Տարին ավարտվում է, և մինչ նախարարությունների վարչություններն ամփոփում են տարվա աշխատանքները թվերի տեսքով, «Իրատես de facto»-ն փորձում է վերլուծել տարին տնտեսական քաղաքականության դիտանկյունից։ Եվ քանի որ շինարարության ոլորտը տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկն է, զրուցեցինք քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ` խնդրելով գնահատել ոլորտի աշխատանքները։
-Նորություն չէ, որ քաղաքաշինության, մասնավորապես աղետի գոտու շինարարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է,- ասաց նախարարը։- Ընդհանուր առմամբ, 2011-ին նախատեսված ծրագրերով և օրենսդրական բարեփոխումներով իրականացված աշխատանքները կատարվել են պլանավորվածի և սահմանված ժամանակացույցի շրջանակներում, այդ թվում նաև` պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին շինարարական աշխատանքները, մասնավորապես, աղետի գոտու բնակշինարարության, կրթական, մշակութային, մարզական օջախների հիմնանորոգման, վերանորոգման և վերակառուցման ծրագրերի մասով։ Եթե մեկ բառով ինքներս մեզ, այսինքն` մեր աշխատանքները գնահատենք տարվա կտրվածքով, ապա, կարծում եմ, կարելի է այն բավարար համարել` հաշվի առնելով ֆինանսական ճգնաժամը։
-Կա՞ն ծրագրեր, որոնք ճգնաժամի պատճառով սառեցվել են կամ հետ են ընկել։
-Չիրականացված կամ հետ մնացած խոշոր լուրջ ծրագրեր չունենք։ Բոլոր ծրագրերի ուղղությամբ, ինչպես նշեցի, նախատեսված աշխատանքներն իրականացվել են։ Այլ բան է, որ գլոբալ ճգնաժամի հետևանքով կան սկսված ծրագրեր, որոնց ավարտը տեղափոխվել է 2012-13 թթ.։ Դրանք հիմնականում վերաբերում են կրթական ոլորտում նոր շինարարական աշխատանքներին, այսինքն` խոշոր համալիրների կառուցմանը։ Նմանատիպ ծրագրերը տեղափոխվել են հաջորդ տարի։ Պետք է ընդգծել, որ պետբյուջեից իրականացվող հատկացումները ներդրվել են այն կառույցներում, որոնք կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին։ Այս քաղաքականությունը պայմանավորված է նրանով, որ այս պահի դրությամբ ունենք 150-160 անավարտ շինարարական օբյեկտ, և մեր նպատակն է ավարտին հասցնել, շահագործման հանձնել ու սկսել նոր օբյեկտների կառուցումը։ Այս նույն քաղաքականությունն է դրվել նաև 2012-ի պետբյուջեի հիմքում։ Անհրաժեշտ է ավարտել սկսածը, հետո անցնել նոր ծրագրերին։
-2011-ին քաղաքաշինության նախարարությունը հանդես եկավ մի ամբողջ շարք օրենսդրական նախաձեռնություններով։ Դրանցից ո՞րը կկարևորեիք ոլորտի զարգացման առումով, ո՞րը գործնականում օգուտ բերեց։
-Բոլորն էլ կարևոր էին, քանի որ բխել են կառավարության հռչակած բարեփոխումների անհրաժեշտությունից։ Շինարարության ոլորտում, որպես կարևոր բարեփոխում, կառանձնացնեի շինարարության թույլտվության և նախագծերի կազմման պարզեցման վերաբերյալ փոփոխությունը։ Նշված բարեփոխումը հնարավորություն տվեց 28 քայլով պարզեցնելու այդ գործընթացը։ Այս տարի ձեռնարկեցինք նաև մարզերում անհատական բնակշինարարության տիպային կառույցների նախագծերի կատալոգի թողարկումը։ Երեք ամիս առաջ լույս տեսավ նաև հանրապետական նշանակության ճանապարհներին հարող օբյեկտների կատալոգը։ Պետք է ընդգծեմ, որ այս կատալոգներում տեղ գտած նախագծերը, մի կողմից, մի քանի անգամ հեշտացնում են շինթույլտվության հարցը, քանի որ այն արդեն հաստատված է կատալոգով, մյուս կողմից` կառուցապատողը մոտ 2-3 հազար դոլար խնայում է նախագծերի հաստատման ծախսերի մեջ։ Նմանապես շատ կարևոր եմ համարում միջպետական ճանապարհահատվածին հարակից օբյեկտների կառուցման դեպքում այս կատալոգի կիրառումը։ Սրա միջոցով այդ ճանապարհահատվածներում մենք կունենանք կանոնակարգված քաղաքակիրթ միասնական մոտեցում։ Կատալոգում ներառված է ութ տիպային նախագիծ, և կառուցապատողին ընտրության հնարավորություն է տրված։ Սա նույնպես համարում եմ կարևոր ձեռքբերում ոլորտի համար։ Բացի այդ, պետք է ընդգծեմ, որ օրենսդրական փոփոխություն է կատարվել աղետի գոտում` բնակշինարարության ոլորտում, որով մի շարք պարզեցումներ են կատարվել ի շահ բնակիչների. նրանց հնարավորություն է տրվում օգտվելու աղետի գոտու բնակշինարարության կարևոր և ծավալուն ծրագրից։
-Քանի՞ ընտանիք է այս տարի աղետի գոտում ապահովվել բնակարանով։
-Այս տարի Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահագործման ենք հանձնել 300 անհատական բնակարան։ Դեկտեմբերի երկրորդ կեսին Գյումրիում տեղի կունենա վիճակահանություն չորսսենյականոց բնակարանների հավակնորդների միջև։ Դրան զուգահեռ հանձնաժողովն իր աշխատանքներն է շարունակում փաստաթղթերի ուսումնասիրության ուղղությամբ։ Համոզված եմ, որ 2013-ի փետրվարին հստակ պատկերացում կունենանք, թե քանի կարիքավոր իրավունք ունի այս ծրագրից օգտվելու։ Նշեմ նաև, որ կարող են լինել գյուղական համայնքներ, որտեղ բնակարանային խնդիր ունեցող տնտեսությունների թիվը մեծ չէ` մոտ տասը տնտեսություն։ Նման դեպքերում խնդիրը կփորձենք լուծել ԲԳՎ-ների միջոցով։ Այս տարի շահագործման հանձնեցինք նաև երեք բազմաբնակարան շենք Մարալիկում, որոնք կծառայեն որպես սոցիալական ֆոնդ։
-Դուք նշեցիք գյուղական համայնքներում տիպային կառույցների կատալոգների կարևորությունը, սակայն որքանո՞վ են բնակիչներն առաջնորդվում դրանցով։ Արդյո՞ք այն օգտակար եղավ, և չե՞ք կարծում, որ համայնքային ճանապարհներինը նույնպես լայն կիրառում չի գտնի։
-Միջպետական ճանապարհներին հարակից օբյեկտների կատալոգը, համոզված եմ, կծառայի իր նպատակին։ Ինչ վերաբերում է գյուղական համայնքներին, ապա մեր ուսումնասիրությունները փաստում են, որ, ցավոք, բնակիչները լայնորեն տեղեկացված չեն դրանց մասին։ Այժմ մենք այդ բացը լրացնելու նպատակով գովազդային աշխատանքներ ենք իրականացնելու ինչպես տեղերում, այնպես էլ լրատվամիջոցներով։ Դրա վերաբերյալ կա նաև վարչապետի հանձնարարականը։
-Չե՞ք կարծում, որ ՏԻՄ-երին ձեռնտու է բնակիչների տեղեկացված չլինելը։ Չէ՞ որ առաջինը նրանք պետք է տեղեկությունը հասու դարձնեին, բայց հնարավոր է, որ միտումնավոր չի արվել այն, քանի որ կատալոգները խփում են իրենց գործին` շինթույլտվություն ստանալու առումով։
-Չեմ ուզում հստակ ասել «այո», բայց չեմ էլ կարող բացառել, որ նրանց համար կարող է և ձեռնտու չլինել, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում կատալոգը հնարավորություն է տալիս բնակչին ստանալու ոչ միայն շինթույլտվություն, այլև հաստատված նախագիծ։ Բոլոր դեպքերում, մենք պետք է ամեն հնարավորն անենք, որ մարդն իրազեկված լինի և օգտվի պետության` իրեն տված իրավունքից։
-Եթե խոսեցինք աղետի գոտուց, ապա պետք է խոսենք նաև տրամադրվող բնակարանային հավաստագրերից, որոնց հետ կապված այս տարի խնդիրներ են առաջացել։ Մարդիկ չեն գրանցել իրենց սեփականությունը։ Ինչո՞ւ։
-Նման խնդիր կա հատկապես Գյումրիում։ Հավաստագիր ստացած ընտանիքների 60 տոկոսն է գրանցել կադաստրում իր սեփականությունը։ Ո՞րն է կոնկրետ պատճառը, որ մարդիկ չեն շտապում սեփականացնել ձեռք բերած բնակարանները, հստակ չեմ կարող ասել, քանի որ դրա հետ կապված ֆինանսական բոլոր ծախսերը փոխհատուցում է կառավարությունը` պետբյուջեի հաշվին։ Գուցե պատճառն այն է, որ ժամանակի սահմանափակում չկա։ Կարծում եմ` հաջորդ տարի կառավարությունն այդ բացը կլրացնի։ Համենայն դեպս, կրկին դիմում եմ հավաստագիր ունեցողներին` սեփականացնելու իրենց բնակարանները, քանի որ, հակառակ դեպքում, կարող են խնդիրներ ունենալ ժառանգության ձևակերպման ժամանակ։ Այս խնդրի հետ մեկտեղ պետք է նշեմ մեկ այլ խնդիր ևս։ Աղետի գոտում բնակչությունը չի շտապում նաև ներկայացնել իր փաստաթղթերը։ Այս պահին միայն Գյումրիում 380 ընտանիք է ներկայացրել իր փաստաթղթերը հանձնաժողովին։ Այն շահառուները, ովքեր ժամանակին չեն ներկայացնում իրենց փաստաթղթերը, չեն կարող որպես շահառու ընդգրկվել այս ծրագրում։ Այս պահին 1000-ից ավելի ընտանիք հանձնաժողովին ներկայացրել է թերի փաստաթղթեր։ Բայց և այնպես, առանձնակի աշխուժություն փաստաթղթերի ներկայացման հարցում աղետի գոտում չի նկատվում։
-Ինչո՞վ եք դա բացատրում։
-Հակված եմ մտածելու, որ մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենց փաստաթղթերը լիարժեք չեն կամ չեն կարող ընդգրկված լինել այս ծրագրում, քանի որ աղետի գոտու շինարարության այս ծրագրի ընթացքում պարզ դարձավ, որ հանձնաժողովը խիստ մանրակրկիտ է ուսումնասիրում յուրաքանչյուրի գործը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ