«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լևոն Խեչոյանին փրկել է պետք, նա է «երկրի աղը»

Լևոն Խեչոյանին փրկել է պետք, նա է «երկրի աղը»
13.12.2013 | 14:03

Արձակագիր Լևոն Խեչոյանի վիճակը ծանր է արդեն բավական ժամանակ: Նա մենակ կռիվ է տալիս իր հիվանդության դեմ, պայքարում ապրելու իր իրավունքի համար: Լևոն Խեչոյանի վիճակը, սակայն, չի բարելավվում, քանի որ Հայաստանի նման երկրի ստեղծագործողի համար սեփական առողջությանը հետևելը անորոշության օվկիանում անհույս լող տալու պես մի բան է:

Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է թողել. «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունն օրհասական է: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է»: Մանուկյանը նշել է, թե, Խեչոյանի վիճակի մասին տեղեկացնելով, նպատակ ունի իրազեկել պատկան մարմիններին: «Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի», -գրել է Մովսես Մանուկյանը:

Այս տարվա մայիսին Լևոն Խեչոյանը չընդունեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նրան շնորհված ՀՀ նախագահի շքանշանը: Լևոն Խեչոյանն ասել էր, թե չի կարող ընդունել այն, երբ այս չափի արտագաղթ կա երկրում և երբ իր «եղբայր ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հենց այսօր էլ նստացույց են անում»: Նախկինում` 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, Լևոն Խեչոյանը մերժել էր իշխանության` մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիպման հրավերը` ասելով, թե երկրում քաղբանտարկյալների առկայության փաստն իրեն թույլ չի տալիս գնալ նման հանդիպման իշխանության հետ:

Ցավոք, մեր երկրի իշխանությունը մարդկանց նկատմամբ ընտրողական վերաբերմունք ունի և բացառված չէ, որ կառավարության անտարբերությունը Լևոն Խեչոյանի նկատմամբ հենց այդ հանգամանքով է պայմանավորված: Մենք կարող ենք կորցնել ստեղծագործական բուռն շրջանում գտնվող տաղանդավոր գրողին, ով քիչ բան չի տվել հայ ժամանակակից գրականությանը: Աստված մի արասցե: Որևէ երկրի իշխանություն նման իրավիճակում իրավունք չունի երես թեքել իր ազգային մշակույթի մշակներից: Նրանք են «երկրի աղը»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ