Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԱԾ ԻՄ ՍԱՆԵՐԻ ՄԵՋ ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԵՎ ՍԻՐՈՒՆ ՈՏՔԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ»

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԱԾ ԻՄ ՍԱՆԵՐԻ ՄԵՋ ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԵՎ ՍԻՐՈՒՆ ՈՏՔԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԿԱՆ»
29.07.2011 | 00:00

«Angels» բազմաոճ պարային համույթը վերջերս հաղթանակած վերադարձավ Վրաստանից` պարային օլիմպիադայում ներկայացրած 8 անվանակարգերում գրավելով առաջին տեղը, ինչպես նաև արժանանալով «Գրան պրի» մրցանակի:
«Angels»-ը կազմավորվել է 2003-ին: Մասնակցել է տարբեր մրցույթ-փառատոների և արժանացել առաջին մրցանակային տեղերի, «Գրան պրի»-ների, «Լավագույն բեմադրություն», «Լավագույն կատարում», «Լավագույն համույթ», «Նոր անուններ» և այլ մրցանակների: Ճանաչվել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Վրաստանի, Հայաստանի պարային օլիմպիադաների հաղթող: Համույթն ունի շոու-ծրագրեր` շուրջ 20 բազմաոճ պարերով (հայկական ժողովրդական, ջազ, հիպ-հոպ և այլն):
«Angels» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը IDO միջազգային կարգի մրցավար ԳԵՈՐԳԻ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ է:
«Angels» ստուդիայում գործում են պրոֆեսիոնալ խմբեր, ինչպես նաև սիրողական խումբ` առանց տարիքային սահմանափակման:

-Ինչո՞ւ «Angels»:
-Անկեղծ ասած, շատ անսպասելի որոշեցի: Երբ խումբը ստեղծվեց, չորս երեխա ունեի, չորսն էլ փոքրիկ էին ու նման էին հրեշտակների` գանգրահեր, խարտյաշ: Բացի այդ, կարծում եմ, անվանումը շատ մեծ դեր է խաղում: Հրեշտակները բացասական հատկանիշներ չունեն, անթերի են, մենք էլ ձգտում ենք կատարելության մոտենալ: Մեր խումբը ոչ միայն պարային նվաճումներով է աչքի ընկնում, այլև իր կազմակերպվածությամբ, կարգապահությամբ:
-Ինչո՞վ է առանձնանում «Angels»-ը:
-Քիչ խմբեր կան Հայաստանում, որ նման ժամանակակից ուղղություններ են զարգացնում, հատկապես շոուներ: Ես IDO միջազգային կարգի մրցավար եմ (Հայաստանից երկու ներկայացուցիչ ունի IDO-ն), 86 պետություն է ներգրավված այդ կազմակերպության մեջ: Մրցույթների, սեմինարների մասնակցելով, ժյուրիի կազմում լինելով, շատ բան ես տեսնում և սովորում, և այդ նորամուծությունները բերում ես Հայաստան: Մեր հերթին սեմինարներ ենք կազմակերպում, տարբեր խմբերի օգնում ենք կայանալու: Ցավոք, մեզ մոտ այնքան էլ ուշադրություն չեն դարձնում պարարվեստին: Արդեն 8-9 միջազգային մրցույթներում հայկական դրոշն է բարձրացրել, հայկական հիմնն է հնչել, բայց ոչ մի արձագանք չի եղել մեզ մոտ: Այստեղ աչքի են ընկնում այն ուղղությունները, որոնք հովանավոր ունեն: Դրսում զարմանում են, երբ իմանում են, որ նման խմբեր կան, նրանց թվում է, թե մեզ մոտ միայն ժողովրդական պարերն են զարգանում: Մի քիչ ցավով եմ նայում, որովհետև շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որոնք կարող են ներկայանալ աշխարհին:
-Պարի վարպետները հաճախ են դժգոհում, որ երեխաների մարմինը փչացնում են սխալ պարերով: Էլ չենք խոսում հոգու մասին:
-Ես դեմ եմ, երբ փոքրիկ երեխաները «մեծ» պարեր են բեմադրում, պարապում են լատինաամերիկյան պարեր, հիպ-հոպ: Երեխայի մկանային համակարգը դեռ զարգացած չէ, չգիտի` ինչպես կատարի տվյալ էլեմենտը, որ չվնասվի: Մեր ստուդիայում 3-6 տարեկան երեխաների հետ դասընթացներն անցնում են խաղային ձևով: Մանկական պարեր ենք սովորեցնում, երաժշտություն ենք միացնում, խաղեր ենք կազմակերպում` ռիթմիկա, պլաստիկա զարգացնելու համար, մինչև ֆիզիկապես պատրաստ լինեն լուրջ պարի:
-Եվ դա ո՞ր տարիքն է:
-Երեխան 6 տարեկանից արդեն կարող է լիարժեք պարել, եթե ունի որոշակի հիմք: Այսինքն, եթե երեխան երեք-չորս տարեկանից սովորում է կարգապահությանը, խմբակայնությանը, շարժմանը` ռիթմիկային, ծափիկներին, հավասար քայլելուն, անհամեմատ հեշտ է աշխատելը: Իսկ եթե 6 տարեկանից է գալիս, պետք է երկու տարի աշխատես երեխայի հետ, որ նույն այդ էլեմենտները սովորի: Ծնողներն էլ չպետք է շտապեն. երբեմն ասում են` ինչո՞ւ երեխան գեղեցիկ կեցվածքով չի քայլում: Որոշ ծնողների համար էլ որակը կարևոր չէ, միայն թե երեխան բեմում հայտնվի: Դա էլ է սխալ: Բեմում հայտնվելու համար որակ է պետք, ժամանակ:
-Լավ պարելու համար ի՞նչ է պետք:
-Ձգտում:
-Իսկ երկար ոտքեր, երկար ու բարակ պարանո՞ց։
-Դա, իհարկե, գեղեցիկ է, բայց Եվրոպայում հաղթանակներ տարած իմ սաների մեջ բարձրահասակ և սիրուն ոտքերով երեխաներ գրեթե չկան: Հայկական, պուճուրիկ կազմվածքով երեխաներ են: Կարևորը ցանկությունն է, պետք է սիրել պարը և չհիասթափվել:
-Պարը հոգո՞ւ, թե՞ մարմնի արվեստ է:
-Պարի միջոցով արտացոլվում է հոգիդ: Եթե պարիդ մեջ հոգի չկա, որքան էլ մարմինդ գեղեցիկ շարժվի, հանդիսատեսին հոգի, էմոցիա, էներգիա չես փոխանցի: Կան, չէ՞, շատ գեղեցիկ կանայք, բայց սառն են, անհրապույր, կամ հակառակը:
-Հեռուստաեթերում բազմաթիվ պարային նախագծեր կան, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
-Շատ լավ, ուղղակի ծանրաբեռված ենք և չենք կարողանում հաճախակի մասնակցել: Շատ տաղանդավոր երեխաներ կան, որ բացահայտվում են այդ շոուների միջոցով: Պետք է մի քիչ ուշադրություն դարձնել պարին, աջակցել: Իհարկե` ոչ բոլորին: Կան պարային խմբեր, որ իրենք էլ չգիտեն` ինչ են անում, երբ հարցնում ես` ի՞նչ պար է սա, ասում են` դե, ժամանակակից ուղղություն է: Այսինքն, տեսնում են եթերում, փորձում են կրկնօրինակել կամ իմպրովիզացիաներ են անում: Մեր ուղղության մեջ 90 տոկոսը իմպրովիզիացիան է, բայց նախ ճիշտ հիմք պետք է ունենաս, որ հետագայում երեխայի մոտ ողնաշարային խնդիրներ չառաջանան, ու եթե հարցնեն, գոնե կարողանա ասել, թե ինչ է պարում:
-Ծրագրերի մասին:
-Ամեն տարի 8-9 հրավեր ենք ունենում դրսից, բայց ֆինանսական խնդիրների պատճառով վերջերս չենք կարողանում մասնակցել: Եթե Ռուսաստան մեր ուժերով ենք գնում, ես եմ հայթայթում գումարը, երեխաների ծնողները, ապա Եվրոպա, Ամերիկա գնալը եռակի թանկ է: Մեր միջոցները սպառվել են, չենք կարողանում մտածել հանրապետությունից դուրս գալու մասին, բայց աշխատանք արվում է, որակը չի թուլանում: Տարին մեկ համերգ ենք ունենում Հայաստանում, նշում ենք մեր ծննդյան տարեդարձը: Որպես կանոն, առաջին մասը հաշվետու ծրագիր է` ծնողների համար, երկրորդ մասում շոու-ծրագրով ներկայանում են մեր պրոֆեսիոնալ խմբերը` պրոֆեսիոնալ դերասանների հետ:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ