«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աղջեն

Աղջեն
01.04.2014 | 11:53

Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ


Չարագույժ լուրը արևագալին պղտորեց Իշխնձորի ծիրանաշղարշ առավոտը: Սասնո Խիանք գավառի Բդրցի քուրդ աղան փախցրել էր Սարուխանցոց գեղեցկուհուն: Աղջեն ժամանակ չգտավ վիրավորանքի վրա մտածելու, խոտի դեզի միջից դուրս քաշեց մոսին հրացանն ու տնետուն վազեց՝ տոհմակից ջահելներին հավաքելու։
Իշխնձորի ջոկատը ձորաբերանին կտրեց քուրդ խուժանի ճանապարհը: Աղջեն հասկացավ, որ շատ արյուն պիտի թափվի։ Աղջեի գնդակը ձիուց գլորեց Բդրցի քուրդ աղային: Երկու որդիներն ու զինակիցները փորձեցին վիրավոր աղային փրկել: Քիչ անց փոշու մեջ աղայի դիակի կողքին ավելացան որդիներն ու մի քանի հրացանավորներ։ Աղջեի աչքերը սառեցին. իր հայրը գնդակից գալարվեց, հենվեց մեծ քարին՝ կրծքին պահելով հրացանը: Աղջեն ատամները սեղմեց. «Ա՛խ, իմ անուշ հեր...»: Իշխնձորի Սարուխանի որդի տանուտեր Պետրոսի սառած աչքերը որդուն էին որոնում: Նրա հայացքը խրվեց Աղջեի աչքերում, մտավ բիբերի մեջ ու սառեց։
Քրդերը նահանջեցին: Աղջեն հասկացավ, որ հաջորդ օրը Իշխնձոր է մտնելու քրդական մեծ ջոկատ: Շատ արյուն է թափվելու, անմեղ մարդիկ են զոհվելու, թշնամանքը պորտեպորտ անցնելու է։ Երեկոյան Աղջեն իր մի քանի հարազատներով բռնեց Հալեպի ճամփան, իսկ մնացածները գնացին ապրելու Մարութա սարի ստորոտում:
-Ամեն ընտանիք թող մի գյուղում ապրի, բայց իրար այնքան մոտիկ, որ մի գոռոցով գյուղից գյուղ իրար լսենք ու ամեն պահի կարողանանք օգնության հասնել,- խորհուրդ տվեց Գաբոյի Աստուրը։
Հարազատները բաժանվեցին Փսանաց գավառի Գոմրդեր, Արեգդեմ, Իրիցանք, Թզի և Գոշակ գյուղերում: Հինգն էլ Սասնա գետի ժայռոտ ափերին, ուր արծիվները բույն են դնում, արջերը, գլգիլի արտերը մտնում։
1894 թվականի օգոստոսի սկիզբն էր: Աղջեն Գոշակում էր՝ Աստուրի տանը: Կանայք գազպան լցրել էին ղազանները, որ ձմռան համար մանանա եփեն: Մուշի կողմից ձիավոր էր բարձրանում:
-Սուլթան Համիդ քառասունհազարանոց մեծ զորք է ուղարկել Սասունի վրա,- շնչակտուր ասաց սուրհանդակը՝ սպասելով Աղջեի խոսքին:
-Սասունում երեսունհինգ հազար մարդ կապրի, համա Կարմիր սուլթան քառասուն հազարանոց զորք է ուղարկել,- մռայլվեց Աստուրը:- Աղջե՞, քու հրացանն առ ու նորից իջի Մշու բերան...
Երկու տարի արյուն խառնվեց Էրգրի գետերին։ Աղջեն հիմնականում Տալվորիկում էր զինագործ Համզեի, Թաթարի, Ֆարեի ու մյուս ընկերների հետ։
Միայն 1900-ին տուն եկավ, դարձավ իրենց հինգ գյուղի տանուտերը: Աշուն էր, Էրգիրը մի քիչ խաղաղ էր, ու Աղջեի սիրտն իրեն շուտ-շուտ Վարդնոց գյուղի կողմը կտաներ, գեղեցկուհի Անահիտենց ընկուզենու տակ... Մի խաղաղ առավոտ Վարդնոցի Կարմիր Իրիցու հայտնի տան քահանայի՝ տեր Քաջի Ադամի շեմին Աղջեի հարազատները յարխուշտա զարկին, հետո՝ Մշու խըռ։ Տղերքը թիկունք թիկունքի տված՝ ոտքով զարկում էին ու ծնկում, թիկունքները ցնցում, թեքվում ուռենու նման ու կաղնիների պես ձգվում։ Հողը հրճվում էր նրանց ոտքերի զարկերից... Աղջեի քույրերը երկինք հասնող ձայնով թագվորագովք էին երգում.
Թագվո՛ր, բարո՜վ, հազա՜ր բարով, հազա՜ր բարով,
Կարմիր ծաղիկ տերևներո՜վ, տերևներո՜վ...
Աստվածածին արև օրշնին,
Դու վարդ իս՝ բացված թփերով...
...Օրշնինք զթագվոր, զուր թագուհին,
Խերն ու բարին մեր թագվորին...
Հետո Էրգրի կարգով սեղան նստան: Թամադան, գինու թասը ձեռքին, օրհնեց պապերի կարգով՝ դառնամ ու զօղորմին ասեմ։ Դահոլը թնդաց, ու զուռնան պայթեց։ Պարբաշին թաշկինակը շախով շարժեց, ու գովնդ բռնեցին պարողները։ Թագվորագովքի մեղեդիները աստղկա գիշերին շաղվեցին Սասնո ջուր գետի իրար շոյող ալիքներին ու Ծովասարից եկող շնկշնկան հովերին։
Հետո տարիներ հոսեցին Սասնո ջրի հետ։
1915-ի ապրիլին Աղջեի յոթերորդ զավակը երկու տարեկան էր: Չէր տեսել: Սարերից մի օրով իջել էր, որ երեխաները իր կարոտն առնեն: Մի ձեռքով Սարուխանին ու Պողոսին էր գրկել, մյուսով՝ Ռուբենին ու Անգինին, իսկ Հռիփսիմեն գրկում էր։ Երկու աղջիկների մահվան լուրը սարերում էր լսել։ Աղջեն ուզում էր աչքերը փակել, որ ավելի լավ զգա զավակների տաք ներկայությունը: Մի պահ հայացքը քարացավ. սև ձիավորը Մուշից եկող ճանապարհով դեպի իրենց տուն էր արշավում:
-Աղջե, թուրքերը Ստամբուլում սկսել են... Զորքերն ու քրդական ջոկատները հասնում են Մուշ ու շուտով պիտի Սասուն մտնեն,- շնչակտուր ասաց Աղջեի հին զինվորը։
...Սասունի տարբեր կողմերից, հատկապես Իշխնձորի ու Տալվորիկի գյուղերից հազարավոր կին ու երեխա, ծեր ու հիվանդ, վիրավոր ու որբ Անդոկ սարի կատարին միացան ֆիդայիներին: Աղջեն իր քսաներկու զինվորներով փակում էր թուրքական կանոնավոր զորքի ճանապարհը դեպի սարի գագաթ: Անդոկի ինքնապաշտպանության հրամանատարությունը հուսադրում էր, որ դիմանան մինչև ռուսական զորքը հասնի։ Աղջեն համաձայն չէր հրամանատարների հետ շատ հարցերում: Փորձեցին Աղջեին զինաթափել, բայց չհամարձակվեցին։
Տասներորդ օրը, երբ սպառվել էին փամփուշտի, սննդամթերքի, հույսի վերջին պաշարները, օսմանական կանոնավոր զորքը թնդանոթներով մոտեցել էր սարի կատարին: Ժողովուրդը, գլուխը կորցրած, խուճապահար փախչում էր: Հիվանդներից ու ծերերից շատերը ոտքերի տակ մնացին, բարձր ժայռից մի քանի կույս աղջիկներ անդունդը գահավիժեցին։ Իրենց դիակները թողած՝ մարդիկ փախչում էին: Անդոկ սարը դժոխք էր։
Աղջեն իր ջոկատով մի քանի օրից հասավ Գոմրդեր: Թուրքական կանոնավոր զորքը Սասուն դեռ չէր մտել, իսկ տեղի քրդերն առանց զորքի վարանում էին մասսայական կոտորած անել։ Առավոտյան վեց քուրդ մոտեցան Աղջեի տանը, իբր եկել էին բանակցելու: Երկու քուրդ անկյունից դավադրաբար կրակեցին Աղջեի վրա: Աջ ոտքից երկու տեղից վիրավորվեց, բայց հասցրեց հրացանը վերցնել: Քրդերը խուճապահար փախան։
Սասունում ամենամեծը Գոմուց վանքն էր: Երեք հարյուր վաթսուն սենյակ ուներ` դպրոց, գրադարան, կացարաններ։ Վանքը տագնապի մեջ էր: Արևմտոցին ժամերգությունից հետո վանահայր Ստեփան վարդապետը Աղջեին էր սպասում:
-Վարդապե՛տ, բարի տեսանք, Աստված օգնական,- տեր Ստեփանի աջը համբուրեց Աղջեն:
-Գալդ բարի, Աղջե, Աստված պահապան,- օրհնեց վանահայրն ու միանգամից սկսեց.
-Աղջե՛, մենք վանքը չենք թողնի, վանականները զենք կվերցնեն, մենակ աղոթքով թուրքի ու քրդի դեմ կռվել չի լինի: Քո ջոկատով մեզ պահապան եղիր:
-Տե՛ր Ստեփան, թե որ էն գլխից բոլոր վանահայրերը քեզ նման մտածեին, էսօր կռիվ չէր էղնի,- վանահորը իր հզոր գրկի մեջ սեղմեց Բաթմանա ջրի արծիվը:
Հաջորդ օրը Աղջեն իր ջոկատով, Մջգեղ գյուղի ռես իշխան Շառոյի, Գոմքի տանուտեր Ավետիսի, Հազվե քաղաքից Դավիթ Երիցյանի, Վարժապետ Միսաքի հետ մտավ Գոմուց վանք: Անդոկից Մարութա սարի ուղղությամբ շարժվող թուրքական ու քրդական ջոկատները պաշարեցին վանքը: Ֆիդայիների հետ վանքի պարիսպներին բարձրացան նաև վանականները՝ տեր Ստեփանի գլխավորությամբ։
Աղջեն վերևից նկատեց՝ քրդերը չորս պարկ վառոդ գաղտագողի մոտեցրին պարսպին: Սկսեցին ծածուկ հիմքը փորել, որ պարիսպը պայթեցնեն: Երբ փոսը պատրաստ էր, վերևից որոտացին հրացանի զարկերը: Չորսն էլ ընկան իրենց փորած փոսի մեջ: Օրեր շարունակ թուրքական կանոնավոր զորքը չէր կարողանում վանքը գրավել:
-Իշխան Շառո՛, իշխան Շառո՛, կարևոր բան ունեմ հայտնելու, մի՛ կրակեք,- հեռվից լսվեց Շառոյի քուրդ ծառայի ձայնը: Շառոն նրան շատ էր լավություն արել և վստահում էր: Նա դեմքը մոտեցրեց բանալու մեծ անցքին: Քուրդը կրակեց: Շառոն հազիվ շշնջաց՝ ես քու նամարդ։
-Վա՛խ, Շառո՛, Շառո՛, դու իմա՛լ հավատացիր քրդու նամարդ լամուկին,- Շառոյի դեռ տաք մարմինը խաչքարին հենեց Աղջեն ու թռավ պարսպին:
-Էս մե՛կ, էս երկո՛ւ, Շառո՛,- գոռաց Աղջեն և վրեժի երրորդ գնդակն ուղարկեց թավալգլոր փախչող քրդի ուղղությամբ: Երբ քիչ անց հինգերորդ քրդին գետին փռեց, Աղջեն շրջվեց Շառոյի դեռ տաք դիակի կողմը.- Շառո՛, էլի՛ ու էլի՛ պարտք կմնամ քու վրեժի համար:
Գիշերը քրդական զորքը դադարեցրեց հրաձգությունը: Աստղերը կախվել էին Գոմուց վանքին, որի պարիսպներից լանջն ի վար, արյունոտ քարերին քսվելով, սահում էին երգի մեղեդիները.
Հազար ինն հարյուր յոթ թվականի
Չքնաղ մայիսի քսան և յոթին
Տոն էր բազմաշխատ մահվան Գևորգին՝
Սասնո հարազատ մեծանուն քաջին...
Քարերի հետևում թաքնված քրդերը լսում էին։ Երգի մեջ ութ տարի առաջ զոհված Չավուշն էր։ Քրդերը սարսուռ զգացին: Ոչ մեկը չհամարձակվեց կրակել։ Վանքի հենց մուտքի ձախ կողմում շիրմափոսը բոլորեցին ֆիդայիները, վանականները և վանքում պատսպարված ժողովուրդը:
-Շառո՛, իմ զինակից ախպեր, երանի քեզ, դու հավերժ մնացիր Գոմուց վանքում, իսկ մենք վաղ թե ուշ գնալու ենք... Ի՞նչ իմանամ՝ որ սարում կամ ձորում կընկնենք, գերեզման կունենա՞նք, թե՞ գել ու գազանի բաժին կդառնան մեր մարմինները: Շառո՛, դու էստեղ մնա, որ հավերժ հսկես վանքի ավերակները, ավերակների պահակ Շառո։ Համոզված եմ, որ մի օր վանքն էլ կավերվի, բայց դու գերեզմանից խուլ կգոռաս՝ Ա՛յբ, Բե՛ն, Գի՛մ... Ավերակների ուսուցիչ Շառո, քո ժառանգները ողջ են ու մի օր քեզ շարունակելու են՝ Ե՛չ, Զա՛, Է՛... Շառո՛, դու մնա՛, որ վանքի սաներին հետ կանչես։ Նրանք մի օր գալու են, որ քեզ հետ հայոց մեծ դասը շարունակեն։ Դուռը բաց պահի, թող հույսը ելումուտ անի, հույսը մեծ բան է։
Հողը ձեռքերով բուռ-բուռ լցրին. մի բուռը՝ Գևորգ Չավուշի կողմից, մյուսը՝ Անդրանիկ փաշի։ Երկնքում աստղերը պատարագ էին երգում։
Քրդերը երեք օր չկարողացան իրենց դիակները վերցնել: Երրորդ օրը, լաչակը օդում թափահարելով, վանքին մոտեցավ քրդուհու տարազով մի կին: Աղջեն դեռ հեռվից ճանաչեց՝ հայուհի Սոսեն էր՝ Շեկոյի տան քուրդ աղայի կինը: Շեկոյի տան քրդերը ծպտված հայեր էին: Դեռ շատ վաղուց մուսուլմանություն էին առերես ընդունել և գաղտնի կապերի մեջ էին հատկապես ֆիդայիների հետ: Շեկոյի տան քրդերը սրբորեն պահպանում էին պապերից եկող արյան վրեժի չգրված օրենքը: Եթե իրենցից որևէ մեկը սպանվում էր, և իրենք դեռևս վրեժ չէին լուծել հարազատի համար, սպանվածի հագուստը թրջում էին նրա արյունով և այդ շորը՝ արունքը, պահում էին որևէ հեղինակավոր օջախում: Փսանաց գավառում այդ պատիվը Աղջեի օջախին էր վերապահված: Վրեժը լուծելուց հետո սպանվածի հարազատներն այդ արյունոտ շորն արդեն պատվախնդրորեն հետ էին վերցնում: Արյունը արյունով է մաքրվել։
-Շեկոյի տան քրդե՛ր, էս լաչակ ձեր գլխին, թե մի գնդակ ուղղեք վանքի կողմը,- ասաց Սոսեն ու Աղջեի թույլտվությամբ ներս մտավ:
-Աղջե՛, Շեկոյի տան աղի խնդրանքով եկել եմ, որ թողեք իրենց հինգ դիակները տանեն: Բայց իմ գալու նպատակն ուրիշ է: Քրդերը փակել են վանք բերող ջրատարի ակունքը և ուզում են բոլորիդ ծարավ սպանել: Ես տեղը գիտեմ և շաբաթը մի անգամ գիշերով գաղտնի կբացեմ: Էդ ժամին ջուր կվերցնեք:
Սոսեի աչքերը փայլում էին, ինքը շատ էր գիշերվա երազներում Աղջեին տեսել։ Մարմնով մի տաք դող անցավ: Վանահոր խցում էին: Եվ Աղջեն մի երկար ու տաք համբույր նվիրեց սիրուն Սոսեին։
-Շուտով հայերը ծարավից կկոտորվեն, խոլերա կսկսվի ու կհանձնվեն,- իրար էին մխիթարում վանքը պաշարողները: Իսկ ջրատարով շաբաթը մի գիշեր սարերի զուլալ ջուրը գաղտնի հասնում էր վանքի ավազանին։
Թուրքերը շտապեցնում էին: Քրդերը դիմեցին խորամանկ քայլի: Գերի վերցրին Աղջեի քրոջ ամուսնուն՝ Գենջոյին, և նրա եղբոր որդուն՝ Դուռեի Մելքոնին, ու նրանց հետևում թաքնվելով մոտեցան վանքին:
-Ա՛խ, Գենջո, դու ինձ գիշերներով միշտ հաց ես բերել, իմ անուշ քրոջ ձեռքով թխած լավաշն ու գաթան, ես իմա՞լ գնդակ զարկիմ քզի,- մղկտաց Աղջեն՝ մատը հրացանի ձգանին պահելով:
-Աղջե՛, ես ու քո քույրը քզի կներինք, Աստված մեղք չի համարի, կրակի՛,- գոռաց Գենջեն:
Աղջեն մռայլվեց, մի պահ մատը ձգանին դողաց, հետո չհասկացավ՝ Գենջոյի հրամա՞նը կատարեց, թե՞ վանքում եղածներին փրկեց։ Հաջորդ վայրկյանին իր հրացանը որոտաց: Ընկավ Գենջոն՝ իր կողքին քրդերը։ Գիշերը Սոսեն նորից դիմեց Շեկոյի տան քրդերին. «Իմ լաչակ ձեր գլխին, եթե Գենջոյին ու Մելքոնին չտանեք Փիրշենք թաղելու»: Հաջորդ օրը Մարութա սարի ստորոտում՝ Փիրշենքում, Արիկը, իր որդի Արոն ու Խուկոյի տան Պողոսը հերոսին արժանի ծեսով թաղեցին Գենջոյին ու Մելքոնին։
-Աղջե՛, դրսից օգնություն է պետք, թույլ տուր գիշերով ես վանքից դուրս գամ,- ծանր լռությունը խախտեց Հազվե քաղաքից Դավիթ Երիցյանը:- Թշնամուն կմոլորեցնեմ ու կհասնեմ մինչև Բաթմանա ջրի ձորը: Քար ու քարափին ծանոթ եմ, կիջնեմ Սասնա ջուր ու կհասնեմ ֆիդայիներուն:
Գիշերը վանքի դուռը կամաց հետ գնաց, ու մի ստվեր դանդաղ մոտեցավ քուրդ զինվորներին: Մինչ նրանք կհասկանային, թե ինչ կատարվեց, Դավիթը քուրդ զինվորների շրջափակումից արդեն դուրս էր եկել: Ֆիդայիներին հասավ հաջորդ երեկոյան: Ջոկատն առանց ժամանակ կորցնելու շարժվեց Մազե կամրջի կողմը: Այնտեղ դարանակալած էր քրդական ջոկատը: Շատերը ընկան։ Դավիթը որոշեց Մազե կամրջին մնալ: Վաղ թե ուշ Գոմուց վանքից նահանջող ֆիդայիներն ու ժողովուրդը այդտեղով են անցնելու։ Կամուրջը պիտի բաց մնա:
Վանքի պաշարման երեսունյոթերորդ օրը նորից վանք մտավ Սոսեն:
-Աղջե՛, աղից իմացել եմ, որ թուրքերը Անդոկ սարի մոտից թնդանոթները բերում են վանքը ավերելու,- տխուր լուրը խոնավ աչքերով հայտնեց Սոսեն՝ հասկանալով, որ սա իրենց վերջին հանդիպումն է։ Վանահոր խուցը դարձավ իրենց հրաժեշտի վերջին վկան։
-Պիտի հեռանանք, որ վանքը թնդանոթներով չավերեն,- այլ տարբերակ չգտնելով՝ վճռեց Աղջեն:
Գիշերը տեղատարափ անձրև ու կարկուտ սկսվեց: Վերցրին վանքի հարստությունը և անձրևախառն կարկտի տեղատարափով բոլորը թշնամու բանակի միջով հեռացան դեպի անտառը: Ո՞Ւմ մտքով կանցներ նման հանդուգն քայլ: Թշնամին միայն ժամեր անց հասկացավ կատարվածը: Վանքի հարստությունը թաղեցին մի մացառուտում ու շարժվեցին դեպի Մուշ: Մազե կամրջին Դավիթ Երիցյանն իր ֆիդայիներով սպասում էր: Սեմալ գյուղի մոտ քրդական մեծ ջոկատ էր ամրացել: Սկսվում է կատաղի կռիվ: Հրացանը ձեռքին՝ ֆիդայու պես առաջինը զոհվում է տեր Ստեփան վարդապետը: Ընկնում են շատերը: Թշնամին նահանջում է: Աղջեն կենդանի մնացած իր վեց զինվորներին ուղարկում է Մուշ՝ ռուսական զորքին միանալու, իսկ ինքը շտապում է Մարութա սար՝ իրենց գյուղերը։ Հարկավոր էր ամեն ընտանիքից մեկ-երկու երիտասարդ ուղարկել Մուշ, որ հանկարծ տան ծուխը չմարի։ Ինքն էլ հորեղբոր որդիների՝ «Սասնա ծռեր» էպոսի բանասաց թազվեցի Առաքել Սարուխանյանի և Իրիցանք գյուղից Զաքար Գուլոյանի հետ հասնում է Մուշ, որ սասունցիներից ու մշեցիներից նոր ջոկատ կազմի և վերադառնա Սասուն:
Սասունի ինքնապաշտպանության հրամանատարները թեև շատ էին սիրում անվախ ու աժդահա Աղջեին, բայց հաճախ համամիտ չէին նրա հանդուգն քայլերին ու քննադատությանը: Մի քանի անգամ, երբ փորձել էին զինաթափել, Բաթմանա ջրի արծիվը դաշույնը հանել էր պատյանից։ Որտեղից որտեղ հիշեցին Սերոբ փաշի թունավորումը յուրայինների կողմից։
-Աղջե՛, էս թութունը, որպես պատիվ, հատուկ քեզ են ուղարկել,- դավից անտեղյակ՝ թութունի տոպրակը Աղջեին են հանձնում նրա մտերիմները։ Մի քանի ժամ անց, չկարողանալով այլևս մասնակցել կարևոր ժողովին, Աղջեն մի կերպ հասնում է Մուշ՝ քրոջ տուն: Անկողնում անհույս պառկած՝ Աղջեն համոզվում է, որ իրեն թունավորել են: Սարերի ասլանը շարժվել չէր կարող, քրտինքը կամաց-կամաց քամում էր նրա վերջին ուժերը: Մտերիմներից խութեցի Քոթո Միրոն ձեռքը Աղջեի ճակատին դրեց՝ քրտինքը մաքրելու։ Աղջեի շիկահեր մազերի մի փունջ մնաց Միրոյի ափի մեջ: Այդպես էր եղել նաև Սերոբ փաշի հետ։ Առավոտյան Աղջեն վիրավորանքով փակեց աչքերը՝ գոնե թուրքի կամ քրդի գնդակից ընկներ։
Սասունի ինքնապաշտպանության հրամանատարները որոշեցին Աղջեին ամենամեծ պատիվներով թաղել Մշո Կողի թաղի եկեղեցու գերեզմանատանը՝ Գևորգ Չավուշի կողքին։
Շեկոյի տան քրդերը, իմանալով, որ Աղջեն այլևս չկա, արդեն համարձակվում են Աղջեի մեծ աղջկան՝ Հռիփսիմեին փախցնել հայտնի Ջամիլ աղային կնության տալու համար: Հիսուն օր անց՝ 1916-ի գարնանը Աղջեի կինը և կենդանի մնացած չորս երեխաները հասնում են Մուշ և միանում գաղթականների խմբին։ Չորս տարվա դեգերումներից հետո Աղջեի ընտանիքը հասնում է Ալեքպոլի գավառի Թալինի ենթաշրջանի Աշնակ գյուղ։
...Տարիներ հետո Աղջեի Սարուխան որդին իր զավակներին Անդրանիկ ու Գևորգ կոչեց, Ռուբեն որդին տղաներից մեկի անունը Աղջե դրեց, Պողոս որդու թոռներից մեկը դարձյալ Աղջե կոչվեց...

***
...Աղջե՜, սարերի ասլան, դու հավերժ մնացիր Էրգրում՝ Գևորգ Չավուշի կողքին, որ շարունակես Գոմուց վանքի ու մյուս կիսատ կռիվները, որ գիշերուզօր կանչե՜ս, կանչե՜ս, կանչե՜ս, մինչև մենք դուրս գանք Ագռավաքարից ու բարով արժանանանք էրգրատեսի...

Դիտվել է՝ 153266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ