ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պտտվիր, պտտվիր, կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել...

Պտտվիր, պտտվիր, կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել...
05.02.2013 | 00:55

Դուք գիտե՞ք, թե ինչու տարվա ամենակարճ ամսվա իրադարձություններն ու հետևանքները Հայաստանի համար միշտ անկանխատեսելի ու երբեմն էլ պատմական են լինում: Նույնիսկ փետրվարի 29-ին պարբերաբար հասցնում ենք քայլեր անել, որ հետո ամբողջ տարին ու տարիներ պետք է քննել, քննարկել, բացահայտել, արդարանալ, արդարացնել, ամենադժվարը` հասկանալ:

2013-ի փետրվարի 1-ը Հայաստանում ամենահայտնի մարդը դարձրեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Հայտնի իրավիճակի մանրամասների մեջ չխորանալով` արձանագրենք ակնհայտ ու ոչ այնքան ակնհայտ փաստերը միայն: Անկախ Հայաստանի պատմության մեջ նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջին անգամ կրակ էր բացվում թեկնածուներից մեկի վրա: Սա արդեն վիճակագրություն է: Ճիշտ է` վիճակագրությունը գուցե իր համապատկերում պահպանի փաստեր, որ նախագահի 8 թեկնածուներից գիշերային հրձիգի թիրախ դարձավ ոչ ֆավորիտը, ոչ էլ այն անձը, որ մինչ այդ հանդես էր եկել սկանդալային բացահայտումներով ու մեղադրանքներով թեկնածուներից որևէ մեկի հասցեին: Եվ բնականաբար ու ինքնաբերաբար էր հարցը ձևավորվելու` ո՞ւմ էր պետք և ո՞ւմ էր ձեռնտու կատարվածը: Տարատեսակ, խելամիտ ու դետեկտիվ վարկածների պակասություն հինգերորդ օրը չի զգացվել ո՛չ Պարույր Հայրիկյանի, ո՛չ թեկնածուների, ո՛չ լրագրողների, ոչ տեղեկատվական համախառն արտադրանքը սպառողների` հասարակության համար: Վարկածները բազմազան են ու ներհակ: Օրինակ` միայն Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ մահափորձի հեղինակը ռուսական հատուկ ծառայություններն են, հետո, որ ռուսական իմպերիալիստական ուժերն են իրեն սպանելու նպատակ ունեցել, և գնդակներն էլ ուղղված էին ոչ իր դեմ, այլ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի: Հետո` հեղինակն «ինչ-որ ուժեր են, որ հետին հաշվարկով տեսան, որ իրենք սխալվել են, չեն առաջադրվել»: Հետո` իր վրա կրակողը հայ չի եղել, հայկական դիմագծեր չի ունեցել: Հետո` Պարույր Հայրիկյանը խստորեն դատապարտեց այն «ողորմելիներին», ովքեր կարծում են, որ իր վրա կրակողն ընդամենը վախեցնելու նպատակ է ունեցել: Այս ամբողջ բազմազանության մեջ որևէ մեկին հետաքրքրե՞ց, թե ինչու փետրվարի 1-ին չկազմվեց նախագահի թեկնածուի վրա կրակած «ոչ հայի» ֆոտոռոբոտը, երբ ամբողջ օրը Պարույր Հայրիկյանը մանրամասնորեն իրեն այցելողներին ու լրագրողներին պատմում էր հարձակման մանրամասները, իր ապրումները ու ներկայացնում իր եզրակացությունները, ինչո՞ւ հենց այդ ժամանակ չկազմվեց ենթադրյալ հանցագործի ֆոտոռոբոտը` ըստ Պարույր Հայրիկյանի նկարագրության (իսկ նա ասում է, որ մոտիկից տեսել է, հիշում է, կարող է ճանաչել), ու չտարածվեց հեռուստաալիքներով, ինչո՞ւ են որոնում նրա թողած հետքերը և ոչ նրան: Եթե նույնիսկ հիմա վերջապես կազմվի ենթադրյալ հանցագործի ֆոտոռոբոտը, ժամանակն արդեն կորած է` ո՞վ է նստելու տանը ու սպասելու, որ գան իրեն ձերբակալելու, եթե գիտի, որ ինքը հանցանք է գործել: Արդյո՞ք նա, ում փնտրում են, դեռ Հայաստանում է: Եվ` ինչո՞ւ է Պարույր Հայրիկյանը հրաժարվում ընդունել քննիչներին, երբ առողջական վիճակից ելնելով` կարողանում է հանդիպել այդքան մարդու: Տարօրինակ չէ՞, որ մարդ սպանելու մտադրությամբ կրակողը հանցագործության գնում է բաց դեմքով` չվախենալով, որ իրեն կտեսնեն ու հետո կճանաչեն` սա մեկ, և երկրորդ` կրակում է ու գործնականում վրիպում, եթե նկատի առնենք, որ սպանելու մտադրությամբ է կրակում, ինչպես պնդում է Պարույր Հայրիկյանը: Ինչո՞ւ չի հետևում հայտնի ու այդ դեպքերում պարտադիր ստուգողական կրակոցը գլխին: Հազիվ թե նրա զենքում ընդամենը երկու փամփուշտ լիներ, ի՞նչ է խանգարել իսկապես ճակատագրական կրակոցին, մանավանդ, երբ արդեն իր դեմքը տեսել էին: Եթե կրակոցն այդքան մոտիկից է եղել, 7,62 մմ տրամաչափի փամփուշտը ինչպե՞ս է մնացել փափուկ հյուսվածքներում, ինչպե՞ս դուրս չի եկել մարմնից: Որտե՞ղ է զենքը, որ վարձու մարդասպանները նետում են դեպքի վայրում: Նկատի առեք, որ դեպքի վայրում եղել են նաև տեսախցիկներ, որ սպանության գնացողը պիտի բացառեր իր ընտրած վայրի շրջակայքում: Հնարավո՞ր է, որ վարձու մարդասպանը այսքան սխալներ ու շեղումներ թույլ տա: ՈՒ այսքանից հետո մնա ազատության մեջ: Թե՞ Հայաստանում ամեն ինչ է հնարավոր: Մանավանդ փետրվարին:

Իրավացի են նրանք, ովքեր նախընտրական քարոզչության շրջանը բաժանում են հունվար-փետրվարի` մինչև Պարույր Հայրիկյանի վրա կրակելու և կրակելուց հետոյի: Բայց հազիվ թե բաժանողներից որևէ մեկը հստակ ու ամբողջական պատասխանի «Իսկ ի՞նչ փոխվեց» հարցին: Ճիշտ է, Հայաստանի ներսում ու Հայաստանից դուրս` միջազգային կառույցներից մինչև ԱՄՆ պետական դեպարտամենտ, մտահոգություն հայտնվեց ու շուտափույթ ապաքինման մաղթանքներ, հանցագործության բացահայտման ակնկալիքներ հնչեցին: Բայց ի՞նչ փոխվեց:
Իհարկե, ընդամենը երկու կրակոցով, որոնցից մեկը չի էլ դիպել, ակնհայտ դարձավ, որ մինչև ապահով Հայաստան` Հայաստանը երկար ճանապարհ ունի անցնելու: Ակնհայտ դարձավ, որ իրականում ընտրությունները բնավ էլ անամպ ու անմրցակցային չեն, ինչն անհայտ չէր: Եվ վերջ: Ոչինչ ավելին, որովհետև փետրվարի 1-ի իրադարձությունները ոչ Պարույր Հայրիկյանի, ոչ մյուս 7 թեկնածուներից որևէ մեկի վարկանիշի վրա չներգործեցին, քաղաքական իրավիճակ չփոխեցին, հասարակական տրամադրությունների վրա ներգործություն չունեցան. հայ ժողովուրդը այս միջադեպից շատ ավելի լուրջ իրադարձություններ է ապրել, դժբախտաբար, և ոչինչ չի փոխվել: Տարատեսակ վարկածների մեջ երկու ծայրահեղություններ եղան` թատերական բեմադրությունից (եթե դա ճիշտ է, մեծ տաղանդ էր պետք այդքան անտաղանդ կատարող գտնելու համար) մինչև երկրում իրավիճակի անկայունացման ու նախագահական ընտրությունները ոչ միայն 14, այլև 40 օրով հետաձգելու ու նոր ընտրություններ անցկացնելու հնարավորությունների մասին (որ նույնքան մեծ աբսուրդ է, որքան Պարույր Հայրիկյանի վրա կրակելը Հայաստանի վրա կրակել համարելը): Քանի դեռ հետաքննությունը, գործի շահերից ելնելով, լռում է, տարբերակների պակասություն չի զգացվելու, բայց արդեն իսկ չափազանց ակնհայտ է, որ այս ամբողջ պատմությունը հետաքրքրում է միայն ընտրվողներին ու նրանց քաղաքական կյանքը լուսաբանողներին, իսկ ընտրողները վստահաբար կատարելու են իրենց ընտրությունը` իրենց մտադրությանը հավատարիմ: Եթե ոչ փետրվարի 18-ին, մարտի 4-ին: ՈՒ ոչինչ իրականում չի փոխվել: Սա` Հայաստանի ներսում: Իսկ դրսո՞ւմ: Հայաստանի ու այլ պետությունների շահերի հատույթո՞ւմ: Նախագահական ընտրությունները սահմանված ժամկետո՞ւմ, թե՞ այդ ժամկետից ուշ: Ի՞նչ է կորցնելու կամ ի՞նչ է շահելու Հայաստանը: Այս հարցերի պատասխանը կերևա ժամանակի մեջ: Եթե իսկապես հանցագործությունը կապված է Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեության հետ, կամ նրա` նախագահի թեկնածու առաջադրվելու փաստի, միայն հետաքննության ավարտը կպատասխանի այդ ու հարակից հարցերին (ընդունեք` չի բացառվում, որ կրակոցների առիթ դարձել են Պարույր Հայրիկյանի կյանքի ու գործունեության այլ ոլորտները` անձնական, կենցաղային, այլ): Կպատասխանի ավարտված հետաքննությունը, եթե գտնվի կրակողը, և պարզվի կազմակերպիչը: Որպես կանոն` պարտադիր չէ, որ կատարողն ու կազմակերպիչը լինի նույն անձը, ու նրանք նույն ազդակներն ունենան: Բայց դա արդեն կլինի այլ պատմություն, որ այս ընտրությունների պատմությանը չի առնչվի:
Եվ, այնուամենայնիվ, որքան էլ այս պատմությունը չի ձգում ֆորսմաժորային իրավիճակի, նաև չի բացառում հետագա ֆորս մաժորները, որովհետև ինչպես մինչև փետրվարի 1-ը, այնպես էլ փետրվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին խնդիրները կային ու մնում են լուծելու: Իսկ քաղաքականությունը միայն գեղեցիկ գրքերում է հնարավորի ու անհնարը հնարավոր դարձնելու արվեստ, կյանքում քաղաքականությունը գոտկատեղից ներքև հարվածներ տեղալու ու ստանալու հերթագայությունն է ու այդ ժամանակամիջոցում չկորցնելու, այլ ձեռք բերելու շանսը:
Իսկ ընդհանրապես արշալույսները փետրվարյան Հայաստանում խաղաղ են, ինչպես խաղաղ են երեկոները: Նախագահի թեկնածուները շարունակում են հանդիպումները` բացի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո ապաքինվող Պարույր Հայրիկյանից, որ բժիշկների սպասածից ավելի լավ է և խոստացել է «տառապյալ չխաղալ»: Նախագահի թեկնածուներն էլ առանձնապես չեն փոփոխել իրենց ծրագրերն ու շարունակում են քարոզչությունը: Արամ Հարությունյանը, դիմելով Սերժ Սարգսյանին, դիմում է Գարեգին Նժդեհին ու վստահություն հայտնում, որ նեոնժդեհականները մի օր կհեռանան, ու Հանրապետության հրապարակում առանց ատկատի իր արձանը կկանգնեցվի: Սերժ Սարգսյանը միայնակ շարունակում է հավաստել, որ նախորդ հինգ տարիներին մեծ փոփոխություններ են եղել ու հաջորդ հինգ տարիներին էլ լինելու են ավելի մեծ փոփոխություններ: Արման Մելիքյանն իշխանություններից պահանջում է ջարդել ընտրակեղծիքների ավանդույթը և հընթացս էլ ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերից է պահանջում իրենց քայլն անել: Հրանտ Բագրատյանը քայլ առ քայլ իր 100 քայլի առավելություններն է բացատրում ու համարյա ներկայանում է Հայաստանի Հանրապետության փրկիչ հրեշտակի կերպարանքով` ճիշտ է, առանց թևերի: Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը և ասել է, որ նույնիսկ պատրաստ է հացադուլը դադարեցնելու, եթե Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան դիմի նոր ընտրություններ նշանակելու պահանջով, որին չեն մասնակցի ընտրակաշառք բաժանող և հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները, իսկ նրա եթերաժամից օգտվող խելոք քաղաքացիներն արդեն քչություն են անում: Վարդան Սեդրակյանն անիմաստ է համարում ընտրարշավը խոսքով համեմելը և իր եթերային րոպեները տրամադրում է «Սասունցի Դավիթ» էպոսի տարբեր տարիների նկարազարդումների եթեր հեռարձակմանը: Չլինելով էպոսագետ ու երաժշտագետ` ընտրողի համար դժվար կլինի կողմնորոշվել, թե էպոսի չորս ճյուղերի հերոսներից ու էկրանին նույնքան հաճախ երևացող Մսրա Մելիքից ում հետ պետք է թեկնածուին նույնականացնել: Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է պարզաբանել Սերժ Սարգսյանի ու իր Հայաստանների տարբերությունը ու առաջարկում է ընտրություն կատարել` առանց բացատրելու, թե ինչպես պետք է ինքը մի Հայաստանից մյուսին անցնի: Եվ` մնացածը գիտեք բոլորդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ ընդհանրապես փետրվարի 1-ն ակնհայտ դարձրեց ևս մեկ իրողություն. ամեն ինչ չէ Հայաստանում կառավարելի, ու ամեն ինչ չէ կանխատեսելի: Հնարավոր են իրադարձություններ ու իրավիճակներ, որ չեն բխում ՀՀԿ-ի ծրագրերից ու բացահայտորեն ձեռնտու չեն ՀՀԿ-ին ու ՀՀԿ-ի նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Սա` մեկ, և երկու` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը (որ բացահայտորեն հաճույք է զգում, որ առաջին անգամ Հայաստանի ընտրական պատմության մեջ դեպքերի բերումով ինքն է որոշում ընտրությունների օրը) փետրվարի 4-ին հետաձգեց որոշումը: Կա երկու տարբերակ.
1. որ Սահմանադրական դատարան չի դիմի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրով իր համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու պատճառով, ուրեմն` ընտրության պատմությունը չի սկսվի 0 կետից և տրամաբանական ավարտին կհասնի փետրվարի 18-ին,
2. որ Սահմանադրական դատարան կդիմի ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրով իր համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու պատճառով, ուրեմն` ընտրության պատմությունը կսկսվի 0 կետից` կնշանակվի նոր ընտրություն, իսկ քվեարկությունը կանցկացվի երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` քառասուներորդ օրը: Այդպես սահմանում է ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածը:
Մնում է Պարույր Հայրիկյանը կողմնորոշվի։

Դիտվել է՝ 3098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ