Երբ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, մեծ տերությունները գործում են անողոք
01.05.2020 | 01:02
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում զգուշացրեց եվրոպամետ և ռուսամետ ուժերին, որ նրանք շատ չհրապուրվեն իրենց հավակնություններով: Եվ ասես ի արձագանք նրա հայտարարության, հայոց հեռուստատեսությամբ հարցազրույցի էր դուրս եկել միջին ծերության մի կին քաղաքագետ: Ապշեցնում էր նրա խելահեղ թե հիվանդագին ռուսատյացությունը. ա՜խ այդ վայրենի ու անկիրթ ազգ-պետությունը, որը ստրկացրել է մեր հանճարեղ ժողովրդին ու խոչընդոտում է նրա լուսապայծառ ապագայի կերտմանը: Թարախառատ ժպիտների արանքից հառնում էր քայքայվող-մեռնող Ռուսաստանի ողբերգական կերպարանքը՝ որպես հետևանք իր իշխանակալությունը անամոթաբար երկարաձգող ապաշնորհ միապետի տկարամիտ գործունեության: Տպավորություն էր ստեղծվում, որ միջուկային ռազմական գերտերություն Հայաստանը մատ է թափ տալիս-սպառնում հավերժական թշնամիներով շրջափակված պստիկ Ռուսաստանին:
Հայաստանում հակառուսական քարոզչություն վարողներին երևի կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինի մեջ մտնում են արևմտյան ոչ կառավարական, զանազան հասարակական կազմակերպությունների կողմից սնուցվող անձինք: Կոպիտ ասած, փող են աշխատում մեր երկրում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու միտումով: Երկրորդ խմբին են պատկանում այն պարզունակ քաղաքական գործիչները, որոնց կարծիքով Հայաստանը թևեր կառնի ու կճախրի, եթե մեր երկրից չքվեն ռուսական ռազմաբազան ու սահմանապահ զորամասերը:
Ռուսներին կարելի է սիրել կամ չսիրել, սակայն եկեք համաձայնենք, որ լայն առումով մեր անվտանգության գլխավոր երաշխավորը, այնուամենայնիվ, մնում է Ռուսաստանը: Դուր է գալիս մեզ այս ձևակերպումը, թե ոչ: Եվ սա ոչ մի կապ չունի ռուսասիրության հետ: Ռուսատյացները վրդովմունքով են արձանագրում այն իրողությունը, որ Հայաստանում համոզմունք է արմատացել, թե առանց Ռուսաստանի մենք կկործանվենք: Տարօրինակն այն է, որ այդ նույն հակառուսները չեն էլ ասում` եթե Հայաստանում վերացվի ռուսական ռազմական ուժն ու առհասարակ ռուսական ազդեցությունը, ապա, օրինակ, ինչպե՞ս կդիմակայենք ոխերիմ Թուրքիային և Ազերիային, ինչպե՞ս կպաշտպանենք Արցախը:
Հիմա Հայաստանում զայրույթով քննարկում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները, եզրահանգելով, թե Ռուսաստանը կրկին ապացուցեց, որ ինքը վստահելի ավագ դաշնակից չէ: Չխորանանք ռուսական մոտեցումների մեջ, այլ ելնելով կոնկրետ մի իրավիճակից, փորձենք պարզել Ռուսաստանի գործողությունների մոտիվայնության որոշ կողմերը: Սա մի դրվագ է ընդամենը, սակայն խիստ խորհրդանշական:
Ռուսական մամուլում վերջերս հրապարակվել է կասպիական տարածաշրջանի ամերիկացի ճանաչված փորձագետ Լյուկ Կոֆիի մի հոդվածը, որտեղ վերլուծված են Կենտրոնական Ասիայից Եվրոպա գազ ու նավթ արտահանելուն առնչված մի շարք խնդիրներ:
Փորձագետը նշում է, որ Կասպից ծովը կարևոր տարածաշրջան է և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրոպայի համար: Նրանում ամփոփված էներգետիկ ռեսուրսները կարող են լուրջ դեր խաղալ Ռուսաստանից Եվրոպայի գազանավթային կախվածությունը թուլացնելու գործում: Ներկայումս Եվրոպան նավթ և գազ հիմնականում ստանում է Ադրբեջանից, սակայն կարող է օգտվել նաև Կենտրոնական Ասիայի էներգաաղբյուրներից: Ահա և՛, ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան պետք է աջակցեն այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է էներգակիրները փոխադրել Կասպից ծովի արևելյան ափը հյուսիսայինի հետ միավորող ուղիով` շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը (ահա թե որտեղ է թաղված շան գլուխը): Ամերիկացի փորձագետը, իհարկե, «դատապարտում է» Թուրքմենստանին ու Ղազախստանին, որոնք իրենց էներգակիրները Եվրոպային մատակարարում են ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի տարածքով: Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել հենց կասպիական տարածաշրջանից Ադրբեջանի միջով դուրս եկող նոր խողովակաշար կառուցելու ծրագրով: (Թուրքմենստանի ու Ղազախստանի վրա ուժեղ ճնշում է գործադրվում հակվելու նոր մայրուղու գաղափարի իրագործմանը): Եվ այս ամբողջ հակառուսական գործողություններում ընդգծվում է Ադրբեջանի էական դերը: «Կասպիական ծովաշրջանը,- եզրափակում է Լյուկ Կոֆին,- դառնում է աշխարհաքաղաքական անողոք մրցակցային պայքարի ասպարեզ: Ամերիկացիները չպիտի թույլ տան, որ Ռուսաստանը «քեֆ» անի այդ գոտում, դրանով իսկ ապահովելով Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»:
Ռուսներն իհարկե հիանալի են հասկանում, որ ամերիկացիների ծրագրերը շատ ավելի խոր են, քան մտահոգությունը աշխարհամասի նկատմամբ, այն է՝ առավելագույնս վնասազերծել իր պոտենցիալ հակառակորդներին, առաջիններից մեկը՝ Ռուսաստանին, իր համաշխարհային միահեծան իշխանությունն ապահովելու համար: Ինչ է մնում անել Ռուսաստանին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա կամ պայմանավորվել նրա հետ: Կամ երկուսը միասին: Այստեղ արդեն մենք էլ ենք հայտնվում քաղաքատնտեսական պայքարի այդ բարդ խաչմերուկում, և ազդեցության լավագույն միջոցներից մեկը, բնականաբար, ղարաբաղյան կռվախնձորն է: Նորություն չէ` երբ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, մեծ տերությունները գործում են անողոք՝ գերազանցապես իրենց ազգային շահերի տեսանկյունից: ՈՒմ և ինչպես կստիպեն ռուսները գնալ զիջումների` առջևում է: Որպես կանոն, նման աշխարհածավալ պայքարի զոհ են դառնում փոքր պետությունները:
Լայն առումով Լավրովի հայտարարությունները կարելի է դիտարկել նաև հետևյալ տեսանկյունից: Ամենշաբաթյա «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հեռուստատեսային վերջին հաղորդման ժամանակ անսպասելիորեն տեսարձակվեց Պուտինի մի հարցազրույցը, որ նա տվել էր... Երևանում՝ Եվրասիական միության համաժողովի ընթացքում: Թե ինչու այդ հարցազրույցը չէր ցուցադրվել օպերատիվորեն, անհայտ մնաց, սակայն կարելի է ենթադրել, թե ինչու այն հրապարակ եկավ ամիսներ հետո՝ օրերս: Բանն այն է, որ Պուտինը խոսում է իր համար նվիրական դարձած գաղափարի՝ հետխորհրդային տարածքում նոր պետություն ստեղծելու մասին: Հեռուստալրագրողը նրան հիշեցրեց, որ ռուսաց առաջնորդ դառնալուց հետո նա ԽՍՀՄ-ի քայքայումը համարել է 20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը, և դրանից ելնելով, շատերն իրեն մեղադրում են խորհրդային պետությունը վերականգնելու նախաձեռնության մեջ: Պուտինը չհերքեց, որ նման ծրագիր ունի, սակայն ինքը հանդես է գալիս ոչ թե քաղաքական կամ ռազմական, այլ բացառապես տնտեսական միավորման՝ եվրասիական ինտեգրացման օգտին: Աշխարհում ամենուրեք գերիշխում է մրցակցային մթնոլորտը` ասաց նա, և այդ իմաստով նախկին խորհրդային հանրապետությունները զգալի առավելություններ ունեն. ժառանգվել է ընդհանուր ենթակառուցվածք՝ տրանսպորտ, էներգետիկա, կապ և այլն: Միավորման հզոր հիմք է ռուսերենը՝ որպես ազգամիջյան շփման հզոր գործոն: Տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ընթացքում մշակված այդ համակարգերը էապես կնպաստեն մրցունակության բարձրացմանը: Պուտինը հատուկ նշեց, որ Արևմուտքն անում է ամեն ինչ այդ գործընթացը խափանելու համար: Դիմադրությունը հսկայական է, և այդ պատճառով էլ հետխորհրդային համագործակցության մակարդակը, ցավոք, չի բարձրացել պատշաճ մակարդակի: Պուտինը վստահեցրեց, որ նախկին հանրապետություններում էլ են հասկանում միավորման առավելությունները, սակայն չմանրամասնեց-չպատասխանեց, թե կոնկրետ ինչ ուղիով կիրականացվի ծրագիրը, քանի պետություն կմասնակցի դրան, ինչ պայմաններով և այլն: Ոչինչ չի պարտադրվի, կմիավորվեն կամավոր հիմունքով, առանց շտապելու` հավաստեց նա:
Եթե մի կողմ դնենք նոր պետության ստեղծման «հումանիտար» կողմերը, ապա առավել քան հստակ կդառնան Լավրովի հայտարարության շատ ենթատեքստեր:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ