջերը շարունակում են իրենց նախորդը հանդիսացած աջ կուսակցությունների ավանդական քաղաքականությունը և լուրջ փորձեր են ձեռնարկելու համաեվրոպական գաղափարը զարգացնելու ուղղությամբ։ Միաժամանակ, նրանց համար առաջնային խնդիր չի լինի ՆԱՏՕ-ի և տրանսատլանտյան հարաբերությունների հետագա քայքայումը։ Խիստ կասկածելի է, որ Եվրոպայի համար մեծ կարևորություն ներկայացնող խնդիրներն իրենց լուծումը կստանան մի քանի տարվա ընթացքում։ Այդ պատճառով էլ եվրոպական աջերը կնախընտրեն ամենից առաջ պահպանել սոցիալական կայունությունը։ Նրանց այդ քաղաքականությունը հաշվարկված է մի շարք տարածաշրջաններում նոր ազդեցության ձեռքբերման ցանկությունից ելնելով, ինչը պայմանավորված է լինելու ոչ միայն եվրոպական անվտանգության խնդիրներով, այլև կոնկրետ գեոտնտեսական նպատակներով։ Այդ իսկ պատճառով, առաջատար եվրոպական տերությունների քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում, այդ թվում և` Հարավային Կովկասում, պայմանավորված է լինելու Եվրամիության առաջնահերթ խնդիրներով, ոչ թե ԱՄՆ-ի և նրա առաջնային գործընկեր Մեծ Բրիտանիայի նպատակներով։ Այդ խնդիրներին ենթակայացված կլինի նաև Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցի հետ կապված։ Միևնույն ժամանակ, կառավարող աջ էլիտաները Եվրոպայում ձեռք կբերեն գործունեության ազատության մեծ աստիճան, այն պայմաններում, երբ դեմոկրատական կուսակցությունն ԱՄՆ-ում ավելի ու ավելի մեծ ազդեցություն ձեռք կբերի առաջիկա 10-15 տարվա հեռանկարի կտրվածքով։ Ամերիկյան ձախերի և եվրոպական աջերի համագործակցությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրի վերանայմանը, ինչը կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կարևոր նախապայման։
Միաժամանակ Եվրոպայում աջերի և ձախերի միջև պատմական բանավեճը հեռու է իր ավարտից։ Հակառակը, այդ հակադրությունը միայն սկսվում է և, միասնական Եվրոպայի կառուցման վերևում նշված երեք խնդիրներից բացի, հրապարակ են գալիս բազմաթիվ խնդիրներ, որ լայն իմաստով կապված են անվտանգության հետ։ Վերջին երկու տասնամյակի իրադարձություններն ի ցույց դրեցին ձախ քաղաքական ուժերի բացարձակ անպատասխանատվությունը միգրացիայի, ժողովրդագրական անկման, սոցիալական և հոգևոր խոր ճգնաժամի, տարածաշրջանային մարտահրավերների, ահաբեկչության, կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ բազմիցս նշվել է, որ ժամանակակից Եվրոպայում «ձախ նախագիծը» ներկայացված է անհրաժեշտ հոգևոր, կրթական ու դաստիարակության ցենզ չունեցող մարդկանցով։ Անգամ բազմաթիվ ձախ գաղափարախոսներ ստիպված խոստովանում են, որ ձախ լիդերների հին եվրոպական դպրոցի ներկայացուցիչներին փոխարինել են անհետևողական, անգաղափար և ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, ովքեր ընդունակ չեն ոչ հասկանալու, ոչ էլ լուծելու առաջնահերթ խնդիրները։ Եվրոպական հասարակությունը հասկացել է, որ նույնիսկ ոչ աջ կենտրոնամետները, այլ հենց աջ ու աջ պահպանողական քաղաքական գործիչներն են ընդունակ զսպելու Եվրոպան պատմական ճգնաժամի անդունդը գլորվելուց։ Այս կապակցությամբ ձախ ուղղվածության ինտելեկտուալների մի ահռելի զանգված պարզապես շփոթվածության մեջ է և ընդունակ չէ անգամ իրականացնելու համարժեք քաղաքական ու տնտեսական վերլուծություն և չի պատկերացնում հեռանկարը։ Ձախ և լիբերալ հասարակական խմբերի միջև որոշակի դաշինքներ ձևավորելու փորձերը չէին կարող հանգեցնել ինչ-որ նոր նախագծերի ձևավորման և քաղաքական ուղու իմաստավորման, անգամ եթե դա վերաբերում է զուտ իշխանությունը վերցնելուն։ Եվրոպայում ձախերի և լիբերալների պարտության գլխավոր պատճառը հանդիսացավ այն, որ այսքան ձախ-լիբերալ տնտեսական և սոցիալական մոդելը Եվրոպայում ստեղծեցին և զարգացրին հենց աջ կուսակցությունները։ Այս պարագայում ինչպես չմտաբերել Օսվալդ Շպենգլերի հայտնի արտահայտությունը. «Պրուսական յունկերության կարծրատիպերում շատ բան կա սոցիալիզմից»։ Ընդ որում, ԱՄՆ-ում եվրոպականին համարժեք ձախ-լիբերալ տնտեսական մոդելի գոյությունը միանգամայն ձեռնտու է եվրոպական աջ քաղաքական գործիչներին որպես ամերիկյան էքսպանսիայի սահմանափակման կարևոր պայման և արտաքին քաղաքականության մեջ նեոպահպանողական միտումների չեզոքացման միջոց։ Ձախ-լիբերալ ուժերի ազդեցության առկայությունն ԱՄՆ-ում եվրոպացիների համար նշանակում է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ներքին և արտաքին քաղաքականության մեջ «երրորդ ուղին» գտնելու համար, որպես նեոպահպանողականության այլընտրանք։ Եվրոպական նոր աջերն ավելի մեծ հավակնություններ և հույսեր ունեն, որ ոչ միայն կհաջողվի հավասարեցնել եվրոպական և ամերիկյան ազդեցությունն աշխարհում, այլև ուժեղ ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ-ի քաղաքականության վրա։
Ձախերի գաղափարախոսության և քաղաքականության անբարոյությունը Եվրոպայում շատ կողմերով կողմնորոշեց նրանց ներքին և արտաքին քաղաքականությունը։ Սահմանափակումներ չդրվեցին Աֆրիկայից և ասիական երկրներից միգրացիայի առջև, ինչը վտանգի տակ դրեց Եվրոպայի էթնոկրոնական ինքնությունը։ Շարունակվեց Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդարձակումը, ընդ որում, չնայած եվրոպական առաջատար երկրների դիրքերի թուլացմանը։ Քննարկման առարկա է Թուրքիայի ընդունման հարցը Եվրամիություն որպես լիիրավ անդամի, ինչը կհանգեցնի ամբողջ եվրոպական հանրության ներկայիս ձևաչափի ապակազմակերպմանը։ Սահմանափակումներ չդրվեցին սեռական հարաբերություններում, լիարժեք իրավական լեգիտիմություն ստացավ համասեռամոլությունը, այդ թվում` եկեղեցու օրհնությամբ, չսահմանափակվեց սոցիալական պաշտպանության համակարգերի զարգացումը, որ լուրջ արգելակ է դարձել տնտեսության արդյունավետ զարգացման համար։ Եվրամիության երկրների պաշտպանունակությանը մեծ վնաս է հասցվել հայրենասիրական տրամադրությունների անկման և պացիֆիզմի տարածման պատճառով։
Թուրքայի Եվրամիություն ընդունվելու թեման դարձել է եվրոպական աջերի և ձախերի միջև քաղաքական պայքարի ու բանավեճի առիթ։ Ընդ որում, ձախերը, կորցնելով շատ փաստարկներ, ինչպես նաև հասարակության վրա ազդելու լծակները, զբաղված են բացահայտ դեմագոգիայով։ Թուրքիայում վերջին նախագահական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպես եվրոպական սոցիալիստներն ու այլ ձախերն այդ թեման վերածեցին ճնշման լծակի որոշակի գաղափարական, կրոնական և էթնիկական խմբերի նկատմամբ։ Բանը հասավ աջ ճամբարում գտնվող հակառակորդներին մեղադրելուն, որ նրանք զբաղված են ռասիզմով ու ազգային խտրականությամբ։ Եվրոպական քաղաքական բեմահարթակում տեղի են ունենում ճակատային, խաչաձև, ներազգային և համաեվրոպական բանավեճեր, որոնք պայմանավորված են տարբեր կուսակցությունների, խմբավորումների, հասարակական խմբերի ու շարժումների, խոշոր մասնավոր ընկերությունների, եկեղեցիների տարաբնույթ շահերով։ Եվ այդ պատճառով էլ շահերի ու դիրքորոշումների արտահայտման դինամիկան շատ բարձր է։ Օրինակ, Հյուսիսային Եվրոպայի երկրները, որպես կանոն, հանդես են գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին, որովհետև այդ պետություններում քաղաքական գործընթացներն ավանդաբար առաջնորդում են ձախ կուսակցությունները։ Կարելի է պնդել, որ քաղաքական գործիչների, քաղաքական ֆունկցիոներների և քաղաքագետների հետ զրույցներում` Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում, տպավորություն է ստեղծվում, որ նրանցից շատերն անհրաժեշտ պատկերացում չունեն այդ խնդրի վերաբերյալ, և նրանց դիրքորոշումը պայմանավորված է առանձին քաղաքական կուսակցությունների շահերով։ Կարելի է բերել դասական օրինակ, երբ Թուրքիայի գծով երկու առաջատար բրիտանական փորձագետներ Մարկ Լեոնարդը և Կատիկա Բերիշին, ովքեր աշխատում են Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության կենտրոնում, միաժամանակ կապեր ունեն Թուրքիայի կառավարության և Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի ու այլ երկրների ձախ կուսակցությունների հետ։ Եվրոպական ձախ կուսակցություններին ինտեգրված փորձագիտական հանրության միջոցով տեղի է ունենում թուրքական շահերի լոբբինգը` ընդդեմ աջերի քաղաքականության։
Միևնույն ժամանակ, ի հակակշիռ ԱՄՆ-ի, եվրոպական աջերը կտրուկ դեմ են հանդես գալիս տարբեր տարածաշրջաններում նոր պետությունների ձևավորմանը։ Ընթանում է կատաղի պայքար եվրոպական ձախերի և կաթոլիկական շրջանակների միջև, որի գինը տասնյակ միլիոնավոր ընտրողների հնարավոր դիրքորոշումն է։ Բացի աջ-կենտրոնամետ և աջ-պահպանողական ուժերից Եվրոպայում ձախերի հակառակորդներն են նաև ծայրահեղ աջերը, որոնց դիրքերը նախկինի պես ուժեղ են Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, այսօր արդեն` նաև Բենիլյուքսի պետություններում։ Այն բանից հետո, երբ 1990-ականներին Բրիտանիան նկատելիորեն դեպի ձախ թեքվեց, այս երկրում էլ ուժեղացել են ծայրահեղ աջ քաղաքական կազմակերպությունները։ Աջ-կենտրոնամետ, աջ-պահպանողական և ծայրահեղ աջ ուժերի հզորացման դեմ ձախերը փորձում են ընտրողներին վախեցնել նեոֆաշիստական, նեոնացիստական վտանգի մեծացումով և մեղադրում աջերին ավտորիտարիզմի ձգտման մեջ։ Այս խաչաձև բանավեճի մթնոլորտում անհնար է ամբողջությամբ և արդյունավետ լուծել անվտանգության խնդիրները։
Վերջին ժամանակներս ձախ կուսակցությունները, զգալիորեն կորցնելով իրենց դիրքերը միջին խավի և վարձու բանվորության շրջանում, աստիճանաբար վերածվում են առանձին տարածաշրջանների, մտավորականության մի մասի և Աֆրիկայից ու Ասիայից Եվրոպա ժամանած միգրանտների կուսակցությունների։ Սա չի կարող երկար շարունակվել և եվրոպական ժամանակակից ձախերն անկասկած կհեռանան քաղաքական բեմահարթակից։ Միաժամանակ բոլոր խավերի ընդհանուր համաչափությամբ ավելի ու ավելի ձայներ են ստանում աջ կուսակցությունները, որոնց օգտին են քվեարկում նաև առանձին էթնիկ համայնքներ։ Օրինակ, եվրոպական բոլոր երկրների հայկական համայնքները, առանց բացառության, ավանդաբար քվեարկում էին ձախ կուսակցությունների օգտին։ Հայկական համայնքներում հասարակական մտքի զգալի ձեռքբերում կարելի է դիտարկել այն փաստը, որ Եվրոպայի հայկական համայնքները սկսել են նախապատվություն տալ աջ կուսակցություններին, ընդ որում, ոչ միայն Ֆրանսիայում, այլև Գերմանիայում, Ավստրիայում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2090

Մեկնաբանություններ