Մի օր Փափազյանն ասաց.
- Ես չեմ ուզում մեռնել, երևի ոչ ոք էլ չի ուզում մեռնել: Բոլոր ասողները, թե իրենց համար մեկ է՝ վաղը կմեռնեն, թե մի քանի տարի հետո, անկեղծ չեն: Ոչ ոք չի ուզում այս աշխարհից հոժարակամ գնալ:
Եվ միտքը շարունակեց այսպես.
-Բայց եթե մեռնել, ապա միայն այնպես , ինչպես պատահեց Համբարձումի հետ:
Խոսքը Խաչանյանի մասին է, որին շատ էր սիրում, և որը մահացել էր «Երկիր հայրենի» ներկայացման ժամանակ՝ բեմազգեստը հագին, դիմահարդարված, բեմ մտնելուց մի քանի րոպե առաջ:
Ամենից ավելի նրա վրա տպավորություն էր թողել Միքայել Թավրիզյանի մահը, մահ՝ նվագախումբը ղեկավարելիս, վահանակի մոտ, բուռն շարժման պահին, երբ աջ ձեռքը մեկնել էր վեր՝ հնչյունի հետևից:
- Մարդ պետք է այդպես մեռնի: Ես շատ բան կտայի՝ բեմում, խաղի ժամանակ մեռնելու համար:
Եվ մի օր Փափազյանի խաղի ժամանակ հիշեցի մեր զրույցը:
1967-ի դեկտեմբերի 14-ին էր, «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Խաղում էր
Մեք-Գրեգոր, որը, ինչպես հայտնի է, մեռնում է բեմում: Երբ նա «մահացավ», Վարդերեսյան-Ջոնին մոտեցավ և մի փոքր բարձրացրեց ձեռքը, որն ընկավ այնպես անկյանք, որ շատերը թատերասրահում, այդ թվում և ես, կարծեցինք, թե Փափազյանն իսկապես մահացել է:
Իսկ ներկայացումը շարունակվում էր:
Երբ Բեն-Ալեքսանդր - Բաբկեն Ներսիսյանն ասաց.
«Այս մարդը մեր ժամանակի ամենամեծ շեքսպիրյան դերասանն էր»,-բարձրացավ այնպիսի ծափահարություն, ինչպես երբեք չէր եղել:
Մեք-Գրեգորին շալակցին ու տարան:
Կյանքի ոչ մի նշույլ չկար:
Այդպես միայն դիակն է լինում:
Վարդերեսյանի խաղում վախեցած շփոթ կար: ՈՒ եթե դա համընկնում է և համապատասխանում այդ պահի բեմական ապրումին ըստ թատերախաղի, ապա Արուս Ասրյանը հետագայում ասում էր, որ ինքը հավատացել է, թե տեղի է ունեցել ամենասարսափելին, և խաղում էր՝ հազիվ զսպելով արցունքները, զարմացած, թե ինչու վարագույրը չեն փակում:
Երբ ներկայացումը վերջացավ, և...
ծափահարությունների ներքո Փափազյանը բեմ եկավ, հանդիսատեսը ազատ շունչ քաշեց, ապա ուրախացած, որ դերասանին հաջողվել է դահլիճին խաբկանքի մեջ պահել, որոտընդոստ ծափահարությանը միացրեց ցնծագին կանչերը:
Դա Փափազյանի վերջին ներկայացումն էր Սունդուկյանի անվան թատրոնում...
Ռուբեն ԶԱՐՅԱՆԻ
հուշերից
Ջուլիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից