Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականները շարունակում են ականազերծել խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում ընդգրկված տարածքը, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները մասնակցում են ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանքներին խաղաղապահ դիտակետերի և հանրային ճանապարհների միջև ընկած երթուղիներում», - ասվում է նախարարության մեկնաբանության մեջ: Սակրավորները աշխատանքներ են իրականացնում բնակավայրերի և հարակից սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների, տրանսպորտային մուտքերի մոտ: ՊՆ-ն նշում է, որ հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են աղբավայր, որտեղ հետագայում պայթեցվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում:
«Պայթուցիկ նյութերի առկայության տեղանքի հետազոտման աշխատանքների փուլերից մեկն այն դիրքերի ուսումնասիրությունն է, որոնց վրա կկառուցվեն ստացիոնար դիրքեր ռուս խաղաղապահների համար», - ասել են ռազմական գերատեսչությունում: Ականազերծմանը մասնակցող զինծառայողները հագեցած են սակրավորի պաշտպանիչ հանդերձանքով և զինված են պայթուցիկ առարկաների որոնման ժամանակակից միջոցներով, ԻՄՊ-Ս-2 ականի դետեկտորով և ԻՆՈՒ-3Մ որոնիչով: