38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ախր ե՞րբ եղեգան փողից վերստին պիտի ծնվի Վիշապաքաղ Վահագնը» Դուշման Վարդան

«Ախր ե՞րբ եղեգան փողից վերստին պիտի ծնվի Վիշապաքաղ Վահագնը» Դուշման Վարդան
03.07.2009 | 00:00

ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1992 թվականի հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ ռազմական առաջադրանք կատարելիս իր մարտական ընկերներ Արմեն Երիցյանի (Երո) և Արա Ավագյանի (Արայիկ) հետ զոհվեց արցախյան պատերազմի լեգենդար հերոս ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ (Դուշման):
«Եթե այսօր Դուշման Վարդանը, Լեոնիդ Ազգալդյանը և Մոնթե Մելքոնյանը մնային, մեր իրականությունն այլ կերպ կզարգանար,- մի քանի տարի առաջ ներկա քաղաքական վիճակը վերլուծելիս հեռուստաէկրանից այսպես արտահայտվեց հանրաճանաչ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ապա մի պահ լռելով, կարծես համապատասխան բառեր փնտրելով, միայն իրեն հատուկ խորիմաստ տխրությամբ ավելացրեց,- ասենք… նրանց էլ այսօր չէին թողնի, որ ապրեին»:
Նրանք երեքն էլ մեծ նպատակի նվիրյալներ էին, մտավորական ու մարտիկ, զգացմունքային ու ռազմաշունչ, և, ամենակարևորը, նրանց արարքներն ու մտածողությունները վերկուսակցական էին: «Գույնով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է»,- ասել է Լեոնիդը: «Ո՛չ կոմունիստ եմ, ո՛չ հնչակ ու դաշնակ, ես կռվող ու հող ազատագրողն եմ,- իր տեսակետն արտահայտել է Վարդանը։- Թող կորչե՛ն բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք խանգարում են ազգի շահերին»: Մոնթեն շեշտել է. «Հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը իմ առաջին ու ամենակարևոր պարտականությունն է. պետք է հավատարիմ մնանք մեր սկզբունքներին և ընդունենք, որ ամեն բանից առաջ հայ ենք և որպես հայ պետք է մասնակցություն բերենք հայկական հարցի լուծմանը»: Երեքին էլ Հայ դատը մտահոգում էր ամբողջականությամբ, երեքն էլ Արցախին վերաբերվում էին լրջորեն, որպես ամբողջականից անբաժանելի մասի: Նրանց մեջ ամենաերիտասարդը Դուշման Վարդանն էր, որն ապրեց ընդամենը 26 տարի, արցախյան շարժման հենց սկզբից անմիջապես ճանաչվեց և չորս տարվա մեջ դարձավ առասպելական հերոս:
Հերոսությունը հենց այնպես, հանկարծ ու ակամա չի դրսևորվում, այն վաստակվում է իմացյալ մահի զգացողությամբ ավելի վաղ, նույնիսկ ծննդից առաջ, պապերից ստացածի` գենետիկականի թելադրանքով:
Հերոսությունը զարգանում է ընթացքում, հայրենասիրական դաստիարակության միջոցով, շատ ժամանակ մնում է աննկատ և միայն անհրաժեշտ պահին, առիթի դեպքում է բացահայտվում:
1984-ին, երբ թվում էր, թե մեր երկրում ամեն ինչ խաղաղ է ու կայուն, Վարդանը մեկնեց Աֆղանստան` պատերազմի թեժ վայրը: Նա ցանկանում էր ժամանակակից մարտերի մասնակից լինել, ռազմարվեստի գաղտնիքներին տիրապետել: Մի ներքին կանխազգացում ուներ, որ հայ ժողովրդին մոտ ապագայում պատերազմ է սպասում:
Մեծերը կանխատեսում են գալիքը և ազդում դեպքերի զարգացման վրա:
Աֆղանստանում կռվելու որոշումը նրա մեջ խորին պատճառներ ուներ և մեծ ծրագրերի հերթական քայլն էր: Ահա ինչպես է բացատրում ինքը. «Աֆղանստան ծառայության մեկնել էի կամավոր և որպեսզի մորս ցավ չպատճառեի, նամակներ էի գրում, թե իբր ծառայում եմ Հունգարիայում: ՈՒզում էի լավ կռվել սովորել ու կռվում էի: Լավ զինվոր էի և հավատում էի, որ Հայոց բանակի զինվոր եմ դառնալու»:
Ասված է շատ դիպուկ. «…Ամաչում եմ ազգիս այն տղաների համար, ովքեր գնում են Ռուսաստան, հնոցապան կամ վարպետ դառնում: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, զինվորական, սպա ո՞վ պետք է դառնա»:
Վարդան Ռոբերտի Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին, Երևանում: Մանկությունն ու պատանեկությունն անցել է գրադարանում, ուր մայրն էր աշխատում և հայրենասիրական ոգով մեծացնում երեխաներին: Շրջապատված էր գրքերով` Թումանյանով, Չարենցով, Շիրազով, խաղում և դաստիարակվում էր դրանցով: 1973-ին հաճախում է Երևանի Հ. Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը: Սովորում է բարձր առաջադիմությամբ: Իր դպրոցի մասին Վարդանը գրում է վրդովմունքով. «Հայ մեծ բանաստեղծի անունը կրող դպրոցը ռուսական թեքումո՞վ. դա արդեն խայտառակություն է»:
1983 թ. դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում նուրբ-բրդյա գործվածքների ձեռնարկությունում: 1984-86 թթ. ծառայում է բանակում և զորացրվելուց հետո ընդունվում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 1988-ին սկսվում է արցախյան շարժումը և Վարդանին անմիջապես կողմնորոշում դեպի զինված պայքար: Սկզբնական շրջանում նա ծանոթացավ «Հայ դատ» կազմակերպության հետ և նրա ռազմականացված ջոկատի հետ զենք ու զինամթերք էր տեղափոխում Բերդաձոր: Հետո ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծեց «Ասպետ» ռազմական դպրոցը, ուր կռվող տղաներն էին մարզվում: «Զենք վերցնելն ու կռիվ գնալն արդեն հերոսություն է, իսկ լավ, թե վատ զինվոր կդառնան, արդեն հրամանատարներիս գործն է»:
Արդեն թափ էին առնում պատերազմական գործողությունները` Երասխի, Ասկերանի, Շահումյանի մարտերը: Վարդանը տարերքի մեջ էր: Ընկերները նրան տվեցին «Դուշման» անունը և «Դուշմանը» դարձավ առասպելական: Արցախում զենքի պակաս էր զգացվում, և նա անձամբ մեկնեց Ռուսաստան` զենք հայթայթելու: Դուշմանը վստահություն էր ներշնչում, նրա հավատը, որ Շուշին շուտով կազատագրվի թուրքերից, վարակիչ էր: Դուշմանի մասին լեգենդներ են հյուսվում և մեծ արագությամբ տարածվում և՛ հայերի, և՛ թուրքերի շրջապատում, որովհետև եկել էր պահը, և հերոսական էին նրա բոլոր մտահղացումներն ու արարքները:
«Հայ ասելով,- գրում է Վարդանը,- ես հասկանում եմ Եղեռն, Պայքար, Տառապանք և Հաղթանակ…»։
Եկավ նաև հաղթանակների շարքը: Դուշմանը կրկին առաջինների մեջ էր Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Զառիսլուի, Բերդաձորի, Լաչինի ազատագրման ժամանակ: Հատկապես Շուշիում էր ուզում տուն ունենալ և իր պարտքը համարեց խոսքն ուղղել նախնիներին. «Մեր պապե՛ր, Շուշին ազատագրված է, հանգստացե՛ք»:
Շռայլ էր բնությունը Դուշմանի հանդեպ. նրա մեջ համատեղված էր մտավորական զինվորը բանաստեղծ հետախույզի հետ, ուսուցիչ հրամանատարը իրավաբան քանդակագործի հետ: Նրան կարելի էր ճանաչել և՛ իմաստասիրական, բայց համարձակ մտքերից, և՛ հատուկ, նույնպես համարձակ «լամբադա» ոճի կրակահերթերից… «Հայրենիքի համար սխրանք կատարելն ու հաղթանակելու հավատն են մեր ուժի աղբյուրները»,- այսպիսի պարզաբանում է տալիս Վարդանը:
Ահա ևս մի քանի բացատրություն իր արարքների մասին. «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:
Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից …
Մեծերը հավատում են անմահությանը…
«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:
Դուշմանը թաղվեց ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ, իսկ մինչ այդ պատգամել էր. «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»:
Եվ ազգը սիրեց…
Վարդան Ռոբերտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով:
Նրա մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր են գրվել, երգեր են երգվում, գործում է նրա անվան գրադարան-տուն թանգարանը, Շուշիի փողոցներից մեկն անվանակոչված է նրա անունով, ծնվում և մեծանում են նրա անունը կրող նոր զինվորներ, ԵՊՀ-ում կա նրա անվան լսարան, տարբեր դպրոցների ռազմագիտության սենյակներ նրա անունով են…
2009 թ. մարտի 9-ին, Վարդանի ծննդյան 42-րդ տարեդարձին, նրա անվան գրադարան-տուն թանգարան առաջին այցելությունը կատարեց մարտական ընկերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և թանգարանի հուշամատյանում հանպատրաստից այսպիսի տողեր թողեց. «Ես խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների հիշատակի առջև, որոնց այսօր շնորհիվ հայ ժողովուրդն իր խաղաղ կյանքով է ապրում: Ես խոնարհվում եմ Վարդանի ոգու առջև, որ այսօր էլ սփռվում է Հայաստանով մեկ և դաստիարակում մատաղ սերնդին, և խոնարհվում եմ մայրերի առջև` հանձին տիկին Զարուհու, որ նրանք պահպանում ու բազմապատկում են հերոսների սխրագործությունը»:
2009 թ. հուլիսի 3-ին Մյուրիշեն գյուղի մոտ` Դուշման Վարդանի զոհվելու վայրում, կբացվի նրան նվիրված նոր հուշակոթող:
Դուշման Վարդանը հայ ժողովրդի սիրված և մնայուն հերոսներից է:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ

Դիտվել է՝ 5113

Մեկնաբանություններ