Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հեռանում են

Հեռանում են
10.01.2024 | 13:53

Հեռանում են մեկ-մեկ, զույգ-զույգ, ընտանիքներով ու գերդաստաններով:

Հեռանում են տրտմաշուք, հուսալքված, խաբված, ընկճված, ահաբեկված, հայրենազուրկ, ունեզուրկ, զայրացած, կողոպտված, նսեմացած, անտեսված,- իրենց մի փոքր վերգտնելու, հեռավոր ափերում ապահով կեցություն գտնելու հույս ու փափագով:

Հեռանում են դեռ երեկ անուղղելի ավանդապահ ու հայրենասեր, այսօր՝ ներքուստ դատարկված, պատահական քամիներին մեկեն մատնված մարդիկ:

Հեռանում են մեր արյունակիցները, ազգակիցները, բարեկամներն ու ծանոթները, ընկերներն ու սիրելիները: Հեռանում են օդով ու ցամաքով, մեծ ու փոքր, մեր շուրջը թողնելով մի մշուշապատ ու խորացող ամայություն:

Հեռանում են ցիրուցան անելով այն յուրահատուկ ազգային ձուլվածքը, որ դեռ երեկ ժողովուրդ էր՝ իր պատմական հողին տեր ու իր բարոյական նկարագրով:

Լքված հողը դեռ կարելի է ժամանակ անց նորից շենացնել բնիկ տերերով ու նրանց ժառանգներով, վերականգնել ավերված ու նենգափոխված բնակավայրերը, վանքերն ու սրբավայրերը, երկրին տալ իր նախկին տեսքը, եթե պահպանվի այն ձուլվածքը, որ դեռ երեկ ժողովուրդ էր:

Այսօր նրա զավակները հեռանում են դեպի օտարություն, և նրանց ձեռքը պինդ բռնող չկա: Արցախահայ հավաքականությունն է, որ փոշիանալով, հետագայում գրեթե անհնար է լինելու վերականգնել: Մնացյալը հեշտ վերականգնելի է:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4504

Մեկնաբանություններ