38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՀՅԴ հայաստանյան կառույցը չի կարող դրսի հրահանգները կատարել»

«ՀՅԴ հայաստանյան կառույցը չի կարող դրսի հրահանգները կատարել»
03.07.2009 | 00:00

«ԱՍՏԾՈ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ԻՐԵՆՑ ՎԵՐԱՊԱՀԵԼ, ԹԵ՞ ՉԱՓՈՂ ՍԱՐՔ ՈՒՆԵՆ»
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներն այս ամռանն էլ չեն հանգստանա, քանի որ աշնանային նստաշրջանին պետք է ներկայացնեն հանձնաժողովի վերջնական եզրակացությունը։ «Վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է, և մինչ այդ պարտավոր ենք ավարտել աշխատանքը։ Մեր փորձագետները հավաքված նյութերն են ամփոփում։ Նույնիսկ ցանկանում ենք շատ ավելի վաղ ավարտել ամփոփումն ու ներկայացնել խորհրդարանի դատին»,- մեզ հետ զրույցում ասաց ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ։
-Փաստահավաք խմբի լուծարումը որոշակիորեն չի՞ դժվարացրել հանձնաժողովի աշխատանքը։ Այն փաստերը, որոնք խմբի անդամներն են տրամադրել, արդեն ուսումնասիրվե՞լ են։
-Ո՛չ, չի դժվարացրել։ Մենք մեր աշխատանքն արել ենք ու անում ենք անկախ հանգամանքից` փաստահավաք խումբ ստեղծվելո՞ւ էր, թե՞ ոչ։ Բայց ուրախ էինք, որ նման խումբ ստեղծվեց, որը կարող էր հավելյալ աշխատանք կատարել։ Սակայն այսօր չեմ ուզում դատել` խմբի արդյունավետությունը որքան էր, և հանձնաժողովին որքանով օգտակար կլիներ։ Այսուամենայնիվ, մենք ձեռքներս ծալած չենք նստել ու սպասել, թե մեր աշխատանքը պետք է փաստահավաք խումբը կատարի, ուստի չենք էլ անհանգստանում, որ դրա լուծարումից հետո հանձնաժողովը կտուժի։ Փաստահավաքի տրամադրած նյութերը մանրամասնորեն ուսումնասիրվում են, և անգամ ամենափոքր փաստը նկատի է առնվում։
-Ինչպե՞ս եք վերաբերվում այն առաջարկին, թե անհրաժեշտ է միջազգային փորձագետներով համալրված նոր փաստահավաք խումբ ստեղծել։
-Եթե նման անհրաժեշտություն կա, խնդիր չեմ տեսնում, թեև, իմ կարծիքով, մեր խնդիրները մենք պետք է լուծենք, ոչ թե աշխարհին ասենք, թե ընդունակ չենք լուծելու դրանք, եկեք, մեր տան գործերը դուք կարգավորեք։ Ի դեպ, միջազգային փորձից հանձնաժողովն օգտվել է. միջազգային կազմակերպություններից դիտորդներ են մասնակցել մեր աշխատանքներին։ Արտաքին օգնությունը ողջունելի է, սակայն մի բան է օգնելը, մեկ այլ բան` միջամտելը, ինչը ցանկալի չէ, նախ և առաջ, երկրի վարկանիշի համար։
-Համաներում հայտարարելուց հետո մտահոգություն եղավ, թե այն առաջ անցավ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից, և հանձնաժողովի պատասխանատվության բեռն ավելի մեծացավ։ Համամի՞տ եք։
-Հանձնաժողովը պիտի կարողանա առավել անաչառ, արտաքին ազդակներ հաշվի չառնելով, իր վերջնական եզրակացությունը ներկայացնել։ Արտաքին ազդակ ասելով` նկատի ունեմ համաներումը, որը կարծես մի շարք հարցերի վերջակետ դրեց, և, ի վերջո, քաղաքական, իրավական վճիռներ կայացրեց։ Սա առավել նուրբ է դարձնում հանգամանքները, որովհետև կարող ես հայտնվել մի իրավիճակում, երբ արդեն իսկ հանգուցալուծված խնդիրների առնչությամբ հարկադրված կլինես ինչ-որ բաներ ասել։ Սակայն եթե հանձնաժողովն ունենա բացահայտումներ կամ հիմնավորումներ, որոնք մինչ այս չեն եղել, պարտավոր է բարձրաձայնել` հաշվի չառնելով, որ համաներում է հայտարարվել։ Երկրորդեմ` հանձնաժողովի վիճակն այժմ ավելի զգայուն է դարձել, որովհետև սա այն դեպքն է, երբ ասում են` ուրբաթը շաբաթից շուտ եկավ։
-Քաղաքական օրակարգում հաճախ քննարկվող հարցը ևս չշրջանցենք։ ՀԱԿ-ն իր քաղաքական պլատֆորմն է ներկայացրել, «Ժառանգությունը»` իր, ՀՅԴ-ն էլ շուտով կներկայացնի։ Մի՞թե նրանցում ընդգրկված կետերը միմյանցից այդքան տարբեր են, որ համագործակցության տեղ չեն թողնում։
-Պարտադիր չէ հակադիր հարթություններում այս ամենը դիտարկել, ընդամենն անհրաժեշտ է նկատել, թե խնդիրները որքանով են արմատական։ Գաղտնիք չէ, որ մենք հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ արմատական մոտեցումներ ունենք։ Արդյո՞ք այս խնդիրների վերաբերյալ նույնչափ սկզբունքային, վճռական ու արմատական կեցվածք կունենան մեր գործընկերները։ Նույն կերպ կարելի է ներքաղաքական հարցերը դիտարկել։ ՈՒրեմն, ոչ միայն միավորվելով, ընդհանուր խնդիրներով, այլ հեռացնող, տարակարծություններ առաջացնող հարցերով պետք է դատել։ Իմ տպավորությամբ` չպետք է այնպես լինի, որ ինչ-որ մեկն ասի` ես եմ սայլը քշում, եկեք, կպեք իմ սայլին։ Մենք անկախ քաղաքական ուժեր ենք, և յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ ճանապարհով գնա ու ինչ բեռ տանի։ Այս օրերին մամուլում ՀՅԴ-ի առնչությամբ կա շանտաժ, ստախոսություն, թե դաշնակցությունը չի համագործակցում ՀԱԿ-ի հետ, քանի որ ներքին և սփյուռքի հետ կապված հարցեր ունի և այլն, և այլն։
-Կա նաև այսպիսի տեսակետ, թե ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է եկել սփյուռքի իր կառույցների պարտադրանքով։
-Եթե բացեք 90-ականների հակադաշնակցական մամուլը, կտեսնեք նույն բաները, ինչ այսօր է։ Չգիտեմ` ում են ուզում խաբել կամ մոլորեցնել։ Հասարակությունը շատ լավ գիտի, թե ինչպիսին է դաշնակցությունը։ ՀՅԴ-ի կենտրոնը հայրենիքն է, մենք մեր հիմնական ժողովները, միջոցառումներն անցկացնում ենք այստեղ, այստեղ է նաև մեր Գերագույն մարմնի` բյուրոյի ղեկավարության մեծ մասը։ Եվ, վերջապես, մենք ապակենտրոն կառույց ենք։ ՀՅԴ-ի հայաստանյան կառույցը չի կարող դրսի հրահանգները կատարել։ Մեր ներքին խնդիրները որոշում ենք մենք, դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը դրսում գերհերոսներ կամ գաղտնի դաշնակցականներ չունի, որոնք հրահանգներ իջեցնեն։ Իսկ նման խոսակցություններ տարածողները փորձում են ձևախեղված ներկայացնել մեր կառույցը։ Այդ ամենը հիմարություն է, ստոր կեղծիք։
-ՀԱԿ-ի շուրջ համախմբված քաղաքական ուժերի ներկայացուցիչներից շատերը ՀՅԴ-ին ընդդիմություն չեն համարում։ Այս մեղադրանքը խորացավ հատկապես այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանի համագործակցության կոչին չարձագանքեցիք։ Ինչո՞ւ ՀՅԴ-ն ընդդիմություն չի դիտվում հենց ընդդիմության կողմից։
-Կուզենայի հարց ուղղել դրանում մեզ մեղադրողներին` իրենց Աստծո լիազորություննե՞ր են վերապահել, թե՞ չափող սարք ունեն, որով որոշում են, թե ով ինչքանով է ընդդիմություն։ Դժբախտաբար, այն ուժը, որն այսօր նման մեղադրանքներ է հնչեցնում, ի սկզբանե Հայաստանի հասարակությունը պառակտել է մերոնքականների և հակառակորդների։ Երբ այս ուժն իշխանություն էր, Հայաստանի և հայոց պետականության թշնամին ընդդիմությունն էր։ Շուրջ տասը տարի, ներքին բոլոր խնդիրներով հանդերձ, հասարակությունում նման պառակտում չկար։ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ իշխանության, հասարակությունը պառակտվեց, հեռացավ` այն վերացավ, հիմա կրկին վերադարձել է, ու հասարակությունը կրկին պառակտվել է։ Այսինքն, այս ուժը մեր հասարակությանը ներշնչել է` իշխանություն-ընդդիմություն հարաբերությունը նշանակում է մեկ բան` թշնամանք։ Այսպես երկիր չեն կառուցում, այլ քանդում են։ Հիմա իրենք ընդդիմություն են, ուրեմն, մնացածները թշնամիներ են, ովքեր չեն գնում կցվեն իրենց սայլին։ Քաղաքակիրթ աշխարհում ընդդիմությունն արդյո՞ք նույն հարաբերության մեջ է իշխանության հետ։ Լինելով ընդդիմություն` աշխատում ես երկրի համար, ոչ թե ասում` նախագահը պետք է գնա, սրբեմ ամեն ինչ, հետո գամ ու նորից սկսեմ։ Որ երկրում շատ վատ բաներ են կատարվում ու կան, մենք էլ գիտենք, ու հենց դա է պատճառը, որ իշխանությունից հեռացանք։ Սակայն սա հիմք չի կարող լինել, որ հասարակությանը պառակտես, հուսահատ, իրենց բնույթով ծայրահեղ մի զանգվածի բերես քո հետևից, տարիներով մաշեցնես` թշնամական բանակի վերածելով նրան։ Պետք է սովորենք իշխանություն-ընդդիմություն տանդեմում այլ հարաբերությունների։ ՀՅԴ-ի հետագա քայլերը, աշխատանքները ցույց կտան, թե մենք ինչպիսի ընդդիմություն ենք։ Նախորդ երկու` նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հազար ու մի մեղադրանք հնչեց մեր հասցեին, իբր իշխանության հետ թաքուն գործակցության մեջ ենք, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2278

Մեկնաբանություններ