Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մուծվիր» և հանգիստ քնիր

«Մուծվիր» և հանգիստ քնիր
28.11.2008 | 00:00

«ԽՈՒՃՈՒՃ» ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ
Կառավարության 2001 թվի որոշման համաձայն` պարտադիր էր պետական պաշտոնյաների և նրանց հարազատների գույքի ու եկամուտների հայտարարագրումը: Թե ինչ տվեց դա պետական բյուջեին և ինչքանով նպաստեց այս կամ այն խոշոր կամ միջին պաշտոնյայի ունեցվածքի մասին տեղեկատվության հանրայնացմանը, «պարզ դարձավ» այն բանից հետո, երբ հայտնաբերեցինք, որ մեր խեղճ պաշտոնյաներն իրենց աշխատավարձերով ու պարգևավճարներով ապրող համեստագույն մարդիկ են: Այնպես որ, նրանց հետ հարցը փակված է, ու ժամանակն էր անցնելու գույքի և եկամուտների հայտարարագրման նոր համակարգին, համաձայն որի` 2009 թ. հայտարարագրեր լրացնելու են ոչ միայն պաշտոնատար անձինք, այլև ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
ՀՀ պետեկամուտների կոմիտեի հաշվետվությունների, տվյալների մշակման ընթացակարգերի բաժնի պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԺԱՄԿՈՉՅԱՆՆ այս առնչությամբ տեղեկացնում է, որ սա առաջին հերթին միտված է հարկային մուտքերի ավելացմանը, քանի որ հարկային մարմիններին հնարավորություն է ընձեռում եկամուտների հայտարարագրման ընթացակարգերին հետևելով բացահայտել հարկ չվճարողներին: Այսինքն, ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման հիմնական նպատակը հանրապետության պետական և համայնքային բյուջեների նկատմամբ ֆիզիկական անձանց վերահսկողության իրականացումն է: Ըստ նրա, այս նոր օրենքով եկամուտների մասին հայտարարագրեր կներկայացնեն 100 հազար ֆիզիկական անձինք:
Հիշեցման կարգով նշենք, որ մասնավորապես ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայի երկրներում եկամուտների հայտարարագրումը ֆիզիկական անձանց համար պարտադիր պայման է, քանի որ այդ հարկատեսակով ապահովվում է բյուջեի մուտքերի մեծ մասը: ԱՄՆ-ում եկամտահարկից տարեկան հավաքագրվում է 1 տրլն դոլար: Անգլիայում նման աստղաբաշխական եկամտահարկ գանձվում է տարեկան 6000 ֆունտ ստեռլինգից ավելի եկամուտ ունեցող անձանցից, ընդ որում, դրանից բարձրի պարագայում այն տատանվում է 20-40 տոկոսի սահմաններում:
Խոստովանենք` նման եկամուտներ Հայաստանում շատ քչերը կարող են ունենալ: Իսկ ի՞նչ է նախատեսվում ներկայացված օրենքով: 2009 թ. հունվարի 1-ից ֆիզիկական անձը պարտադիր պետք է հայտարարագրի`
1. անշարժ գույքը, եթե տարվա ընթացքում ձեռքբերումների կամ օտարումների ընդհանուր արժեքը գերազանցել է 50 մլն դրամը.
2. շարժական գույքը, եթե դրա ընդհանուր գինը գերազանցում է 8 մլն դրամը.
3. արժեթղթերը, փոխառությունները, համապատասխանաբար` 8 մլն դրամը գերազանցելու պարագայում.
4. գույքը և տարվա ընթացքում ստացված եկամուտները, եթե դրանք ևս գերազանցում են 8 մլն դրամի շեմը:
Այս բոլորը թեև նախատեսվում է 2009 թվից, սակայն հաջորդ տարի հայտարարագրեր պետք է ներկայացվեն 2008 թ. ստացված եկամուտների վերաբերյալ և ոչ ուշ, քան հաշվետու ժամանակահատվածին հաջորդող տարվա ապրիլի 15-ը: Հավանաբար այս օրինագծի ընդունմամբ կփորձեն նաև փակել հաջորդ տարվա բյուջեի պակասորդները, քանի որ պարզ է` 2009-ի բյուջեն բավականին ռիսկային է:
Իսկ ի՞նչ է սպասում այն ֆիզիկական անձանց, ովքեր կփորձեն հարկային մարմիններից թաքցնել իրենց եկամուտները և ձեռք բերած անշարժ-շարժական գույքը: Եթե հարկային մարմինը հայտնաբերի այդպիսի դեպքեր, ապա հայտարարագիր չներկայացնելու համար անձը կտուգանվի եկամտի կամ ձեռք բերած անշարժ և շարժական գույքի 10 տոկոսի չափով: Ընդ որում, համապատասխան գումարի չափով գույքի ձեռքբերումից հետո ֆիզիկական անձն իր բնակության հարկային մարմնին ինքնակամ պետք է ներկայացնի հայտարարագիրը:
Այնպես որ հաջորդ տարվանից Հայաստանում գործելու է ռուսական հայտնի գովազդային տեսահոլովակի նշանաբանը` «Մուծիր հարկերդ և հանգիստ քնիր»: Թեև շատ ավելի տպավորիչ կլիներ, եթե հարկային տեսչությունը փորձեր պարզել, թե ինչպես են իրենց «հալալ» քրտինքով մեր պաշտոնյաները շքեղ առանձնատներ կառուցում և հսկայական գումարներ արժեցող մեքենաներ ձեռք բերում։ Համոզված ենք, որ այս պարագայում հաջորդ տարվա բյուջեն մի 300 մլն դոլարով էլ կարելի է ավելացնել:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9334

Մեկնաբանություններ