ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՄԱԿ-ի ԱԽ, առա՛նց ախ ու վախ

ՄԱԿ-ի ԱԽ, առա՛նց ախ ու վախ
16.08.2023 | 09:19

Սեղանիդ դրված է թիրախավորված ԱՐՑԱԽ:

Հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ Արցախի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Հատուկ նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին։

(Հասել ենք այն օրին, որ ողջունում, ուրախանում ենք մի բանի համար, ինչը ստանդարտ գործընթաց է, պարտավորություն, որը պետք կատարվեր անվերապահորեն՝ առանց ավելորդ պաթոսի):

Կեցցե՛ Արցախի ԱԳՆ-ն էլ, որ ողջունել է ՀՀ Կառավարության այդ որոշումը:

ՈՒր է՝ նման ըմբռնում, սինխրոն ու գրագետ աշխատանք լիներ ոչ թե այսպիսի արհավիրքներից հետո, այլ ճիշտ ժամանակին, առանց ուշացումների ու ձգձգման։

Եվ հետո, վերպետական կառույցների հետ աշխատանք տարվեր ոչ թե «ադալժենիայով», կապրիզներով, պատվերով կամ «պրեսինգով» իսկ որ ամենավատն է՝ պարզապես ի ցույց դնելու, գոհացնելու ու բերան փակելու համար, այլ մշակված ու հստակեցված հայեցակարգով, սեփական նախաձեռնությամբ, մոտիվացիայով ու կամքով:

Ինչևէ, հուսանք, որ գոնե հիմա, գոնե այսքանից հետո սա համատեղ աշխատանքի սկիզբ կլինի (չնայած՝ խիստ կասկածում եմ):

Շատ գործիքակազմեր ու մեխանիզմեր կան, որ մենք կարող ենք, բայց չենք բանեցնում, այդպես էլ չենք գործադրում միջազգային կառույցների հետ աշխատանքներում (նախորդ հոդվածիս մեջ թվարկել եմ):

Ինչ վերաբերում է այս դիմումին.

Ադրբեջանն այս կապակցությամբ որոշակի լարվածության մեջ է։

Եվ դա նորմալ է, քանզի այս անգամ շատ ավելի դժվար է լինելու աղաղակող փաստերը հերքելը, դրանք աղավաղելն ու խեղաթյուրելը, ստեղծած իրավիճակը յուրովի մեկնաբանելն ու արդարացումներ փնտրելը:

Դժվար է լինելու նաև՝ բանաձևի ընդունումն անգամ ՄԱԿ-ում ծվարած խավիարասեր չինովնիկներին «կուպիտ» անելով տապալելը:

Եվ այս ամենը նրանք գերազանց գիտակցում են, արդյունքում՝ վայնասունի ու ցայտնոտի մեկնարկը տրված է:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե ՀՀ-ի դիմումը ՄԱԿ-ի ԱԽ-ին լուրջ հարված է հասցնում խաղաղության գործընթացին։

Ի դեպ, նաև հղում են տվել ՀՀ վարչապետի՝ Բրյուսելում, Պրահայում ու Սոչիում կատարած հայտարարությանը՝ ասելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը հակասում է ՀՀ-ի գործողություններին։

Ինչ խոսք, հայտարարության առաջին մասով՝ նկատվում է այս դեպքը որպես ալիբի օգտագործելով բանակցությունները փակուղի տանելու նարատիվը:

Սրան զուգահեռ Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն հայտարարություններ են տարածում, թե իբր Հայաստանը մեծ քանակությամբ զորք և ռազմական տեխնիկա է կուտակում սահմանին և նպատակ ունի իրականացնել ագրեսիա։

Տրամաբանական է, որ նման բնույթի հայտարարությունները նշանակում են, որ հենց Ադրբեջանն է պատրաստվում գնալ ռազմական ագրեսիայի և այժմ զբաղված է դրա լեգիտիմացմամբ:

Հիմա ամենապատեհ առիթն է արհեստածին դրվագներով Հայաստանին ու Արցախին ներքաշել պատերազմի մեջ:

Դե իսկ երկրորդ մասով՝ մեր «պորտը դնում են տեղը», որովհետև ՀՀ վարչապետն իրոք նման առիթ նրանց տվել է՝ իր գլխից մեծ ու իր մանդատից դուրս անպատասխանատու հայտարարությունների պատճառով:

Ինչևէ, մեր պրոբլեմները մեզ հետ…

Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ այս դիմումն ԱԽ կողմից պաշտոնապես ընդունելուց հետո,

ի՞նչ կլինի, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի դեմ փաստաթուղթ ընդունվի:

Ո՞րն է լինելու Բաքվի համար վատագույն և համապատասխանաբար, լավագույն սցենարը՝ Երևանի համար:

Եթե Հայաստանը բավարարվի դիմումով, այլ ոչ թե բանաձևով, ինչպես դա արեց Ֆրանսիան 2022 թվականի դեկտեմբերին, ապա այն հավանաբար «կոչնչացվի»՝ վերջին տարիներին Բաքվի դիվանագիտական ակտիվը համարվող՝ «Չմիավորման շարժման» երկրների կողմից:

Իսկ եթե բանաձևի նախագիծ ներկայացվի, ապա, ի վերջո, պետք է որոշում կայացնեն գերտերությունները:

Ընդ որում, նշեմ, որ Անվտանգության Խորհրդի մշտական անդամներ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ունեն «վետոյի» իրավունք:

Ադրբեջանի հիմնական հույսը դա է:

Ենթադրելի է, որ նրանցից որևէ մեկը կարող է օգտագործի այդ իրավունքը:

Իհարկե սա այն պարագայում, եթե Բաքվին չհաջողվի «հաղթել ձայներով»՝ հասնելով նրան, որ բանաձևը պաշտպանեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ը։

Ելնելով դրանից՝ Բաքուն հիմա զբաղված է նավթադոլարների միջոցով դիվանագիտական ողջ արսենալն այդ ուղղությամբ բանեցնելով:

Այդ գործին ծառայեցվում են աստղաբաշխական ֆինանսական միջոցներ և ոչ միայն:

Եվ դա կարող է այս անգամ ևս տալ իր արդյունքները:

Այնպես, ինչպես նախորդ տարվա դեկտեմբերին, երբ վերջնարդյունքում ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև ոչ մշտական անդամներ Ալբանիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների «ջանքերով»՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալվեց։

Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ այս ամենը բացառելու, մերժման ռիսկերը մաքսիմում մինիմալիզացնելու համար:

Հուսամ, այս անգամ գոնե այդ կողմերի հետ աշխատանք է տարվում՝ հերթական տապալումից խուսափելու համար։

Միաժամանակ պետք է հասկանանք, որ այս համատեքստում լավ ու մշակված «քեյսը» դեռ քիչ է:

Մեր համեստ հնարավորությունների պարագայում մեզ մնում է գոնե հավուր պատշաճի օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորություններն ու գործիքները:

Առանց ֆետիշացնելու, ոչ էլ թերագնահատելու, կարծում եմ բանաձևի դրական արդյունքի պարագայում, Ադրբեջանի հանդեպ աննախադեպ ճնշում կգործադրվի:

Հուսամ այն, ի տարբերություն Հաագայի Դատարանի որոշմանը, որը այդպես էլ մնաց թղթի վրա, պատժամիջոցների հետ միասին պարտադիր իմպերատիվ կլինի ու կատարողականով կյանքի կկոչվի:

Արդյունքում՝ խիստ հավանական է Լաչինի միջանցքի դեբլոկադան:

Բանաձևի ընդունման պարագայում չզարմանաք, որ Բաքուն հիշեցնի ու հղում տա 1993-94 թթ. ՄԱԿ ԱԽ-ի՝ Արցախի հարցով 4 բանաձևերի, Արցախից հայկական զինված ուժերի դուրսբերման ընդունումը, որն առ այսօր կյանքի չի կոչվել:

Ինչևէ, կապրենք, կտեսնենք:

Իսկ մինչ այդ, այս դիմումի ֆոնին ականատեսն ենք ուժային շանտաժի, անթաքույց ագրեսիայի, սպառնալիքների և նոր պատերազմի համար հող նախապատրաստելուն:

Ամեն դեպքում, լայնածավալ պատերազմի հավանականությունն ու անկանխատեսելի զարգազումներն ինչպես միշտ ակտուալ են:

Աշխարհի հեգեմոննե՛ր, միջազգային հանրությու՛ն, այս պահին գնդակը ձեր դաշտում է:

Մեծ ակնկալիքներ ու սպասումներ իհարկե չունեմ, բայց լավատեսորեն եմ տրամադրված և հաճելիորեն զարմանալուն դեմ չեմ:

Դատե՛ք խղճի մտոք:

Ձեր վարքագծից և որոշումից է նաև կախված արցախցիների ճակատագիրը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3104

Մեկնաբանություններ