Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Այն, ինչ կատարվեց մեր տարածաշրջանում, առաջին հերթին մարդկային մեծ ողբերգություն էր»

«Այն, ինչ կատարվեց մեր տարածաշրջանում, առաջին հերթին մարդկային մեծ ողբերգություն էր»
22.08.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Վրաստանում ծավալված դրամատիկ իրադարձություններն այսպես ընդհանրացրեց ՀՅԴ բյուրոյի անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ «Վրացական դասեր» թեմայի շրջանակներում լրագրողներին իր դիտարկումները ներկայացնելով։
«Կարծում եմ, և դաշնակցության բյուրոյի մեկ շաբաթ առաջ հրապարակած հայտարարության մեջ էլ այդ մասին հստակ ասված է, թե այս իրադարձությունները հերթական անգամ ապացուցեցին, որ մեր նուրբ տարածաշրջանում ազգամիջյան հարցերն ուժի կիրառմամբ լուծելու փորձերը հեռանկար չունեն։ Սա պիտի դաս լինի նաև ռազմատենչ հայտարարություններով պարբերաբար հանդես եկող Ադրբեջանի համար։ Ի վերջո, հին խոսք կա. «Սուր վերցնողը սրից էլ կընկնի»,-
շեշտեց դաշնակցական գործիչը, հավելելով, թե վրաստանյան իրադարձությունները բացառիկ դաս պիտի լինեն նաև հայոց իշխանությունների և ընդդիմության, ողջ հայության համար, քանզի այդ հարթության մեջ է տեղավորվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չկարգավորված հակամարտության խնդիրը։ Բանախոսը մեկ անգամ ևս կարևորեց Արցախի ժողովրդի՝ ազատ ապրելու, սեփական կամքով իր ճակատագիրը տնօրինելու միջազգայնորեն ամրագրված իրավունքը, ինչն այլընտրանք չունի։ Եվ որպեսզի դե ֆակտո նվաճված այդ իրավունքը նույն միջազգային հանրությանը կարողանանք ճանաչել տալ նաև դե յուրե, ապա վրաստանյան իրադարձությունները հենց այն առիթն են, որոնք Հայաստանում հիմք պիտի ծառայեն Արցախի հարցում մեր միասնականությունն ապացուցելու համար։ «Ես խորապես համոզված եմ՝ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորները ոչ միայն Արցախն են պաշտպանում, այլև Հայաստանի Հանրապետությունը, պաշտպանում են մեր ազգային, պետական շահերը, և առանց Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի Հայաստանն այս տարածաշրջանում և աշխարհում մեծ հեռանկարներ չի կարող ունենալ»,- փաստեց Աղվան Վարդանյանը։
Հիշեցնելով, որ ամբողջ աշխարհը խոսում է հարավկովկասյան տարածաշրջանում համագործակցության, կայուն զարգացման միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին` ՀՅԴ բյուրոյի անդամը համոզմունք հայտնեց, որ այս համատեքստում էլ առանց Արցախի (Հայաստանի կազմում, թե որպես ինքնիշխան պետական սուբյեկտ) այդ համագործակցության հիմքերը չեն կարող ստեղծվել։ «Մանավանդ որ թե՛ իր պատմական, թե՛ իրավական, թե՛ այս պահի կարգավիճակով Արցախը համեմատելի չէ ո՛չ Հարավային Օսիայի, ո՛չ Աբխազիայի հետ և, բոլոր առումներով, շատ ավելի կազմակերպված, կայացած, ինքնուրույն պետություն է, որից օրինակ կարող են վերցնել նույնիսկ տարածաշրջանի ճանաչված պետությունները։ Արցախում, հատկապես նոր նախագահ Բակո Սահակյանի օրոք, ստեղծվել է լրջագույն բարեփոխումների մթնոլորտ, ձևավորվում է պետության որակական նոր մոդել և, ի տարբերություն Հայաստանի, իսկապես կա փոխվստահության, միասնության, բարոյահոգեբանական շատ առողջ մթնոլորտ»,- հավաստեց նախկին նախարարը, շեշտելով, թե Հայաստանն այս առումով կարող է նույնիսկ սովորել ԼՂՀ-ից։ ՈՒ թեև չմասնավորեցրեց՝ ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյա՞նը սովորելու բան ունի ԼՂՀ նոր նախագահ Բակո Սահակյանից, թե՞ Հայաստանի ընդդիմությունն ու հանրությունը՝ արցախյան նույնատիպ «սուբյեկտներից», սակայն խոսքի ենթատեքստում և՛ այն կար, և՛ այն։
Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի համար տարօրինակ կլիներ վրացական դեպքերի խորապատկերում շրջանցել ջավախահայության խնդիրը, և նա, բնականաբար, չշրջանցեց։
«Կարծում եմ՝ եվրոպական ազգային փոքրամասնությունների խարտիային համապատասխան Վրաստանի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պիտի անեն ջավախահայերի իրավունքների պաշտպանության համար՝ որպես Վրաստանի կազմում ապրող ազգային փոքրամասնության։ Այս հարցում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի ջավախահայության գործոնը երրորդ ուժերի ձեռքին հանկարծ չդառնա գործիք, չդառնա միջոց՝ տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու հարցում։ Վրաստանը մեզ համար ոչ միայն հարևան, այլև բարեկամ երկիր է, նրա կայունությունը բոլոր առումներով մեզ համար շատ կարևոր է։ Չենք կարող չարձանագրել նաև, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և Անդրկովկասում, ի վերջո, անելիքներ ունի»,- ընդգծեց «Իրավունք de facto» ակումբի դաշնակցական հյուրը։
Ասուլիսի հիմնական թեմայից դուրս լրագրողներին հետաքրքրող գլխավոր հարցը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն էր երկու երկրների երիտասարդական հավաքականների միջև, որը նախորդ օրվա գիշերն ավարտվեց մեր ջահելների փայլուն հաղթանակով և հույս ներշնչեց, թե սեպտեմբերի 6-ին կայանալիք ազգային հավաքականների հանդիպման ժամանակ ևս նույնատիպ անակնկալ կարող է գրանցվել։ Աղվան Վարդանյանը, պարզվեց, խաղին անձամբ ներկա չի եղել, ներկա է եղել որդին, իսկ ինքը հանդիպմանը հետևել է հեռուստաեթերից։ «Եթե ներկա լինեիք՝ ի՞նչ էիք վանկարկելու. «Արարատ, հուպ տո՞ւր, «Հայաստա՞ն», թե՞ «Հա՜-յե՜ր»,- հետաքրքրվեց «Չորրորդ իշխանության» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը։
«Իսկապես տպավորիչ էր մեր հաղթանակը։ Շատ զայրացա, երբ անհեթեթ գոլ բաց թողեցին մերոնք, և ուղղակի հրաշքի նման էր, երբ վերջին րոպեին մեր հավաքականը կարողացավ հաղթել։ Այն ցնծությունը, որ կար գիշերային Երևանի փողոցներում, իսկապես տեղին էր։ Ճիշտ է, ֆուտբոլը սպորտ է, բայց սպորտային հաղթանակը միասնական ուժի, ոգևորության, ազգային համախմբման շատ մեծ լիցք է պարունակում։ ՈՒրախ եմ մեր օլիմպիականների հաղթանակի համար, սարսափելի ուրախ եմ մեր ֆուտբոլիստների երեկվա հաղթանակի համար, և եթե ես այդ պահին ստադիոնում լինեի, կվանկարկեի՝ «Հա-յաս-տան»,- ասաց ընկեր Աղվանը, հավելելով, թե սեպտեմբերի 6-ի հանդիպման ժամանակ «շատ ավելի տիպիկ կարգախոսներ կլինեն»։
Ի՞նչ որակի «տիպիկ»՝ չմանրամասնեց։ Մնում է ենթադրել, որ դա կախված կլինի «Հրազդան» մարզադաշտում Թուրքիայի նախագահ Գյուլի լինել-չլինելուց։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5383

Մեկնաբանություններ