Մոսկվան դրանցից պետք է գործնական հարթությունում համապատասխան հետևություններ կատարի
Ոչինչ չի փոխվում նրանից, որ ՈՒկրաինայի Բուչա քաղաքում, մեղմ ասած, զրպարտչական բնույթ ունեցող հակառուսական խառնաժողովին մասնակցել է ոչ թե Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, այլ պարզապես հայկական պատվիրակությունը:
Չի փոխվում թե՛ Հայաստանի հակահայկական ու հակառուսական իշխանության կողմից Ռուսաստանի նկատմամբ արդեն տևական ժամանակ հետևողականորեն վարվող թշնամական քաղաքականության, թե՛ Հայաստանի կամ, առնվազն, Հայաստանի իշխանությունների համար դրա հետևանքների տեսանկյունից:
Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենը, որպես երկրի ղեկավարների շարքում թիվ 3 պաշտոնյա, պատասխանատու է և իրեն պետք է այդպիսին համարի Բուչայում հայկական պատվիրակության մասնակցության համար, անկախ նրանից՝ տվյալ պատվիրակությունը խորհրդարանակա՞ն է եղել, թե՞ ո՛չ:
Ինչպես նշել ենք` «Սա առաջին դեպքը չէ, երբ Ալենը հանդես է գալիս Զախարովայի հանդեպ լկտի հայտարարությամբ» մեր հոդվածում , եթե նույնիսկ Հայաստանից խորհրդարանականներ չեն եղել Բուչայում, տվյալ դեպքում դա չէ էականը, այլ հայկական պատվիրակության լինելը Բուչայում, և իբր տվյալ քաղաքում ՌԴ ԶՈՒ սպանած քաղաքացիական անձանց ցուցակի փոխանցումը նշված պատվիրակությանը:
Բուչա քաղաքի վարչակազմը ս. թ. մայիսի 31-ին լուսանկարներով հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի, Բուչա են այցելել ՈՒկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր- Մարգարյանը։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս վերահաստատելով, որ Բուչայում եղել է նաև հայկական պատվիրակություն, հայտարարել է՝ Մոսկվան որպես բացահայտ ոչ բարեկամական քայլ է դիտարկում Երևանից պատվիրակության այցը Բուչա:
«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր- Մարգարյանի և (ՈՒկրաինայում.- Ա. Հ.) Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա՝ գնահատում ենք որպես պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , նշված է ԶԼՄ- ների հարցին Զախարովայի պատասխանում:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան այլ բան չէր էլ սպասում Տեր- Մարգարյանից՝ «Հանրապետություն» արևմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակցից, բայց «ցավալի է, որ դրան համերաշխություն են հայտնում» հանրապետության իշխանությունները։
Բացի վերոնշյալից, Մոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ- ին՝ ՈՒկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնության փոխանցման, ինչպես նաև Ռուսաստանի հասցեին անթույլատրելի արտահայտությունների կապակցությամբ: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հայ ներկայացուցիչները Բուչայում հայտարարել են «ռուսական ագրեսիայի դեմ» պայքարում ՈՒկրաինայի հետ համերաշխության մասին:
«Մենք մտահոգված ենք նրանց կողմից ՈՒկրաինայի ԶՈՒ կարիքներին օգնություն տրամադրելով և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- հայտարարել է Զախարովան NEWS.ru–ին։
Ընդգծենք, որ Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավի իշխանության հիշյալ գործողություններն ու հայտարարությունները ոչ թե ՌԴ ռազմավարական դաշնակցի, այլ թշնամու գործողություններ ու հայտարարություններ են, և Մոսկվան դրանցից գործնական հարթությունում որքան շուտ համապատասխան հետևություններ կատարի, այնքան շուտ կչեզոքացնի թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի ազգային անվտանգության հանդեպ եղած սպառնալիքները:
Ապրիլի վերջին Զախարովան հայտնել էր, որ ՄԱԿ-ում ՈՒկրաինայի մշտական ներկայացուցչությունը նամակ է տարածել, որում մերկապարանոց մեղադրել է ռուսական բանակին Բուչայում իբր ավելի քան 9000 ռազմական հանցագործությունների կատարման մեջ, որոնք 1800 մարդու մահվան պատճառ են դարձել:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցնելով, որ մի քանի հարյուր ռուսական զինվորականներ 2022 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 31-ը Բուչա քաղաքում են եղել, ուկրաինական կողմի հիշյալ մեղադրանքները համարել է իրականությունից բացարձապես հեռու, և նշել, որ Բուչայի քաղաքապետ Ա. Ֆեդորչուկը ռուսական ստորաբաժանումների հետ քաշումից հետո տեսանյութ է հրապարակել, որում ոչ մի խոսք չի ասել այնտեղ իբր տեղի ունեցած «զանգվածային սպանությունների» մասին: Բացի այդ, առաջինը քաղաք են մտել ոչ թե քննիչներն ու քրեագետները, այլ արևմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
Վերոնշյալ փաստը, նկատենք, արդեն իսկ հուշում է ուկրաինական իշխանությունների կողմից Բուչայում ՌԴ Զինված ուժերի «բարբարոսությունների» բեմականացման, սարքովի և հորինովի լինելու մասին:
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ Բուչայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվելու ընթացքում տեղի ոչ մի բնակիչ չի տուժել որևէ բռնի գործողությունից, իսկ Կիևի հրապարակած նյութերը՝ իբր վկայող ռազմական հանցագործությունների մասին, սադրանք են:
Կիևի ձեռագիրը նույնն է, ինչ Բաքվի ձեռագիրը, որը տևական ժամանակ, նաև վերջին օրերին կեղծ տեսանյութեր է տարածում Խոջալուում 1992 թ. փետրվարի 26-ին հայերի կողմից իբր իրականացված գազանությունների (իրենք նաև ցեղասպանություն են համարում) վերաբերյալ: Բնավ չենք զարմանա, եթե Նիկոլ հայադավը և նրա ոհմակը, իշխանությունից չհեռացվելու պարագայում, առաջիկայում ճանաչեն Խոջալուում Հայաստանի կողմից իբր կատարած ադրբեջանցիների ցեղասպանությունը: Մեր ներքին թշնամիներից ու Բաքվի կամակատարներից դա միանգամայն սպասելի է:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ