«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԾԱՆՐ Է ԱՆԿԵՂԾ ԽՈՍՈՂԻ «ԳԼԽԱՐԿԸ»

«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԾԱՆՐ Է ԱՆԿԵՂԾ ԽՈՍՈՂԻ «ԳԼԽԱՐԿԸ»
01.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
-Պարոն Մանուկյան, մեր ականջին է հասել լուրը, որ մի քանի ամիս առաջ Դուք որոշած եք եղել Ձեր բիզնեսը տեղափոխել Թունիս: Էն է՝ ուզում էիք տեղափոխել, այնտեղ հեղափոխություն տեղի ունեցավ: Հետո որոշեցիք բիզնեսը տեղափոխել Ալժիր: Այնտեղ ևս սկսեցին աշխուժանալ՝ հեղափոխորեն: Այո՞… Մի՜ ծիծաղեք, հեղափոխությունը լուրջ գործ է, պարոն Մանուկյան, և եթե Դուք հեղափոխական այդ «պրոյեկտների» հետ կապ ունեք և նրա «հայրերից» մեկն եք, խոստովանեք:
-Հեղափոխություն «անելու» խնդիր չեմ ունեցել։
-... (Մազի՜ց պրծանք- հեղ.)։
-Եղել է ոչ թե բիզնեսը տեղափոխելու խնդիր, այլ նոր բիզնես հիմնելու: Ընդ որում՝ ոչ Թունիսում:
-Բա որտե՞ղ:
-Աֆրիկյան այլ երկրում:
-ՈՒրիշ որտե՞ղ եք «հեղափոխություն» արել, պարոն Մանուկյան, խոնարհաբար խնդրում եմ՝ խոստովանե՛ք:
-Ո՛չ Ալժիրում: Ո՛չ էլ Թունիսում: Լուրջ ծրագրեր կային Կոտ դ՚Իվուարում, բայց հետո այդ ծրագրերը փոխվեցին դեպ Տանզանիա ու Լիբիա…
-Վա՛ո՜ւ: Ասում եմ՝ չէ՞:
-Սակայն տեղի ունեցող զարգացումների պատճառով մեր ծրագրերը Լիբիայում չիրականացրինք: Տանզանիայի մասով հարցը դեռ բաց է:
-Որից հետո Դուք մեկնեցիք Լատվիա. այնտեղ և՞ս «հեղափոխության» գործերով էիք: Եթե այո, ապա, անկեղծ ասած, խորհուրդ չէի տա. Լատվիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է:
-Լատվիայում ՀՀ նախագահի պաշտոնական պատվիրակության կազմում էի: Գիտեք՝ այցի շրջանակներում տեղի ունեցավ բավականին ներկայացուցչական բիզնես-ֆորում: Ի դեպ, Լատվիայում Հայաստանի նկատմամբ բավականին լուրջ հետաքրքրություն կա: Պատահական չէր, որ Հայաստանից Ռիգա էր մեկնել ընդամենը տասը կազմակերպություն, իսկ իրենցից ֆորումին մասնակցում էր հարյուր կազմակերպություն, որոնք բոլորն էլ հերթով հանդիպեցին մեզ հետ. քննարկումներ ունեցան:
-Կոնկրետ պայմանավորվածություններ եղա՞ն:
-Այո՛, մի քանի ուղղություններով: Մեր մասով՝ էներգետիկ բլոկին և թռչնաբուծությանն առնչվող: Ավելի ստույգ՝ թռչնաբուծական թափոնների, պարարտանյութի հետ կապված:
-Ի դեպ, եթե հիշողությունս չի դավաճանում, Դուք առաջինն էիք Հարավկովկասյան տարածաշրջանում, որ կառուցեցիք բիոգազի գործարան, որն էլ, եթե դարձյալ չեմ սխալվում, ընդգրկված էր ՄԱԿ-ի «Մաքուր ծրագրում», որպես միջազգային նշանակության նախագիծ, և կենսաղբի մշակման միջոցով պետք է ստեղծեիք էլեկտրական-ջերմային էներգիա, Ձեր պարտնյորներն էին Դանիայի ու Նորվեգիայի թագավորությունները, փաստորեն, հիմա էլ միանում է Լատվիա՞ն… Բա որ կատարյալ հեղափոխություն չէ, ի՞նչ է: Էն էլ՝ «պրոնատովսկի»:
-«Հեղափոխությունը» թողնենք մի կողմ, բայց ասենք, որ այդ գործարանը ոչ միայն տարածաշրջանում, այլև հետխորհրդային տարածքում է միակը: Այն արտադրում է այլընտրանքային էլէներգիա: Ընդ որում, ապրանքատեսակներից մեկն էլ օրգանական պարարտանյութի ջրային տեսակն է: Եվ քանի որ մեր հանրապետությունը մեծ կարիք ունի օրգանական պարարտանյութի, կոնկրետ երեկ էլ այդ մասին շեշտեց վարչապետը, մենք ուզում ենք մինչև տարեվերջ սկսել այդ արտադրությունը, որի արդյունքում տարեկան կունենանք վեց-յոթ հազար տոննա տեղական պարարտանյութ:
-Ի դեպ, ինչպե՞ս է Ձեր բիզնես ընդհանուր «զգացողությունը» վերջին շրջանում Ձեր շուրջն ընթացող «զարգացումների» ֆոնին: Նկատի ունեմ թե՛ ձվի շուկայում տեղի ունեցած «զարգացումները», թե՛ ՏՄՊՊՀ-ի վերջերս կայացրած որոշումները:
-Նախ` ճշտենք, որ ես ընդամենը Ձեր մատնանշած «բիզնեսի» հիմնադիրն եմ (Խաչիկ Մանուկյանը «Մաքս-Գրուպ» կոնցեռնի նախագահն է.- հեղ.): Ընդամենը: Եվ ապա՝ զգացողություններս բոլոր առումներով էլ նորմալ են:
Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ին, ապա ինձ համար գոնե անհասկանալի է հանձնաժողովի, այսպես ասած, ո՛չ մասնագիտական մոտեցումը: Եթե անկեղծ, ապա հակամենաշնորհային հանձնաժողովի պահվածքի նկատմամբ մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել. թե՛ իրենց ունեցած «դեմպինգի» մասին փիլիսոփայության (հիշենք, որ այդ նույն հանձնաժողովն ամռանն ասում էր՝ ձվարտադրության շուկայում դեմպինգ չկա, իսկ ահա գերմանացի «մասնագետները» եկան ու ասացին՝ կա. մեր հանձնաժողովն էլ ձեն-ձուն չհանեց, ուրեմն՝ համաձայն էր, իսկ Խաչիկ Մանուկյանն էլի պնդեց իրենը և «հեղափոխականորեն» ասաց՝ «գերմանացիներն ինչ են հասկանում՝ դեմպինգ կա, թե չկա»- հեղ.), թե՛ մնացած հարցերում, այն է՝ իրենք մեզ տուգանում են, մենք մտնում ենք դատարան, մենք իրենց հաղթում ենք, հետո իրենք էլի են մտնում դատարան, մենք էլի հաղթում ենք ու այդպե՜ս շարունակ:
-Ինչո՞վ բացատրել Ձեր «հիմնադրած» բիզնեսի նկատմամբ այդքան բուռն «ուշադրությունը»:
-Դժվա՜ր է ասել: Մեր երկրում ծանր է անկեղծ խոսողի «գլխարկը»: Անկեղծությունը մեզանում երևի չի ներվում: Բայց դե, բոլոր դեպքերում գիտենք՝ ճշմարտությունը Պլատոնից և ընկերոջից թանկ է:
-«Легкой джазовой походкой» հեղափոխությունից սահուն անցում կատարեցիք դեպ դիվանագիտության և սիմվոլիզմի ոլորտ. վա՜տ չէ, վա՜տ չէ: Քաղաքական ասպարեզում էլ Դուք ոնց որ էնպես՝ ոչինչ, լիքը Պլատոն «ընկերներ» ունեք, կարծես: Թվում է, հանգիստ, «չցցվող», մեյդան չընկնող, կլանային հակումներ չունեցող գործիչ եք: Բայց մեկ էլ ու հո՜պ՝ հայտնվում եք «կիզակետում». նույն Ձեր մանդատի հետ կապված խնդիրն է դա, Արագածոտնի կողմերում տեղի ունեցած հայտնի «մարզպետական երկխոսությունն» է դա: Ինչո՞վ բացատրել սույնը:
-Երևի իմ անձի նկատմամբ եղած շատ մեծ «հետաքրքրությամբ»: Չնայած, եթե ասում եք «դիվանագիտորեն», ապա հարցը, թերևս, ճիշտ կլինի վերահասցեագրել ինձնով «հետաքրքրվողներին»:
-Ի դեպ, երկու «սազիվ» անընդմեջ Դուք պատգավոր եք ընտրվել նույն թալինյան ընտրատարածքից. առաջիկայում փորձելո՞ւ եք կրկնել «դեժավյուն»:
-Ընտրատարածք մի՛ ասեք, անվանենք այն ծննդավայր, որին 2003-ին «պաշտոնական» բովանդակություն հաղորդվեց. դաշտում ազատ տեղ կար, հնարավոր էր օրենսդիր գործունեությամբ զբաղվել, նեցուկ լինել ժողովրդին, «ռիկսի» դիմեցի` թեկնածությունս դրեցի: Հաջողեցի:
Չմոռանանք՝ Թալինը Հայաստանի ամենաաղքատ, գործազրկության անչափ մեծ տոկոս ունեցող, հիմնախնդիրների պակասից «չբողոքող» շրջան է, որտեղ ցավոտ հարցերն անչափ շատ են: ՈՒ ինչ էլ արվի, քիչ է. խնդիրներն անչա՜փ ընդգրկուն են: Աշխատատեղերի այն քանակը, որն անհրաժեշտ է մարզին, այս պահին անհնար է ստեղծել` մի շարք օբյեկտիվ պատճառներով, և այնուհանդերձ, փորձում ենք թե՛ բյուջեի ընձեռած միջոցների, թե՛ ձեռներեցության, թե՛ գյուղտնտեսությունների աշխուժացման շնորհիվ վիճակը փրկել:
Ինչպես բոլոր մարզերում, մերում նույնպես առաջնահերթ են գազիֆիկացման, խմելու և ոռոգման ջրի խնդիրները: Խնդիր էինք դրել ամբողջ տարածաշրջանի գյուղերը գազիֆիկացնելու, սակայն ծրագիրը չամբողջացավ: Հասկանալի է՝ տնտեսական ճգնաժամի պատճառով: Այն հետաձգվել է, ու հույս ունենք անպայման իրագործել: Մի շարք գյուղեր, իհարկե, գազիֆիկացվել են:
Կարելի է ասել, որ գրեթե բոլոր գյուղերում ոռոգման ջրի խնդիրը կարգավորվել է: Համայնքների ղեկավարների հետ ծեծել ենք բոլոր պետական, հնարավոր ու անհնար կազմակերպությունների դռները, հարցին լուծում տվել: Գուցե կարելի էր և ավելին անել, բայց առայժմ այսքանն է. հույս ունեմ, որ առաջիկայում ավելին կարվի:
-Իսկ կոնկրետ օգնություն ցուցաբերո՞ւմ եք մարդկանց:
-Ես չեմ սիրում այդ մասին բարձրաձայնել: Ասեմ միայն՝ մարդկանց օգնելն իմ թուլությունն է. առավոտից մինչ ուշ երեկո նրանք գալիս են մեր գրասենյակ, ամենքն իրենց ցավով ու հոգսով։
-Հումանիզմից դառնանք քաղաքականությանը. այսպիսով, շարունակելո՞ւ եք «քալել խորհրդարանական բեմին վրա»:
-Փորձելու եմ: Դեռ ասելիք ու անելիք ունեմ: Մեր պետությունը դեռ շատ երիտասարդ է. անելիք շատ կա: Կգա գուցե ժամանակ՝ տասը տարի, քսան տարի հետո, երբ երկրում խնդիրները հստակ դրված, մեխանիզմները վերջնական ամրագրված կլինեն: ՈՒ երբ արդեն «փակված» կլինեն տնտեսական դաշտին վերաբերող օրենսդրական բացերը, մենք մի կողմ կքաշվենք:
-Ի դեպ, արդեն իսկ քննարկումներ են ընթանում այս ընտրութուններում «բիզնես-հիմնադիրների» մուտքը դեպ պառլամենտ «արգելափակելու» մասին: Նրանք պետք է իրենց «ներկայացուցիչներին» ուղարկեն պառլամենտ, ինչպես, ասենք, սկսել է «անել» Սամվել Ալեքսանյանը՝ յուր Կորյունով՝ Նահապետյան: Դուք պատրա՞ստ եք դրան:
-Իհարկե, պատրաստ եմ: Բայց նաև հարկ եմ համարում երկրորդել. մենք դեռ անելիք ունենք:
-Ինչպիսի՞:
-Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական օրենսդրական դաշտը կարգավորելու գործում: Փորձը, որ մենք ունենք, թերևս ոչ ոք չունի: Կոնկրետ իմ նպատակը մեկն է՝ հավասար դաշտ ստեղծել բոլոր տնտեսավարողների համար:
-«Տառապանքը փո՜րձ ունի»:
-ՈՒնի: Տառապանքը, այո, ամեն անգամ իմ մեջ «աշխատում» է, երբ տնտեսական օրենքներ են բերվում պառլամենտ: Տեսեք՝ էս վերջերս ինչ բուռն քննարկումներ են ընթանում, երբ հարցերը վերաբերում են հենց տնտեսական օրենքներին: Առաջիկայում ևս շատ օրենքներ կքննարկվեն.՝ հարկային և տնտեսավարող սուբյեկտներին առնչվող, կալանք դնելու խնդիրն է քննարկվելու. պետք է հստակ ամրագրել՝ ինչ պայմաններով, ինչ սկզբունքներով, ինչ դեպքերում է այն կիրառվելու:
-Իսկ չկա՞ տենդենց, որ «տնտեսավարողներն» ու «սուբյեկտները»՝ պատգամավոր-հիմնադիրների դեմքում բացառապես սեփական բիզնես-շահերից բխող օրենքներ ընդունեն, փոփոխություններ կատարեն. չէ՞ որ այդ մասին ևս շատ է խոսվում:
-Ես կասեի հակառակը. մեր ներկայությունը պառլամենտում հատկապես նրա համար է, որ բացառենք, զսպենք նման մոտեցումները: Ասելով «հավասար դաշտ», ես, առաջին հերթին, նկատի ունեի հենց այդ մոտեցման բացասումը: Գիտեք նաև ինչն է էական. մեզանում շատ օրենքներ ընդունվել և ընդունվում են, այսպես ասած, կոնյունկտուրային առաջնահերթությամբ: Սա, իհարկե, փոքր-ինչ կոպիտ է հնչում, սակայն այդ ասելով ես առավել նկատի ունեմ հանգամանքը, որ պահի անհրաժեշտությամբ է առաջանում փոփոխությունների հրամայականը: Ասել է՝ հիմնականում օրենքն ընդունելիս չի դրսևորվել պրոֆեսիոնալ մոտեցում, որը նկատառած կլիներ բոլոր հնարավոր ռիսկերը՝ տեղ չթողնելով սողանցքների ու լուսանցքների, որպեսզի օրենքներն այսքան արագ ու հաճախ կարկատանների չենթարկվեն՝ շատ դեպքերում արդեն, որպես «մավր», իրենց սև գործն արած լինելով:
-Բայց չէ՞ որ դա նույնպես նորմալ է. նկատի ունեմ հանգամանքը, որ կյանքն իր կանոններն ու էվոլյուցիան է նաև թելադրում:
-Իհարկե, թելադրում է: Եվ այնուհանդերձ, այդ լրացումներն անողը, դրանց արագ արձագանքողը, այդ օրենքներն իր մաշկի վրա զգացողները հենց մենք ենք՝ տնտեսական դաշտին մոտ կանգնածներս, շատ դեպքերում հավասար դաշտի բացակայության «տառապանքի փորձառությունը» հանձնառողներս ենք:
-Եվ մենք` ժողովուրդը:
-Այո, և մենք՝ ժողովուրդը. «մենք» ասելով` ես մեզ ժողովրդից դուրս չդրեցի:
-Դուք՝ ժողովուրդը, Դուք՝ Խաչիկ Մանուկյանը, ՀՀԿ անդամ եք, այնպես չէ՞: Ինչպես հասկացա Ձեր այս ողջ լիկբեզից, Դուք պատրաստվում եք «կրկին փորձել», ասել է՝ դառնալ պատգամավոր: Ճիշտ է, դեռ շատ ժամանակ կա «փորձանքին» հասնելու, և այնուհանդերձ, համամասնվելո՞ւ, թե՞ մեծամասնվելու եք Ձեր փոքր հայրենիքում՝ Թալինում և շրջակա միջավայրում:
-Ինքներդ ասացիք՝ դեռ շատ ժամանակ կա:
-Կա, բայց շատերը դեռ ջուրը չտեսած, արդեն բոբիկացել ու ընկղմվել են ընտրատարածքային ջրերի մեջ: Դուք ի՞նչ կոշիկներ ունեք Ձեր հագին: ՈՒնե՞ք, թե՞ չունեք:
-Էդ մեկը լավ ստացվեց. ջուրը չտեսնելու ու բոբիկացվածության մասով: Չպետք է մոռանալ, որ հանրապետական կուսակցությունը շատ լուրջ խնդիրներ ունի իր առջև դրված՝ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացմանն առնչվող: Այդ ծրագրերի իրականացման մի մասնիկն ու բաղկացուցիչն էլ ես ինձ եմ համարում: Նաև մեծ է իմ ցանկությունը՝ այդ ամենին մասնակից լինելու, մինչև վերջ հասցնելու գործում:
-Ձեզ մոտ էլ «վատ չստացվեց»: Եվ այնուհանդերձ, պարոն Մանուկյան, անպատասխան մնաց հարցը՝ ՀՀԿ-ի «շարքերով» Դուք համամասնվելո՞ւ, թե՞ մեծամասնվելու եք:
-Վերջնական որոշում, հասկանալի է, դեռ չի կայացված, այն պետք է կայացնի կուսակցությունը: Ինձ թվում է՝ թերևս «կմեծամասնվեմ»:
-Ի դեպ, Դուք դեռ առանց թիկնապահների՞ եք շրջում, չնայած ՀՀԿ քսանամյակին նաև շրջաբերական իջավ՝ չշրջել, չունենալ թիկնապահ, «չուտել մարդու միս»:
-Այն ժամանակ էլ, հիմա էլ, հետո էլ ես իմ հայրենիքում շրջելու եմ այնպես, ինչպես շրջել եմ: Առանց թիկնապահների:
-Նույնիսկ հայտնի ու անհայտ դեմպինգի, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի որոշումների «լույսի ներքո՞»:
-Նույնի՛սկ:
-Պարոն Մանուկյան, իսկ Դուք օլիգա՞րխ եք:
-Եթե Դուք հիմա սահմանեք, թե որտեղ է վերջանում պատգամավորը, տնտեսագետը և որտեղ սկսվում օլիգարխը, գուցե ես այդ ժամանակ պատասխանեմ՝ ե՞մ, թե՞ չեմ: Ես սովորական, շա՜տ սովորական մարդ եմ:
-Ափսո՜ս, որ օլիգարխ չեք, հազա՜ր ափսոս: Թե չէ ես Ձեզ կվերագրեի մի ահավոր ու հուզիչ հատկանիշ. կասեի, որ Դուք մեր միակ, եզակի, մեր մինուճար օլիգարխն ենք, որ իսկապես գիրք է գրում: Եվ այն էլ՝ տնտեսության մասին: Էն էլ գյուղատնտեսության ու գյուղատնտեսական կոոպերացիայի մասին (համա «պրոդվինուտին» եք, հա՜, վարչապետը Ձեզնից երկու տարի հետո նոր սկսեց խոսել այդ մասին): Դեռ գրո՞ւմ եք:
-Այո, երկրորդ գիրքն եմ գրում, այն զուտ տնտեսական վերլուծությունների ժողովածու է:
-Կարո՞ղ է, պատրաստվում եք նախարար-բան դառնալ:
-Ինչի՞ց եզրակացրիք, ի՞նչ կապ ունի նախարարը։
-Եսի՞մ, բա ինչի՞ եք գիրք գրում:
-Ես գիրք չեմ գրում վաճառելու համար: Ես գիրքը գրում եմ որպես ուսումնական ձեռնարկ, որպես սեղանի անհրաժեշտ ուղեցույց: Հայաստանում բիզնեսով զբաղվողների մեծ մասը, գիտեք, ինքնուս բիզնեսմեն է: Նրանք չեն անցնում այն դպրոցներն ու ուղին, որն անցնում են արևմտյան գործարարները: Ճիշտ է, այսօր եվրոպաներում սովորում ու վերադառնում են մեր երիտասարդները: Ընդ որում, տարբերությունը շատ մեծ է՝ մենթալ, պահվածքի, աշխատանքային պլանում: Իսկ մեր՝ հին գվարդիայի սերնդի փորձն ու գիտելիքները նույնպես շատ կարևոր են, և ես ցանկանում եմ կիսել այն բոլորի հետ, որովհետև մենք տասնհինգ տարի առաջ ունեինք շատ փոքրիկ գումար, շատ փոքրիկ տարածք և կարողացանք էդ «փոքրիկը» դարձնել մե՜ծ ձեռնարկատիրություն, որն իր անունն ունի և՛ մեր հանրապետությունում, և՛ հանրապետությունից դուրս:
Եվ ի միջի այլոց՝ ոչ վատ անուն:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ