Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
24.12.2014 | 12:49

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Բանակցություններ են ընթացել նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև պատվիրակությունների անդամների մասնակցությամբ կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով բանակցությունները:
Խորհրդի նստաշրջանում իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավերի և հյուրընկալ Մոսկվայում ավանդական ջերմ ընդունելության համար, ապա նաև՝ ռուսաստանյան գործընկերներին՝ 2014 թ. կազմակերպությունում ակտիվ նախագահության ու ՀԱՊԿ անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացման գործում էական ներդրման համար:
Սերժ Սարգսյանը նշել է, որ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ շրջանակում կարևոր աշխատանք է կատարվել քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման և կատարելագործման ապահովման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացման, արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ուղղությամբ: Այս կապակցությամբ նա ընդգծել է հատկապես ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքը և երախտագիտություն հայտնել ու հետագա հաջողություններ մաղթել կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Իր ելույթում Սերժ Սարգսյանը գործընկերներին տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և մեր տարածաշրջանի ռազմականացումը:
«Մեր կողմից այսօր ընդունված փաստաթղթերն ուղղված են ծագող մարտահրավերներին և գոյություն ունեցող հիմնախնդիրներին հավաքական և կոորդինացված արձագանքելուն: Վստահ եմ, որ դրանք կծառայեն ՀԱՊԿ զարգացման շահերին՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության՝ հավաքական հիմունքներով երաշխավորված անվտանգության ու խաղաղության պայմաններում: Ելնում ենք նրանից, որ արտաքին քաղաքականության կոորդինացման մեխանիզմի հետագա ամրապնդման հարցերով որոշումների ընդունումը կնպաստի նաև մեր կազմակերպության հեղինակության բարձրացմանը:
Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հաջորդական զարգացման գործում միանգամայն տեղին քայլ կլինի հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը: Նաև կցանկանայի նշել մեր պետությունների ռազմատեխնիկական համագործակցության բարձրացման նպատակով ձեռնարկվող միջոցների կարևորությունը:
Վստահ եմ, որ տեղեկատվական անվտանգության գծով փաստաթղթերի փաթեթը կծառայի այս ոլորտում մեր պետությունների համապատասխան կառույցների փոխգործակցության էական բարձրացմանը:
2015թ. հունվարի 1-ից կազմակերպության նախագահությունն անցնում է Տաջիկստանի Հանրապետությանը: Այս կապակցությամբ, ցանկանում եմ շնորհավորել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Շարիպովի Ռահմոնին՝ ՀԱՊԿ-ում նախագահության կապակցությամբ և մաղթել հաջողություններ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ գծով համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել գործընկերների հետ՝ ի շահ Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների ապահովման: Նախագահը հույս է հայտնել, որ դա ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր դիրքորոշումն է:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ