ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թատրոնի և քաղաքականության խաչմերուկում

Թատրոնի և քաղաքականության խաչմերուկում
14.08.2009 | 00:00

ԹԱՏԵՐԱՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Դաղեթ-Խաչենյան հեքիաթային մանկության «միզանսցեններն» են հառնում ԱՐՄԵՆ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԻ մտապատկերում, երբ հանդիսատեսը գոհունակություն է արտահայտում իր առաջնորդած «ադամյանցիների» ներուժով բեմից հրամցված հոգևոր սնունդից։ Խաղաղվում են տագնապները. հայապահպանության թատերախորհրդով կանգուն վիրահայոց հնամենի մշակութային տունը երբևէ չի դատարկվի իր մանկության օրորոցի նման։ Մեծ տան` Վրաստանի, բարօրությանը ծառայելու հայրենասիրական քաղաքացիական պարտքի սրված գիտակցությամբ` երկրի ընդհանուր հոգսերի բեռի թեթևացմանն է այժմ գրեթե ողջ եռանդը նվիրաբերում։ Եվ մեր զրույցն ինքնաբերաբար թեքվում է դեպի վրացական խորհրդարանի «Մարդու իրավունքների ու մշակույթի» հանձնախմբում նրա գործունեության նոր ոլորտի հունը։
ԶՐՈՒՅՑ ԵՐԿՐՈՐԴ
«ՈՉ ՏՐԱԴԻՑԻՈՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՈՒՆԻ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ»
-Թբիլիսիում հայկական պետական թատրոն ունենալը, անկասկած, պատվաբեր է թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար։
-Եվ մեծ պատասխանատվություն` թատերախմբի։
-Հավասա՞ր են գոյության իրավունքները մյուս գործող թատրոնների, ասենք, վրացականի համեմատ։
-Իհարկե։ Հայաստան երկիրը, փաստորեն, Վրաստանում ունի իր թատրոնը։ Միակ պետականն իր սահմաններից դուրս։ Հոգեպես մենք Հայաստանի թատրոնի մասն ենք, ուստի բյուրապատիկ պարտավորված ենք բարձր պահելու հայկական թատրոնի արվեստը, ոչ թե սոսկ շենքը։ Չէ՞ որ Ռուսթավելու անվան աշխարհահռչակ թատրոնի հարևանությամբ ենք գործում։ Պետությունը, ֆինանսավորելով, չի խառնվում ստեղծագործական գործընթացին։ Վրաց թատերագիտությունը գնահատում է մեր թատրոնը լուրջ չափանիշներով։ Եթե մեր 10 ներկայացումները զիջում են վրացականի առաջատարին, մյուսները հավասար են։ Այլ հարց է, որ հզոր անհատականությունների պակաս ունենք, ինչպես և հայաստանյան թատրոնները։
-Մեզանում, ցավոք, կաղում է թատերագիտական միտքը։ Թատերական երկու միություններն էլ առավելապես մտահոգված են մասսայական միջոցառումներով սեփական կարևորության հանրաճանաչմամբ։ Սա է, ըստ իս, աղքատիկ բյուջեով մեր երկրի մշակութային կյանքում բազմահնար փառատոների գոյության նախահիմքը։ Դրանց մասշտաբներն ընդլայնելու ջանադրությամբ չեն խնայվում համքարական, հովանավորչական և պետական միջոցները, ակտիվորեն շրջանառվում են ազդեցիկ կապերն ու ծանոթությունները։ Ստեղծագործական քննարկումներ եթե նույնիսկ նախաձեռնվում են, ձևական բնույթ են կրում։ Թե՛ «Թատրոն» ամսաթերթը, թե՛ «Սկենեն» անձնավորված գնահատություններով ի զորու չեն նույնիսկ ընթացիկ թատերակյանքի համապատկերը ներկայացնել, եթե նույնիսկ մշտական հոգեվարքից հաջողեցնում են ժամանակ առ ժամանակ դուրս գալ։ ՈՒր մնաց, թե մասնագիտական մտքի աշխուժացմանը, գնահատության չափանիշների հստակեցմանը նպաստեն։
-Թատերագիտության մտքի թռիչքի բացակայությամբ չի կարող լիափթիթ ծաղկել թատրոնը։
-Մեր երկփեղկվածությամբ, թայֆայական մտածողությամբ թելադրված գործունեությամբ մենք չենք կարողանում ուժ դառնալ, որի հետ հաշվի կնստեր պետությունը։ Ինչպես Ռուսաստանում, Վրաստանում։ Այս առումով «ադամյանցիներն» անհամեմատ բախտավոր են։ Անկախ պատերազմական իրավիճակից, պետությունն` իր հերթին, մեկենասներն` իրենց (ինչպես, օրինակ, Իվանիշվիլին), հատուկ հոգատարությամբ են վերաբերվում ոչ միայն թատրոնին, այլև լուրջ արվեստին ընդհանրապես։ Եվ ծնվում են վրացական հողում հպարտություն ներշնչող նորանոր բարձրարվեստ ստեղծագործություններ։
-Կարծում եմ, Հայաստանում էլ իրադրությունը կշտկվի։ Ինձ վրա լավ տպավորություն է թողնում ՀՀ նախագահը։ Ոչ տրադիցիոն մտածելակերպ ունի Հայաստանի համար։ Շատ է ուզում երկիրը դուրս բերել համաշխարհային ասպարեզ, ինչպես և մեր նախագահը։ Աշխատում է փոխըմբռնում գտնել բոլոր հարևանների հետ` դարավոր թշնամի, ոչ դարավոր... Եթե ավելի վաղ նման քայլեր ձեռնարկվեին, երևի թե որոշ հարցերի լուծումները գտնված լինեին։ Խոշոր տեղաշարժերի հասնելու համար նա լավ սկսնակ է։ Ներքին իրավիճակն էլ, կարծում եմ, օպտիմալ կայունացման կբերի։ Սաակաշվիլու և Սարգսյանի վերջին համարձակ հանդիպումը, վստահ եմ, երկու ժողովուրդների պատմական բարեկամության մերօրյա ամրապնդման ոգով էր թելադրված։ Ռուսները գրեցին` մեր թշնամուն մեր բարեկամը շքանշան է տալիս։
-Սերժ Սարգսյանը փորձեր է անում նաև Թուրքիայի հետ լեզու գտնելու։
-Նորմալ է, դու կարող ես, չմոռանալով Մեծ եղեռնի մասին, թշնամուդ հետ բանակցել ճանապարհի շուրջ, առևտուր անել, ստեղծագործական հարցեր լուծել... Չէ՞ որ հնարավոր չէ երկար գոյատևել շրջափակման կուռ օղակում։ Ի վերջո, մի օր պետք է բացել այն։
-Մեզանում մեծ ռեզոնանս առաջացրեց թատրոնի մարդու ընտրվելը վրացական խորհրդարանում։ Ինչպե՞ս եք համատեղում, չէ՞ որ դեմ եք արվեստի և քաղաքականության խաչմանը։
-Իմ քաղաքացիական պարտքն է մասնակցել երկրիս հասարակական կյանքին նաև։ Ես հպարտ եմ, որ Վրաստանի խորհրդարանի անդամ եմ և կարևոր խնդիրների լուծման մեջ իմ ներդրումը կարող եմ ունենալ։ Ոչ միայն հայի, վրացու, այլև Վրաստանի մյուս բոլոր քաղաքացիների շահերը պաշտպանել։ Ներքուստ ուրախ եմ, որ խորհրդարանում կա 3 հայ և 3 ադրբեջանցի պատգամավոր։ Մթնոլորտը, այս առումով, շատ հանգիստ է ու խաղաղ։ Բոլոր 150 պատգամավորներն էլ իրար հետ նորմալ բանակցում են, աշխատում։ Քվեմո Քարթլիի շրջանի հայերին առնչվող խնդիրների լուծմանն աջակցել են ադրբեջանցի պատգամավորները։
-Արցախյան գորդյան հանգույցով պայմանավորված` թշնամանք չի՞ ներխուժում ձեր շփումներում։
-Մենք հաճախ ենք քննարկում այդ հարցը, ամեն մեկս իր ճշմարտացիությունն է հիմնավորում։ Ի՞նչ թշնամության մասին է խոսքը։ Մենք Վրաստանի՛ քաղաքացիներ ենք և միասին աշխատում ենք վրացական խորհրդարանում։ Ես շատ կցանկանայի, որ ադրբեջանցի գործընկերներս ինձ հետ գային Հայաստան ու տեսնեին, թե ոնց է գեղեցկացել մեր երկիրը։ Համոզվեին, որ կոնկրետ մարդկանց թշնամաբար չեն վերաբերվում։ Մեր միջնորդությունը, իհարկե, քիչ կլինի։ Բայց վեցիս այցը Հայաստան և Ադրբեջան կարող է դրական տեղաշարժի լրացուցիչ խթան դառնալ։
-Արվեստագետների փոխայցելություններ եղել են, բայց թե որքանով են դրանք սայլը տեղից շարժել, դժվարանում եմ ասել։
-Միևնույն է, պետք է նոր քայլեր ձեռնարկել։ Աջից չունենք բարի հարևան, ձախից։ Ո՞նց ապրենք։ Միակ բարի հարևանը Վրաստանն է։ Երբ Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա, տեղի հայ բնակչությունը կանգնեց մի մարդու պես իր երկիրը պաշտպանելու։ Չկար այդ հասկացությունը` դու հայ ես, ես` վրացի, նա` ադրբեջանցի։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Հայ մտավորականությունն էլ իր միասնական ձայնը բարձրացրեց։ Ոչ մի ռուս բնակիչ Վրաստանից չի հեռացել պատերազմի ժամանակ, գործում էր ռուսական թատրոնը, ոչ մի ռուս աշակերտ չի հեռացել իր դպրոցից։ Դրան հակառակ, քանի հազար Վրաստանի քաղաքացիներ, այդ թվում` հայեր, վռնդվել են Ռուսաստանից։ Սաակաշվիլու ձեռնարկած բարեփոխումների տեմպը կոտրեց այդ հնգօրյա արյունալի պատերազմը` ավերածությունների վերացման առաջնահերթությամբ հետ մղելով երկրի տնտեսական զարգացումը, սրելով ընդդիմության դժգոհությունը։
-Կարծեմ, Սաակաշվիլու խոստացած բարեփոխումների վհատվող ընթացքով արդեն ստվարացել էին ընդդիմության շարքերը։
-Ովքե՞ր համալրեցին երկրի կառավարման ղեկին տիրելու գերնպատակով (ինչպես ամենուր) ընդդիմություն դարձած կուսակցականների շարքերը։ Ոչ մի գնահատական չտալով` ասեմ. նախկին նախագահի թիմը, մի գիշերում աշխատանքից ազատված հազարավոր ավտոտեսուչներ, տարբեր հասարակական սանդղակներում պաշտոնավարող կաշառակերներ։ Եվ, բնականաբար, նրանց մտերիմ-ծանոթ-բարեկամները։ Սաակաշվիլու առաջին գլխավոր ձեռքբերումը, ըստ իս, ընդամենը մեկ ամսում «գող» հասկացությունը վերացնելն է։ Ի տարբերություն Գամսախուրդիայի, նա ազգային խտրականությունը բացառող դիրքորոշում ընդունեց. «Որ պահին իմ հայ քաղաքացին վիրավորված զգա, ես հայ եմ, ադրբեջանցին, ռուսը` ես ադրբեջանցի եմ, ռուս»։ Որպես Վրաստանի քաղաքացի հիմա ամենքը հավասար են։
-Լրագրողների համահայկական համաժողովի մասնակից ջավախեցիները, ախալքալաքցիներն արտառոց փաստեր էին ներկայացնում հայկական մշակութային կոթողների ինքնության կեղծման, հայոց լեզվի օտարման...
-Միանգամից պատասխանեմ։ Հայաստանում եթե հայերեն չիմանաս, Ֆրանսիայում` ֆրանսերեն, պաշտոն կստանա՞ս։ Ոչ։ Նրանք անտեսում են, որ երկրի պետական լեզուն վրացերենն է։ Վրաստանում 160 հայկական դպրոց կա, ունենք պետական թատրոն, թերթ, երկու գործող եկեղեցի` Սբ. Գևորգն ու Սբ. Էջմիածինը (վերջինս վերանորոգվում է), միայն Ախալքալաքում մոտ տասը հայկական եկեղեցի է վերաբացվել։ Գործում են տասից ավելի հայկական հասարակական կազմակերպություններ, հայերեն շաբաթը մեկ անգամ հեռուստահաղորդում է հեռարձակվում... Թվարկությանս ցանկը չերկարաձգելով` ասեմ մի տխուր իրողության մասին. 16 ռուսական դպրոց ունենք հազարական աշակերտակազմով, հազարն էլ հայեր են... Խնդիրներ կան թե Ջավախեթիում, թե Կախեթիում, թե Նինոծմինդայում, այսինքն` երկի՛րը պրոբլեմներ ունի, ոչ թե միայն Ջավախքը կամ Ախալքալաքը։ 7-8 տարում հնարավո՞ր է կուտակված բոլոր խնդիրները լուծել։ Հսկայական բարենորոգչական աշխատանք է կատարված։ Վերջապես էլեկտրիֆիկացվել է Ջավախքը, գազիֆիկացվել Ախալքալաքը, կառուցված է Թբիլիսի-Ախալքալաք ճանապարհը, կանոնավորվել են կենսաթոշակային վճարումները... Եվ այլն։ Շատ կարևոր նախագծեր իրականացման փուլում են... Շատ իմաստուն քաղաքագետ է Սաակաշվիլին, ես սատարում եմ նրա վարած քաղաքականությանը։
-ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու ձգտմա՞նն էլ, ինչը, փաստորեն, Ռուսաստանի հախուռն զայրույթը բորբոքեց։
-ՆԱՏՕ-ն Վրաստանի ոչ թե վաղվա, այլ այսօրվա օրն է։ Ինչո՞ւ չմտնի, եթե իր ռազմական հզորությունն է ամրապնդվում։ Շատ կուզենայի, որ մի օր էլ Հայաստանը դիմեր այդ քայլին` Վրաստանի օրինակով համոզվելով ռուսական «դարավոր» բարեկամության անկայունության մեջ։
-Անկախ Ձեր դավանանքից` խաչվեցին թատրոնն ու քաղաքականությունը։ Կարողանո՞ւմ եք պահպանել նորահայտ միաժամանակյա երկմիասնության հավասարակշռությունը։
-Խորհրդարանական պարտավորություններս չեմ կարող թերակատարել, բայց և թատրոնն ինքնահոսի չեմ թողնում։ Սեփական նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա փակ գաղտնի քվեարկությամբ քննարկում-հաշվետվությամբ համոզվում եմ ստեղծագործական խմբում ունեցածս վստահության մեջ և շարունակում ղեկավարել։ Չեմ հասցնում նոր բեմադրություններ իրականացնել։ Բայց անպայման անելու եմ Գոգոլի «Ռևիզորն» ու Դեմիրճյանի «Քաջ Նազարը»։ Սեփական գեղագիտությանս լճացմանը չհանգեցնելու միտումով ստեղծագործական ազատություն եմ տալիս մյուս բեմադրիչներին` նախապատրաստական փուլում միայն նկատառումներս արտահայտելով։ Քանիցս կոնկրետ համագործակցություն եմ առաջարկել հայաստանցի վարպետ բեմադրիչներին, բայց որևէ մեկն առայժմ չի արձագանքել հրավերիս։ Խոստանում են ու մոռանում. Շահվերդյանը, Ղազանչյանները, Էլբակյանը, Մազմանյանը, Խանդիկյանը։ Տարբեր թատերախմբեր երբեմն հյուրախաղերով հանդես են գալիս մեզ մոտ։ Հիմա Հենրիկ Մալյանի թատրոնին ենք սպասում։ Հայ արդի բեմարվեստի հետ մեր ստեղծագործական սերտ առնչությունները բախտի քմահաճույքին են թողնված առավելապես։
-Քանի որ Ձեր 153-ամյա թատրոնը հայ ազգային մշակութային ժառանգության կարևորագույն մասն է կազմում, հուսով եմ, մեր պետության ակտիվ միջամտությամբ «ադամյանցիները» շուտով իրենց հայաստանյան թատերաընտանիքի լիիրավ անդամ կզգան և հյուրընկալ օտար ափերում ավելի եռանդուն կստեղծագործեն։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3569

Մեկնաբանություններ