«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նոր մոտեցումների անհրաժեշտություն

Նոր մոտեցումների անհրաժեշտություն
21.11.2014 | 01:31

Զուտ էմոցիոնալ, մարդկային հարթության մեջ Դավիթ Սանասարյանի քայլը հայրենասիրության դրսևորում է, արժանի գնահատման:
Դավիթն արդարացիորեն բողոքում է ԵԱՀԿ անգործությունից, սակայն նրա հացադուլն ավելի շատ հուսահատության, քան պայքարի դրսևորում է:
Հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը, երեք օդաչուների ճակատագիրը, այն, որ մինչև հիմա դուրս բերված չեն նրանց դիերը՝ հուսահատության տեղիք տալիս են: Սակայն անհրաժեշտ է նաև տեղի ունեցածին բաց աչքերով նայել, հասկանալ քաղաքական իրողությունները, հանգել ռացիոնալ հետևությունների:
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն է: Սակայն այս ֆորմատն արդյունավետ է գործում, եթե կա ներդաշնակություն Մոսկվայի ու Արևմուտքի հարաբերություններում: Իհարկե, սխալ կլինի պնդել, որ ԼՂ հարցում տեսանելի են էական տարբերություններ Վաշինգտոնի, Մոսկվայի ու Փարիզի գնահատականներում: Գոնե հրապարակային հարթության մեջ նման բան տեսանելի չէ, սակայն իրենց արդյունավետությունը կորցրել են բոլոր այն ձևաչափերը, որոնցում ներկայացված են Արևմուտքն ու Մոսկվան, որոնք էական, անհաղթահարելի հակասություններ ունեն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում:
ՈՒկրաինական լարվածությունը նաև «տաքացնում» է «սառեցված» հակամարտությունները, փոխում տարիներ շարունակ դրանց շուրջ հաստատված ստատուս քվոն:
Նույն բանը հիմա տեսնում ենք Ղարաբաղի շուրջ:
Եթե նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը գոնե հաջողվում էր հարաբերական խաղաղության երաշխիքներ ստեղծել, հիմա դա միջնորդներին ավելի ու ավելի դժվար է հաջողվում: Օգոստոսին վիճակը գրեթե դուրս էր եկել վերահսկողությունից, և պատերազմի վերսկսումը կանխելու համար միջնորդները գնացին աննախադեպ քայլի՝ մի քանի ամսում կազմակերպելով Սարգսյան-Ալիև երեք հանդիպում:
Եթե անգամ այս համատեքստում հնարավոր դարձավ մեր ուղղաթիռի խոցումը, դրա անձնակազմի ճակատագրերի անհայտությունը, ապա վիճակն իսկապես բարդ է ու պայթյունավտանգ:
Դարձյալ կանգնած ենք պատերազմի ու խաղաղության երկընտրանքի առաջ:
Պատերազմը շահեկան չի լինելու հակամարտության կողմերից ոչ մեկի ու նաև տարածաշրջանի համար, որովհետև նոր պատերազմում հաղթողներ չեն լինելու:
ՈՒրեմն, անհրաժեշտ է ձգտել խաղաղության, դա անել հաստատուն ու հետևողական քայլերով: Բայց խաղաղության հաստատման գործընթացը բարդ է, պահանջում է ոչ ստանդարտ քաղաքական լուծումներ, կրեատիվ մոտեցումներ: Այդպիսի հատկանիշներով օժտված իշխանություններ չկան Բաքվում ու Երևանում:
Ալիևի ռեժիմի մասին առհասարակ անիմաստ է խոսել, որովհետև նրա ամբողջ փիլիսոփայությունը կառուցված է անտագոնիզմի, ատելության վրա:
Հայաստանի իշխանությունն ավելի լայնախոհ է, սակայն չունի անհրաժեշտ որակ՝ նման ռազմավարական խնդիր լուծելու համար:
Եկել է նոր մոտեցումներ որդեգրելու ժամանակը, սակայն դա հնարավոր է, եթե երկու իշխանությունները հենվեն հասարակական ավելի լայն աջակցության վրա՝ մեծացնելով խաղաղության գործընթացի հնարավոր մասնակիցների շրջանակը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ