ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ցավում և ափսոսում ենք

Ցավում և ափսոսում ենք
31.07.2013 | 15:30

Աղետների, դժբախտ պատահարների, դատավարությունների, բռնություններով ուղեկցվող ցույցերի լուսաբանումը լրագրողների համար դառնում է յուրօրինակ փորձաքար: Այսպիսի իրավիճակներում է երևում լրագրողի ոչ միայն մասնագիտական պատրաստվածությունը, փորձը, իրավիճակին համարժեք արձագանքելու հմտությունը, զսպվածությունը, այլև... էժան սենսացիայով ընթերցող որսալու գայթակղությանը չտրվելու պարկեշտությունը: Առավել ևս՝ այնպիսի նուրբ հարցերում, երբ մարդը մաքառում է կյանքի համար, իսկ նրա մասին լուրեր են տարածում, որ... մահացել է: Լրատվական մի քանի կայքեր երեկ գուժեցին շոումեն Մարկ Սաղաթելյանի մահը, իսկ նա կյանքին հրաժեշտ տվեց այսօր: Ցավում և ափսոսում ենք: Այսպիսի դեպքերում է, որ իր մասնագիտությունը հարգող և իր կոչումն իմացող լրագրողներն են ամենաշատը հայտնվում անհարմար վիճակում, որովհետև պարզվում է, որ քիչ չեն այն դեպքերը, երբ գրիչը կամ համակարգիչը հայտնվում են ոչ ճիշտ ձեռքերում: Նման դեպքերի, ցավոք, էլի ենք եղել ականատես: Անցյալ տարի, հոր մահից հետո, իրեն բարձրահարկ շենքից ցած էր նետել «Յոթի գործով» քաղբանտարկյալ, ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի տասնվեցամյա դուստրը՝ Դիանան: Մինչ բժիշկները պայքարում էին դեռատի աղջկա կյանքը փրկելու համար, տարբեր լրատվական կայքեր «գուժում» էին նրա մահը: Աղջիկն, իհարկե, չփրկվեց: Բայց ի՞նչ սթրեսներ ու վիրավորանք ապրեցին նրա մերձավորներն այդ լուրերը կարդալուց հետո, երբ մինչև վերջին վայրկյանը հույսեր էին փայփայում, որ Դիանան կապրի: Նրանցից ոմանք հայտարարել էին նույնիսկ, որ եթե Դիանան ապրի, ապա իրենք դատի են տալու այդ ԶԼՄ-ներին: Նույն կերպ մեկ տարի առաջ թերթերից մեկն էր զբաղված Ներքին գործերի նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանի մահվան մասին լուրը տարածելով, վարկածներ առաջ քաշելով, նրա հեռավոր և մոտ ազգականներին այդ հարցը պարբերաբար ուղղելով: Եվ դա ձգվեց այնքան, մինչև... արձագանքեց ինքը՝ Վանո Սիրադեղյանը: Չհավակնելով ծեծված ճշմարտությունները կրկնելու, խրատական քարոզներ կարդալու՝ ընդամենն ուզում եմ մեջբերումներ անել լեհ այլախոհ, լրագրող Ադամ Միխնիկի՝ լրագրողին ուղղված տասը պատվիրաններից: «Որոշակի հեռավորության վրա կանգնիր քո մասնագիտական հեռանկարներից: Դու ոչ միայն լրագրող ես, այլ նաև՝ քո ծնողների զավակը, քո զավակների ծնողը, քո ընկերների ընկերը, քո հարևանների հարևանը: Աշխարհին նայիր այլ տեսանկյուններից՝ տակից, վերևից, կողքից: Այնուհետև նայիր քեզ, քո համառության և ֆոբիաների վրա, քո բնավորության ակնհայտ գծերին և թաքնված հույզերին»: «Դու պետք է հասկանաս քո պատասխանատվությունը քո մերձավորների համար: Այդ մերձավորը կարող է լինել օտար, նա կարող է լինել այլ ընտանիքից կամ այլ ազգից, միևնույնն է՝ դու պետք է նրան վերաբերվես այնպես, ինչպես ինքդ քեզ»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ