Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Սահմանի բացումը միայն Հայաստանի ու Թուրքիայի լուծելիք խնդիրը չէ

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Սահմանի բացումը միայն Հայաստանի ու Թուրքիայի լուծելիք խնդիրը չէ
12.12.2013 | 11:55

Ներկայումս գոյություն չունեն հայ-թուրքական չմիջնորդավորված՝ ուղիղ երկկողմ հարաբերություններ: Հայաստանի հանդեպ ունեցած իր դիրքորոշումը Թուրքիան ճշտում է Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի հետ, բայց ոչ ուղղակիորեն Հայաստանի հետ: Դա միանգամայն հասկանալի մոտեցում է, քանի որ Հայաստանի ինքնուրույնությունն ու իրավասուբյեկտությունն արտաքին հարաբերությունների ոլորտում ձգտում է զրոյի: Հայաստանն այսօր ունակ չէ առաջարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ապագային միտված քաղաքական օրակարգ, իսկ դա Թուրքիային ազատ գործելու, սեփական շահերն առաջ մղելու լավ հնարավորություններ է ընձեռում: Այս իրավիճակում թուրք պաշտոնյաներն ու դիվանագետներն ազատ են Հայաստան գալու կամ չգալու, մեզ դասեր կարդալու ու խելք սովորեցնելու հարցում: Իմ համոզմամբ` այնտեղ ենք հասել, որ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն անիմաստ են համարում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել հայաստանցի գործընկերների հետ, որովհետև գիտակցում են, որ երկկողմ հարաբերությունների ճակատագիրը Երևանում չի լուծվում: Դավութօղլուի Երևան կատարելիք այցից սպասելիքներ ունենալ պետք չէ, այն մի նպատակի է ծառայելու` Թուրքիայի արտգործնախարարն առիթն օգտագործելու է, որպեսզի մեր հողում գտնվելով մեզ պատմի, թե ինչ անխելքն ենք, որ շարունակում ենք Ադրբեջանի հանդեպ որդեգրած մեր «զավթողական» քաղաքականությունն ու դեռ խոսում ենք Հայոց ցեղասպանությունից: Հայ-թուրքական հարաբերությունների ապագան կախված չէ տարածքների հանձնմանը Հայաստանի գործող իշխանության տրվելիք համաձայնությունից: Թուրքերի համար կարևոր է, որ տարածք հանձնելու գործընթացը սկսվի, որովհետև դրա սկսվելու պարագայում, ակնհայտ է, որ գործը երկու շրջանով չի ավարտվի՝ նոր պահանջներ կներկայացվեն: Սահմանի բացումն էլ միայն Հայաստանի ու Թուրքիայի լուծելիք խնդիրը չէ, քանի դեռ այդ սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հարցը երկկողմ ձևաչափում չի հանգուցալուծվի: Մենք պետք է լավ գիտակցենք, որ տարածքների հանձնմանը մեզ ակտիվորեն մղում են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուսները, թերևս հույս ունենալով վերականգնել ԽՍՀՄ օրոք եղած իրավիճակը: Ինքս վստահ եմ, որ այլևս անհնար է լինելու վերադառնալ անցյալ՝ անգամ այն դեպքում, եթե ՀՀ իշխանություններն անձնատուր լինեն փուչ խոստումների հմայքին: Մեր շուրջ նոր իրողություններ են ձևավորվում, և երկու-երեք տարի անց Հայաստանը միանգամայն նոր դիրքերից խոսելու հնարավորություն կստանա:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ