«Առաջնահերթը մաքրման կայանների կառուցումն է»
28.07.2020 | 00:47
Խմելու քաղցրահամ ջրերը աշխարհում նվազում են, և կապույտ վառելիքից ու սև ոսկուց ավելի թանկ ջուրն է դառնալու։ Աշխարհն այս խնդրով ահազանգ է հնչեցնում, և դա պատահական չէ։ Առանց ջրի մարդը չի կարող ապրել։ Այս համատեքստում էլ ավելի է սրվում մեր Սևանա լճի քաղցրահամ ջրի խնդիրը։ Լիճն այսօր հիվանդ է, այն օգնության կանչում, և սա առաջին տարին չէ։ Հիմնախնդիրը քննարկում ենք ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն ԷՎԵԼԻՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ։
-Սևանա լճի «ծաղկումը» կամ կանաչումը բավականին բարդ գործընթաց է, որը պայմանավորված է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ,- ասում է տիկին Ղուկասյանը։- «Ծաղկումը» ջրիմուռների բուռն աճի հետևանքով էկոհամակարգի վիճակի վատացումն է: Ծաղկման հիմնական պատճառը օրգանական նյութերով լճի աղտոտումն է: Օրգանական նյութերի աղբյուր կարող են ծառայել ոչ միայն ջրածածկ եղած ծառերն ու խոտաբույսերը, այլև ափամերձ բնակավայրերի կենցաղային, գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք գետերի հոսքով առանց մաքրվելու լցվում են Սևանա լիճ, ինչպես նաև ափին կառուցված սննդի օբյեկտները և հանգստյան տները, որտեղից առանց մաքրվելու լիճ են լցվում կոյուղաջրերը: Օրգանական նյութ շրջանառության մեջ կարող է մտնել նաև հատակից, ջրի մակարդակի իջեցման դեպքում: Օրգանական նյութ կարող է լցվել ափին գտնվող ձկնային տնտեսություններից: Մի խոսքով, աղտոտվածության աղբյուրները շատ են, և դրանցից յուրաքանչյուրը ջրիմուռների աճի պատճառ է դառնում: Ջրիմուռները «մահանալուց» հետո կուտակվում են լճի հատակում, այդ հսկայական լրացուցիչ օրգանական նյութը քայքայվելու ընթացքում մեծ քանակով թթվածին է ծախսում` վատացնելով լճի ջրի որակը և այնտեղ ապրող կենդանիների թթվածնային պայմանները: Այդ երևույթների խորացմանը նպաստում է նաև լճի սանիտար համարվող կենդանիների, մասնավորապես, խեցգետնի պաշարների կրճատումը, ինչպես նաև ձկան քանակի նվազումը:
Նախորդ տարի ծաղկման երևույթները ավելի բուռն էին ընթանում բարձր ջերմաստիճանի պատճառով: Այս տարի Սևանա լճում «ծաղկման» երևույթները սկսվել են մի փոքր ուշ, ինչը պայմանավորված է, թերևս, նախորդ տարիների համեմատ օդի և ջրի ցածր ջերմաստիճանով։ Եթե նախորդ տարի ծաղկման երևույթները սկսվել են հունիսի երկրորդ կեսից, այս տարի «ծաղկման» առաջին նախանշանները նկատվել են հուլիսի առաջին տասնօրյակին: Վերջին տարիներին` 2018-ից ի վեր, ֆիտոպլանկտոնի բարձր քանակական արժեքները պայմանավորված են եղել հիմնականում կապտականաչ ջրիմուռների զարգացումով: Ընդ որում, «ծաղկման» երևույթներն առավել ակտիվ են ընթանում ափամերձ հատվածներում և լճախորշերում` հետագայում տարածվելով խորքային հատվածներ:
Կապտականաչների աճը ֆիտոպլանկտոնում եղել է աստիճանաբար, առավելագույն ցուցանիշը նկատվել է հուլիսին։ Վերջին տարիներին լճում ծաղկում են առաջացրել Anabaena ցեղին պատկանող տեսակները։ Հուլիսի 7-ին (ծաղկման սկիզբ) վերցրած նմուշներում, Anabaena flos-aquae տեսակի առավելագույն զարգացում է նկատվել Սևանա լճի Լիճք և Շորժա տեղամասերում։ Արդեն հուլիսի 20-ին լճում արձանագրվել է ջրիմուռների բուռն «ծաղկում»:
Հետազոտությունները շարունակվում են: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում հնարավոր է «ծաղկման» երևույթների ակտիվացում: Առկա պայմաններում, նախորդ տարվա համեմատ, իրավիճակը համեմատաբար ավելի բարվոք է:
-Այս պահին լճի ո՞ր հատվածն է ճահճաճած, կա՞ն հաշվարկներ, թե որոշ ժամանակ անց լճի քանի տոկոսը կճահճանա։ Ըստ Ձեր ուսումնասիրությունների` էկոլոգիական, սոցիալական և տնտեսական ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել լճի ճահճացումը։
-«Ծաղկման» երևույթ գրանցվել է լճի տարբեր հատվածներում առանձին կուտակումների, շերտերի ձևով, որոնք ալեկոծության, անձրևների և քամու ազդեցության տակ ցրվել են: Նախորդ տարվա համեմատ լճի «ծաղկումը» դեռևս համատարած բնույթ չի կրում: Լիճը դեռևս չի ճահճակալել, մենք խոսում ենք հնարավոր զարգացումների մասին: Պետք է կտրուկ միջոցներ ձեռք առնել, քանի որ երկար ժամանակ կպահանջվի իրավիճակը բարելավելու համար: Իսկ եթե առկա երևույթները խորանան, հետադարձ ճանապարհ չի լինի:
-Որպեսզի չզրկվենք մեր միակ քաղցրահամ ջրից, ի՞նչ քայլեր են այսօր ձեռնարկվում, որքանո՞վ են դրանք նպաստավոր, ներկայացրե՞լ եք Ձեր մտահոգություններն ու խնդրի լուծման ծրագրերը կառավարությանը։
-Սևանի հարցը այնքան է քննարկվել, որ նոր ասելիք արդեն չկա: Ցավոք, սիրողական մակարդակի առաջարկները նույնպես չափազանց շատ են: Իսկ առաջարկներ շրջակա միջավայրի նախարարությանը բազմիցս ներկայացվել են մեր գիտական կենտրոնի կողմից: Սակայն խնդիրները չափազանց շատ են և խոր սոցիալ-տնտեսական արմատներ ունեն: Սևանի հիմնահարցի լուծման համար միասնական ջանքեր, մեծ ներդրումներ և հստակ ռազմավարություն է պետք: Իսկ առայժմ պետք է սկսել փոքր քայլերից: Աշխատանքներ կատարվում են, իհարկե, սակայն տեմպերը դանդաղ են: Կարծում եմ` պետք է առաջնահերթ լուծել մաքրման կայանների կառուցման հարցը, որոնք կիրականացնեն ոչ միայն մեխանիկական, այլև քիմիական և կենսաբանական մաքրում:
Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ