ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ոչինչ չի վերջացել, մեր հավերժ հերոս. մենք դեռ կիսատ պայքար ունենք ` քեզանից հետո մեզ մնացած ցավի մեջ պահած

Ոչինչ չի վերջացել, մեր հավերժ հերոս. մենք դեռ կիսատ պայքար ունենք ` քեզանից հետո մեզ մնացած ցավի մեջ պահած
30.07.2024 | 14:48

Նա ծնվել էր արտիստ դառնալու համար։ Իր ամենասիրելի հայ մեծերն էին Ֆրունզիկ Մկրտչյանը և Լեոնիդ Ենգիբարյանը։ Եվ ասես այս երկու մեծությունների արվեստներին բնորոշ գծերը հանդիպել էին հենց այս հերոս զինվորի մեջ։ Դրամատիկական թատրո՞նն էր լինելու նրա բեմը, թե՞ Մնջախաղի թատրո՞նը, թե՞ կրկեսը` իր յուրօրինակ ժանրով։ Թերևս բոլորը միասին, և դա լինելու էր ԷԼՎԻՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ արվեստը։

Գնալ մեծերի հետքերով, ապրել մեծերով և բերել սեփական խոսքը. սա էր լինելու նրա ուղին։ Դժվար էր լինելու, բայց ոչ` անհնարին Էլվիսի նման տաղանդավոր ու ինքնատիպ մտածող մարդու համար, ով ծնվել էր արվեստագետ։

2020 թվականի պատերազմի ծանր օրերն էին, երբ հայ զինվորը միայնակ կռվում էր երկու թուրքական պետությունների, նրանց նույնքան հակահայ դաշնակից պետությունների ու վարձկան ահաբեկիչների դեմ։

Եվ...համացանցում է հայտնվում ահա այս կադրը.

Մարտի դաշտում լսվում էր հայ զինվորների զվարթ հումորն ու ծիծաղը.

-Ախպերս, մի հատ Ֆրունզիկ Մկրտչյանի նման արա...

Եվ աչքիդ առաջ անմիջապես հառնում է «Հին օրերի երգը» հայտնի ֆիլմի ` բոլորիս հայտնի դրամատիկ կերպարը` մեծ արտիստի հանճարեղ խաղով.

-Ժողովու՜րդ...վե՜ր...Վերջացա՜վ ...

Մեծանուն արտիստին նմանակողը պատերազմի դաշտ կամավոր մեկնած Էլվիս Իսրայելյանն էր, որ իր սիրելի կերպարը մարմնավորեց մարտի դաշտում ու ընդմիշտ մնաց բոլորի սրտում:

Մենք ապագայում ունենալու էինք ևս մի ինքնատիպ արտիստ` Էլվիս Իսրայելյան անուն-ազգանունով, եթե չլիներ պատերազմը:

Արտիստ, որ նույնպես ծնվել էր Գյումրիում ու լինելու էր նրանց ավանդների շարունակողը, Վարպետների քաղաքի նոր փայլն ու ժպիտը:

Հուլիսի 29-ին էլվիս Իսրայելյանը դարձավ 26 տարեկան։

Հերոսների մասին չենք խոսում անցյալ ժամանակով։ Նրանք մեր հավերժ ներկաներն են, որ իրենց կերպարով ձևավորելու են վաղվա պատվախնդիր ու հայրենապաշտ սերնդին:

Էլվիս Իսրայելյանը ծնվել է 1998 թվականի հուլիսի 29-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Մանկությունն անց է կացրել քաղաք Աշտարակում: Սովորել և ավարտել է Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Դպրոց հաճախելու հետ զուգահեռ 9 տարեկանից հաճախել է Աշտարակի արվեստի դպրոց նկարչության և կավագործության բաժին: 11 տարեկանից հաճախել է սուրբ Աստվածածին (Կարմրավոր) եկեղեցու

«Զվարթոնք» մանկական երագչախումբ, այնուհետև 13 տարեկանից հաճախել է որպես եկեղեցու սան:

11 տարեկանից հաճախել է ք.Աշտարակի երաժշտական դպրոց, ժողովրդական գործիքների բաժին, շվիի այնուհետև սոլֆեջոյի: 13 տարեկանից հաճախել է «Ստեյջ-7» դերասանական արվեստի ստուդիա: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Մշակույթի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժինում:

ՈՒսումը կիսատ թողնելով 2017 թվականին զորակոչվում է Հայկական Բանակ: Ծառայությունն անցկացնում է ԼՂՀ-ի Եղնիկների զորամասում:

2019 թվականին ծառայությունն ավարտելուց հետո շարունակում է կիսատ թողած իր ուսումը: Ավարտելուց հետո սկսում է աշխատել «Բում-Բումիկ» ընկերությունում `որպես խաղավար:

Մայրը` տիկին Քլարիս Ծատուրյանը Էլվիսին ու նրա ավագ եղբորը դժվարությամբ է մեծացրել` միայնակ, կյանքի բազում ծանր իրավիճակներ հաղթահարելով։

Նկարագրում է, թե որքան կայտառ, հումորասեր դրական էմոցյաներով լի անձնավորություն է եղել Էլվիսը անգամ երեխա ժամանակ: Եվ եթե տեսնում էր մայրիկին անտրամադիր, անմիջապես մի հումորային իրավիճակ էր ստեղծում, ճիշտ այնպես, ինչպես դա հատուկ է իմպրովիզի վարպետ դերասաններին:

ՈՒ ստիպում էր ժպտալ ու մոռանալ դժվարությունները։ Այդպես է եղել անգամ պատերազմի դժնդակ օրերին։

Որքան պայծառ տեսակ պիտի լինի զինվորը, որ մարտի դաշտից զանգահարի մայրիկին ու դարձյալ դերի մեջ մտնելով այսպես ողջունի.

- «Բում –բումիկ» շոու՞...

Եվ միախառենել են զինվորի ժպիտն ու հեռախոսի մյուս կողմից լսվող մոր ծիծաղը։

Այսպիսին է եղել բոլորիս Էլվիսը` լուսավոր ու արդարամիտ Մարդը, ով չհասցրեց խաղալ իր երազած դերերը։

Եթե երբևէ գրվի Էլվիս Իսրայելյանի կենսագրական վեպը, ապա ամեն ոք կբացահայտի մի բազմաշնորհ հայորդու, ով ի բնե արտիստ լինելուց բացի ուներ նաև ստեղծագործելու մեծ տաղանդ:

Գրում էր երգեր, բանաստեղծություներ, սյուժեներ, սցենարներ: Գրում էր քառյակներ, երգեր:

Ամեն ազգային ու պետական տոնի առթիվ իր իսկ գրած սցենարով կազմակերպում էր հանդեսներ բակի երեխաների ու բոլոր բնակիչների համար և պահանջում էր, որ բոլորը գան տոնական հագուստով։

Եթե անգամ առիթ էլ չլիներ, Էլվիսն ինքն էր ստեղծում ցանկացած առիթ, որ հոգու տոն ստեղծեր շրջապատի համար։

Մայրը ` տիկին Քլարիսը, պատմում է, որ ամենքին լույս բաշխող, անարդարության դեմ ըմբոստ Էլվիսն ամեն օր աշխատանքից հետո տուն էր վերադառնում, գլուխը դնում էր բարձին ու Աստծո հետ կռիվ էր տալիս, թե ինչու չեն պատժվում իրենց հետևից խավար սփռող մարդիկ, ինչու՞ մաքուր ու պարզ ընտանիքներին պիտի միշտ ցավ, տանջանք ու տառապանք բաժին հասնի, իսկ ստոր տեսակներին կարծես, թե ոչինչ էլ չի պատահում։

-Ինձ միշտ հարցնում էր, թե ինչի համար է կյանքն այսքան անարդար: Չէր համակերպվում այս աշխարհի դրվածքի հետ: Նրա աչքերը մանկուց շատ թախծոտ էին, բայց ինքը կարողանում էր բոլորին ուրախացնել և կյանք պարգևել, իսկ իրեն ոչ մեկը չէր կարողանում ուրախացնել: Նա մայրապաշտ Էր: Ամեն առավոտ կարթնանար կմիացներ երաժշտությունն ու ինձ կստիպեր պարել իր հետ։ Նա շատ էր սիրում երաժշտությունը: Դա իր համար հոգու և մտքի դարման էր: Նույնիսկ քնելուց երաժշտություն էր միացնում ականջակալներով և քնում էր: Ես Էլվիսին ու իր եղբորը փոքրուց միշտ եկեղեցի եմ տարել, որ հաղորդակցվեն մեր մշակույթի ակունքներին, որ լսեն Սուրբ Պատարագը ու դա օգնի նրանց ճանաչել ազգի մշակույթը։

Հայրենիքի հանդեպ սերը նրա մեջ սերմանվել է մանկուց։ Իր սովորած առաջին երգը ոչ թե եղել է որևէ մանկական երգ, այլ «Երազ իմ երկիր Հայրենիք»-ը` Հայոց բանակի հիմնը,-պատմում է տիկին Քլարիսը։

Հետո շարունակվում են պատմությունները պատերազմի կամավորի մասին։

-Մինչ պատերազմը սկսելը սեպտեմբերի 26-ին Էլվիսը կապ էր հաստատել Եղնիկների հրամանատարի` իր գնդապետ Ջալավյանի հետ, ցանկություն հայտնել ծառայել պայմանագրային հիմունքով` որպես դիրքապահ: Հրամանատարն ի պատասխան Էլվիսի ասել էր.

«Ես արձակուրդի մեջ եմ և հոկտեմբերի 1-ին կվերադարնամ ծառայության ամպայման կընդգրկեմ քեզ»:

Մինչդեռ հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 27-ն էր...

Այդ օրը նա վերջին անգամ գնում է Աշտարակի Սուրբ Աստվածածին Կարմիավոր եկեղեցի։

Քահանան ասում է.

- Հագիր շապիկդ և բարձրացիր խորան։

Նա ասում է.

- Չէ՛, ես այսօր մի քիչ ուշացել եմ, ուզում եմ մնալ ժողովրդի մեջ։

Պատարագի ընթացքում, երբ քահանան գլուխը կախում է ` Սուրբ Գրքից քարոզ կարդալու, նկատում է, որ ժողովուրդը ծիծաղում է։

Եվ երբ գլուխը բարձրացնում է, անմիջապես լրջանում են։ Եվ դա կրկնվում է 3-4 անգամ։

Երբ ավարտվում է Պատարագը, քահանան հարցնում է.

֊Ժողովուրդ, ի՞նչ էր պատահել:

Եվ մարդիկ ասում են.

-Էլվիսը ծաղրածուի քիթը դրել էր և մեզ ուրախացնում էր:

Երեկոյան գալիս է տուն, խաբում է մեզ, թե իբր իրեն զինկոմիսարիատից կանչել են և առավոտյան պետք է ներկայանա:

Լույսը բացվելուն պես ներկայանում է զինկոմիսարիատ։

Երկու 2 ժամ հետո զանգահարում է ինձ, թե ապերին ասա, թող գա իմ պայուսակը տանի տուն, ինձ տանում են կռիվ: Շտապում ենք իրեն ճանապարհելու:

Եվ արդեն ավտոբուս բարձրանալիս ասում է.

-Մամ, ինձ չեն կանչել, ես կամավոր եմ գնում։

Նա մինչ Արցախ հասնելը որոշել էր գնալ իր ծառայության վայր` Եղնիկներ` իր հրամանատարի մոտ, բայց հենց հասնում է Արցախ զանգահարում է ինձ ու ասում, որ մտափոխվել է և մնում է իր հետ ավտոբուսում գտնվող տղաների հետ մեկնում է Ակնա (Աղդամ):

...Էլվիս Իսրայելյանի համար չկար ավելի մեծ արժեք, քան ազգային մշակույթն ու Հայրենիքը։ Հանուն այս արժեքների էլ նա մարտնչեց հերոսաբար ու անմահացավ, որ մենք Հայրենիք չկորցնենք։

Նոյեմբերի 5-ի գիշերը և լույս 6-ի առավոտյան ` ամբողջ անձնակազմով տեղափոխվել էին Շուշի: Մարտերը ծանր էին, զոհվում էին ծառայակից ընկերները։

Ծանր էին մարտերը։ Սակայն Էլվիսը շարունակում էր մարտը վարել մինչև վերջ` չենթարկվելով «նահանջ» հրամանին։

-Մենք Հայրենիք չունենք թշնամուն տալու, -սա է եղել նրա գաղափարը։

Եվ մինչև վերջ իր այս գաղափարին հավատարիմ` անմահացավ Արցախում։

Հետո արդեն մարտական ընկերները պիտի պատմեին, որ մարտի դաշտում էլ Էլվիսը եղել է շատ խիզախ, անվախ, ուժեղ, բոլորին կարեկցող, ուժ ու կորով հաղորդող, եղել է ջոկատի ոգին:

Վախը իր համար չէր:

Պատերազմի դաշտում էլ հումորներ է արել, ստիպել, որ իր ծառայակից ընկերները ծիծաղեն պատերազմի դեմքին ու չնահանջեն։

Այսպես է նա պահել բոլորի մարտական ոգին, բարոյա-հոգեբանական բարձր մթնոլորտ ստեղծել, որ իր ընկերները կռվեն աննահանջ, երգել է ռազմահայրենասիրական երգեր, որ զինվորներն իրենց զգան մեր քաջ ֆիդայիների արժանի ժառանգորդն ու հավատան, որ մեր Հայրենիքն ապրելու է։

Հարազատները վերջին անգամ Էլվիսի հետ խոսել էին նոյեմբերի 5-ին: Ասել էր, որ «Կարոտել է իր բակի մանուկներին, իր անբաժանելի ուսապարկին և բոլորին»:

Բնույթով արտիստ ծնված ու պատերազմի հերոս կամավոր դարձած Էլվիս Իսրայելյանն իր կյանքի ժամերն ապրեց բոլորին լույս բաշխելով` ճիշտ Վիլյամ Սարոյանի այս փիլիսոփայությամբ .

«Փնտրիր բարին ամենուրեք…և քանի ապրում ես, ոչ մի բան չավելցնես աշխարհի աղետներին ու տխրությանը»։

Էլվիսը միայն Բարին ու Գեղեցիկը իր «թաքստոցից հանողը», մարդկային առաքինությունները պաշտպանողն ու տարածողն էր։

Իսկ իր կյանքի երազանքը հայտնի մարդ դառնալն էր։

Դու դարձար հայտնի Մարդ, մեր զարմանահրաշ եղբայր։ Դու դարձար հայտնի բոլորին քո ու բոլորի սիրելի Ֆրունզիկ Մկրտչյանի նմանակումով.

-Ժողովու՜րդ....Վերջացա՜վ...

Չէ՛, չի՛ վերջացել մեր պատերազմը, սիրելի հերոս եղբայր։

Ոչինչ չի վերջացել, որովհետև քեզանից հետո մենք պայքար ունենք` կիսատ թողած։ Եվ գալու է օրը, որ բոլոր ժամանակների պատերազմների հերոսների ու քո արյամբ ևս մեկ անգամ սրբացած Շուշիում նորից կառուցվելու են հայոց անունները կրող թատրոններ, և այդ բեմերում լինելու են մեր անմահների գնդի մարտիկներին նվիրված միջոցառումներ, որտեղ անկասկած հնչելու է նաև Էլվիս Իսրայելյան անունը, որ ծնվել էր արտիստ դառնալու համար, բայց մեր սրտերում մնաց որպես պատերազմի կամավոր, պայծառ ու խիզախ հերոս:

Շնորհավոր տարեդարձդ, հերոս։

Խոնարհումս, սիրելի հերոսամայր:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 11429

Մեկնաբանություններ