«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մայիսի 28-ը մեր ժողովուրդների կյանքում բացառիկ տոն է

Մայիսի 28-ը մեր ժողովուրդների կյանքում բացառիկ տոն է
24.05.2013 | 11:35

Առաջին հանրապետության ստեղծմամբ վերականգնվեց հայոց պետականությունը։ Հայ և եզդի ժողովուրդների ճակատագիրը և պատմության քառուղիներում դրսևորած վարքագիծը մեզ թույլ են տալիս վստահաբար ասել, որ մենք միշտ միասին ենք եղել, և դա եղել է մեր ժողովուրդների կամքի ճիշտ ու ազնիվ դրսևորումը: Իսկ երբ մեր ժողովուրդներին վտանգ է սպառնացել, մեր միասնությունն ավելի կուռ և ամուր է եղել:
Այդ տարիներին տագնապալի լուրեր էին ստացվում տարբեր վայրերից: Թշնամին գրավել էր մեր բնակավայրերը, անողոք էր, կոտորում էր բնակչությանը, ավերում և կողոպտում էր երկիրը: Առկա բազմաթիվ տագնապների և մարտահրավերների դեմ հարկավոր էր միասնական պայքար:
Հայերի հետ պայքարի ելավ նաև եզդի ժողովուրդը` իր լավագույն զավակների` Ջհանգիր Աղայի և ՈՒսուբ Բեկի գլխավորությամբ: Ջհանգիր Աղան իր 1500 ձիավորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում: Այդ օրերին էլ Ջհանգիր Աղան ստացավ «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը: Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմությունը կերտում և աշխարհում հայտնի է դառնում իր հավաքական կերպարով: Բայց ժողովրդի ծոցից ելած այն զավակները, ովքեր իրենց դրսևորած վարքագծով հարգանք և վստահություն են վաստակում, մեծ պատասխանատվությամբ են ներկայացնում իրենց ազգը օտարներին, իրենց արժանի տեղն են գտնում սեփական ժողովրդի պատմության մեջ: Մեր ժողովրդի այդպիսի վառ անհատականություններից են XIX դարի վերջին և XX դարի սկզբին իրենց ազգի գոյապահպանման համար պայքարող Ջհանգիր Աղան և ՈՒսուբ Բեկը: Երբ քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են Հայաստանի առաջին Հանրապետության մասին, անշուշտ, պետք է խոսեն նաև եզդի ժողովրդի դերի մասին: Եզդի ժողովուրդը, հայության հետ կիսելով Օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, պատերազմի դաժանությունները, իր ուրույն դերակատարումն ու մասնակցությունն ունեցավ նաև մայիսյան հերոսամարտերի հաղթանակում և Հայոց անկախ պետականության կերտման ու կայացման գործում: Համեմատություններ անցկացնելով ներկայի և անցյալի իրադարձությունների, դատողությունների և գնահատականների միջև, պետք է հիշենք նաև, թե ինչ է գրել այդ մասին Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը. «Հայերի չափ և, թերևս, հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»:
Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը Ջհանգիր Աղայի մասին խոսելիս նշում էր. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»: Նորաստեղծ հանրապետության ստեղծման առաջին օրից առկա էին բազմաթիվ արգելքներ, խոչընդոտներ և մարտահրավերներ, որոնցից խուսափել այդպես էլ չհաջողվեց: Բայց, փառք Աստծո, այդ ամենն արժանապատվորեն հաղթահարվեց մեր ազգերի նվիրյալներ Անդրանիկի, Կոմիտասի, Նժդեհի, Դրոյի, Ջհանգիր Աղայի, ՈՒսուբ Բեկի և մյուս արժանավոր զավակների կողմից, ովքեր իրենց ուսերին կրելով մեր ժողովուրդներին բաժին ընկած արհավիրքները, հայոց պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում բարձր պահեցին ու մեծ պատասխանատվությամբ իրագործեցին մեր նախնիների պատգամը: 1918 թ. մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց ձեռք բերել անկախ պետականություն: Եզդի ժողովուրդն իր լավագույն զավակների` ՈՒսուբ Բեկի և Ջհանգիր Աղայի գլխավորությամբ անձնուրաց պայքարելու և դժբախտության պահերին հայ ժողովրդի կողքին լինելու շնորհիվ վաստակեց հավերժ միասին լինելու իրավունքը: Ի վերջո, տրամաբանությունը հաղթում է, պարզ իրողություն, որ մենք եղել ենք եղբայրներ, կողք կողքի, վերջին կտոր հացը կիսելով, մարտնչել ենք, հաղթել և միասին գնում ենք դեպի ապահով Հայաստան: Եվ պատահական չէ, որ վերջերս Հայաստանում կառուցվեց եզդիների` աշխարհում արդեն երկրորդ սրբատեղին մեր միակ հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից հետո: Սրբատեղին կառուցվեց մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի, մոսկվայաբնակ բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով: Այն օծվեց անձամբ Աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգի կողմից:
Հազարամյա եղբայրությունը ապահովեց այն բազան, որի վրա մենք ամուր կանգնած ենք միասին մեր երկրի օրհներգի և դրոշի ներքո: Դարերի ընթացքում և մինչև այսօր արձանագրվել են ժամանակային տարբեր փուլեր, հաջողված տարիներ, ձեռքբերումներ, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներ: Հավատարիմ մնալով մեր երախտավորների պատգամին, եզդի ժողովուրդը հայության հետ կիսեց և՛ Սպիտակի ահավոր աղետի ծանր հետևանքները, և՛ անցումային շրջանի մութ ու ցուրտ օրերը, ինչպես նաև Արցախի ազգային ազատագրական պայքարի հաղթական բերկրանքը: Այս ամենի հանրագումարը մեզ պարտավորեցնում է ստեղծել ապահով Հայաստան: Շարունակել առաջ գնալ շատ ավելի լավ, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ, շատ ավելի բարեկեցիկ և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհով: Ինչքան էլ բարդ ու դժվար է եղել մեր անցած ճանապարհը, այսուհետև ևս ապավինելով մտքին և գենետիկ կոդին ու Հայաստանի Հանրապետությունում ստացած մեր դաստիարակությանը, տեղում դոփելու փոխարեն մենք պետք է կառուցենք ապահով Հայաստան: Իսկ ապահով Հայաստանը հզոր և մարտունակ բանակ ունեցող Հայաստանն է, արդար ու ազատ Հայաստանն է, աշխատանք և արժանապատիվ վաստակ ապահովող Հայաստանն է, տնտեսության համաչափ զարգացում ապահովող Հայաստանն է, սոցիալապես պաշտպանված և առողջ ընտանիք ունեցող Հայաստանն է, մեզ բոլորիս համար հավասար իրավունքներ և ազատություններ ապահովող Հայաստանն է: Դրանում համոզվելու համար բավական է նայել մեր անցյալին, տեսնել ներկան և մտածել ապագայի մասին: ՈՒրախանանք մեր լավ ու կարևոր ձեռքբերումներով: Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ միասին, համատեղ ջանքերով մենք դեռ շատ ու շատ հաջողությունների կհասնենք:


Ամո ՇԱՐՈՅԱՆ (Ամոե Ահմադ)
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 3997

Մեկնաբանություններ