Կյանքի սահմանագծին մաքառող մարդուն նոր-նոր միայն 8 միլիոն են հատկացնում, այն էլ հետվիարհատական շրջանում Հայաստան տեղափոխելու համար: Իսկ օրեր հետո ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանին Սերժ Սարգսյանը պետական մրցանակ կհանձնի՝ 5 միլիոն մրցանակային գումարով: Կամ ասենք Հայրիկյանին կարող են անմիջապես 20 միլիոն հատկացնել, Նունե Եսայանին՝ 54 միլիոն, ռուսերենով հեռարձակվող հեռուստախաղին՝ 12 միլիոն եւ այսպես շարունակ: Անամոթությունը ուր կարող է հասնել: Քանի՞ Խեչոյան ունենք: Մեկը: Բացառիկ ստեղծագործող, ընդվզող հոգի, եզակի գրական դեմք, հիացմունքի արժանի քաղաքացի, ով իր հարցազրույցներից մեկում ասում է. «Անձնական կորուստների ժամանակ, հեռացողների համար կսկիծը մի առանձնությամբ, մի պատմվածքով, մի մտահղացմամբ սփոփվել է, բայց համընդհանուր աղետալի փորձությունների ժամանակ չեմ կարողացել խույս տալ անզորության և ունայնության զգացողությունից, որ ամիսներով ընկճել, դեպրեսիայի մեջ է պահել»: Արցախյան պատերամի մասնակիցն հիմա օրհասական վիճակում է, այն դեպքում, երբ այդ պատերազմը հզոր գեղարվեստականությամբ արտացոլված է նրա «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպում: Գիրք, որ 1999-ին արժանացավ «Ոսկե եղեգն» պետական բարձրագույն մրցանակի: Ծանր բզեզները եղել են ու կան, որոնց սարսափեցնում է տաղանդավոր, ուժեղ, կամային, հպարտ, չխոնարհվող-չքծնող, արժանապատիվ ՄԱՐԴՈՒ տեսակը: