«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Գորշ գայլեր»

«Գորշ գայլեր»
02.06.2009 | 00:00

ՃԱՆԱՉԻՐ ԹՇՆԱՄՈՒԴ
(սկիզբը` թիվ 100-ում)
Ըստ Թուրքիայի աշխատանքային կուսակցության ղեկավար Դողու Պերինչեկի, որը, ասում են, հայ է, Չաթլին և այլ «Գորշ գայլեր» վաղուց ի վեր աշխատում են Թուրքիայի իշխող վերնախավի համար: Գիտենք, եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում սկսվել էին թուրք դիվանագետների տարօրինակ սպանություններ, որոնց իրականացնողն էր բոլորիս հայտնի «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը», որն ավելի շատ հայտնի է «ASALA» անվամբ: Այժմ Թուրքիայում խոսվում է, թե իբր MIT-ի մարդիկ, այսինքն` Թուրքիայի պետական ազգային անվտանգության ապարատից, հանձնարարել էին Չաթլիին լուծել այդ խնդիրը, իսկ որոշ ժամանակ անց, իբր դրա հետևանքով, տարօրինակ սպանությունները դադարել էին: Ֆրանսիայում հանելուկային հանգամանքներում սպանվել էր ԱՍԱԼԱ-ի լիդերներից մեկը: Ըստ վերոնշյալ Պերինչեկի պնդման՝ «Գորշ գայլեր»-ին անձամբ ղեկավարում էր տիկին Թանսու Չիլերը: 1968 թվին «Գորշ գայլեր» խմբակցությանը միացան 2 այլ դիվերսիոն-ռազմական կուսակցություններ՝ Մեծ իդեալիստական միությունը և Թուրքական դեմոկրատական իդեալիստական միության համադաշնությունը: «Գորշ գայլեր»-ի թիվը 1970-ական թվերին հասնում էր 300 հազարի: 1974-80 թվերին վերացվեցին «Գորշ գայլեր»-ի հակառակորդ 700 քաղաքական ու մտավորական գործիչներ: Պատկերն ամբողջացնելու համար նշենք մի քանի վիճակագրական տվյալներ. 1978 թ. Թուրքիայում ահաբեկչության զոհ է դարձել 879, 1979-ին` մոտ 1200, իսկ 1980-ի առաջին 8 ամիսների ընթացքում (մինչև սեպտեմբերի 12-ը)` ավելի քան 2000 մարդ:
«Գորշ գայլեր»-ը Թուրքիայից դուրս շարժվում են հետևյալ նշանաբանով. «Ավելի լավ է ունենաս 1 ատրճանակ, քան 10 եղբայր»: Զբաղվում են թմրանյութերի առևտրով, մարդկանց (ինչպես իրենց՝ «Գորշ գայլեր»-ի, այնպես էլ այլ) առևանգումով, բանտերից փախցնելով: Թուրքիայի MHP-ն ողջ Եվրոպայի «Գորշ գայլեր»-ի մայր կուսակցությունն է: Իրենց մաֆիոզ ղեկավարներին անվանում են «Բաբա»-ներ: Փորձում են մտնել տեղական պետական մարմինների մեջ, այդ թվում նաև` ոստիկանություն, իրենց մարդկանց օգնելու, հասարակական դիրք գրավելու համար, քանի որ համազգեստ նշանակում է նախ և առաջ հասարակական ստատուս:
Նրանց գործունեությունն ուղղված է հրեաների, հայերի, հույների, քրդերի և հատկապես՝ կոմունիստների դեմ: Ինչպես հենց իրենք՝ «Գորշ գայլեր»-ն են վկայում, իրենք բարգավաճում են շնորհիվ որևէ թշնամու գոյության: Մինչև 80-ականների կեսերը MHP-ի պայքարը կոմունիստների դեմ էր: Ըստ նրանցից մեկի՝ «Միակ բանը, որ մենք անում էինք, ձախերին հարվածելն էր: 1980 թվի պետական հեղաշրջումից հետո ձախերի համար լավ ժամանակներն անցել էին: Նրանց տեղը, սակայն, բռնեց PKK-ն (Partiye Kargerane Kurdistan) և նրա առաջնորդ Օջալանը, որին թուրքերն անվանում էին Ապո: Առանց նրա «Գորշ գայլեր»-ի շարժումը երբեք ի վիճակի չէր լինի 80-ականներին այդպիսի մի զորեղ վերադարձ արձանագրել: Կառավարությունը պաշտպանում էր «Գորշ գայլեր»-ին և է՛: Պատահական չէ, որ «Ozel Timler»-ը, որը թարգմանաբար նշանակում է «Հատուկ ջոկատներ», մեծ մասամբ կազմված էր գորշգայլականներից: Եվ նրանց տխրահռչակ գոյությունը բանակում համարվում էր «բնական»: Թուրքերի նպատակն է քրդերին սարքել փոքրամասնություն, ինչպես հայերին, հույներին և հրեաներին:
«Գորշ գայլեր»-ի հավաքներից մեկի ժամանակ Անկարայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Ալթընթաշն ասել է. «Արևմուտքում, երբ դեռ 19-րդ դարում սկսեցին զգուշորեն խոսել մարդու իրավունքների մասին, մեզ մոտ այն արդեն 14 դար է իրագործվում է Ղուրանի միջոցով: Վերցնենք, օրինակ, կանանց իրավունքները: Մինչ իսլամը կանանց կենդանի թաղում էին»:
Մի այլ ժողովում հռետորներից մեկն ասում է. «Յուրաքանչյուր մուսուլմանի պարտականությունն է, որ գյավուրներին (անհավատներին) մուսուլման դարձնի»: «Արևմուտքը վարում է միտումնավոր ասիմիլյացիայի քաղաքականություն: Նա պարտադրում է մեզ իր մշակույթն ու կրոնը»:
«Գորշ գայլեր»-ի հավաքներում հաճախ լսվում են հայտնի թուրք երգիչ Օզան Արիֆի երգերը, որը չի թաքցնում իր համակրանքը նրանց նկատմամբ:
Թուրքիայում ամեն տարի անցկացվում են MHP-ի բանակումներ, որտեղ, ինչպես նշում է մասնակիցներից մեկը, «Ստանում ես քաղաքական դաստիարակություն, սովորում, թե ինչպես պետք է պայքարել քրդերի դեմ, որոնք ուզում են մեր երկիրը երկու կտոր անել»:
«Գորշ գայլերն» իրենց շուրջ համախմբելու համար օգտագործում են սպորտը:
Ազգապաշտ թուրքը «Մի գերմարդ է, որը չի ընդունում այս աշխարհում երկու ազգի գոյություն»:
«Գորշ գայլերի» անցկացրած խաղաղ միջոցառումների ժամանակ նրանց միջից առանձնացվում են (գյորևլի) կարգապահներ և (Բաշկան) հրաման տվողներ, որոնց հրամանները կատարում են գյորևլիները:
«ՈՒլքյուջու»-ների մոտ առանց նախագահի ներկայության կամ առանց նրա հրամանի ոչինչ չի սկսվում: ՈՒնեն բարևելու իրենց հատուկ ձևերը: Ձեռքով բարևելու ձևն այսպես է. մեկը բռնում է մյուսի աջ ձեռքը և իր ճկույթը մտցնում մյուսի ճկույթի արանքը, ցուցամատը և միջնամատը ինքնաբերաբար ձգվում են առաջ, բթամատերը ցցվում են վեր, իսկ մատնեմատերը տակից պինդ պահում են ձեռքերը: Հաջորդ բարևելու ձևում իդեալիստները, սակայն, որպես բարև, ճակատներն են շփում իրար՝ մեկ աջ, մեկ ձախ կողմից: Հաջորդ բարևն այսպես է (նկարում` ինքը՝ Դևլեթ Բահչելին):
Հանդիսություններից մեկի ժամանակ օգտագործվել է «Գորշ գայլեր»-ի կողմից այդքան չսիրված, բայց «լավ» ալևիթներից մեկի՝ մտավորական, գրող Հաջի Բեկթաշ Վելիի բանաստեղծությունից մեկ տող. «Bir olalim, iri olalim, diri olalim» (Մե՛կ լինենք, մե՛ծ լինենք, ուժե՛ղ լինենք): «Գորշ գայլեր»-ի կազմակերպած ահաբեկչությունը հիմնականում իրականացնում էին «Գաղափարապաշտները» (ulkucu): 1960-ական թթ. վերջերին Թյուրքեշի ազդեցության տակ գործել սկսած «Գաղափարապաշտներ»-ի (ulkuculer) կազմակերպությունները, չմտնելով MHP-ի կուսակցական համակարգի մեջ, սկսեցին ղեկավարվել ու վերահսկվել վերջինիս կողմից: «Գաղափարապաշտների» կազմակերպությունները մեծ մասամբ բաղկացած էին երիտասարդներից և հիմնականում զբաղված էին պանթյուրքական գաղափարախոսության քարոզչությամբ ու տարածմամբ: «Գաղափարապաշտների» մեկնաբանությամբ` լինել «գաղափարապաշտ» նշանակում է «ամեն ինչ զոհաբերել հանուն գաղափարի` կատարելով ոչ թե այն, ինչ տրամաբանությունն է հուշում, այլ այն, ինչ ղեկավարն է հրամայում», իսկ գլխավոր գաղափարը Մեծ Թուրան պետության գաղափարն էր: Նախապատրաստվող ահաբեկչական գործողության հրահանգը բանավոր կերպով ստացվում էր MHP-ի Ulku Ocak-ից, զենքը նախօրոք տրվում էր տեղական կազմակերպության ղեկավարների կողմից: Ահաբեկիչների կորիզը կազմում էին «կոմանդոս»-ների ճամբարներում պատրաստություն անցած «գաղափարապաշտները»: 1960-ականներին ՀՊԲ-ի օժանդակությամբ ստեղծված «Գորշ գայլեր»-ի ճամբարներում նրանց վարժեցնում էին որպես գրոհայինների: Այնտեղ նրանց վարժեցնում էին թե՛ ֆիզիկապես, թե՛ գաղափարապես, թե՛ հոգեպես: Հատուկ ուշադրություն էր դարձվում հատկապես «կոմանդոս»-ների» գաղափարական պատրաստությանը` նրանցում մանրամասն սերմանելով պանթուրքիստական գաղափարախոսություն: Այդ ճամբարների թիվը 1970-ականների վերջերին 28-ն էր, որտեղ պատրաստություն էր անցել ավելի քան 1500 երիտասարդ:
«Գորշ գայլեր»-ի խորհրդանիշներից մեկն էլ 3 կիսալուսինն է, որը, ինչպես և Bozkurt բառը, օգտագործելու բացառիկ իրավունքը պատկանում է միմիայն նրանց, որոնք, սակայն, ինչպես աստղը, դրոշի կարմիր գույնը ներկայացնում են այլոց իբրև Օսմանյան կայսրության խորհրդանիշներ: Իրականում, սակայն, 3 կիսալուսինը նշանակում է «Աստված, հայրենիք, դրոշակ»: «Գորշ գայլերի» պարբերաթերթն է «Ulku ocak»-ը (Իդեալիստական օջախ):
Մզկիթներից մեկում տարվում է բացահայտ քաղաքական քարոզչություն: Իմամ Աբդուլլահն ասում է . «Նրանք, որոնք չեն երկրպագում մարգարեին, անասուն են: Նրանց ու անասունների միջև տարբերություն չկա, քանզի անասունն էլ ուտում, խմում, բազմանում է: Սիրելի՛ հավատացյալներ, խնդրում եմ ձեզ հեռու մնաք այն մարդկանցից, որոնք մեծ մարգարեին չեն երկրպագում»:
Կամ Ulu Cami-ի իմամը քարոզում է, որ մատաղ անելու օրը (Kurban bayram) ավելի լավ կլինի փող նվիրաբերել Չեչնիայի իրենց «եղբայրներին», որոնք գտնվում են ծանր կացության մեջ: Սակայն, ինչպես հետագայում պարզվում է, փողը նույնիսկ չի հասել Չեչնիա, այլ բաժանվել է այլ թուրքական համայնքների միջև:
Թուրք երիտասարդությունը կլանվում է ոչ միայն «Գորշ գայլերի», այլև «Milli Gorus» (Միլլի Գյորուշ) կազմակերպության կողմից: Վերջինս թուրք-արմատական-իսլամական մի շարժում է Եվրոպայի տարածքում: Ըստ այս երկուսի տվյալների՝ նրանք ունեն համապատասխանաբար՝ 40000 ու 32000 համակիր Հոլանդիայում: Եթե դա իրոք այդպես է, ուրեմն թուրք փոքրամասնության 1/4-ը հարում է կամ կրոնական-արմատական, կամ ազգայնամոլական գաղափարներին:
Բացի նրանից, որ Եվրոպայի թուրքերը կարող են լուրջ լոբբիստական աշխատանքներ տանել Թուրքիայի համար, նրանք նաև տարեկան շուրջ 5 միլիարդ եվրո են փոխադրում Թուրքիա, որը նույնպես կարևոր է Թուրքիայի համար:
«Գորշ գայլեր»-ի մրցակից են համարվում ANAF-ը` «Avrupa Nizami-Alem Federasyonu» (Միջազգային կարգ եվրոպական ֆեդերացիա) և Rifah Parti-ն` Արմատական իսլամականների կուսակցությունը:
«Գորշ գայլեր»-ից 1986 թվին Գերմանիայի թուրքական ֆեդերացիայից (Թուրքիայից հետո «Գորշ գայլեր»-ի ամենամեծ օջախն էր և է) դուրս է գալիս նախագահը՝ Մուսա Սերդար Չելեբին ու 1988 թվին հիմնում «Turk Islam Kultur Dernekleri Birligi»-ն (Թուրք իսլամական մշակութային կազմակերպությունների միավորումը), որի համար ավելի առաջնահերթ էին իսլամական արժեքները:
1992 թվին Թուրքիայում MHP-ից հեռանում են մի խումբ մարդիկ ու հիմնում «Buyuk Birlik Partisi»-ն (Մեծ միավորման կուսակցությունը):
Չելեբին, հնարավոր է, մասնակցություն է ունեցել Ալի Աքչայի միջոցով Հռոմի Պապի մահափորձին: Այս գործի առնչությամբ Չելեբին Իտալիայում 3 տարի բանտ նստեց, մինչև որ փաստերի բացակայության պատճառով ազատ արձակվեց:
Թեև 2002 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում MHP-ն, ստանալով ընտրողների քվեների 8,34 տոկոսը, չկարողացավ հաղթահարել 10-տոկոսանոց ընտրաշեմը և տեղ չունեցավ խորհրդարանում, այնուամենայնիվ, շարունակում է մնալ երկրի առաջատար և ազդեցիկ կուսակցությունների շարքում: 2004 թ. գարնանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Գորշ գայլեր»-ը գրավեցին 3-րդ տեղը` զիջելով միայն ԱԶԿ-ին և ԺՀԿ-ին:
Աշոտ ԱՎԱԳՅԱՆ
Արևելագետ

Դիտվել է՝ 3477

Մեկնաբանություններ