«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԸՆԴԴԵՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԸՆԴԴԵՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ ՀԵՏ
18.02.2011 | 00:00

-Եթե իմանայիր, որ քո որևէ հարցազրույցից երկրի կյանքում իսկապես որևէ բան պիտի փոխվի, չգիտես` լավ, թե վատ, բայց անպայման պիտի փոխվի` կամ կործանվի, կամ փրկվի, կգնայի՞ր այդ հարցազրույցին:
-Վազելով:
-ՈՒրեմն` երկրի կործանման կամ փրկման հավանականությունը քեզ համար 50-50 է, այո՞:
-Ես ինձ երկրի պորտը չեմ համարում, առավել ևս միշտ մտածել եմ, որ հարցազրույցն ամենատարողունակ, բայց անմիտ ժանրն է` ով ալարում է շարադրել սեփական կապակցված խոսքը, նախընտրում է, որ իր հետ հարցազրույց անեն:
-Գիտե՞ս, երբ այսօր արթնացա, ալարելուց չգիտեի ինչ անեի։
-Իսկ ավելի լո՞ւրջ: Ես հիշում եմ, որ հին հույն փիլիսոփաները, հետո նաև ֆրանսիացիները սեփական գործերը նախընտրում էին հարցազրույցի ժանրով ներկայացնել ժամանակակիցների ու սերունդների դատին: Ընդհանրապես` հարցազրույցն ինչի՞ համար է:
-Կար ժամանակ, երբ ինքս էի հարցազրույց անում, «Գարունում» աշխատելիս, և ինձ համար հիմնականը մարդուն ճանաչելն էր: Պատկերացնո՞ւմ ես` դեմ դիմաց նստում ես Հրանտ Մաթևոսյանի հետ, և քեզ տրված է հնարավորություն այդ պահին աշխարհը քեզնով տեսնելու: Նման պահերի համար արժե լրագրողի մասնագիտությունն ընտրել:
-Չե՞ս նկատել, որ լրագրողը տալիս է այն հարցերը, որոնց պատասխանն ինքը գիտի:
-Երբևէ չեմ հանդիպել ոչ միայն ամենագետ լրագրողի, այլև ամենագետ մարդու: Լրագրողին թվում է` գիտի, ամբողջ ինտրիգը սկսվում է այն պահից, երբ հնչում է լրագրողի մտքով անգամ չանցած պատասխան:
-Ոմանք դա անվանել են ճանաչողության հրճվանք:
-Ինչու ոչ, ինքնախաբեության պես է, ամեն մեկն իր մասնագիտությունն արդարացնելու համար ինչ ասես չի հնարի:
-Լրագրողն իր մասնագիտության համար պիտի արդարանա՞:
-Երբ այսօր թերթ ես կարդում, չես համոզվո՞ւմ:
-Ես գերադասում եմ թերթ գրել:
-Հետո ինչ, ոմանց արդարացումն էլ չի փրկի, նրանք նույնիսկ քավարանով չեն կարող անցնել:
-Դանտեն ասում էր` դժոխքի ամենադաժան պարունակներն անտարբերների համար են:
-Դա` հաստատ, իսկ իններորդ պարունակը երախտամոռների համար է: Լրագրողները, որոնք ժամանակին կերակրատաշտակից չեն պոկվել, այսօր համազգային անարգանքի սյունին են գամում երեկ իրենց կերակրողին, ինչո՞վ բացատրել:
-Օ, դա հին կովկասյան ավանդույթ է: Ես այնքան սպասում էի, որ որևէ պատգամավոր հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ` հերթական ընտրությունից հետո օրենքով արգելել փառաբանել նրանց, ում մինչ այդ միայն դատափետել ես, և փնովել նրանց, ում մինչ այդ տարփողում էիր: Նույնը` լրագրողների, հասարակական ու ստեղծագործական միությունների դեպքում: Չարեցին:
-Խորհրդարանը կլռեր, լրագրական դաշտը կաթվածահար կլիներ, դա՞ է ուզածդ:
-ՈՒզածս հասկանալն է: Օրինակ` ի՞նչ է կատարվում աշխարհում` Թունիս, Եգիպտոս, Եմեն, հետո՞... Ռամզե՞սն է գալու:
-Գոդոյից հետո այլևս ոչ ոք ոչ մեկի չի սպասում:
-Որքան հիշում եմ` Գոդոն չեկավ:
-ՈՒ քանի որ Գոդոն էլ չեկավ, վստահ եղիր, որ Ռամզեսը չի գա: Եթե իրադարձությունների ողբերգական կողմից` զոհեր, վիրավորներ, վերացարկվենք, մնալու է մեծ աշխարհի հերթական խաղը, որից երկրի շարքային քաղաքացին ոչինչ չի ունենալու:
-Հույսս Ռամզեսի՞ց էլ կտրեմ:
-Ռամզեսից էլ, Թութանհամոնից էլ: Միակ փրկությունը Կլեոպատրան կլիներ, բայց քանի որ նա շատ խելացի է, հաստատ չի գա:
-Կլեոպատրայի գալու համար Կեսար պիտի լինի, բայց չես ժխտի, որ ալիք կա և այդ ալիքը...
-Այդ ալիքը արհեստածին է: 30 տարի Հոսնին իրենց Հոսնին էր, մի օրում որոշեցին` «Մուբարաք, հեռացի՞ր»: WikiLeaks, Թունիս, Եգիպտոս... Աշխարհի մեծերը էլի ինչ-որ բան կհորինեն, փոքր ժողովուրդներն ու սովորական մարդը կմնան խաղալիք:
-Իմ հանճարեղ ընկերներից մեկն ասում էր` կյանքը զբաղմունքի փնտրտուք է:
-Չգիտեմ, բայց ամեն մարդ ծնվում է ինչ-որ մի ծրագրով, որ իրագործելու է գալիս աշխարհ: Բայց դա Աստծո հաշվարկն է: Մարդուն ստեղծելուց հետո 7-րդ օրն Աստված որոշեց հանգստանալ, այդ օրը սատանան թևքերը քշտեց, ու այլևս նորմալ, կիրթ, պարկեշտ, օրինապահ մարդը նորմալ, կիրթ, պարկեշտ, օրինապահ ապրելու իրավունքը չունի: Որևէ արհեստածին հեղափոխություն ոչինչ չի փոխելու: Երևի ժողովուրդների մեջ կան օրհնվածներ ու անիծվածներ: Մենք «Փարիզյան սուրճ» սրճարանում ենք ու Փարիզի տեսարաններ են պատին: Ես նախանձով եմ նայում այդ ֆրանսիական տարածքին:
-Երկինքն ավելի կապո՞ւյտ է ու հորիզոնն ավելի հեռո՞ւ:
-Հաղթական կամարը քանի՞ տարվա պատմություն ունի: Հարյուրամյակ է անցել, ոչ մի հաջորդ իշխանություն չի քանդել իր նախորդի շարած պատը, չի հավասարեցրել զրոյի ու նորից չի սկսել, որ ասի` ես արեցի: Բոլորի արձանները տեղում են, փողոցները չեն վերանվանվել, պատմական հիշողությունն անվավեր չի հայտարարվել: Պետական այդ անսասանությունը, որ մեզ մոտ չկա, ֆրանսիացիներին դարձնում է օրհնյալ ժողովուրդ: 2001-ին ինձ վիճակվեց երկու շաբաթ լինել Ֆրանսիայի հարավում, ժամանակ ունեի ու թափառում էի, մի օր էլ հասա գավառական փոքրիկ քաղաքի գերեզմանատուն: 5-6 ժամ անցկացրի այնտեղ: Պատկերացրու մարմարյա տախտակ, առաջին գրառումը` Մարի Ժյուլի դե Ժերար` 1689-1743, հաջորդը` Ֆրանսուա դե Ժերար` 1710-1746, հաջորդը, հաջորդը, հաջորդը` մինչև 1999 թվականը: Գերդաստան, որի հարյուրամյակներն ամփոփված են 2 քառակուսի մետրը 2 քառակուսի մետրի վրա մարմարե տախտակի մեջ հանգուցված աճյունասափորներում: Ոչ մեկի նկարը չկա, միայն անուններ, ծննդյան ու մահվան տարեթվեր: Ամբողջ Հայաստանում ոչ մի նման անկյուն չես գտնի, եթե սխալվեմ, թող պատմաբաններից մեկը զանգահարի ու տեղն ասի: Ես հասկացա` ինչո՞ւ են հայերը մեծ-մեծ, ահավոր, իրենց կարծիքով` տպավորիչ տապանաքարեր ու արձաններ շարում գերեզմանոցներում: Թիկունք չունեն` տատի տատի տատի տատը չկա, պապի պապի պապի պապի պապը չկա, որ ասի` դու ո՞վ ես, 300 տարի առաջ ես անցել եմ այս հողի վրայով: Հողի զգացողությունը չկա, երկրի զգացողությունը չկա, շարունակականության զգացողությունը չկա:
-Փարիզում ինձ թվացել է, որ Փարիզը միայն այն չէ, ինչ տեսնում ես, ինչ շոշափում ես, Փարիզն այն է, ինչ փարիզեցիների հոգում է: Հաղթական կամարը, Աստվածամոր տաճարը, Կոնկորդի հրապարակը շենքեր, ճարտարապետություն, տարածք չեն ու գետնին հայտնվելուց առաջ ու հետո եղել են ու կան բոլորովին այլ տեղ:
-Հոգու տարածքում:
-Իսկ մեր հոգու տարածքն այլ պետություններում է իր գերակշիռ մասով:
-Աստծո օրհնյալը չենք, եթե չասեմ` անիծվածն ենք:
-Փարիզի մերձակա Դուվրի տաճարում Լևոն Վեցերորդ հայոց վերջին թագավորի շիրմաքարն է: Փոքրիկ, մենակ, անպաճույճ: Առաջին զգացողությունը` թագավորին տուն տանելու ցանկությունն է, անպայման, տեղնուտեղը, հետո մեկ էլ հասկանում ես` ոչ մի դեպքում, Լևոն վերջինի շիրիմը կա, որովհետև Հայաստանում չէ, Հայաստանում լիներ, վաղուց հետքն էլ կորել էր, ինչպես Երվանդունիների, Արշակունիների, Բագրատունիների ու...
-Մի՛ նվա:
-Հրանտ Մաթևոսյանն ասում էր` ցեղասպանությունը սպանեց Թումանյանին, բայց ծնեց Չարենցին: Այդպես է՞ր:
-Ցեղասպանությունից հետո Ռուսաստանի գալը փրկություն էր, այն հանգրվանն էր, որտեղ ժողովուրդը տեսնում էր իր շարունակությունը: Պատահական չէր, որ 1920-ից հետո Մյասնիկյանի կանչով եկան-հավաքվեցին` ովքեր կային: Չարենցը ծնվեց, որովհետև գործում էր «Ամեն ինչի վերջը նորի սկիզբն է» կանոնը: Այսօր ունե՞ս այդ զգացողությունը:
-Ավելի շատ` ցանկությունը:
-Զգացողությունն ունե՞ս:
-Փակուղու զգացողությունն ունեմ, բայց գիտեմ, որ լաբիրինթոսն էլ ելք ունի:
-Փակուղու` ղարաբաղյան հաղթանակը չգիտենք ինչ անել, ազատագրված տարածքներում փուշ ու տատասկ է աճում` չգիտենք ինչ անել, ժողովուրդը ճամպրուկը հավաքած առանց հետ նայելու գնում է, չգիտենք ինչ անել, ինչի գինը հարցնես` կրկնապատկվել-եռապատկվել է, չգիտենք ինչ անել: Փակուղու զգացումից Չարենց չի ծնվում: Նա, ով կարող էր Չարենց լինել, կամ հուսահատված է, կամ շփոթված, կամ չի կարողանում դուրս գալ իր տարածքից ու դիմացինին ինչ-որ բան ասել, որովհետև չունի հերթական վերջից հետո հերթական սկիզբը գալու զգացողությունը:
-ՈՒրեմն ինչո՞ւ ես գրում:
-Սահմաններն այնքան են վերացել, որ ես Երևանում անտեղյակ նստած, Պերմից Պետերբուրգ իմ պիեսները բեմադրում են: Ես լուծում եմ դրամատուրգի իմ խնդիրը: ՈՒ շատ վատ է, որ միայնակ լուծում եմ: Որովհետև անցել եմ անհատ ձեռներեցի սկզբունքին` ինտերնետը կա, պիեսներս սայթում կան ու շրջանառվում են, բայց երբ դրամատուրգների միջազգային փառատոնում իմ պիեսը 14-ից 3-րդ տեղն է գրավում, ու ինձ հարցնում են` ո՞ր թատրոնում է բեմադրվում, ես պատասխանում եմ` ոչ մի, դա արդեն դատավճիռ է: Որովհետև ռեժիսորին կամ շոու է պետք, կամ Շեքսպիրի փեշից մի քիչ քաշել:
-Իսկ հանդիսատեսի՞ն:

-Իսկ հանդիսատեսին սովորեցրել են շոու նայել կամ Շեքսպիր` պրեմիերայով, որից հետո ներկայացումը հանվում է դերացանկից: Այն խոսքը, որ քո ժամանակակիցն ասում է քո երկրի, քո քաղաքի մասին, այսօր պետք չէ: Շեքսպիրի հերոսի մի քանի ռեպլիկով քո ռեժիսորն ու քո թատերագետը կհամարեն, որ արտահայտված է երկրին մտահոգող հիմնական հարցը, պատասխանն էլ դասականը տվել է: Դա էլ է ախտորոշում:
-Ժամանակին Հրանտ Մաթևոսյանին հարցախեղդ էի անում, թե ո՛վ է իր հերոսը` Իշխա՞նը, թե՞ Ավետիքը: Պատասխանում էր` Ավետիքն էլ, Իշխանն էլ, երկուսն էլ իմն են: Իսկ ես` կամ-կամ էի դնում: Հիմարաբար: Գուցե մեր դժբախտությունների պատճառն այն է, որ ամեն հարցում ու մշտապես կամ-կամ ենք դնում, մինչդեռ պետք է համադրել, համատեղել, համախմբել:
-Գոռ Քլոյանն ու մարտի 1-ին նրան սպանողը իմ մե՞ջ են:
-Ճակատագրով:
-Բայց ո՞րն է իմը:
-Երկուսն էլ: Լուսնից չիջան սպանեցին ու վերադարձան հայրենիք:
-Եթե երրորդ տարին է գալիս, դու ու ես գիտենք միայն Գոռ Քլոյանի անունը, բայց նրան սպանողի անունը չկա, ուրեմն նրա նմաններն են շատ:
-Այսինքն` Երևանում երբեք չի՞ լինի Կոնկորդի հրապարակ, որ թարգմանաբար նշանակում է` Համաձայնության:
-Համաձայնության հրաշքն արդար ընտրություններն է` ով ում ուզում` ընտրում է, ու մինչև վերջին պահը նրա ընտրությունը մնում է նրա ընտրությունը, դա միանգամից չի ստեղծի Համաձայնության հրապարակ, բայց կստեղծի գոյության տարածք, որի մեջ պիտի հրապարակ կայանա: Փոքր ժողովուրդ, փոքր տարածք, փոքրի հոգեբանություն` մեր ճակատագիրն է:
-Մեր ազնիվ ցեղը գնա-կորչի՞:
-Դու Խորենացուդ հարցրու` թե ինչքան ես ազնիվ: Տես ոնց կողբա:
-Լավ, ինչո՞ւ Սողոմոնը «Երգ երգոց» գրեց, Խորենացին` «Ողբ», Նարեկացին` «Մատյան ողբերգության», Ֆրիկը` «Ընդդեմ ֆալաքի», էս ողբ ու կոծի ժանրն ինչո՞ւ մերը դարձավ ու մնաց:
-Սողոմոնն ո՞վ էր: Թագավոր էր: Արտավազդից բացի, որ պիեսներ էր գրում, մեր թագավորները հիմնականում ուղերձներ էին հղում պարսից շահին կամ բյուզանդական կայսեր` հերթական ինչ-որ խնդրանքով:
-Ներոնը լա՞վ արտիստ էր:
-Ներոնը լավ արտիստ կլիներ, եթե կայսր չլիներ: Նա դերասան խաղում էր, նա դերասան չէր:
-Գուցե դերասան էր` կայսր էր խաղում:
-Համենայն դեպս` երկու խաղն էլ լավ չի ստացվել:
-Իսկ եթե այսօր Ներոնին հիշում են ու գիտեն, չի՞ նշանակում, որ շատ էլ լավ է ստացվել: Ոչ ոք չի կարող ասել` ո՞վ է եղել Ներոնն իրականում ու ի՞նչ է արել, մենք առավելագույնը կարող ենք իմանալ` ի՞նչ են նրա մասին մտածել ու գրել ժամանակակիցները կամ հետնորդները, ովքեր պարտավոր չէին անաչառ լինել կամ անկաշառ:
-Ներոնը չի հրաժարվել գահից. ընդամենը գահին նստած դերասանություն է արել, ուրեմն ոչ կարգին դերասան էր, ոչ կարգին կայսր:
-Այսինքն` դու էլ չես ուզում համադրել Ավետիքին ու Իշխանին, դու էլ կամ-կամ ես դնում:
-Բնականաբար, որովհետև ընտրություն կա ու ընտրությունը միշտ է: Հռոմեացիք էլ չընդունեցին դերասան ու կայսր Ներոնին, կայսրին սպանեցին, ու մեռնելուց առաջ կայսրն ասաց` ի՜նչ դերասան է մեռնում:
-Համաձայն եմ, հենց այդ պատճառով էլ կայսրությունը կործանվեց: Իսկ պատկերացնո՞ւմ ես հարցազրույց Ներոնի հետ:
-Այո, եթե քո ամեն անցանկալի հարցից հետո քեզ գինի կամ սունկ չհրամցնեին, որից հետո, գիտես, կայսրերն անգամ աստված էին դառնում:
-Իսկ ես համաձայն եմ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ