Ամերիկյան կանխատեսումներում ավելի ու ավելի համառորեն են առկայծում այն պնդումները, որ 21-րդ դարում Մերձավոր Արևելքում առաջատար քաղաքական դերակատար են դառնալու քրդերը կամ, ավելի ճիշտ, քրդական ազգային շարժումը, որն, անտարակույս, կհանգեցնի քրդական պետության ստեղծման:
Իհարկե, մեկ միասնական կամ երկու-երեք քրդական պետության ստեղծումը արմատական փոփոխություններ կառաջացնի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ: Այսպես, քաղաքական հաջողության նույնիսկ սկզբնական փուլերում քրդական պետականությունն իրենից կներկայացնի մի ինչ-որ դաշնություն, բավական մասնատված պետական-քաղաքական կազմավորում: Բայց դա չի նսեմացնում նոր մարտահրավերների ու սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակի առաջացման նշանակությունը, առավել ևս, որ այդ պետական կազմավորումը վերահսկելու է ջրի, նավթի ու գազի կարևորագույն ակունքներ: Քրդական պետականությունը, միաժամանակ, կկանգնի տարածաշրջանային մեկուսության վտանգի առջև, քանի որ ելք չունենալով դեպի ծով, կգտնվի Առաջավոր Ասիայի կենտրոնական գոտում` շրջապատված կա՛մ թշնամական երկրներով, կա՛մ ոչ այնքան բարեկամական: Նույնիսկ ԱՄՆ-ի և Արևմտյան ընկերակցության որոշակի աջակցության պայմաններում, քրդերն ստիպված կլինեն իբրև առաջատար տարածաշրջանային գործընկերներ ընտրելու կամ Իրաքն ու Սիրիան, կամ Թուրքիան: Սխալ չի լինի պնդել, որ, չնայած Թուրքիայի հետ տևական թշնամական հարաբերություններին, քրդերը պետական և քաղաքական իմաստով միշտ ավելի կապված են եղել թուրքական պետականության հետ: Ներկայումս քուրդ ժողովրդի բնակության տարածքի մեծ մասը գտնվում է ժամանակակից Թուրքիայի սահմաններում, որն ավելի հրապուրիչ է քրդերի համար իբրև ավելի աշխարհիկ պետություն` անգամ ներկա կրոնական միտումների պայմաններում: Տնտեսական առումով Թուրքիան դարձյալ ավելի հրապուրիչ է և աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական առումով ավելի մոտ է գտնվում Եվրոպային և նրա հետ շատ պայմանավորվածություններով է շաղկապված:
Հարկ է նշել, որ ներկայումս քրդական քաղաքականության ռազմավարական խնդիրներից մեկը Հյուսիսային Իրաքի խոշորագույն նավթահանքերի լիակատար վերահսկողությունն է, իսկ դա առճակատում է ենթադրում Իրաքի և ամբողջությամբ վերցրած արաբական պետությունների հետ։ Դրա հետ են կապված տարածքային առանձնացման խնդիրները, և այս առումով քրդերը պետք է ունենան համոզիչ արտաքին աջակցություն, ինչը կարող է ցուցաբերել ոչ թե Իրանը, այլ հենց Թուրքիան, որը շահագրգռված է Իրաքյան Քրդստանի կառավարության հետ տնտեսական և քաղաքական համագործակցությամբ։ Իրանը, միանգամայն անիմաստ կերպով, այն աստիճանի է փչացրել հարաբերությունները քրդերի հետ, հատկապես իրաքցի քրդերի (նաև ԱՄՆ¬ի արտաքին ազդեցությամբ), որ նրանց հետ հարաբերությունների արագ բարելավման հույսեր չի կարող ունենալ։ Իրանն այդպես էլ չկարողացավ օգտվել մի այնպիսի կարևոր գործոնից, ինչպիսին քրդերի պատկանելությունն է իրանական աշխարհին, թեև իրանցի շատ քաղգործիչներ ու քաղաքագետներ նախազգուշացնում էին, որ «իրանական գործոնն» ինքնըստինքյան չի գործելու, և անհրաժեշտ է հետևողական քաղաքականություն վարել։ Իրանը վաղեմի և կայուն դիրքեր ունի Թուրքական Քրդստանում` այստեղ ունենալով գործակալական ընդարձակ ցանց, բայց դա չի նշանակում, թե հասկանալի պայմանավորվածություններ ու սկզբունքային պարտավորություններ կան, նախ և առաջ, քրդական աշխատավորական կուսակցության հետ։ Այս իմաստով, Իրանը ձգտում է շարունակել իր «փորձված», բայց արդեն «ժամկետանց» քաղաքականությունը՝ քրդական քաղաքական կազմակերպությունները համարելով ոչ թե գործընկերներ, այլ սոսկ դրածոների ու գործակալների նման մի բան։ Քուրդ առաջնորդներն ընդունում են խաղի այդ կանոնները, բայց դա քրդերի ու Իրանի մերձեցում չի նշանակում։ Ընդհակառակը, Իրաքում ԱՄՆ¬ի ու նրա դաշնակիցների պատերազմից հետո և Իրաքում քրդերի պետական նոր կազմավորման ստեղծմամբ քրդական հանրությունը մի տեսակ մեկուսացավ Իրանից։ Հնարավոր է, ավելի ուշ հեռանկարում՝ մի 20-30 տարի հետո, քրդական պետականությունն ու Իրանը կնախընտրեն մերձեցումն ու համագործակցությունը, բայց ներկա պահին ոչ մի հույս չկա, թե հարաբերությունները կկարգավորվեն և նոր պայմանավորվածություններ ու պարտավորություններ ձեռք կբերվեն։ Մշակութաբանական խնդիրների լուծմամբ մեծ հաջողությունների է հասել հատկապես Թուրքիան, որը երկար տարիներ քարոզչություն է ծավալել թուրքերի ու քրդերի ազգային ու մշակութակրոնական միասնության իմաստով, «հիմք ընդունելով» ծագումնաբանական և հնագիտական հետազոտությունների ամենավերջին արդյունքները։ Արաբական պետությունները բավական տարօրինակ դիրք են բռնել քրդերի նկատմամբ, բառացիորեն անտեսելով նրանց քաղաքական նկրտումներն ու պահանջները, հետաքրքրություն հանդես չբերելով քրդերի հանդեպ իբրև քաղաքական և աշխարհաքաղաքական գործընկերների։ Արաբ քաղգործիչների մեկուսականությունը քաջ հայտնի է։ Օրինակ, արաբները նույնպիսի քաղաքականություն են վարում Հարավային Կովկասի առնչությամբ, իսկ Հյուսիսային Կովկասն ու Կենտրոնական Ասիան համարում են իսլամական արմատականներ «նետելու» վայր։ Ներկայումս ոչ մի նշան չկա, թե արաբական պետությունները քրդերին կհամարեն գործընկերներ։ Արաբ քաղգործիչները պատրաստ են կատարելու տարածքային զիջումներ, միայն թե հեռու մնան քրդական հարցից։ Սադամ Հուսեյնի գահընկեցությունից հետո արաբների կայսրապետական հավակնությունները սպառվեցին։ Մոտ ապագայում արաբները ո՛չ որևէ ծայրամասային խնդրի, ո՛չ էլ քրդերի հետ գլուխ դնելու ցանկություն չեն ունենա։
Ժամանակակից Թուրքիայի արևելյան շրջաններում, փաստորեն, կանոնավոր բնույթի պատերազմ է։ Հիմա դա Աֆղանստանից հետո երկրորդ խոշոր ռազմական բախումն է։ Քրդական ազգային շարժումը դարձել է Թուրքիայի տնտեսական և սոցիալական զարգացումը խոչընդոտող լուրջ գործոն։ Դրա հետ մեկտեղ, քրդերը ներկայացված են Թուրքիայի կառավարման բոլոր ոլորտներում ու տարածաշրջաններում, այդ թվում` խորհրդարանում, հարավ-արևելքի տեղական շատ մարմիններում։ Միաժամանակ, քրդական շարժման «լոյալության» և «լեգիտիմության» մեծացմանը զուգընթաց ահագնանում են զինված շարժումն ու զինված բախումները։ Դա բավական տարօրինակ է, սակայն, երևի թուրքերի ու քրդերի երկխոսությունը ենթադրում է հարաբերությունների հենց նման բնույթ։ Կասկած չկա, որ Արևմտյան ընկերակցության ազդեցությունը, չնայած քրդական զինված շարժման դատապարտմանը, հսկայական դեր է խաղացել քրդերին աջակցելու հարցում և արգելք է հանդիսանում քրդերի նկատմամբ բացահայտ ցեղասպանության իրականացման ճանապարհին։ Հնարավոր է, որ քրդերը գիտակցաբար և համերաշխորեն ընտրել են «իռլանդական ուղին», որի համաձայն ազգային շարժումը բաժանվում է երկու մասի՝ զինված և օրինական եղանակների։
Այդուամենայնիվ, թուրք քաղաքական վերնախավը ձեռնամուխ է եղել քրդերի հետ հետագա հարաբերությունների ձևավորման տարբերակների մշակմանը, ուշադրության առնելով այնպիսի հեռանկարներ, ինչպիսիք են թուրքական պետականության կրոնական բաղադրիչների ուժեղացումը, ՆԱՏՕ¬ից ու Եվրոպական ընկերակցությունից կտրվելը, Թուրքիայի հարևան տարածաշրջաններում ընդհարումների ուժեղացումը, ուժերի համաշխարհային դասավորության արմատական փոփոխությունը, ուշադրության են առնվում նաև Թուրքիայի զարգացման տարբեր սցենարներ։ Ընդ որում, Թուրքիայի գլխին կախված է սպասվող լճացման և «ուշացած ճգնաժամի» խորացման, ազգային մշակութային ու տարածաշրջանային անկման կամ երկրի տրոհման վտանգը, հնարավոր արտաքին զինված հակամարտությունները։ Քաղաքական և տնտեսական ճգնաժամի կարևոր նշան են դարձել Թուրքիայի շահերին ներհակ հակամարտությունների մեջ երկրի ներգրավման երկյուղները։ Ինչ¬որ չհիմնավորված պատճառներով, թուրքերն սկսել են վախենալ արտաքին սպառնալիքների սցենարից, թեև հազիվ թե մեկը կարողանա տրամաբանված բացատրություն տալ այդ տրամադրություններին, ավելի շուտ զգացողություններին։ Ամեն դեպքում, թուրք քաղգործիչներն ու գեներալները սկսել են հասկանալ, որ Թուրքիայի առջև ընտրություն է կանգնած. կա՛մ միլիոնավոր քրդերի ոչնչացման գնով պետությունը ոչնչացնել, կա՛մ պահպանել պետությունն ավելի քան անընդունելի զիջումների գնով։ Այդ թեման, ինչ խոսք, շատ նրբություններ է պարունակում, և թուրք քաղգործիչներն ու փորձագետները չեն կարող այն հրապարակային ձևով շարադրել։ Բայց, այսպես թե այնպես, Արևմուտքի երկրներում աշխատող թուրք փորձագետները ակնարկներ են անում, որ Թուրքիան կանգնած է վիթխարի փոխզիջման, այսինքն` պետության նոր ձևաչափի՝ թուրք¬քրդական երկբաղադրիչ պետության ստեղծման հեռանկարի առջև։ Այդ դեպքում Թուրքիան հնարավորություն կունենա ոչ միայն պահպանելու տարածքային ամբողջականությունը, այլև, ավելին, կլանելու մյուս քրդաբնակ տարածությունները։ Դրանով շատ հարցեր կլուծվեն Թուրքիայի պատմության տասնամյակների ու հարյուրամյակների համար, եթե այդ հարյուրամյակներին վիճակված է լինել։
Ներկայումս դեռ կան ուժեր, որոնք ընդունակ են թույլ չտալու այդ ծրագրի իրականացում։ Դրանք են, առաջին հերթին, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իսրայելը։ Կասկած չկա, որ այդ նախագծի դեմ ավելի ակտիվորեն հանդես կգա Իրանը, և պակաս ակտիվությամբ` արաբական պետությունները։ Թուրքիայի այդպիսի նշանակալի զորեղացման դեմ հանդես կգան շատ պետություններ, որոնք հիմա գտնվում են սուր առճակատման մեջ։ Այդ պետությունները կնախընտրեն համապարփակ աջակցություն ցուցաբերել քրդերին, կպաշտպանեն պետականություն ունենալու նրանց իրավունքը, այդ թվում` Թուրքիայում։ Արևմտյան ընկերակցության և Մերձավոր Արևելքի պետությունների կիսատ-պռատ լուծումներն ամենևին ձեռնտու չեն քրդերին, քանի որ օրակարգում քուրդ ժողովրդի բուն գոյատևման հարցն է։
Ռուսաստանը կաշխատի դարձյալ չմիջամտել այդ գործին, և կնախընտրի սպասողական դիրք բռնել, բայց, այդուամենայնիվ, կպաշտպանի թուրք-քրդական պետության ստեղծում թույլ չտալու որոշումը։ Նման խոշոր ու կայուն պետության ստեղծումը, առավել ևս Ադրբեջանի հետ միավորված պետության, N 1 սպառնալիքը կդառնա Ռուսաստանի համար, էլ չենք խոսում Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի, Իրանի, Բալկանների ու Կենտրոնական Ասիայի մասին։ Ամերիկացիները, եթե դեռ ի վիճակի կլինեն վարելու տարածաշրջանային գործուն քաղաքականություն, ստիպված կլինեն ոչնչացնելու ցանկացած սցենար, որքան էլ դա ծախսատար լինի։ Շահագրգիռ պետությունների համերաշխության նման մեծ կարողության պարագայում, առհասարակ շատ հեշտ կլինի ձախողել այդ նախագիծը, նկատի ունենալով նաև թուրք-քրդական հակասությունների հանգամանքը։ Սակայն թուրքերն ունեն հսկայական քաղաքական ու դիվանագիտական փորձ, Արևմուտքի և Արևելքի հետ հարաբերությունների ավանդույթներ և կաշխատեն չեզոքացնել տարբեր պետությունների ջանքերն ու դիրքորոշումները։ Բնականաբար, առաջին հերթին քննության կառնվի Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքները Թուրքիայի հովանու ներքո և թուրք-քրդական պետության կազմում միավորելու հեռանկարը։ Իհարկե, Իրանն այդ նախագծին կհակադրի հնարավոր ամեն ինչ, այդ թվում նաև այնպիսի հնարքներ, ինչպիսին Իրանական Քրդստանին իրական ինքնավարության տրամադրումն է։ Ի դեպ, Իրանը միակ պետությունն է, ուր քրդերի հողերը 21-րդ դարի գալուստից դեռ շատ առաջ Քրդստան էին կոչվում, իսկ քրդական ազգանուններն ու տեղանունները պաշտոնական էին համարվում Իրանի շատ քաղաքներում։
Իրանում քրդերը, իբրև իրանական ժողովուրդ, միշտ ճանաչվել են որպես ինքնուրույն ազգ, անգամ երբ նրանք առավելապես պատկանել են իսլամի սուննիական թևին։ Անտարակույս, Իրանը բարդ վիճակում կհայտնվի, բայց, դրա հետ մեկտեղ, Իրանական Քրդստանը կարող է դառնալ «թուրք-քրդական նախագծի» փլուզման ուժեղագույն գործոն, ընդ որում, Արևմտյան ընկերակցության և արաբական պետությունների չեզոք կամ նույնիսկ դրական վերաբերմունքի դեպքում։
Ինչ-որ չափով, թուրք-քրդական պետության մոդելը, ավելի ճիշտ, այդ մոդելի շատ ուշացած նախնական սխեման, արդեն ստեղծվել է Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի փոխհարաբերությունների ձևավորման տեսքով։ Իրաքյան Քրդստանի կառավարության տրամաբանությունը լիովին հասկանալի է և կապված է Իրանի և իրաքյան շիամետ կառավարության ուժեղ ճնշման պայմաններում մեկուսության հաղթահարման խնդրի լուծման հետ։ Էլ ո՞ւմ հետ համագործակցեն իրաքցի քրդերը, եթե ոչ Թուրքիայի, առավել ևս, որ առայժմ դա չի հարուցում ԱՄՆ-ի ու նրա արևմտյան գործընկերների ուժեղ դիմադրությունը։ Դրա հետ մեկտեղ, Իրաքյան Քրդստանի կառավարության դիրքորոշումը խիստ եսասիրական է, քանի որ նպատակ է հետապնդում ստեղծելու ոչ մեծ, բայց կառավարելի քրդական պետություն, որի վերահսկողության տակ լինելու են հսկայական քանակությամբ նավթ ու գազ, առանց այդ հարստությունը մյուս քրդերի հետ կիսելու։ Իհարկե, Բարզանիի կառավարությունը ձգտում է իր ազդեցությունը տարածել սիրիական և թուրքական, ինչպես նաև իրանական քրդերի վրա, բայց միայն քաղաքական ռեսուրսների վերահսկողության նպատակով, ինչն անհրաժեշտ է միջազգային հարաբերությունների կառուցման համար։ Սիրիացի քրդերի առնչությամբ Բարզանիի ներկայիս ակտիվությունը հեռագնա նշանակություն ունի և կազմված է Իրաքյան Քրդստանի ինքնիշխանության ճանաչմանը միտված փաստարկների կուտակման հետ։ Բարզանին բավական ուժեղ լոբբինգ է նախաձեռնել Վաշինգտոնում, և «Կ-սթրիթում» արդեն գոյություն ունի Իրաքյան Քրդստանի օգտին աշխատող լոբբինգային ֆիրմաների գործունեության ավանդույթ։ Այդ լոբբինգը դեռևս գործունեության լայն ճակատ չունի, ու երևի առայժմ խնդիր ունի առաջին քայլերն անելու ԱՄՆ-ում քրդական շահերի պաշտպանության ճանապարհին։ Եվրոպայում և Ռուսաստանում քրդերի շատ կազմակերպություններ, որոնք ստեղծվել էին որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության բաժանմունքներ, աստիճանաբար ընկնում են Իրաքյան Քրդստանի կառավարության ազդեցության տակ։ Նշաններ կան, որ Իրաքյան Քրդստանը դիտմամբ սրում է հարաբերությունները Բաղդադի հետ, նպատակ ունենալով օրախնդիր դարձնել ինքնիշխանության ճանաչման հարցը։ Ընդ որում, միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կողմ են Իրաքյան Քրդստանի անկախության գործի արագացմանը, ինչը կապված է նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ԿկժԽ) և Իրանի շիական դաշինքից «անկախ» նավթի ակունքի ստեղծման վիթխարի նախագծի իրականացման հետ, որը նպատակ ունի «քրդական» նավթը «անկախ» երթուղով հաջողությամբ մղելու Միջերկրական ծովի արևելյան ափ, այսինքն` դեպի Սիրիայի ու Լիբանանի նավահանգիստներ։ Նկատի ունենալով այդ խնդիրներն ու հեռանկարները, խոսք անգամ չի կարող լինել Հյուսիսային Իրաքում նավթարդյունահանման և հաղորդուղիների զարգացման գործում Թուրքիայի որևէ ազդեցության ու մասնակցության մասին։ Այսպիսով, պետականության թուրք-քրդական «մոդելը», այսպես թե այնպես, բախվելու է Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների շահերին։ Հնարավոր են նաև այլ սցենարներ կամ դրանց զարգացման տարբերակներ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ