«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռիմա ԴԵՄԻՐՃՅԱՆ. «Կարենը ողջ ճշմարտությունն իր հետ տարավ»

Ռիմա ԴԵՄԻՐՃՅԱՆ. «Կարենը ողջ ճշմարտությունն իր հետ տարավ»
16.04.2013 | 18:46

Ապրիլի 17-ին լրանում է հայ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 81-ամյակը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Կարեն Դեմիրճյանի այրին`Ռիմա ԴԵՄԻՐՃՅԱՆԸ, անդրադառնալով ամուսնու կյանքին ու գործունեությանը, խոսեց նաև իր հրատարակած հեղինակային գրքի` «Հիշատակի» մասին:
«Գիրքն ամբողջովին հուշ է Կարեն Դեմիրճյանի մասին: Ազնիվ գիրք եմ գրել, պարզ գիրք եմ գրել: Ինձ նույնիսկ զանգահարում, հարցնում են` չե՞մ վախեցել նման «բաց գիրք» գրել, ինչին ես մի պատասխան ունեմ` եթե վախենայի, թաքցնեի, ապա ինչո՞ւ էի գրում, ո՞վ էր ինձ ստիպում»:
Գիրքը, ինչպես տիկին Ռիման է ասում, «ստիպեց վերաիմաստավորել անցյալը»: «Մեծ էր ցանկությունս գիրքն անցյալ տարի նրա 80-ամյակի կապակցությամբ հասցնել ավարտին, սակայն չստացվեց: Կարծում եմ, մեծ բացթողում չի, քանի որ հասցրի այս տարի»,- պատմեց տիկին Դեմիրճյանը:
«Հիշատակը», Ռիմա Դեմիրճյանի փոխանցմամբ, մի քանի խնդիր լուծելու նպատակ ունի: «Կարեն Սերոբիչն ինքը մտադիր էր հուշեր գրել, որը պիտի ավելի շատ կապիտալ աշխատություն լիներ` հետպատերազմյան շրջանից մինչև Սովետմիության փլուզումը: Հիմնական նպատակն այն էր, որ ես ցանկանում էի, որպեսզի հայ մարդը ճանաչեր Կարեն Դեմիրճյանին: Շատերը սիրում էին, հարգում էին, պաշտում էին նրան, բայց շատ բաներ չգիտեին. ողջ ճշմարտությունը նա իր հետ տարավ: Ես իրավունք չունեի տանել հետս և ինչ գիտեի, պարտավոր էի ներկայացնել: Ես ցանկացա ցույց տալ, որ ժողովուրդը Դեմիրճյանին կուռք չի սարքել, ժողովուրդը պարզապես գնահատել է նրա կատարած գործերը, ներդրումը»,-նշեց նա, համոզված լինելով,, որ քաղաքական գործչին սիրուն աչքերի համար չեն սիրում, այլ կատարած աշխատանքի:
Հեղինակը գրքում ներկայացրել է Դեմիրճյանին «ակունքներից մինչև վերջ»: «Նա արժանի էր նման վերաբերմունքի: Նրա կյանքը իր ազգին և ժողովրդին ծառայելն էր»,- ասաց տիկին Ռիման, պատմելով, թե ինչպիսին էր նա ընտանիքում: «Տանը դուռ բացում էր, մտնում ներս և կարծես մոռանում էր, որ մեծ պաշտոնյա է. մեր տանը միշտ տիրում էր բարեկամական, ընկերական մթնոլորտ, նա իր տղաների հետ փոքրուց եղել է ընկեր: Թոռները փոքր էին դեռ, բայց այնպես է տպավորվել նա փոքրիկների մոտ, որ երբեք չեն մոռանա պապին»,-ասաց տիկին Ռիման, հավելելով, որ Կարեն Սերոբիչին բոլորն ընկալում էին որպես դրական մարդ: Նրա մեջ մարմնացել էին դրական որակները` թե´ մարդկային, թե´ քաղաքական գործչի: «Եվ իզուր չէ, որ Հրանտ Մաթևոսյանը Կարեն Դեմիրճյանի մասին ասել է. «Մարդ` առանց արատների, և դա ճիշտ էր»,-անթաքույց հպարտությամբ ասաց տիկին նա:
Գրքում հեղինակն անդրադարձել է նաև 1999-ի հոկտեմբերի 27-ի իրադարձություններին, երբ ահաբեկչության զոհ դարձավ նաև իր ամուսինը. «Այս հարցին անդրադառնալիս վերլուծական ճանապարհով եմ գնացել և նշել, որ դա մտադրված սպանություն էր, ոչ թե հեղաշրջում: Դա իմ համոզմունքն է, ես փաստեր չունեմ մեկին մեղադրելու համար և համաձայն չեմ նաև այն մոտեցմանը, երբ որպես այս սպանությունը իրականացնողների դիտարկում են իշխանություններին: Դա դրսից պատվիրված, բայց հայերի աջակցությամբ իրականացված ասպանություն էր»,-ընդգծեց տիկին Դեմիրճյանը:
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ, բացի «Հիշատակ»-ից, ցանկություն ունի հրատարակել նաև Դեմիրճյանի 14 տարվա օրագրերը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ